Գրքեր

Հավատքի լուսավոր արահետներում

Մարդը ցանկանում է Աստծո հետ ունենալ կենդանի հաղորդակցություն, բայց բազմաթիվ քրիստոնյաների մոտ տարբեր պատճառներով հավատքը մնում է վերացական հարթության մեջ: Եվ այդ վերացականությունը մարդուն թույլ չի տալիս ապրել հոգևոր արթնություն և լցվել աստվածային կենսական լույսով: Հետևաբար, այդպիսի անձը իրական կերպով չի զգում Աստծո ներկայությունը, և առաջանում է հավատքի ճգնաժամ: Եվ եթե նույնիսկ փորձում է Աստծուն հաղորդակից լինել, զգում է Արարչին իրենից շատ հեռու ու անմատչելի: Բայց սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է` լինել Աստծուց հեռու, թե մոտ, կախված է հենց մարդուց, որովհետև Աստված ամենուր է:

Հետևաբար, այն անձի առջև, ով իսկապես փնտրում է Երկնավոր Հորը, բացվում է աստվածային նախախնամության կենսալույս հաղորդակցությունը, սակայն ժամանակակից աշխարհի մարդն առավելապես ձգտում է ունենալ հարմարավետ և տեխնոլոգիաների միջոցով բազմաթիվ հնարավորություններ ընձեռող կյանք` այն գերագնահատելով նույնիսկ կռապաշտության աստիճան և հոգու մի անկյունում թաղելով իր հոգևոր էության ու սրտի արթնության անհրաժեշտությունը: Միտրոպոլիտ Անտոն Սուրոժսկին ժամանակակից մարդու հոգևոր հետընթացի վերաբերյալ ասում է, թե գլխավոր խոչընդոտը, որ կանգնած է մեր սրտի արթնության ճանապարհին, տառապանքի հանդեպ վախն է: Մենք վախենում ենք հոգևոր դժվարություններից, նեղ ճանապարհներից և մեր սրտի սահմանները նեղացնում, սեղմում և ինքնապարփակվում ենք: Մենք վախենում ենք նայել և տեսնել, ունկնդրել և ընդունել: Մենք վախենում ենք տեսնել, թե ինչ է կատարվում մեր դիմաց կանգնած մարդու հոգում, տեսնել նրա հոգու տառապանքն ու կանչը: Արդ, մենք փակվում ենք և փակվում, դառնում այդ փակվածության գերին: Մանավանդ մեծ քաղաքների փողոցներում կարող եք նկատել, թե մարդիկ ինչպես են պարփակված իրենք իրենց մեջ և անհաղորդ միմյանց: Սակայն ի՞նչն է կյանք պարգևում: Անշուշտ, սերը և դրանից ճառագող լույսը:

Արդ, փակվելով իրենք իրենց մեջ, մարդիկ փակում են իրենց սրտում առկայծող լույսի փայլատակումը՝ անկենդան դարձնելով իրենց հոգին, սիրտը և ստեղծում կյանքի սպառողական, անհաղորդ իրականությունը, որի պատճառով անհատի հոգին հայտնվում է դատարկության և ճգնաժամի մեջ ու լույսի պես փայլելու փոխարեն, հաճախ էլ ենթագիտակցորեն իբրև իր «ես»-ի մխիթարություն, սկսում է փնտրել և քննադատել ուրիշների սխալներն ու արարքները: Երանելի Թադեոս Վիտովնիցկին ասում է՝ երբ մենք ուշադրություն ենք դարձնում այլ մարդկանց բացասական հատկանիշներին, ովքեր մեզ դիմել են կամ շփվում են մեզ հետ, չենք կարողանա ներքին խաղաղության մեջ լինել: Ինչո՞ւ է Աստված տալիս սիրո պատվիրանը, և նույնիսկ՝ թշնամիների նկատմամբ: Դա ոչ թե հանուն նրանց է, այլ հանուն մեզ: Քանի դեռ մենք մտածում ենք այն վիրավորանքի մասին, որ մեզ պատճառել է թշնամին, ընկերը, հարազատը, մերձավորը, չենք ունենա ներքին խաղաղություն, այլ կապրենք դժոխային հոգեվիճակում: Մեր կյանքը կախված է մեր մտքերից, ցանկություններից: Մենք ինքներս ենք մեր շուրջ ստեղծում ներդաշնակություն կամ աններդաշնակություն և ձախողում: Մենք մեղադրում ենք ուրիշներին, ցանկանում փոխել ամեն ինչ մեր շրջապատում, բայց երբեք հենց ինքներս մեզնից չենք սկսում:

Դա մեր մեծագույն սխալն է: Եթե յուրաքանչյուր մարդ ինքն իրենից սկսեր, աշխարհում այսքան չարություն և չարիք չէին լինի: Հակառակ դեպքում, ինչպես սբ. Պաիսիոս Աթոսացին է նշում, եթե մարդը չսկսի աշխատել ինքն իր հետ, սատանան նրա համար այլ աշխատանք կգտնի, այսինքն՝ փնտրել ուրիշների բացասական հատկանիշները, սկսել դատել, քննադատել և բամբասել նրանցից: Արդ, ով աշխատում է ինքն իր հետ, այսինքն՝ սկսում է ճանաչել իրեն, թե ինչպիսին է իրապես ու ձգտում Սուրբ Հոգու միջոցով փոխվել, այլևս ժամանակ չի ունենում մտածելու, թե մյուսներն ինչ և ինչպես արեցին, ինչ սխալներ գործեցին, նա այլևս ժամանակ չի ունենում դատելու մյուսներին, փնտրելու նրանց սխալները, համեմատելու իր հետ և իրեն ավելի բարձր գնահատելու, քան մյուսներին, այլ նա, տեսնելով իր անկյալ ու տկար վիճակը, լցված աստվածային լույսով ու խոնարհությամբ, հաղորդակից Սբ. Հոգուն, փայլում է որպես լույսի որդի՝ ճառագելով աստվածային սիրո շողերով՝ երբեմն ձախողվելով ու նորից ոտքի կանգնելով, որովհետև Աստծո ուղեցույց լույսի ներքո առաջնորդվում է դեպի անսահման կյանքի հորիզոնը:


Թեպետ մարդը հաճախ ձախողվում է, բայց վանահայր Նիկոն Վորոբյովը նշում է, որ մշտական հաջողությունները կարող են կործանել հոգևոր մարդուն, ուստի, աստվածային նախախնամությունը հարկ եղած դեպքում մեզ ուղարկում է փորձություններ, անհաջողություններ, վիշտ ու տառապանք, որպեսզի զանազան իրավիճակներում մարդը կարողանա տեսնել իրեն, թե ինչպիսին է ինքն իրապես, այլ ոչ թե այնպես, ինչպես պատկերացնում է իրեն, և ճանաչելով իր տկար լինելը ու քողարկումից բացահայտված մարդկային էությունը, ամբողջապես վստահի Աստծուն, հնազանդվի Նրա լուսազարդ կամքին, հավատա Նրան և քայլի Աստծու հետ, որովհետև եթե մի պահ կանգ առնենք և հետ նայենք, կտեսնենք, որ մեր կյանքը վատնում ենք ավելի շատ վիճաբանությունների, հարաբերությունների հստակեցման, հակասությունների հորձանուտներում, սակայն սարսափելին այն է, ասում է հոգևորական հայր Պավել Գումերովը, որ կյանքն արագ անցնում է մեր կողքով: Պարզապես անհրաժեշտ է գնահատել ժամանակը, նույնիսկ երջանկության ակնթարթները: Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր օր ուրախ լինելու և մեր սիրելի մարդկանց ուրախություն պատճառելու համար, որպեսզի հետագայում, երբ ժամանակն անցնի ու հետ նայենք մեր անցած կյանքի ուղուն, այն մեզ ցավ ու տառապանք չպատճառի: 
Արդ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, միշտ ուրախ եղեք և այդ ուրախությամբ ու սիրո լույսով լցրեք ձեր շրջապատը:



Հրապարակման պատրաստեց` Հովհաննես սրկ. Մանուկյանը

 

Աղբյուրը՝ irates.am

20.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․