Գրքեր

Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից

Այսօր Աննայի ծաղկից բողբոջեց Մարիամը՝ ա՛յն մորենին, որ Սինա լեռան վրա վառվում էր աստվածային հրով, ինչին ականատես եղավ Մովսեսը՝ անմերձենալի լույսով լցված։

Իսկ մենք էլ փառաբանենք ամենաօրհնյալ կնոջը մեզ Պարգևողին (Շարական)։

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,

Այսօր Աստծու ողորմածությամբ կրկին հավաքվել ենք մեր սիրելի եկեղեցու սուրբ հարկի տակ՝ միասին նշելու քրիստոնեական գեղեցկագույն տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի հղությունը Աննայից, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս։ Մեր երկնավոր անուշիկ Մորը նվիրված տոներից տարվա վերջին տոնն է այսօր, սիրելինե՛ր, և ես ուզում եմ, որպեսզի առիթը բաց չթողնենք՝ մեր սերը, հիացմունքն ու մեծարանքն ի սրտե նրան հայտնելու։ Թող այսօր բոլոր հայ քրիստոնյաների սրտերը դառնան դեպի երկնային շքեղաշուք Թագուհին, որը միաժամանակ նաև մեր բոլորի սիրասուն բարեխոս մայրն է, ծունկ խոնարհեն նրա անարատ պատկերի առջև և թույլ տան, որպեսզի իրենց սիրտը բացվի հոգատար ու իմաստուն ծնողի առջև։

Այսօր, սիրելինե՛ր, Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին հիշատակում է մի տոն, որի հիմքը դրվեց դեռևս դրախտի պարտեզում, երբ Աստված անիծեց օձին մարդուն խաբելու համար և խոստացավ, որ կնոջ սերունդը պիտի ջախջախի նրա գլուխը։ Այս խոստումը ապրեցրեց մարդուն և մղեց սերունդներ ծնելու, որպեսզի յուրաքանչյուր նորածնի մեջ փնտրի իր Փրկչին՝ այն ընտրյալին, որ պիտի ի կատար ածեր Ամենակալի խոստումը։ Մեղսագործությունից հետո սա մարդկության պատմության մյուս և ամենակարևոր շրջադարձային կետն էր, որի համար սերունդներ պիտի տքնեին՝ սրբագործվելով ու աստվածահաճո կյանքով պատրաստվելով նման Պտուղ տալու, քանի որ հնում, ի տարբերություն մեր օրերի, որդեծնությունը և անպտղությունը մարդկանց համար ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր իմաստ ուներ։ Սուրբ Աստվածամայրն ու Աստծու Օծյալը՝ Քրիստոս ծնվել են, այո՛, դա այլևս կատարված իրողություն է, սակայն այդ փաստն այսօր էլ ոչ մի կերպով չի չեղարկում որդեծնության և անպտղության հոգևոր խորհուրդը։ Սրա մասին հատկապես պետք է մտածեն ծնողները՝ իրենց զավակներին մեծացնելիս և այն անզավակ ամուսինները, որ երազում են ծնող դառնալու մասին։ Թող սուրբ Հովակիմն ու Աննան բարեխոս լինեն բոլորի համար Ամենակալի առջև։

Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողները արդար ու բարեպաշտ մարդիկ էին։ Սերում էին Աստծուն հավատարիմ տոհմերից, սակայն փորձությունը անգամ նրանց չէր շրջանցել։ Թեպետ բնությունն արդեն դրել էր իր վերջակետը նրանց պատմության մեջ, սակայն Աստծու երանելիները չէին կորցրել իրենց հույսն ու հավատն առ Ամենակարող Աստված։ Սուրբ նախածնողների պատմությունը մեծ փորձությունը պատվով հաղթահարելու մասին է։ Սա մի սքանչելի դաս է համբերության, խոնարհության ու հույսի։ Սա հավատի լուրջ փորձության դաս է, որից հաղթանակած է դուրս գալիս ընտանիքը։ Ամուսինները չեն գժտվում, չեն մեղադրում միմյանց ու Աստծուն, չեն բաժանվում, այլ միակամ ու միասիրտ իրենց հայացքը հույսով ու հավատով ուղղում են դեպի Երկինք, ուշադրություն չդարձնելով ո՛չ մարդկանց չարախոսությանը, ո՛չ բնության խոսքին։ Եվ Աստված գնահատում է նրանց հավատն ու վստահությունը․ թվում է թե վերջնականապես դատապարտված անպտղությունը պտուղ է տալիս։ Եվ ինչպիսի՜ պտուղ։ Սուրբ Աննան հղանում և ծնում է մեր սիրելի Մորը՝ Անարատ Կույսին, որ պիտի դառնար մարդացյալ Աստծու մայրը և որին օրհնում են բոլոր ազգերը։

Այս հիասքանչ պատմությունը, սիրելի՛ հավատացյալներ, ամբողջովին հոգևոր է և կիրառելի յուրաքանչյուրիս հոգևոր անպտղության պարագայում։ Այո, այն հավաստիացնում է մեզ, որ ոչ միայն մարմնավոր, այլև հոգևոր անպտղությունն է բուժելի, եթե այն վստահում ես Ամենակալ Բժշկին։ Այն մեզ սովորեցնում է չընկճվել և ոչ մի դեպքում չհանձնվել մեր հոգևոր պատերազմում, եթե անգամ թվում է, թե անպտուղ ենք հոգևոր կյանքում։ Սրտերը ճանաչող Աստված տեսնում է մեր ցանկություններն ու ձգտումները, տեսնում ու գնահատում է մեր թափած ջանքերը հոգևոր ասպարեզում։ Նա հրաշալի գիտե, որ մեր բարձրագույն նպատակներին հասնելու համար մեզնից շատ աշխատանք ու շատ ջանքեր են պահանջվում։ Մեզնից պահանջվում է փրկության համար շատ կարևոր մի առաքինություն՝ համբերությունը, որը ցավոք այնքա՜ն պակասում է այս խելացնոր ժամանակներում։ Համբերություն մեզ նման անկատար ու մեղավորի նկատմամբ, համբերություն հենց մեր նկատմամբ, որպեսզի չվհատվենք, այլ հույսով ու հավատով շարունակենք դեպի Աստված ընթանալ։ Համբերենք մինչև որ աճի ու հասունանա մեր հոգևոր պտուղը, որի համար հավելյալ ժամանակ է հատկացրել բարի Այգեպանը։ Մեզ խիստ պակասում է նաև խոնարհությունը, որը սկիզբն է մեր փրկության։ Այն խոնարհությունը, որն ունենալով՝ մարդ չի համեմատվում ուրիշների հետ և իրեն մյուսներից լավը տեսնելով՝ հարցնում՝ ինչո՞ւ ես։ Այլ խոնարհաբար ընդունում է Աստծու սուրբ կամքը և փառաբանում Նրան ամեն պարագայում։ Այն խոնարհությունը, որը ձևավորվում է ամենօրյա զոհողություններից, չարը, մեղքը, կեղծիքն ու կիրքը մերժող քայլերից, որը փոխարինում է կործանարար հպարտությանը և Արարիչ Աստծու ունկը դեպի մեր աղոթքն է դարձնում՝ աղերսելով օգնության հասնել ու գործել մեր հոգում։

Անպտուղ կյանքն անիծյալ է, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ կենտրոնացած և ամփոփված է սեփական «ես»-ում։ Հետևաբար անպտուղ կարող են համարվել շա՜տ ու շատ ծնողների կյանքեր, որոնք զավակներ ունենալով՝ չեն պտղաբերում հոգևորապես ո՛չ իրենք, ո՛չ իրենց զավակները։ Եվ ընդհակառակը՝ բեղուն հոգևոր կյանք են ապրում բազմաթիվ անզավակ ընտանիքներ, որոնք իրենց ժամանակը, միջոցներն ու կյանքը նվիրաբերում են Աստծու ու մերձավորի սիրուն։ Իրենց չիրացրած ջերմությունն ու քնքշանքը նվիրում են այն մարդկանց, երեխաներին կամ ծերերին միգուցե, որոնք դրանց կարիքն իրապես ունեն։ Մեծ հաշվով մեր զավակները մեր գործերն են, դրանց արդյունքը, այն հետագիծը, որ մնում է դրանցից հետո և այդ է պատճառը, որ յուրաքանչյուրս պետք է նախանձախնդրորեն պահպանի առաջին հերթին իր մարդ կոչումը, նախանձախնդիր լինի այն բարձր պահելու և չփոխելու փողի, փառքի, իշխանության կամ չարի առաջարկած մեկ այլ գայթակղության հետ։

Թող սուրբ Հովակիմը Աստծու նվիրյալ այրի և հոգատար ամուսնու օրինակ հանդիսանա տղամարդկանց համար։ Թող սուրբ Աննան կանանց համար օրինակ լինի համբերատար, խոնարհ ու իմաստուն կնոջ։ Իսկ նրանց տված անգին պտուղը՝ մեր սիրելի մայր ու Երկնային չքնաղ թագուհի սուրբ Մարիամը կանանց ու աղջիկների համար լինի կնոջ այն գլխավոր կերպարը, որով անկեղծորեն հիանան, ոգեշնչվեն և որին ձգտեն նմանվելու։ Որևէ խոսք ասելուց կամ արարք թույլ տալուց առաջ, յուրաքանչյուր զգեստ գնելիս, հարդարվելիս կամ առավել ևս այժմ նորաոճ դարձած բժշկական որևէ միջամտության դիմելիս անպայմանորեն կանգ առնեն և հարց տան իրենց՝ արդյո՞ք սրբուհի Աստվածածինն էլ կընտրեր դա, կգնա՞ր այդ քայլին և արդյո՞ք հավանություն կտար նրան, ինչ անում են։ Եվ թող ոչ մեկը չխաբի ինքն իրեն, թե՝ ժամանակներն ուրիշ են և ժամանակի թելադրանքն է այդպիսին․ բոլոր ժամանակներում էլ՝ անցած թե գալիք, մարդուն և մասնավորապես կնոջը գեղեցկացնողը հոգին զարդարող ու ճոխացնող առաքինություններն են՝ հեզությունը, համբերությունը, խոնարհությունը, ողջամտությունը, իմաստությունը, հավատարմությունը, պարկեշտությունը, գթասրտությունը, հույսը, հավատն ու սերը։ Սրանք են, որ բոլոր հանդերձներից ու զարդերից առավել գեղեցկացնում ու զարդարում են մարդուն, կնոջը դարձնում կին, որ արժանի է հոգատարության, մեծարանքի ու նվիրումի։ Արդ թող Տիեզերքի գեղեցկագույն մայրը, ամենահրաշալի, ամենասքանչելի, ամենաօրհնյալ և ընդօրինակելու արժանի կինը՝ սուրբ Մարիամ Աստվածածինը, որի տոնն ենք նշում այսօր, մեր սրտերում գտնի իրեն ձոնված հիացմունքի և օրհնության տաղեր, իրենից սովորելու և իրեն նմանվելու անկեղծ ու վճռական ցանկություն։ Ձեր աղոթքներում մշտապես հիշե՛ք սրբուհի Մորը, սիրելի՛ հավատացյալներ, խնդրեք, որպեսզի սնի ձեզ հոգեպես, ապաստանի իր հոգատար գրկում և սովորեցնի, թե ինչպես պիտի փոխվեք, ինչպիսին դառնաք, ինչ անեք, որպեսզի հնարավորինս մոտենաք Նրա սիրելի Որդու Արքայության դարպասներին։

Երբ Արարիչ Աստված երկնքից նայեց սուրբ Հովակիմ և Աննա բարեպաշտ զույգին, տեսավ այն անարատ Ծաղկին, այն անբիծ Անոթին, որ նրանցից ծնունդ առնելով՝ մի օր անսահման խոնարհություն, անձնազոհ սեր ու անսպառ հավատ պիտի ցուցաբերեր առ Աստված՝ առանց երկմտանքի համաձայնելով դառնալ Նրան պարփակող անապական Տաճարը։ Արդ, դուք էլ մաքրվեք, սիրելի՛ հավատացյալներ, ձգտեք սուրբ ու անապական կյանքի, որպեսզի ձեզ նայելով էլ Երկնակալն Իրեն հաճելի պտուղ տեսնի։ Որպեսզի ուրախությամբ լցնեք ձեզ երկնային Մայր պարգևած Հոր սիրտը, և ամոթահար թողեք թշնամուն։ Բա՛ց թողեք աշխարհն ու Աստվածածնի փեշից բռնեք և այդժամ կզգաք նրա մայրական սիրո ու հոգատարության ողջ ջերմությունը, որ սփոփում ու ապրեցնում է մեզ, լուսավորում է հոգսաշատ կյանքի խավարում և հույսով լցնում անգամ ամենավհատ սրտերը։ Թող սուրբ Հովակիմը, Աննան ու Մարիամ Աստվածածինը բարեխոս ու պահապան լինեն ձեզ և առաջնորդեն ինքնամաքրման ու անձնազոհության այն նեղ ու փշոտ ճանապարհով, որ անցնում եք ի փառս Ամենասուրբ Երրորդության և որն ի վերջո փրկություն է պարգևելու ձեզ․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

09.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․