Գրքեր

Հայոց դարձի պատմությանը նվիրված թեմաների պատկերաշարը

Հայոց դարձի պատմությանը նվիրված տեսարանների ենք հանդիպում պատկերաքանդակներում: Հետաքրքիր օրինակներից է Հառիճի հուշակոթողը (Հայաստանի Պատմության Պետական Թանգարան), որի երրորդ նիստին միմյանց տակ երկու առանձին ուղղանկյուններում պատկերված են Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը: Խարաբավանքի կոթողի (Հայաստանի Պատմության Պետական Թանգարան) նիստերից մեկի վրա խոզագլուխ Տրդատ թագավորի պատկերաքանդակն է: Խոզակերպ ֆիգուրը պատկերված է դիմահայաց, հասակով մեկ կանգնած, որի երկար հագուստի և ուսերից ներքև թափվող թիկնոցի տակից երևում են ոտքերի կճղականման վերջավորությունները: Նման ձևով են լուծված նաև կրծքի վրա գիրք բռնած ձեռքերը: Մի փոքր վեր բարձրացված, երկար դնչով գլուխը շրջված է դեպի հաջորդ նիստին քանդակված Քրիստոսը:

Ս. Գրիգոր Լուսավորչի միջոցով Հայաստանում քրիստոնեության ընդունման և տարածման պատմությունն առավել ամբողջական է ներկայացված Օձունի 4-6-րդ դդ. թվագրվող կոթողում: Պատկերաքանդակների շարքում տեղ են գրավում Ս. Գրիգոր Լուսավորիչը, Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե կույսերը, խոզակերպ Տրդատ թագավորը և նրա քույր Խոսրովիդուխտը: Առանձին կամ երկֆիգուր պատկերաքանդակները ներկայացված են արևելահայաց նիստերից մեկի վրա: Լուսապսակով ու խաչանիշ գավազանով պատկերված Գրիգոր Լուսավորչի կողքին, ավելի փոքր չափի, զարդերիզ զգեստով, առանց լուսապսակի և խնդրարկուի դիրքով ձեռքը դեպի Լուսավորիչն ուղղած կինը Խոսրովիդուխտն է: Առաջին անգամ հանդիպող «Գրիգոր Լուսավորիչ և Խոսրովիդուխտ» խմբաքանդակի հորինվածքում ընդգծվում է բարեպաշտ օրիորդի դերը Հայաստանում քրիստոնեությունը տարածելու գործում: Ավելի ցած խոզագլուխ Տրդատն է, որի փրկությունը երազով հայտնվել էր նրա քույր Խոսրովիդուխտին: Խոզակերպ ֆիգուրներից այս մեկը տարբերվում է նրանով, որ կրծքի վրա կրում է հստակ գծագրությամբ առանձնացող հավասարաթև խաչ: Այնուհետև շրջանակում քանդակված է մի կառույց, որ ենթադրվում է Գայանե և Հռիփսիմե կույսերի նահատակության վայրում Տրդատի կառուցած առաջին մատուռ վկայարանը, իսկ ավելի ցած հողմահարված վիճակում մեկական ֆիգուրներ են՝ խաչով և լուսապսակով, որոնք ենթադրվում են իբրև Հռիփսիմեի, Գայանեի և նրանց ընկերուհիների պատկերներ:

Թալինի քառակող կոթողում Տրդատ թագավորը պատկերվում է Գրիգոր Լուսավորչի դիմաց՝ ծիրանիով ու գոտիով, ձեռքը վեր բարձրացրած կիսադեմով և խոզագլուխ:

Լ. Դուռնովան քառակող կոթողները դիտում է ոչ թե գերեզմանային, այլ հիշատակային (մեմորիալ) արվեստ: Միաժամանակ հավաստում է, որ դրանց ժամանակը չի կարող լինել V դարից ուշ, քանի որ Հայոց դարձի պատմությունը դրանց հիմնական մոտիվն է (խոզագլուխ Տրդատը և Գրիգոր Լուսավորիչը):

Քրիստոնեական դարձին նվիրված տեսարանների շարքում տեղ գտած խոզակերպ պատկերների բերված օրինակներն ունեն հորինվածքային մի հիմնական ընդհանրություն: Խոզակերպ ֆիգուրները պատկերվում են դիտողին ուղղված մարմնով, աջ կամ ձախ թեքված կենդանու գլուխը՝ կիսադեմից, երկար հագուստով և թիկնոցով, որի տակից երևում են կճղականման ոտքերն ու ձեռքերը, ձեռքին երբեմն գիրք կամ խաչանիշ գավազան: Միջնադարի քանդակագործ վարպետներն, ասես հուշակոթողների վրա վերարտադրում են Ագաթանգեղոսի այն տողերը, որոնցում նկարագրվում է Տրդատ թագավորի արտաքինը՝ «իսկ Տրդատ թագավորն այնժամ դեռ ամբողջովին խոզի կերպարանք ուներ, բացի միայն մարդաբար խոսելուց: Ձեռքերի և ոտքերի եղունգները խոզի նման էին, և դեմքը՝ կնճիթի նման, մեծամեծ ժանիքներ ուներ վարազի պես և ամբողջ մարմնով խոզի թավ մազեր ուներ» (Ագաթանգեղոս, Հայոց Պատմություն, Երևան, 1983թ.):

Հայոց դարձի պատմությանը նվիրված տեսարանները շարունակվում են հետագա դարերի արվեստում, այդ թվում որմնանկարչության, մանրանկարչության և, այսպես կոչված, եկեղեցական գեղանկարչության մեջ՝ հասնելով 19-րդ դարի առաջին կեսը: Որմնանկարչության մեջ քրիստոնեական դարձի պատմությանը նվիրված մեզ հայտնի առաջին նմուշները վերաբերում են 12-13-րդ դարերին: Սակայն գրավոր աղբյուրների վկայությամբ՝ ավելի վաղ շրջանի եկեղեցիների նկարազարդումներում նույնպես տեղ են գտել վերոհիշյալ թեմաներով գործեր:

Հայոց դարձի կարևորագույն ձեռնարկումներից է Էջմիածնի Մայր տաճարի հիմնադրումը: Այս պատմությանը նվիրված տեսարաններով են որմնազարդվել Անի քաղաքի մեծատուն և բարեգործ Տիգրան Հոնենցի 1215 թվականին կառուցած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան և հյուսիսային պատերը: Այս պատկերաշարը եզակի պահպանված օրինակ է: Դարասկզբին եկեղեցին ուսումնասիրող արվեստաբան Ն. Լ. Օկունևը նկատել է, որ  «Գրիգոր Լուսավորչի վարքի հնագույն և ամբողջական պատկերագրությամբ միակ հուշարձանն է»: Տասնութ առանձին դրվագներից կազմված պատկերաշարում կարելի է խմբավորել միմյանց շարունակություն կազմող այն տեսարանները, որոնք ներկայացնում են հայոց դարձի պատմական ժամանակաշրջանի կարևոր փուլերը: Տասնութ տեսարաններից վեցը նվիրված է Գրիգորի չարչարանքներին, մեկը՝ Հռիփսիմեի, Գայանեի և նրանց ընկերուհիների նահատակությանը: Տասը պատկեր նվիրված է Հայաստանում քրիստոնեության դարձին, մեկը՝ վրացիների դարձին Սուրբ Նունեի կողմից: Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Հռիփսիմյան կույսերի նահատակության տեսարանները («Գրիգոր Լուսավորիչը Խոր վիրապում», «Կույսերի գլխատումը» և այլն) վերաբերում են Հայաստանում քրիստոնեության քարոզչության առաջին շրջանին: Պատկերների հաջորդ շարքը ներկայացնում է դարձի եկած Տրդատ թագավորի մկրտության և քրիստոնեության տարածման գործին նվիրվելու տեսարանները («Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին», «Տրդատ թագավորի հանդիպումը Լուսավորչին Բագավանում», «Տրդատի երթը»): Առանձին շարք են կազմում Հայոց եկեղեցու երկնային ծագումը խորհրդանշող և նրա հիմնադրման պատմությունը ներկայացնող պատկերները («Գրիգոր Լուսավորչի տեսիլքը», «Գրիգոր Լուսավորչի ձեռնադրումը Կեսարիայում»): Գրիգորի վարքի ցիկլի հայտնի և հետաքրքիր հորինվածքներից է «Վրաց, աբխազաց և ալանաց թագավորների հետ Տրդատը գնում է մկրտության» նկարը: Այստեղ Տրդատ արքայի ձիու ոտքերի տակ նկարված է խոզանման հրեշ՝ իբրև հեթանոսության սիմվոլ: Նկարիչը Գրիգորին ներկայացնում է ոչ թե Մանյա այրում, այլ ծառի փչակում առանձնացած, ծառը՝ իբրև կյանքի և արդարների բարձրացման խորհրդանիշ:

Հայոց դարձին նվիրված թեմային է անդրադարձել հայ միջնադարյան նկարիչ Նաղաշ Հովնաթանը Էջմիածնի Մայր տաճարի «Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտը աղթոքի պահին» որմնանկարով (Հայաստանի Ազգային Պատկերասրահ): Այն պահպանվել է հատվածաբար, ծնկաչոք, աղոթքի դիրքով ձեռքերը կրծքի վրա, ներշնչված հայացքը մի փոքր վեր ուղղած, արքայական շքեղ հանդերձանքով ու թագով քրիստոնյա առաջին թագավորին, հայ եկեղեցու սրբուհիներ՝ Աշխենին և Խոսրովիդուխտին պատկերելու այս ձևը որոշ ընդհանրություններ ունի 1596 թվականի մի մանրանկարի հորինվածքի հետ, որտեղ արքայական ընտանիքը Գրիգոր Լուսավորչի առջև ծնկաչոք օրհնություն է ստանում:

Պահպանվել է հատված Նաղաշ Հովնաթանի «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» որմնանկարից։ Ուշագրավ են կերպարների ազգային տիպականացումը, դիմանկարչական մեկնաբանումները, դեմքերի ու ձեռքերի մոդելավորումը, ֆիգուրների գրաֆիկական ընդգծվածությունը։

«Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» կոմպոզիցիան հատկապես լայն տարածում ուներ 17-18-րդ դարերի հայ կերպարվեստում: Այսպես, Նոր Ջուղայում պահպանվել է նույնատիպ նկարի մեզ հայտնի ամենահին օրինակը (Գրիգոր Լուսավորչի եկեղեցի), որը մեծ կտավ է, մեջտեղում պատկերված է Գրիգոր Լուսավորիչը` Աշխենին և Խոսրովիդուխտին մկրտելիս: Կենտրոնական կոմպոզիցիայի շուրջը, փոքր քառանկյունի շրջանակների մեջ տեղավորված են առանձին տեսարաններ Գրիգոր Լուսավորչի կյանքից: Իրենց կառուցմամբ նրանք հիշեցնում են դաջված շքեղ վարագույրները, որտեղ, սակայն, վարպետները ցուցաբերում են կատարման առավել ազատություն: Նկատի ունենալով թեմայի այդքան լայն տարածում ունենալը, հավանական պետք է համարել, որ Նաղաշ Հովնաթանն օգտվել է 17-րդ դարի հայ կերպարվեստում արդեն կանոնիկ դարձած կոմպոզիցիայից: Ավելին, Նաղաշը համարյա կրկնում է վերոհիշյալ սրբապատկերներում տեղ գտած ֆիգուրների դասավորությունը, դեմքերի արտահայտությունը: Պատի մեծ հարթության վրա ստեղծելով բազմաֆիգուր մեծ կոմպոզիցիա՝ նա դարձյալ հեռու է մնում մոնումենտալ նկարչության սկզբունքներից: Նաղաշը մեծ դեր է հատկացնում մանրամասներին` թագերի և գոտիների ոսկե մասերի նախշերին, բազմագույն թանկարժեք քարերին, զգեստներն ու ծիրանին ամրացնող ճարմանդներին: Նա հատկապես շեշտում է զգեստների ամեն մի ծալքի, Տրդատի ծիրանու մորթե հավելվածների նյութականությունը, հարստությունն ու շքեղությունը: Կերպարները կենսահաստատ են, ունեն հիացմունքի արտահայտություն, որին նկարիչը հասնում է նշաձև, փայլող աչքերի և թեթև ժպիտով կենդանացած շրթունքների միջոցով:

Նաղաշ Հովնաթանն ուներ դիմանկար ստեղծելու իր ինքնատիպ գեղանկարչական հասկացողությունը: Տղամարդկանց դեմքերը պատկերելիս (Տրդատ, Նահապետ Հայկ, N 4426 ձեռագրում ընդօրինակված կերպարները, Էջմիածնի Ավագ խորանի առաքյալները), Նաղաշ Հովնաթանը ստեղծում է դեղնագույն, տափակ, լայն դեմք՝ ընդգծված այտոսկրերով և կարմրագույն այտերով, մանգաղաթև հոնքեր, նշաձև աչքեր, երկարաձիգ սրածայր քիթ, սևին տվող մուգ շագանակագույն մորուք և մինչև ծնոտն իջնող նեղ, երկարածայր բեղեր: Այլ են կանացի կերպարները: Նաղաշ Հովնաթանի կանացի դեմքերը կլորաձև, փափուկ մոդելավորման ենթարկված դեմքեր են, որոնք ունեն բարձր, մարմարե հստակության հասնող ճակատ, վարդագույն այտեր, խիտ կամար հոնքեր, նշաձև, արտահայտիչ ու ճրագի նման լույս առկայծող աչքեր և այս ամենն իրենց մեջ պսակող շքեղ մազեր: Այսպիսիք են նրան վերագրվող Աշխենը, Խոսրովիդուխտը, Էջմիածնի Աստվածամայրը, Վրաստանի գոզալները N 4426 ձեռագրի ընդօրինակված մանրանկարներում, այսպիսին է նաև նրա՝ Թեհրանում պահպանվող Աստվածամայրը:

Ս. Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի մասամբ քայքայված, սակայն դեռևս նկատելի կերպարների ենք հանդիպում Աստապատի Ս. Ստեփանոս վանքի (Կարմիր վանք) որմնանկարներում, որոնք Նաղաշ Հովնաթանի որդիներ՝ Հակոբ և Հարություն Հովնաթանյանների կատարած մոնումենտալ հայտնի գործերից են:

Հայոց դարձի գլխավոր դեմքերի և մշակույթի գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծել Հովնաթանյան տոհմի շնորհալի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801թթ.), այդ թվում Հռիփսիմյան կույսերի կերպարների գեղանկարչական լավագույն մարմնավորումը հանդիսացող «Ս. Գայանե» և «Ս. Հռիփսիմե» կտավները (Էջմիածնի վեհարան):

Հայագետ Միրախորյանը, անդրադառնալով Վարագա Ս. Նշան եկեղեցու որմնանկարներին, գրում է. «Ներս մտնենք. առաջին տպավորությունը կարծես թե մարդս մի սարսուռ, մի զարզանդ կը զգա, ապա մեր ուշադրությունը կը գրավեն պատերի և սյուների վրա նկարված պատմական հսկա նկարները: Լուսավորիչը՝ գավազանը ձեռքին, Տրդատը՝ քարե սյունը շալակած, Խորենացին՝ գրիչը ձեռքին, Մեսրոպ Մաշտոցը՝ տառերի տախտակը առաջին, Մովսես՝ տասնաբանյա պատվիրանները վերցրած, Ներսես Մեծ, Սահակ Պարթև, Շնորհալի և ուրիշ մեծագործ հայրապետներ…» (Մ. Միրախորյան, Վարագա Ս. Նշան եկեղեցու որմնանկարները, «Արաքս», գիրք Ա, Ս. Պետերբուրգ, 1898, էջ 60): Եթե Ս. Նշան եկեղեցու որմնանկարները պահպանված լինեին, ապա, անշուշտ, իրենց թեմատիկ բնույթով ուրույն տեղ պետք է գրավեին հայ արվեստի պատմության մեջ: Համեմատաբար պահպանված կառույցը Վարագի Ս. Գևորգ ժամատունն է: Ժամատան արևմտյան կողմի սյուների վրա, ձվաձև մեծ շրջանակների մեջ, հայոց սուրբ կույսերն են: Հռիփսիմեն՝ թագը գլխին, ուսերին սև, լայն թիկնոց, երկու ձեռքով բռնել է բացված Ավետարանը: Կույսի արձակ մազերը սահուն կերպով իջնում են ցած: Գրեթե նման կեցվածքով է Գայանեն, որի պատկերը համեմատաբար վատ է պահպանվել: Լայն շրջանակի մեջ է նաև Ս. Խոսրովիդուխտը: Նա ծնկաչոք է, աղոթողի դիրքով: Գլխին թագ կա, ուսերին՝ սպիտակ թիկնոց:

Վասպուրականի մանրանկարչության տաղանդավոր վարպետներից Մինասի աշակերտներից Կարապետը որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել վարքաբանական, մասամբ նաև աշխարհիկ բնույթ կրող տեսարանների նկատմամբ: Այդ շարքում ուշագրավներից մեկը «Թագավորի օծման» տեսարանն է՝ նույնիսկ կենցաղային երանգավորմամբ: Այս թեման իր հետագա շարունակությունն ստացավ XVIII դ. հաստոցային արվեստում, մանավանդ Տրդատ արքայի մկրտության տեսարաններում:

Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին և նրա ընտանիքի անդամներին մկրտելուն է նվիրված XVIII դ. աշխատանքներից մեկը: Թագավորների ու բարձրաստիճան հոգևորականների մկրտության կամ օծման թեմաները միջնադարից սկսած հանդիպում են նկարչության մեջ: Որոշ դեպքերում դրանք ներկայացվել են տրաֆարետային միանման ձևերով. օրինակ՝ Կարապետ Աղթամարցու (XV դ.) մանրանկարները: XVII-XVIII դդ. փոխվում է մոտեցումը: Առաջին պլան է մղվում պատմողական փաստերի, կոնկրետ միջավայրի ու իրադարձությունների ցուցադրումը: Այդպիսին է ազգային պատկերասրահի մեզ հետաքրքրող կտավը: Գրիգոր Լուսավորիչը քահանայապետական շքեղ թիկնոցով է ու բարձր գլխարկով: Նա մկրտության յուղը լցնում է իր առջև խոնարհված Տրդատ թագավորի գլխին: Թագավորի թիկունքում կանգնած են Աշխեն թագուհին, արքայաքույր Խոսրովիդուխտը և մի երիտասարդ, բոլորն էլ՝ տոնական հագուստներով: Կտավի ձախ հատվածում՝ ազատ տարածության մեջ, Էջմիածնի Մայր տաճարի ուրվագիծն է:

Գրիգոր Լուսավորչի վարքին և Հայաստանում քրիստոնեության տարածման իրադարձություններին է նվիրված Ազգային պատկերասրահի վարագույրներից մեկը (1789թ.): Կենտրոնում Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատին, Աշխեն թագուհուն և արքայաքույր Խոսրովիդուխտին մկրտելու դրվագն է: Թագավորը գլխաբաց խոնարհվում է Լուսավորչի առջև: Աշխենն ու Խոսրովիդուխտը շքեղ թիկնոցներով են: Խորքում երևում են Հռիփսիմեի, Գայանեի ու Շողակաթի եկեղեցիները:

Հայոց դարձի գլխավոր գործիչների պատկերներին անդրադարձել են նաև մանրանկարիչները: 16-17-րդ դարերի մի շարք ձեռագրերի նկարազարդումներում հանդիպող տեսարանները նվիրված են Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն հաջորդող իրադարձություններին: 1596թ. Վանում ընդօրինակված «Հայսմավուրք»-ում (Մատենադարան, ձեռ. 4681, ծաղկող Խաչատուր Խիզանեցի) Էջմիածնի Մայր տաճարի ֆոնին պատկերված է գահին նստած Գրիգոր Լուսավորիչը: Վերջինս խաչով օրհնում է իր առջև ծնրադիր Տրդատ թագավորին և Խոսրովիդուխտին: Հորինվածքի հիմնական մանրամասները՝ ծնկաչոք, ձեռքերը կրծքի վրա աղոթքի դիրքում պահած, դեպի վեր ուղղած հայացքներով, արքայական հանդերձանքով ֆիգուրների պատկերման ձևերը կրկնվում են տարբեր ժամանակներում ստեղծված գործերում (Տիգրան Հոնեցի եկեղեցու, Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները):

Փոքր Հայքի մանրանկարիչներից Գրիգորի աշխատանքներից ուշագրավը Հայսմավուրքն է, որտեղ ներկայացված են վարքաբանական մի շարք կերպարներ, մասնավորապես՝ Տրդատ թագավոր, Գրիգոր Լուսավորիչ:

Գեղանկարչության մեջ բավականին տարածված պատկերներից է «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին», որի հակիրճ և ընդարձակ տարբերակները, մասնակի փոփոխություններով, կրկնվում են տարբեր նկարներում: Մեզ հայտնի ամենավաղ օրինակը Նոր Նախիջևանի վաճառականների պատվերով ստեղծվել է Վենետիկում 1692թ. (Հայաստանի Ազգային Պատկերասրահ): Հորինվածքի կենտրոնական մասում Լուսավորչի առջև ծնրադիր պատկերված են Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտը և գլխաբաց Տրդատ թագավորը, որի գլխավերևում աղավնակերպ Սուրբ Հոգուց ճառագող լույսով ողողված է մկրտության խորհրդավոր արարողությունը: Հակիրճ այս տարբերակին որոշ նկարներում ավելանում են ժողովուրդը ներկայացնող ֆիգուրներ: Հիմնական հորինվածքի շուրջը մի շարք նկարներում պատկերվում են Լուսավորչի վարքի առանձին դրվագները՝ Խոր վիրապում բանտարկության, կրած չարչարանքների, Աստծո զորությամբ ազատվելու և իրեն վերապահված առաքելության տեսարաններն այն հերթականությամբ և մանրամասներով, ինչպես շարադրված է Ագաթանգեղոսի «Հայոց Պատմության» մեջ: Գեղանկարչական բազմաթիվ գործերում Գրիգոր Լուսավորիչը ներկայացվում է որպես քրիստոնեական ընդհանրական եկեղեցու հայրերից մեկը, պատկերվում է հովվական գավազանով կամ Սուրբ Գրքով, աջը օրհնելու դիրքում, կանգնած, հազվադեպ նաև գահին բազմած: Միաֆիգուր այս նկարներում երբեմն նրա շուրջը 14 կամ 16 առանձին շրջանակներում պատկերվում են վարքագրական շարքի հայտնի դրվագները:

Լավագույն նմուշներից մեկն է 18-րդ դարի անհայտ նկարչի գեղանկար խաչվառը (Հայաստանի Ազգային Պատկերասրահ), որի մի երեսին «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» հորինվածքն է, մյուսին՝ «Գրիգոր Լուսավորչի տեսիլքը»: Պատկերի բովանդակության հիմքում Ագաթանգեղոսի այն տողերն են, որտեղ նկարագրվում է Մայր Աթոռի հիմնադրման տեղը: Նկարի մակերեսի մեծ մասը զբաղեցված է ճարտարապետական մանրամասներով աչքի ընկնող Էջմիածնի Մայր տաճարի պատկերով, որի մոտ կանգնած ալեհեր ու բոկոտն հովվապետի և նրա գլխավերևում՝ ամպերի շղթայով առանձնացված Արարչի միջև պատկերված հրեշտակի ֆիգուրը հավասարակշռում է հորինվածքի ներքին բովանդակությունը: Արարչից ճառագող լույսի լայն ժապավենը և նրա ձեռքը հանգչում են տաճարի գմբեթին, ասես խորհրդանշելով այն իրողությունը, որ աստվածային կամքի և զորության շնորհիվ առ այսօր ամուր ու հաստատուն է մեր «աղոթքի տունը և քահանայապետության աթոռը»:

Վան քաղաքի բժշկապետ Նիկողայոսի պատվերով 1834թ. ստեղծված «Էջմիածնի հիմնադրումը» (Էջմիածնի վեհարան) հորինվածքում համատեղվում են հայոց դարձի առանձին դրվագները՝ Լուսավորչի չարչարանքի տեսարանները, մատուռի մոտ կանգնած Հռիփսիմյան կույսերը, Տրդատ թագավորի մկրտությունը, ծնրադիր աղոթող արքայական ընտանիքը, հայոց ավագանին և ժողովուրդը:

Հայոց դարձի պատմության հայտնի տեսարանների որոշակի ազդեցությունը դիտվում է դեկորատիվ-կիրառական արվեստում: Հիշատակության են արժանի Ավագ խորանի ասեղնագործ վարագույրների «Գրիգոր Լուսավորչի տեսիլքը» տեսարանի յուրօրինակ մեկնաբանությունը: Վերջինիս ավանդական հորինվածքում Լուսավորչի կողքին ավելացել է Տրդատ թագավորի ծնկաչոք, խոզակերպ ֆիգուրը, որը հիշեցնում է վաղմիջնադարյան պատկերաքանդակները:

«Ս. Գրիգոր Լուսավորիչ» անվանումով հայտնի ասեղնագործ խաչվառի (1448թ., Էջմիածնի վեհարան) մի երեսին գահակալ Քրիստոսն է, մյուսին՝ «Տրդատ թագավոր, Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Հռիփսիմե» հորինվածքը: Հայոց դարձի այս երեք դեմքերին միասին պատկերելու այլ օրինակ միջնադարյան արվեստում մեզ հայտնի չէ: Ավետարանի կազմերի և եկեղեցական հանդերձանքի զարդանկարներում բավականին տարածված է «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» հայտնի տեսարանը:

 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

11.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․