5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Հայոց երկիրը մեծ ոսկեդարի նախաշեմին

Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ

Աշոտ դպիր, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար ամեն անգամ Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելը:

Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելն աներևակայելի և երկյուղալի մի իրավիճակ է ինձ համար արդեն 15 տարի: Հավատքով գիտենք, որ Սբ. Պատարագին Քրիստոս է պատարագվում մեր հոգու փրկության համար, բնականաբար, ահով և երկյուղով ենք բարձրանում Սբ. Խորան: Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի և մյուս եկեղեցական հայրերի` Սբ. Պատարագին ներկա են նաև սրբեր և հրեշտակների տարբեր դասեր: Մենք ավելի մերձ ենք այդ սրբությանը, քան ժողովուրդը և պետք է կարողանանք գնահատել այս ամենը, որպեսզի այն, ինչ կարող է մեզ համար շնորհի պատճառ լինել, չլինի թե դառնա դատապարտության պատճառ:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի՝ համայնքի անդամն եք նաև, ըստ Ձեզ, քրիստոնյա անհատի համար որքանո՞վ է կարևոր եկեղեցու համայնքային կյանքում ընդգրկված լինելը:

Միայն եկեղեցի հաճախել և արարողություններին մասնակցել համայնքային կյանքից դուրս կարող է մարդուն, աստիճանաբար, հեռվացնել եկեղեցուց: Եկեղեցում մարդիկ իրենց այնպես պետք է զգան, ինչպես՝ Նոյան տապանում: Այդ տապանում որպես մեկ ընտանիք չէին կարող սառը վերաբերմունք ունենալ միմյանց հանդեպ: Իսկ այսօր փրկության Տապանում՝ եկեղեցում, քրիստոնյաները համայնքային կյանքից ներս մտերմանում են և ջերմանում՝ միմյանց համար աղոթելով, միմյանց օգնելով, լսելով Ավետարանը և եկեղեցու հայրերի մեկնությունը: Մեր Տերն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթեոս 18:20): Աստվածային ներկայության մեջ քրիստոնյան, Տիրոջ խոսքի համաձայն, կարողանում է ընկալել, որ ինքը պանդուխտ է այս աշխարհում, ինչի դեպքում նա հեռու է մնում աշխարհային գործերից՝ հասնելու համար հավիտենական հանգրվան:

Վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» ծավալուն գիտական աշխատությունը: Ի՞նչ նախապատմություն ունի այն:

Ոչ մեկին գաղտնիք չէ, որ Նոյան տապանը իջել է Արարատ սարի վրա, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եղել և այս ամենը մղում էր մեզ տեսնելու մեր երկրի խորհրդավորությունը: 15 տարի առաջ տպագրեցինք մի քարտեզ, որի վրա տեղակայված էին Հայոց երկրի առանձնաշնորհները: Այնուհետև Տիրոջ ողորմածությամբ բացահայտեցինք մի շարք փաստեր, Աստծո կողմից ընձեռնված բազմաթիվ շնորհներ, որ կապված էին Հայաստանի հետ: Երկրագնդի վրա չկա մի վայր, որ ունենա այդքան շնորհների լեցունություն, որքան մեր երկիրը: Այս աշխատանքի արդյունքում էլ լույս տեսավ այս գիրքը, որ կունենա իր շարունակությունը ևս երեք հատորով:

Սույն մեծածավալ աշխատության փաստերն ի՞նչ հիմնավորումներ ունեն:

Առաջին հատորի յուրաքանչյուր գրքի սկզբնաղբյուրներում հայ հեղինակների հետ միասին ընդգրկված են նաև բազմաթիվ օտարազգի հեղինակներ, օրինակ, հնէաբան, պատմաբան Դեվիդ Ռոլ, անգլիացի կովկասագետ Դեվիդ Լենգ, ռուս պատմաբան, զինվորական գործիչ և հրամանատար Վիկտոր Աբազա և ուրիշներ: Պատկերը ավելի ճոխ և գեղեցիկ է դառնում, երբ օտարներն են մեր երկրի մասին խոսում: Մեր հոգևոր և եկեղեցական պատմությանն ավելի շեշտադրված անդրադարձել են նաև Մխիթարյան հայրերը՝ Ղևոնդ Ալիշանը, Ղուկաս Ինճիճյանը, Միքայել Չամչյանը և մյուսները: Այս հեղինակներն իսկապես տեսել են մեր երկրի խորհրդավորությունը՝ իրենց աշխատություններում ներառելով նաև եվրոպացի աստվածաբանների նյութերը Հայոց երկրի հետ կապված: Գրքում անդրադարձել ենք բազմաթիվ գիտնականների մեջբերումներին Քուր-արաքսյան քաղաքակրթության հետ կապված:

Օրինակ՝ Մելքիսեդեկն եղել է Սուրբ Գրքի ամենաառեղծվածային անձնավորությունը, ում մասին շատ քիչ տեղեկություններ կան: Բայց և՛ օտարազգի հեղինակները, և՛ մեր հնագույն պատմությունը հնէագիտության հետ միասին ապացուցում են Հայկ նահապետի և Մելքիսեդեկի նույն անձը լինելը: Այս մասին է գրել նաև Սբ. Գրիգոր Նարեկացին իր «Ապարանից խաչի պատմություն» ներբողում:

Հայոց պատմությունը բազմիցս է զեղծվել: Սույն աշխատությամբ անդրադարձե՞լ եք այդ զեղծարարություններին, և գիրքը հայ ընթերցողին որքանո՞վ է բացահայտելու իր իսկ պատմությունը:

Զեղծարարությունների են դիմել ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ հեղինակներ, ովքեր պնդել են և այսօր էլ պնդում են, թե հայերը եկվորներ են, որ Ք. Ա. 5-րդ դարում Բալկաններից են եկել, միավորվելով ուրարտացիների հետ, կազմավորել են այսօրվա ազգը: Այդ զեղծարարությունների որոշ հեղինակներ զղջացել են՝ խոստովանելով, որ դա եղել է զուտ ճնշումների ներքո: Ռուս գիտնականներն ասել են, որ հայերը ընդամենը քառասուն օրով են թողել երկիրը, երբ տապանը բարձրացավ ջրի վրա: Ճիշտ է այդ ժամանակ հայ ազգը գոյություն չուներ, բայց այդպես են ընկալել: Եվրոպացի հեղինակներն ասել են, թե բոլոր մարդիկ սերել են Նոյից, իսկ հայերի հետ կապված շեշտադրումով նշել են, որ դուք Նոյի թոռներն եք, ծոռները, քանի որ հայ ազգը միակն է ողջ երկրագնդում, որ չի տեղափոխվել իր առաջնային, արարչական Ծննդոցի բնակավայրից: Հնէաբաններն եկել են այն եզրակացության, որ հազարամյակներ առաջ եղած այդ նույն գանգերը հայերի մոտ են առավելապես պահպանվել: Ռուս հայտնի գիտնական Բորիս Պիոտրովսկին գրել է, որ հայերն այստեղ են եղել գոնե Քրիստոսից առաջ մինչև 11-րդ դար, իսկ դրանից առաջ ոչինչ չի նշում: «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» գիրքը կարևոր է նրանով, որ մենք հասկանանք, որ մեր պապերի հողում ենք ապրում և հանգիստ կարող ենք ասել՝ Ադամ, Եվա, Ենովս, Ենոք, Նոյ ուղիղ գծով այս հողի վրա այդ ժառանգությունը պահպանվել է, այդ պատճառով են արևմտյան գիտնականները հային ասում՝ Ադամի զավակ, Նոյի թոռ: Գիտակցելով այն, որ Աստված մեծ ողորմությամբ է նայել և նայում հայոց ազգին, դա կարող է սթափեցնել հային հասկանալու համար հավիտենական արժեքները և հեռու մնալու տրտունջներից, հույսը Աստծո վրա դնելով, քանի որ առջևում մեծ ոսկեդար է սպասվում:

Ըստ Ձեր ուսումնասիրության՝ Հայաստան երկիրը ի՞նչ առաքելություն ունի Տիրոջ կողմից:

Իմանալու համար, թե ինչ առաքելություն ունի Հայոց երկիրը, մենք պետք է տեսնենք, թե ինչ է ունեցել նա նախկինում: Մենք գիտենք, որ այստեղ է արարվել Եդեմական Դրախտը, այստեղ էր արտադրախտային կյանքը, առաջին աստվածպաշտության վայրը, և Հայոց սուրբ հողն էր, որ ընդունեց առաջին սուրբ նահատակի՝ Աբելի արյունը: Մեր երկրում կառուցվեց Նոյան տապանը՝ Քրիստոսի Եկեղեցու խորհրդանիշը: Ջրհեղեղից հետո մարդկության հայրենիք Հայաստանից Նոյի սերունդն իջավ Բաբելոն և ցրվեց աշխարհով մեկ: Հայոց հողի վրա էր, որ կռապաշտության համար տեղ չգտնվեց, և պահպանվեց Աստծո հանդեպ սուրբ հավատը: Այս երկրում էր, որ հնում եղավ առաջին համաշխարհային պատերազմը՝ բարու և չարի միջև, և այստեղ էր, որ հայոց բարեպաշտ նահապետ Հայկի կողմից արձակված նետից ընկավ առաջին նեռը՝ Նեբրովթ-Բելը: Մեր լեզուն եղել է և կա դրախտի լեզուն: Պատմությունը փաստում է, որ հայ ազգը մշտապես կարապետի՝ Տիրոջ ճանապարհը պատրաստողի, կարգավիճակում է եղել, Սբ. Հովհաննես Մկրտիչը՝ Կարապետը, ասել է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցե՛ք նրա շավիղները» (Ղուկաս 3:4): Առաքելությունը շատ մեծ է եղել և լինելու է մինչև վերջ: Հայ ազգն իր քրիստոնեական պատմության ընթացքում երեք մեծ անկում է ունեցել՝ 7-8-րդ դարեր, 15-17-րդ դարեր՝ երկդարյա խավար շրջան, երրորդը և վերջինը՝ 18-դ դարից առ այսօր: Ամեն մի անկմանը հաջորդել է արթնության շրջան և վերջինը լինելու է ամենահզորը: Սբ. Սահակ Պարթևը, Վարդան Այգեկցին և Ղևոնդ Ալիշանը գրել են այդ մեծ արթնության մասին, դա և՛ մարգարեական է, և՛ տրամաբանական, որովհետև ինչ որ եղել է այստեղ ի սկզբանե, վերջում այստեղից էլ պետք է սկիզբ առնի: Ըստ մարգարեության և տրամաբանության՝ Հայաստանը պետք է դառնա այն հզոր քրիստոնյա պետությունը, որ եղել է Սբ. Գրիգոր Լուսավորչի ժամանակ: Տիրոջ Երկրորդ Գալուստն էլ պետք է լինի Հայաստանից և այդ մասին ասել են Սբ. Գրիգոր Տաթևացին, Վանական վարդապետը, Սբ. Գրիգոր Աստվածաբանը: Սա մարգարություն չէ, այլ Սուրբգրային ընկալում՝ Արևելքում Տերը ստեղծեց դրախտը, Արևելքից Նոյի ժողովուրդն իջավ Սենաար: Արևելք կոչվածը Սուրբգրային Արևելքն է և Տիրոջ Երկրորդ Գալստյան մասին Նոր Կտակարանում կարդում ենք. «Մարդու Որդին գալու է կայծակի նման, որը երբ փայլատակի, պիտի լուսավորի ամբողջ երկնակամարը՝ արևելքից արևմուտք» (Մատթեոս 24:27): Դրախտի, Նոյի, առաջին քրիստոնյա պետության և Քրիստոսի Երկրորդ Գալստյան տարածքները նույնացվում են:

Մեր Տերն Իր խաչելությամբ և հարությամբ փրկության դուռը բացեց համայն աշխարհի համար, և եթե մենք այդ ուղիով չընթանաք, բուն նպատակ ունենալով փրկությունը, հավիտենական կյանքը, ապա այս բոլոր շնորհները մեզ համար որևէ արժեք չեն ունենա: Մեր վարդապետներից Եղիշեն ասել է, որ բարեխոսներ ունենք Աստծո առաջ, դրանք՝ Երկրի գետերն են և տապանը: Աստվածատուր այս շնորհները թող պատճառ դառնան, որ քրիստոնյան իր հավատի մեջ առավել զորանա, իսկ ովքեր հավատքից հեռու են, կարողանան տեսնել, թե ինչեր են իրենց տրված ու դեռ սպասվում, և գուցե իրենց համար բացվեն հավատքի դռները:

 

 

Կարինե Սուգիկյան

03.12.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․