Գրքեր

Երկնքի արքայություն, որտե՞ղ է գտնվում այն

<<Նախ խնդրեցեք Աստծո Արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը ձեզ ավելիով կտա>> (Մատթ.6.33)

Ավետարանում կարդում ենք, ուր ասվում է, թե խնդրեք Աստծո Արքայությունը և ձեզ ավելիով կտրվի: Բազմաթիվ մարդկանց համար այս խոսքերը կարող են թվալ որպես վերացական մի պատգամ, որը կարող է համահունչ լինել որևէ մտահայեցողական փիլիսոփայության հետ:

Խնդիրն այն է, երբ հոգևոր խոսքերն ու պատգամները առարկայական ու պարզունակ պատկերացումների սահմաններում է դիտարկվում, տվյալ հոգևոր պատգամի նպատակը դառնում է անհասկանալի: Շատերն Աստծո կամ Երկնքի Արքայությունը կարող են պատկերացնել իբրև գեղեցիկ մի վայր, ուր կյանքը նկարագրված է երկրային վայելքների ու բնության գեղատեսիլ պատկերներով: Միևնույն պարզունակությունն առկա է նաև դրախտի և դժոխքի նկարագրություններում, որտեղ վեր մարդկային չափանիշներից դուրս իրականությունները հաճախ հասկանում են վառվող կաթսաների մեջ տանջվող կամ գեղեցիկ պարտեզներում կյանքը վայելող դրվագներում, երբ իրականում հոգեղեն աշխարհում նման առարկայական, նյութական երևույթները գոյություն չունեն: Այս ամենը գալիս է նրանից, որ մարդիկ խորությամբ չեն ընկալում հոգեղեն աշխարհի խորհուրդները և դրանք նույնացնում են երկրային կյանքի պատկերների հետ: Իրականում ո՛չ դրախտում, ո՛չ էլ դժոխքում չեն գործում նյութական կյանքի օրենքներն ու իրողությունները: Դրանք այլ իրականություն են` հոգեղեն և երկրային կյանքի երևակայությունից դուրս տիեզերական անսահման մի աշխարհ: Բայց մեր խնդիրը այդ հոգեղեն իրականությունները նկարագրելը չէ, այլ ընկալել Աստծո արքայության խորհուրդը և որտեղ է այն: Հովհաննես Մկրտիչը քարոզում էր, որ Երկնքի Արքայությունը մոտեցել է (Մատթ.3.2): Հրեաները սպասում էին, թե մարգարեությունները շուտով կիրականան և իրենք կազատագրվեն Հռոմեական կայսրության տիրապետությունից: Կհաստատվի Դավթի երկրային նախկին հզոր թագավորությունն ու թագավորական իշխանությունը, որն իրենց ժողովրդին կբերի բարեկեցություն և երջանկություն: Սակայն Հիսուս պատասխանեց Պիղատոսի հարցին, որ իր թագավորությունն այս աշխարհից չէ: (Հովհ. 18.36): Մարդկանց մի մասն էլ կարծում է, թե երկնքից այն պիտի իջնի: Այդուհանդերձ այդ հույսը մշտապես առարկայական կերպով տեսնելու նյութական աշխարհում ապրող մարդու համար մնում է նրա մեջ: Մի պատմության համաձայն, թե ինչպես մի ուխտավոր կարողանում է հասնել մի աննկարագրելի գեղեցիկ պարտեզի, սակայն որոշ ժամանակ անց իր հոգու խորքում սկսում է տխրել և իր ուսուցչին հարցնում է, թե ինչու է ինքն իր հոգու խորքում դատարկություն զգում, քանի որ հասավ իր նպատակին` գտավ այդ գեղեցիկ պարտեզը` արքայությունը, որին մանկուց երազում էր տեսնել: Ուսուցիչը պատասխանում է, թե դեռ չես գտել Երկնքի Արքայությունը, եթե գտնեիր, նույնիսկ անապատի մեջ էլ լինեիր, երջանիկ կլինեիր: Հռոմեցաիներին ուղղված նամակի մեջ Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո Արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով (Հռոմ. 14.17): Արդ, տեսնում ենք, որ Աստծո Արքայությունը առաքյալը նույնացնում է արդարության, խաղաղության և խնդության հետ, այլ ոչ թե, օրինակի համար` տարբեր մրգատու ծառերով լցված մի պարտեզի հետ:

Այս ամենը հասկանալու համար մարդ պետք է ընկալի կյանքի գլխավոր նպատակի իմաստը, թե կյանքի իսկությունն ինչի մեջ է: Այդ բոլորը բխում են մի հիմնակետից կամ աղբյուրից` աստվածային սիրուց: Եվ արդարության, և խաղաղության, և խնդության աղբյուրն աստվածային սերն է: Եթե մարդը լցված է լինում աստվածային սիրով, նա լցված է լինում խնդությամբ, խաղաղությամբ և արդարությամբ: Իսկ Աստվածային սիրո հաղորդակցությունը Աստծո հետ լինելն է: Ահա թե ինչու է Ղուկասի Ավետարանում Հիսուս ասում, թե Աստծո Արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս և թե ահավասիկ աստեղ է կամ այնտեղ է, որովհետև ահա Աստծո Արքայությունը ներսում, ձեր մեջ է (Ղուկ.17.20-21): Հիսուս խոսում է իր մասին, այն մասին, որ Աստծո Արքայությունը ձեր մեջ է, բայց դուք չեք տեսնում, այլ այն հեռու-հեռավոր վայրերում փնտրում: Աստծո Արքայություն, որը մարդկանց հոգիներում է, սրտերում ու մտքերում: <<Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ>>, -ասում է սբ. Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 3.16-17):

Երբ մարդիկ հասկանան, որ Երկնքի Արքայությունը Աստծո հետ լինելն է ու աստվածային սիրո հիմնակետում լինելը, կընկալեն Քրիստոսի խոսքերը, թե նախ խնդրեցեք Աստծո Արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը ձեզ ավելիով կտա, որովհետև աստվածային սիրով լցված անձը մշտապես լցված է լինում անսպառ աստվածային լույսով ու էներգիայով և գործում է բոլոր իրադրություններում: Նա փայլում է, ինչպես լույսը (Մատթ. 13.43), կարողանում իրականացնել աստվածահաճո բոլոր նպատակները, ձեռքբերում շատ ավելին: Նա այլևս չի մտահոգվում վաղվա օրվա համար, որովհետև իրապես զգում է Աստծո հաղորդակցությունն ու ներկայությունը և լուսավոր կյանքի լիությունը: Ավետարանում Հիսուս պատկերավոր նկարագրում է, թե Երկնքի Արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որ մի մարդ գտնելով նորից թաքցնում է և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և այդ արտը գնում (Մատթ. 13.44): ժամանակը հոսում է, իսկ դրա հետ էլ այն, ինչ ստեղծում ենք կամ կորցնում և մնում է միայն այն, ինչը ստեղծված է աստվածայինով ու նրանից բխող սիրով: Ինչպես դատարկ բաժակը, այդպես էլ մարմնավոր կյանքի մեջ ոչինչ չկա, սակայն երբ բաժակը լցվում է ջրով ու մարդու ծարավը հագեցնում ու նրան գոհունակություն պարգևում, իսկ մարդն էլ Աստծուն փառք տալիս, այդպես էլ, երբ կյանքը լցվում է սիրով, անցողիկն ու ժամանակավորը դառնում են իմաստալից ու անժամանակ, քանի որ մարդ լցվում է Սուրբ Հոգու խնդությամբ ու սիրով: Կիրիլ պատրիարքն ասում է, որ Աստծո Արքայությունն ստեղծվում է մարդկային եղբայրական հարաբերությունների հիման վրա: Դրա համար էլ սատանան` մարդկային ցեղի թշնամին, ստի, նախանձի և կասկածների որոմներ է սերմանում այդ հարաբերությունները խաթարելու, մարդկանց միմյանց դեմ հանելու, նրանց միջև բախումներ հրահրելու համար: <<Երկնքի արքայությունը,-ասում է Մատթեոս ավետարանիչը,-նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եվ ուղարկեց իր ծառաներին` հրավիրվածներին հարսանիքի կանչելու… Եվ ծառաները ճանապարհների վրա ելնելով` հավաքեցին բոլոր նրանց, ում գտան…>> (Մատթ. 22.2-3,10): Եվ իրոք այդ Արքայության մուտքը բոլորի առջև բաց է: Հարսանեկան խնջույքի սրահի դռները բաց են յուրաքանչյուրի համար, և այդ Արքայությունն սկսվում է այստեղ, երկրի վրա, չնայած դրա լիակատար իրականացումն արդեն կապված է այլ իրողության` մարդկային պատմության վախճանի հետ:

Ի վերջո անսահման հավերժության մեջ այս աշխարհի ակնթարթներն իմաստավորվում են երկնքից ցողված հավերժության կաթիլներով, և ով ձեռքը պարզում է, ու այդ կաթիլները հանգրվանում են իր ձեռքի ափի մեջ, նրա կյանքում արդեն իսկ ամեն ինչ նոր է դառնում…

Հովհաննես սրկ. Մանուկյան

02.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․