22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

Հոգևոր պատերազմի մասին

1. Ով չի ձգտում իմանալ, թե ինչպես պետք է խուսափել թշնամու ցանցերից, նա կընկնի նրանց մեջ և էլ երբեք չի ազատվի նրանցից: Նույնիսկ մեռնելիս՝ հոգեվարքի մեջ լինելով, պետք է իմանալ թշնամու խորամանկությունները և զգոն լինել («Հոգևոր պատերազմ» գրքից):

2. Դիմադրենք սատանային և աշխատենք ճանաչել նրա դավերը (Անտոն Անապատական):

3. Նա, ով ծանոթ է սատանայի խարդավանքներին, նենգություններին և խորամանկություններին, պարտավոր է մյուսներին էլ զգուշացնել այդ մասին (Անտոն Անապատական):

4. Երբ մենք ընդհանրապես մերժում ենք դևերի կորուսիչ ներշնչումները, այնժամ նրանք թողնում են մեզ և էլ չեն համարձակվում մոտենալ: Չար ոգիները գիտեն, որ երբ Աստված թույլ է տալիս փորձել Իրեն նվիրված մարդկանց, հենց այդ մարդկանց միջոցով էլ իրենց համար մեծ պատիժ է պատրաստում (Անտոն Անապատական):

5. Ես գիտեմ ոմանց, որոնք բազում ջանքերից հետո շեղվել են ճանապարհից և մտավոր խանգարում ստացել, որովհետև իրենց հույսը դրել էին իրենց իսկ գործերի վրա՝ համարելով, որ դրանք աստվածահաճո բնույթ են կրում, դրանով և խեղաթյուրել են Նրա պատվիրանը, Ով ասաց. «Հարցրո՛ւ քո հայրերին, և քեզ կպատմեն, քո ծերերին՝ և նրանք քեզ կասեն» (Բ Օր. 32:7) (Անտոն Անապատական):

6. Արիությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ անտեսանելի թշնամիների հակառակության ժամանակ ճշմարտության մեջ մնալ (Անտոն Անապատական):

7. Ջանք մի գործադրիր ճակատագրի մասին Աստծո գաղտնիքների մեջ խորանալու, այդ բանը չեն համարձակվել անել նաև սուրբերը: Մենք տգետ ենք, որպեսզի մեր կարծիքը ունենանք Աստծո անհաս դատաստանների մասին (Անտոն Անապատական):

8. Ատիր այն ամենը, ինչը վնասակար է հոգուդ (Անտոն Անապատական):

9. Ամեն ջանք թափիր, որպեսզի հեռանաս այն մարդկանցից, որոնք օտար հայացքներ և խորհուրդներ ունեն (Անտոն Անապատական):

10. Չար ոգիները հաճախակի, հատկապես ներկա ժամանակներում, ներշնչում են մեղավորին անհավատություն հենց իրենց՝ չար ոգիների գոյության հանդեպ, որպեսզի ավելի մեծ զորությամբ ներքաշեն նրանց իրենց կործանարար ազդեցության տակ (Հովհան Ոսկեբերան):

11. Պատերազմը սատանայի դեմ դադարեցնում է մյուս պատերազմը, որը մղվում է Աստծո դեմ: Եթե թշնամանում ենք սատանային, նշանակում է հաշտըվում ենք Աստծո հետ (Հովհան Ոսկեբերան):

12. Նրանց համար, որոնք մշտապես արթուն են և զգաստ, սթափ են և ուշադիր իրենց նկատմամբ, այդպիսիններին սատանան ոչ միայն չի վնասում, այլև օգուտ է տալիս, ոչ թե իր ցանկությամբ, որը չար է, այլ մշտական արթնությամբ նրանց, որոնք նրա չարությունը իրենց օգտին են բանեցնում: Մենք պարտվում ենք ոչ թե դիվային զորությունից, այլ մեր սեփական թուլությունից (Հովհան Ոսկեբերան):

13. Չար ոգին առավել ուժգնությամբ հարձակվում է հոգևոր կյանքում առաջադիմել ցանկացողների վրա: Այնտեղ են շատ ցանցեր հյուսվում, որտեղ առաքինություններ կան (Հովհան Ոսկեբերան):

14. Միայն սկսենք, ու Աստված էլ կսկսի մեր փրկությունը (Հովհան Ոսկեբերան):

15. Դևերը մեզ մղում են հուսահատության, քանի որ գիտեն, եթե զղջանք, առանց վարձքի չպիտի մնանք: Ինչպես որ մի բաժակ սառը ջուր տվողը վարձքը Աստծուց պիտի ստանա, այնպես էլ՝ իր գործած մեղքերի համար զղջացողը: Եթե նույնիսկ մեղքերի համար արժանապես չուղղվի, այնուամենայնիվ, նույնիսկ զղջման համար վարձք կունենա (Հովհան Ոսկեբերան):

16. Հոգևոր կյանքին մերձեցողին սպասվում է պատերազմ ոչ մարդկանց հետ, այլ դևերի և անմարմին ուժերի: Այս պատճառով էլ նրանց առաջնորդը ոչ թե որևէ մարդ է կամ հրեշտակ, այլ Ինքը՝ Աստված: Եվ այս պատերազմի զենքերն էլ համապատասխանում են պատերազմի բնույթին՝ սրանք պատրաստված են ոչ թե կաշվից և երկաթից, այլ արդարությունից, ճշմարտությունից, հավատից և ողջախոհությունից (Հովհան Ոսկեբերան):

17. Հնում քրիստոնյաները խաչ էին պատկերում դռներին, ամանեղենին և նույնիսկ կենդանիների վրա (Հովհան Ոսկեբերան):

18. Թռչնորս է սատանան, վեր եղիր նրա խայծից (Հովհան Ոսկեբերան):

19. Սուրբ Գիրքը կարդալով, նախ պետք է կատարենք մեր հասկացածը (Հովհան Ոսկեբերան):

20. Տեսնում եմ շատերին, որոնք հաճախակի չեն հաղորդվում: Այս բանը սատանայից է: Սա նրա արած գործն է, որպեսզի մեզ ետ պահի Քրիստոսի Մարմնի հետ հաճախակի հաղորդվելուց: Եվ ճշմարիտ է այս բանը, թե ով հաճախակի չի հաղորդվում, դրանով իրեն դնում է սատանայի իշխանության տակ, իսկ սա էլ իր հերթին մարդուն առաջնորդում է դեպի չարը (Հովհան Ոսկեբերան):

21. Մոտենալ հաղորդությանն առանց անձնաքննության՝ վտանգավոր է, իսկ չհաղորդվելը՝ սով է և մահ (Հովհան Ոսկեբերան):

22. Երբեք դուրս մի արի՝ առանց ասելու. «Հրաժարիմք ի սատանայէ ...»: Եվ եթե քեզ հանդիպի չար մարդ կամ նույնիսկ սատանան, խաչակնքվիր ու անսասան կմնաս  (Հովհան Ոսկեբերան):

23. Աղոթքը դևերի դեմ լավագույն զենքերից մեկն է, հատկապես կարճատև և լարված աղոթքը. «Կհալածեմ թշնամիներիս, կհասնեմ նրանց և ետ չեմ դառնա, մինչև չսպառեմ նրանց», կամ՝ «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմիր մեղավորիս», և կամ՝ «Մեղուների պես շուրջս լցվեցին, վառվեցին, բորբոքվեցին, ինչպես հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անվամբ վանեցի նրանց» (Մակար Մեծ):

24. Երբեմն նույնիսկ մեկ անգամ ուրիշներին փորձությանդ մասին պատմելը բավական է լինում, որպեսզի փորձությունը խափանվի: Խավարի ոգիները վախենում են լույսից, վախենում են իրենց բացահայտ մերկացումից և չքվում են, երբ իրենց խարդավանքները բացահայտվում են ուրիշների ներկայությամբ (Մակար Մեծ):

25. Մտիր սրտիդ մեջ և այնտեղ պատերազմիր չարի դեմ (Մակար Մեծ):

26. Պիղծ դևերից ոմանք միշտ նստում են կարդացողների մոտ և ամեն կերպ ջանում են նրանց միտքը շեղել: Հաճախ, որպես առիթ օգտագործում են աստվածային գրվածքները և այն շեղում են դեպի չար մտքերը: Պատահում է, որ հակառակ բնության, ստիպում են հորանջել, կամ խոր քուն են բերում, որը շատ է տարբերվում սովորականից: Սա ես իմ վրա եմ զգացել, բայց լավ չէի հասկանում պատճառները, չնայած որ հաճախ էի ընկնում դրանց մեջ: Սուրբ մարդկանցից լսել եմ, որ անժամանակ հորանջումներն ու քունը դևերից են, և որպես ապացույց նրանք բերում են մի սովորույթ, որ օգտագործվել   է հնում և մեզ է հասել հին ավանդություններից: Նրանք հորանջելիս խաչ էին հանում իրենց շուրթերին: Այս բոլորը մենք կրում ենք նրանցից այն բանի համար, որ չենք պահում սթափ ուշադրություն և երկյուղ՝ Կենդանի Աստծո սուրբ խոսքը կարդալիս (Եվագր Պոնտացի):

27. Մխացող նետն այրում է հոգին, իսկ առաքինասեր այրը հանգցնում է այն (Եվագր Պոնտացի):

28. Ով շատ է հոգում իր հոգու մասին, նրա մասին Աստված էլ է հոգում (Եվագր Պոնտացի):

29. Աղանդավորների ճառերը մահվան գուժկաններ են, ով ընդունում է նըրանց, կործանում է իր հոգին: Հեռացրու քեզնից ստահոտ գիտությունները: Ես շատ եմ զրուցել այդ մոլորյալների հետ, նրանց մթագնած ճառերը հետազոտել և նրանցում գտել եմ իժի թույն: Ով ընդունում է այն՝ կործանվում է, ով սիրում է նրանց՝ կլցվի չարիքով (Եվագր Պոնտացի):

30. Աստված է միայն սրտագետ, իսկ սատանան այն քննել չի կարող. «Թե ես մեղք գործեցի՝ ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ» (Հոբ 7:20), «Նա, որ ստեղծել է նրանցից յուրաքանչյուրի սիրտը, հաշվի է առնում նրանց բոլոր գործերը» (Սաղմ. 32:15): Բայց այն խոսքերից, որ մենք արտաբերում ենք, կամ մարմնի ինչ որ շարժմամբ նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում մեր սրտում: Օրինակ, երբ մենք խոսակցության մեջ մերկացնում ենք նրանց, ովքեր մեզ չարախոսել են, մեր այդ խոսքերից դևերը հանգում են այն բանին, որ մենք նրանց հանդեպ սիրով չենք տրամադրված, և սկսում են նրանց դեմ չար մտքեր հարուցել մեր մեջ և ընդունելով այն՝ մենք ընկնում ենք հիշաչարության դևի բռնակալության տակ, իսկ սա մշտապես վրեժխնդրության մտքեր է հարուցում: Եվ սրա համար Սուրբ Հոգին մերկացնում է մեզ, ասելով. «Նստած չարախոսում էիր եղբորդ մասին և մորդ որդու վրա զրպարտություն բարդում» (Սաղմ. 49:20): Սրանք բացելով մտքերի դուռը, հիշաչարությամբ խռովում են միտքը, աղոթքի ժամանակ անընդմեջ պատկերելով թշնամու դեմքը մեր առջև, և նրան միշտ մեր առջև ենք տեսնում` Աստծո փոխարեն նրան ունենալով որպես աստված: Քանի որ աղոթքի ժամանակ ով որ մեր մտածմունքի առարկան է, նա էլ մեր աստվածն է: Դրա համար էլ խուսափենք չարախոսության հիվանդությունից, ոչ ոքի չհիշենք չարությամբ, նաև չծամածռենք մեր դեմքը, երբ հիշեցնում են որևէ մերձավորի մասին: Քանի որ չար դևերը հետաքրքրությամբ հետևում են մեր բոլոր շարժումներին և ուսումնասիրում այն ամենը, ինչը կարող են օգտագործել մեր դեմ: Ոչ մեր վեր կենալը, ոչ նստելը, ոչ կանգնելը, ոչ արարքները, ոչ խոսքերը, ոչ հայացքը բաց չեն թողնում. «Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դեմ չարիք նյութողները անօրենություն խոսեցին և գիշեր-ցերեկ նենգություն մտածեցին» (Սաղմ. 37:13), որպեսզի աղոթքի ժամանակ աղտոտեն խոնարհ միտքը և հանգցնեն երանելի լույսը (Եվագր Պոնտացի):

31. Անարդար դատավորը ապականված խիղճն է (Եվագր Պոնտացի):

32. Կանգնիր, սիրելիս, կայտառացիր, ջանա մշտապես կարդալ Աստվածային գրքերը, որպեսզի նրանցից սովորես, թե ինչ պետք է անել, որպեսզի խուսափես թշնամական ցանցերից և ստանաս հավիտենական կյանքը (Եվագր Պոնտացի):

33. Հավատացյալի աղոթքը մեծագույն տառապանք է պատճառում չար ոգիներին:

Եթե աղոթում ես ընդդեմ ախտերի կամ քեզ հետ մարտնչող դևերի, հիշի՛ր ասվածը. «Կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց և չեմ դառնա, մինչև չսպառեմ նրանց» (Սաղմ. 18:38-39): Սա այդ ժամին կասես մեծ խոնարհությամբ՝ անձդ սպառազինելով հակառակորդի դեմ: (Նեղոս Սինայեցի):

34. Ուզում ես թշնամուն հալից գցել, հատիր մեղքը, և այդ ժամանակ կարող ես նրա վրա ծիծաղել, ինչպես փետրած ճնճղուկի (Նեղոս Սինայեցի):

35. Դևերը հոգու դեմ պայքարում են մտածմունքների միջոցով, որոնց պետք է դիմակայել համբերությամբ, ու նրանք, տեսնելով ճակատամարտի այդ զորավոր առաջնորդին, արդեն վախով են պատերազմի մտնում (Նեղոս Սինայեցի):

36. Մի ասա, թե չես կարողանում պատվիրանները պահել, որովհետև հայրդ կամ մայրդ, կինդ կամ երեխաներդ, կամ ուրիշ որևէ մեկը խոչընդոտում է: Նրանք չեն կարող քեզ ազատել գալիք բարկությունից ու չսատկող որդերից: Առաքինությունների ու Աստծով հարստանալու ճանապարհին ով էլ որ քեզ խոչընդոտ հանդիսանա, նրան համարիր գարշելի և ատելի (Նեղոս Սինայեցի):

37. Երանելի է նա, ով իր մահվան ժամին Աստծուն հաճելի սուրբ զոհի է նման, ով մեծ ուրախությամբ է բաժանվում մարմնից և ունայն կյանքից: Հրեշտակները տեսնելով նրան երկնքում, գովում են, ինչպես իրենց նմանին (Նեղոս Սինայեցի):

38. Աշխատիր միշտ լսել ու խոսել սուրբերի կատարած գործերի մասին, որովհետև դրանք հոգին մղում են նրանց նմանվելու (Նեղոս Սինայեցի):

39. Վշտերի մեջ գոհացիր Աստծուց, և մեղքերիդ բեռը կթեթևանա (Նեղոս Սինայեցի):

40. Հառաչիր, երբ մերձավորիդ կտեսնես մեղք գործելիս, որպեսզի քեզ համար էլ հառաչես, քանզի բոլորս էլ մեղավոր ենք (Նեղոս Սինայեցի):

41. Եթե չլիներ մեզ փորձող և նեղող սատանան, ապա հայտնի չէր դառնա, թե ով է ջանասեր և ով՝ ծույլ ու անբարեսեր (Նեղոս Սինայեցի):

42. Եթե քեզ դևերը չափից ավելի սխրագործության մղեն, դու նրանց մի՛ լսիր (Աբբա Եսայի):

43. Հինգ բանի պատճառով է սաստկանում պատերազմը՝ ա) դատարկախոսության, բ) փառասիրության, գ) շատ քնելու, դ) գեղեցիկ հագուստներ սիրելու և ե) գերհագեցման (Աբբա Եսայի):

44. Մարդ, քո կատաղի թշնամիները չեն քնում, նրանք անդադար քո կործանման մասին են հոգում, դու ևս անհոգ մի եղիր (Աբբա Եսայի):

45. Մահվան ժամին թշնամին վախեցնում է անցած սայթաքումների հիշողությամբ (Աբբա Եսայի):

46. Սուրբ Գիրքը չիմանալը մեծ ու մութ խորխորատի է նման (Աբբա Եսայի):

47. Մի վստահիր ինքդ քեզ, քանի դեռ պանդուխտ ես այս աշխարհում և քանի դեռ չես անցել օդային խավար իշխանությունների միջով (Աբբա Եսայի):

48. Չնայած որ դևերը փորձություններ են բերում մեր վրա, սակայն առանց մեր թույլտվության այն իրականացնել չեն կարող (Աբբա Եսայի):

49. Մոլորությունների պատճառը չիմացողը՝ հեշտությամբ է ընկնում (Մարկոս Ճգնավոր):

50. Մարդու փառքի հանդեպ ունեցած նախանձից՝ ցանկանալով կործանել մարդկային ցեղը, սատանան մտածել է տարբեր խորամանկ միջոցներ. նախ անգիտություն, ապա՝ կռապաշտություն, հետո՝ անառակ ապրելակերպ, իսկ ներկայումս աղանդների միջոցով խաբեությամբ և մոլորությամբ ջանում է ամեն կերպ հեռացնել մեզ երկնքից (Եպիփան Կիպրացի):

51. Երբ սատանան տեսնում է, որ Աստված ողորմում է մարդուն և պատրաստ է ներել նրան՝ թեթևացնելով կրքերի լուծը Իր Խոսքով կամ Իր ծառաներից մեկի միջոցով, այնժամ սատանան ավելի մեծ պատերազմ է մղում նրա դեմ՝ կրքերը բորբոքելով: Հայրերը այս բանը լավ իմանալով, ամրապնդում են մարդուն իրենց երկերի միջոցով և թույլ չեն տալիս նրան երկնչել: Մեկն ասել է. «Դու ընկա՞ր: Կանգնիր, և եթե նորից ընկնես, նորից կանգնիր՝ ապաշխարության միջոցով»: Մեկ ուրիշն էլ ասում է. «Ով ցանկանում է առաջադիմել առաքինասեր գործերի մեջ, չպետք է փոքրոգություն անի, և եթե պատահի, որ այդ ճանապարհին ընկնի, չպետք է հուսալքվի, այլ նորից պայքարի»: Մի խոսքով, նրանցից յուրաքանչյուրն էլ տարբեր կերպերով՝ մեկն այսպես, մյուսն՝ այնպես, ձեռք են մեկնում մարտնչողներին և թշնամու կողմից վիրավորվածներին (Աբբա Դորոթեոս):

52. Սատանայի դեմ ամենասուր զենքերից մեկը սաղմոսն է քրիստոնյայի շուրթերին (Եփրեմ Ասորի):

53. Սուրբ Հաղորդությունից և Եկեղեցուց հեռացողները դառնում են Աստծո թշնամի և դևերի բնակարան (Եփրեմ Ասորի):

54. Մարմնական հեշտությունը սատանայի խայծն է, որի միջոցով մեզ որսում ու դժոխք է տանում (Բարսեղ Կեսարացի):

55. Չարը ոչ մի դեպքում չարին չի ոչնչացնում, այդ պատճառով էլ, եթե մեկը չարիք անի քեզ, դու նրան բարություն արա, որպեսզի բարությամբ հաղթես չարին (Հայր Պիմեն):

56. Ով տրտնջում է իր բախտից, նա Քրիստոսի զինվորը չէ (Հայր Պիմեն):

57. Կարևորագույնը սատանայի համար` դեպի մեղքն ուղղված առաջին քայլերն են (Հերոնիմոս Երանելի):

58. Հանցագործը երբեմն կարող է խուսափել դատաստանից, բայց սեփական խղճի դատաստանից երբեք չի խուսափի (Գրիգոր Աստվածաբան):

59. Մենք Սամսոնից ավելի ուժեղ չենք, ոչ էլ Սողոմոնից ավելի իմաստուն, և ոչ էլ երանելի Դավթից ավելի ողջախոհ, ու Պետրոսից առավել չենք սիրում Աստծուն: Ուրեմն չապավինենք ինքներս մեզ, քանի որ Սուրբ Գրքում ասվում է, թե՝ ինքն իրեն հուսացողը գլորվում է սարսափելի անկումով (Աբբա Իսիքիա):

60. Բարձրաստիճան հրեշտակների դասից ընկնելով` սատանան դատապարտված է մնալ օդում, ինչպես բանտում (Օգոստինոս Երանելի):

61. Մեզ` Աստծուն սիրողներիս, հարկ է ցանկանալ և աղոթել, որպեսզի մեր այս կյանքից հեռանալու պահին ոչ մի տեսակի վախի հաղորդ չլինենք, որովհետև ում որ այդ ժամանակ վախը պատի, նա անխռով չի կարող անցնել դժոխային իշխանների միջով, որովհետև հոգու երկչոտությունը նրանք համարում են որպես նշան չար բաների հետ հաղորդակցության, ինչպես որ նրանց մեջ կա այդ բանը (Աբբա Դիադոխ):

62. Երբ մեզ վրա են հասնում հիվանդությունները, այդ ժամանակ կատարելագործվում են մեր առաքինությունները, իսկ հավատը փորձությունների մեջ հաստատ պահելով` արժանանում ենք պսակի: Հենց սրանում է կայանում մեր և մնացած մարդկանց միջև եղած տարբերությունը, որոնք չեն ճանաչում Աստծուն և չարչարանքների մեջ բողոքում են ու տրտնջում (Կիպրիանոս Կարթագենացի):

63. Այս բոլորը, սիրելինե՛ր, մենք գրում ենք ոչ միայն ձեզ խրատելու, այլ նաև մե՛զ հիշեցնելու համար. քանզի մենք ևս գտնվում ենք նույն ասպարեզում և միևնույն պայքարն է վիճակված մեզ: Ուրեմն թողնենք դատարկ ու սին հոգսերը և դիմենք մեր պայծառ ու արժանավայել ավանդության օրենքներին: Տեսնենք, թե ինչն է բարի, ինչն է հաճելի և ընդունելի մեր Արարչին (Կղեմես Հռոմեացի):

64. Հարց. -Ասա ինձ, հայր, մե՞նք ենք տառապում անհավատությամբ, թե՞ դևերն են մեզ այս վիճակին հասցնում:

Պատ. -Դևերը նախանձից մեզ անհավատության մեջ են գցում: Եվ եթե մենք ընդունում ենք այս, ապա դառնում ենք նրանց ծառան ու հանցակիցը (Բարսելիսկոս Մեծ):

65. Մարդը երբեք չի կարող ճանաչել Աստծո զորությունը՝ գտնվելով մարմնավոր հանգստության մեջ (Իսահակ Ասորի):

66. Զինվորը, որ պատերազմի դաշտում ստացել է ծանր վերքեր իր երեսի վրա, ոչ միայն չի հեռացվում զորքից թագավորի կողմից, այլ ընդհակառակը, պարգևատրվում է, որպեսզի էլ ավելի նախանձախնդիր լինի համարձակ պատերազմ վարելու մեջ: Այդպես էլ Երկնավոր Թագավորը փառաց պսակ է տալիս նրան, ով շատ փորձություններ և ցավեր է կրում դևերից (Հովհաննես Սանդուղք):

67. Եթե ձեռք բերես համբերության գավազանը, ապա դժոխքի շները կդադարեն անամոթաբար պտտվել շուրջդ (Հովհաննես Սանդուղք):

68. Երբ պատրաստվում ենք վեր կենալ՝ աղոթքի կամ եկեղեցի գնալու, այդ ժամանակ դևերից ոմանք մոտենում են մեր անկողնուն և համոզում են, որպեսզի նորից պառկենք՝ ասելով. «Համբերիր, երբ վերջանա սկզբնական երգեցողությունը եկեղեցում, այն ժամանակ կգնաս»: Մյուսներին, որոնք արդեն կանգնել են աղոթքի, ընկղմում են քնի մեջ: Կան նաև դևեր, որոնք առաջացնում են անժամանակ և ուժեղ քաղցի զգացում: Ոմանք էլ եկեղեցում խոսակցության մեջ են ներքաշում: Ուրիշները շեղում են մեր մտքերը պիղծ մտածումներով: Կան այնպիսիները, որոնք ստիպում են մեզ՝ որպես տկարների, եկեղեցում հենվել պատին, իսկ երբեմն էլ մղում են չափազանց հաճախ հորանջել: Ոմանք էլ աղոթքի ժամանակ ծիծաղ են գրգռում, որպեսզի դրա միջոցով Աստծո դժգոհությանը արժանացնեն մեզ: Եվ մի՞թե կարելի է թվարկել խավարի իշխանի բոլոր խարդավանքները, որը ամեն մի նենգության դիմում է, որպեսզի շեղի մեզ աղոթքից (Հովհաննես Սանդուղք):

69. Օրվա ընթացքում թող ոչ ոք իր մտքում չպատկերացնի երազում տեսած պղծությունները, քանի որ դևերի մտադրությունն էլ դա է՝ երազներով պղծել մեզ՝ արթուններիս (Հովհաննես Սանդուղք):

70. Վտանգավոր է հագուստով լողանալը, անվտանգ չէ նաև աստվածաբանությանը մոտենալ նրան, ով որևէ մոլություն ունի (Հովհաննես Սանդուղք):

71. Ով դարձել է Աստծո ծառա, նա վախենում է միայն իր Տիրակալից, իսկ ում մեջ չկա Տիրոջ երկյուղը, նա հաճախ վախենում է իր իսկ ստվերից (Հովհաննես Սանդուղք):

72. Երբ փորձության հանդիպես, մի ձգտիր իմանալ, թե որտեղից և ինչու այն եղավ, այլ աշխատիր փորձությունը կրել գոհությամբ ու անհիշաչարությամբ (Մարկոս Ճգնավոր):

73. Պետք է շատ զգոն լինել, որովհետև մեր թշնամին չի քնում: Սկզբում նա պատճառ դարձավ մեր դրախտից վտարվելուն, իսկ հիմա արգելք է հանդիսանում մեր երկինք ելնելուն (Հովհաննես Պահեցող):

74. Հոգևոր կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անընդմեջ պատերազմ՝ աներևույթ թշնամիների դեմ (Թեոդորոս Ստուդիտ):

75. Բոլոր խորամանկությունները և բոլոր խարդավանքները, որ նյութում է մեր դեմ սատանան, նպատակ ունեն քրիստոնյային դուրս կորզել Քրիստոսի ձեռքից: Այնպիսի մի դիրքի մեջ է ներքաշում մարդուն, որ ինքնախաբեությամբ ասի կամ գոնե մտածի, թե այս կամ այն բարի գործը ինքը գործեց և խելամիտ բաները ինքնուրույն մտածեց կամ իմաստուն բաներ խոսեց: Ուրեմն, չվերագրենք մեզ Աստծունը, թեկուզ աննշան, չնչին հարցերում: Ահա սրա դեմ մշտապես պատերազմ մղելը մեծ հերոսություն է քրիստոնյայի համար (Սիմոն Նոր Աստվածաբան):

76. Աստված պահանջում է մարդուց, որպեսզի նա Իրենից հոգևոր իմաստություն խնդրի՝ չարի խարդավանքները ճանաչելու համար (Սիմոն Նոր Աստվածաբան):

77. Խիղճը ճշմարիտ ուսուցիչ է, նրան լսողը գայթակղության չի հանդիպի (Աբբա Փաղաքիա):

78. Մինչև սիրտդ չմաքրվի՝ մի հնազանդվիր նրան (Մարկոս Ճգնավոր):

79. Մեծ երջանկություն է, երբ մտային հարձակումների ժամանակ կա մեկը, որի առջև կարող ես խոստովանել դրանք: Մարդկային ցեղի թշնամին ատում է մտածումների բացահայտման ուղին և ամեն կերպ ջանում է արգելք հանդիսանալ Աստծո ծառային, որը ցականում է արժանանալ Տիրոջ ողորմությանը՝ մեղքերի անհատական խոստովանությամբ: Այսպիսի ընթացքը կամաց-կամաց սպանում է կրքերը մեր մեջ (Գրիգոր Երկխոս):

80. Մահվան պահին լինող թշնամական չորս փորձությունների մասին և այն հաղթահարելու միջոցը:

Առաջինը փորձությունն է հավատքի դեմ:

Այս դեպքում թշնամին աշխատում է ներմուծել քո մեջ անհավատության մտքեր, կամ հայտնվելով, տեսանելիորեն սկսում է խոսել հավատքի դեմ, դու նրա հետ վեճի մի բռնվիր, այլ ինքդ քո մեջ ամրապնդիր հավատք այն բանի հանդեպ, ինչի դեմ որ նա հարձակում է գործում, և ասա նրան սուրբ վրդովմունքով. «Կորիր աչքիցս, սատանա, ստի հայր: Ես չեմ ուզում քեզ լսել, ամբողջ հոգով միշտ հավատացել ու հավատում եմ այն ամենին, ինչին որ հավատում է մայրն իմ սուրբ՝ Եկեղեցին: Եվ սա ինձ բավական է»: Եվ երբեք թույլ մի տուր անհավատության մտքեր և ամուր կանգնիր Սուրբ Գրքի խոսքերի համեմատ (Ժողովող 10):

Եթե չարահնար այս օձը հարցնի քեզ՝ ասելով. «Իսկ ի՞նչ է սովորեցնում եկեղեցին», մի պատասխանիր և ուշադրություն մի դարձրու նրա խոսքերի վրա՝ արհամարհելով նրան և ամուր գիտակցելով, որ նա իրենից միայն սուտ և նենգություն է ներկայացնում, քանի որ քեզ հետ խոսում է, որպեսզի բռնացնի խոսքի վրա, բայց դու սրտիդ մեջ խորացիր և ծանրացիր հավատքի վրա:

Իսկ եթե քեզ հավատքի մեջ ամուր ես զգում և ուզում ես խայտառակ անել թշնամուն, ապա ասա նրան, որ Եկեղեցին սովորեցնում է, թե՝ մի է ճշմարտությունը: Իսկ եթե հարցնի, թե ո՞րն է ճշմարտությունը, պատասխանիր նրան այն, որ Տեր Հիսուսն իր խաչով ջախջախեց գլուխդ և կործանեց իշխանությունդ: Իսկ հետո մեզ համար խաչված Տիրոջ վրա սևեռվիր հոգով և աղոթիր՝ ասելով. «Աստված իմ, Արարիչ իմ և Քավիչ, շտապիր ինձ օգնության, և Քո սուրբ հավատի ճշմարտության մեջ մի թող երկմտեմ, նույնիսկ աննշան, այլ օրհնիր, որպեսզի ես, որ ծնվեցի Քո շնորհով այս ճշմարտության մեջ, այնպես էլ սրա մեջ մնալով՝ ավարտեմ իմ մահկանացու կյանքը Քեզ փառավորող մահով» (Հայր Նիկոդեմոս):

81. Մահվան ժամանակ երկրորդ փորձությունը հուսահատությունն է:

Երկրորդ փորձությունը, որով ուզում է մեզ խոցել թշնամին, հուսահատությունն է, որ մեր մեջ ջանում է առաջացնել վախի միջոցով՝ մեր բազում մեղքերի հիշողությամբ: Այս վախից խուսափելու միայն մի միջոց կա, հավատքը Քրիստոսի քավչարար մահվան հանդեպ, որ եղավ մեր մեղքերի համար:

Թշնամին նսեմացնելով այս հավատքը, վախը մեր մեղքերի հանդեպ այնքան է ուռճացնում, որ ճնշում է մեր մեջ փրկության ամեն հույս և կործանում հուսալքությամբ ու անհուսությամբ:

Որի համար և եղբայր իմ, նախօրոք պատրաստվիր այս հարձակմանը դիմակայելու համար, որպեսզի մահվան դարպասներին հասնելու ժամանակ կարողանաս ամուր բռնել մեր հաղթական դրոշը՝ Քրիստոսի խաչը, այսինքն՝ Քրիստոսի քավչարար մահվան հանդեպ սրտի մեջ ամուր հավատք ունենալ: Երբ արդեն կմտնես մահվան դարպասներով և կզգաս նման հարձակում, ապա առաջին գործդ այն է, որ դա համարես մեղքերիդ հիշողությունը, ոչ թե անձիցդ եկող բնական մի բան, այլ թշնամական հարձակում:

Ընկալելով այս ամենը, դու չես կարող չխոստովանել, թե ինչ արագ մեղքերի հիշողությունը սկսում է ճնշել քեզ և գցել հուսահատության մեջ, մարում է փրկության ամեն մի հույս և կործանում մերժվածության վախով, սակայն այս բոլորը դիվային հարձակումներ են: Այս բոլորը գիտակցելով, քեզ համար արդեն դժվար չի լինի հուսալ և վանել ամեն հուսահատություն: Ապավինելով հույս տածելը ամրապնդում է հույսը Աստծո ողորմածության վրա, որի անհունության մեջ անհետանում են մեր անհամար մեղքերը, հաստատելով ամուր համոզվածության վրա, որ Աստված մեր փրկությունն է ցանկանում, այլ ոչ թե մեր կորուստը:

Այս համոզմունքը կարող է միշտ ամրապնդվել, առավել ևս այն ժամանակ, երբ ապավինում ենք մեր Տեր Փրկչի խաչի մահվան անսահման զորությանը:

Եվ ահա, թե ինչպիսի աղոթք է պատշաճ քեզ անել, երբ մտնում ես մահվան դարպասներից ներս:

«Տեր, բազում են պատճառները, որպեսզի ես մտավախություն ունենամ, թե Դու Քո արդարությամբ՝ կդատապարտես ինձ և կմերժես՝ իմ մեղքերի պատճառով, բայց առավել համարձակություն ունեմ՝ Քո անչափ ողորմածությանը հուսալով, Հիսուս Քրիստոսով՝ մեր Քավիչով ու Փրկչով: Եվ այս պատճառով, աղաչում եմ՝ հուսալով շնորհիդ վրա, խնայիր ինձ, թշվառ արարածիս, իմ գործած բազում մեղքերիս պատճառով դատապարտվածիս, բայց մաքրված Քո Որդու և մեր Աստծո անգին արյամբ, և թող փառավորեմ քեզ հավետ: Ամբողջովին հանձնում եմ ինձ Քո ձեռքը. վարվիր ինձ հետ Քո ողորմածությանդ համեմատ: Դու ես իմ կյանքի միակ Տիրակալը» (Հայր Նիկոդեմոս):

82. Մահվան ժամին երրորդ փորձությունը լինում է փառամոլությամբ և ինքնագնահատանքով, որը մղում է մարդուն իր կատարած գործերին ապավինել: Եվ այս պատճառով միշտ, առավել ևս մահվան ժամին, ոչ մի դեպքում թույլ մի տուր, որպեսզի ուշադրությունդ քեզ վրա սևեռես, գոհ լինես ինքդ քեզանից և քո գործերից, անգամ եթե քո առաքինություններով բոլոր սրբերից առաջ անցած լինես: Գոհացիր Տիրոջով և հույսդ անմնացորդ դիր Նրա ողորմածության և Տիրոջ փրկարար տառապանքների վրա և կփրկվես՝ ամեն կերպ, մինչև վերջին շունչդ փչելը, ինքդ քեզ նսեմացրու:

Եվ եթե միտքդ գա կատարածդ բարի գործերից մեկը, իսկույն ստիպիր քեզ մտածել, որ Աստված է քո միջոցով կատարողը, և ոչ թե դու, և որ դա միմիայն Նրանից է բխել:

Պատսպարվիր Աստծո ողորմածությամբ, սակայն թույլ մի տուր ենթադրել, որ Տերը քեզ կողորմի՝ քո բազում բարի գործերի, հոգևոր պատերազմում քո տարած հաղթանակների և համբերությանդ համար: Ամուր պահիր քեզ փրկչական երկյուղի մեջ, անկեղծորեն խոստովանելով, որ քո բոլոր ջանքերն ու սխրանքները սին ու անպտուղ կլինեին, եթե Աստված Իր շնորհատու աջով չհովանավորեր, չհամագործակցեր և չներգործեր: Աստծո այս օրհնյալ ողորմածությանը հուսա և ամբողջ էությամբդ Նրան ապավինիր:

Եթե իմ այս խորհուրդներին հետևես, ապա վստահ եղիր, որ թշնամիներդ մահվան շեմին իրենց հարձակումներով ոչ մի հաջողության չեն հասնի: Եվ քո առջև կբացվի լայնահուն ճանապարհ, որով ուրախությամբ կանցնես երկրային ժամանակավոր կացարանից դեպի Երկնային Երուսաղեմ՝ քո հավիտենական և մշտնջենական հայրենիքը (Հայր Նիկոդեմոս):

83. Չորրոդ փորձությունը մահվան ժամին՝ ուրվականներն են:

Մեր չար, նենգ և համառ թշնամին երբեք չի հագենում մեզ փորձությունների մեջ գցելու, և եթե կամենա մահվան պահին քեզ խռովության մատնել և գայթակղեցնել որևէ ուրվականով, տեսիլքով, Լույսի հրեշտակի տեսքն ընդունելով, դու ամուր կանգնիր քո տկարությամբ և ոչնչության գիտակցությամբ: Եվ սրտով արիացիր և անվախորեն ասա. «Դարձիր, անիրավ, դեպի քո խավարը: Ինձ նման անարժանին վայել չէ տեսիլքներ և հայտնություններ տեսնել:

Մի բան է ինձ պետք միայն. իմ Տեր Հիսուս Քրիստոսի անընդգրկելի շնորհը, նաև մեր Տիրամոր՝ սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի և համայն սրբերի բարեխոսական աղոթքները»: Եթե նույնիսկ որևէ հաստատ պատճառով, քեզ թվում է, թե ճշմարիտ է տեսիլքը,

Աստծո կողմից քեզ առաքված, այս դեպքում էլ մի շտապիր հավատալ դրան, այլ անմիջապես համակվիր քո անարժանության և ոչնչության գիտակցությամբ:

Մի վախեցիր, թե դրանով կվիրավորես Աստծուն, որովհետև Նրան երբեք խորթ չեն մեր խոնարհ զգացումները: Եթե այսպիսի տեսիլքներ տեսնես, ապա Աստված գիտի, թե ինչպես վարվել, որպեսզի հայացքդ չկտրես այդ տեսիլքից, հաստատելով քո հավատքը այն բանում, որ այդ տեսիլքը Աստծուց է: Նա է տալիս շնորհ՝ խոնարհներին և ետ չի վերցնի քեզանից տեսիլքը՝ քո զգացումների պատճառով, որոնք դրսևորվում են խոնարհությունից մղված: Այսպիսին են թշնամու առավել գործածելի զենքերը, որոնցով հարձակվում է մեր վրա՝ մեր վերջին ժամին, մահվան շեմին գտնվելիս:

Բայց նա օգտագործում է նաև ուրիշ այլ կրքեր, առավելապես այնպիսիք, որոնցով մահացողը ավելի շատ է տարվել իր կյանքի ընթացքում և որի մեջ ավելի հաճախ է ընկել: Թշնամին ջանում է այս վերջին պահին անգամ նրա մեջ բորբոքել այդ նույն կիրքը, որպեսզի այս աշխարհից հեռանա նույն կրքոտ տրամադրությամբ, որով պիտի որոշվի նրա վախճանը: եվ այս պատճառով էլ մինչև պատերազմի վերջին, ահավոր ժամին հասնելը մենք պետք է, սիրելիներս, զինվենք մեր զորեղ կրքերի դեմ և համարձակորեն պատերազմի մեջ մտնենք նրանց դեմ և հաղթենք, մաքրվենք, որպեսզի հեշտացնենք մեր հաղթանակը և պատրաստ լինենք մեր վերջին ժամին, որն ամեն ակնթարթի կարող է վրա հասնել: Ամենքին Տերն ասում է. «Գնա՛ և ինձ դեմ մեղանչած Ամաղեկի ժողովրդին կոտորիր, պատերազմ մղիր, մինչև որ բնաջնջես նրանց» (Ա. Թագ. 15:18) (Հայր Նիկոդեմոս):

84. Վեց տեսակի մտածողությամբ անձը հաղթում է թշնամուն և սրանցով պահպանում է իրեն, խորհելով և մտածելով Աստծո, Քրիստոսի չարչարանքների, մահվան օրվա, ահեղ դատաստանի, սարսափելի տանջանքների և հավիտենական կյանքի մասին (Աբբա Օրսիսիոս):

85. Դիվային ձայների մասին եկեղեցու հին հայրերի խորհուրդներն այսպիսին են՝ ուշադրություն չդարձնել դրանց վրա, չխորանալ պատճառների մեջ: Դուք էլ այդպես վարվեք և մյուսներին էլ սովորեցրեք: Դրանց վրա ուշադրություն չդարձնելը կամաչեցնի թշնամիներին, և նրանք կդադարեցնեն իրենց փուչ հրաշքները (Թեոփիլոս Ճգնավոր):

86. Երբ թշնամին վախ է պատճառում մեզ, միևնույն ժամանակ նաև միտք է բերում, թե մենք չենք կարող դիմանալ այս հարձակմանը: Իսկ մենք պետք է պատասխանենք այսպես. «Չեմ էլ պատրաստվում դիմանալու, այլ հույս ունեմ, որ Ողորմած Տերը ինձ չի թողնի մենակ, այլ կօգնի, որպեսզի կանգուն մնամ, ինչպես որ օգնել է մինչև օրս» (Թեոփիլոս Ճգնավոր):

87. Ավելի շատ կարդա Սուրբ Գիրքը, հատկապես Ավետարանը: Այնտեղ Աստծո Հոգին է շարժվում՝ վռնդելով աստվածամարտ և գարշելի ոգիներին (Թեոփիլոս Ճգնավոր):

88. Նա, ով ասում է, թե իր մոտ միշտ հրեշտակ է գտնվում, թող փորձի այդ հրեշտակին հարցնել, թե հավատում և դավանո՞ւմ է Տեր Հիսուս Քրիստոսին, և թող խաչի նշանն իր վրա պատկերի: «Հարանց վարք»-ում գրված է, որ հրեշտակները, որոնց փորձել են այս եղանակով, գովել են փորձողներին: Թշնամին տանել չի կարող խաչի նշանը (Թեոփիլոս Ճգնավոր):

89. Մահացածների համար չկա ավելի մեծ մխիթարություն, քան երբ նրանց համար մատուցվում է անարյուն զոհ: Նույնպես լավ է սաղմոսներ ընթերցելը, քանի որ սաղմոսները, որոնք գրված են Սուրբ Դավթի կողմից, քշում են չար ոգիներին, որոնք մաքսատներում ցուցադրում են մահացածի բոլոր մեղքերը, ջանալով կորստի մատնել նրան և գցել դժոխք (Թեոփիլոս Ճգնավոր):

90. Բազում են դիվային նենգ ցանցերը: Դեռ չհասցրած անձդ շեղել աղքատությամբ, բռնում է նրան հարստությամբ: Դեռ չգերած նրան վիրավորանքներով և անարգանքներով, զինվում է նրա դեմ գովաբանություններով և փառասիրությամբ: Չկարողանալով գայթակղել անձդ հաճույքներով, նա հարձակվում է անձիդ վրա քեզանից անկախ՝ ամենատարբեր վշտերով: Եվ եթե մարդ այս բաների մեջ հաղթանակ է տանում սատանայի հանդեպ, այդ ժամանակ սատանան նրա վրա է հարձակվում հիվանդություններով, նպատակ ունենալով փոքրոգի մարդկանց տկարացնելու Աստծո սիրո մեջ (Հարանց Վարք):

91. Ինչ նենգությամբ է անօրեն թշնամին կարողանում քաղել իր չար օգուտները մեր բարի գործերից: Պահքից հետո մեզ գցում է անժուժկալության և անչափավորության մեջ, օրհնաբեր և խաղաղ աղոթքից հետո խռովում է ծիծաղով և դատարկաբանությամբ: Եվ այսպես ամեն ինչում և ամեն տեղ միշտ վերցնում է իրենը՝ մեր ամենափոքր անզգուշության և ծուլության պատճառով («Ճգնավորի օրագիր» գրքից):

92. Ինչի՞ համար է Աստված սատանային թույլ տալիս մեզ փորձել: Նրա համար, որ զգուշանալով և սպասելով նրա հարձակումներին, մենք մշտապես հսկման, արթնության և սրբության մեջ մնանք, որպեսզի հաղթանակ տանելով նրա հանդեպ, ավելացնենք մեր պսակները («Հոգևոր Պատերազմ» գրքից):

93. Փրկության թշնամին շեղում է մեզ աղոթքից: Նրա առաջին խորամանկությունն սկսվում է առավոտից. «պառկիր, դեռ վաղ է», հետո պատկերում է բազում անհետաձգելի գործեր, որպեսզի աղոթողը շտապողաբար կամ անուշադիր կատարի աղոթքը, կամ կրճատի այն և վերջապես թողնի աղոթական կարգը: Այդպես վարվում է նա նաև երեկոյան կարգի ժամանակ, բևեռելով ուշադրությունը հոգնածության և քնի վրա («Հոգևոր Պատերազմ» գրքից):

94. Երբեմն թշնամին մղում է մեզ ոչ խելամիտ լռակյացության, որպեսզի եղբայրը մտածի, թե մենք նեղացած ենք իրենից, այդժամ տեղին է, որ մենք առաջինը խոսենք նրա հետ, և խոսենք սիրալիր («Հոգևոր Պատերազմ» գրքից):

95. Փրկության թշնամին չի թողնում մարդուն մինչ ի մահ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

96. Նույն հոգին կարող է լինել կամ դևերի բնակարան, կամ Աստծո և հրեշտակների: Եվ եթե շնանում է դևի հետ, դառնում է անպիտան Երկնավոր Փեսայի համար («Հոգևոր Պատերազմ» գրքից):

97. Չարի հարձակումները ետ մղելու համար բավական է խաչակնքվելը («Հոգևոր Պատերազմ» գրքից):

98. Ճոխությունը զենք է չարի ձեռքում՝ մարդկանց կործանելու համար («Հոգևոր Պատերազմ» գրքից):

99. Մեր տրտունջները ուրախացնում են թշնամուն: Ուզո՞ւմ ես հաղթել նրան, հանուն Քրիստոսի համբերությամբ կրիր վշտերդ և ուրախություններդ, խոնարհությամբ գոհանալով Նրանից ամեն ինչի համար և կհաղթես դևին («Հոգևոր Պատերազմ» գրքից):

100. Խորհուրդ է տրվում խուսափել չար ոգիներով բռնվածներից, քանի որ եղել են դեպքեր, երբ նրանց միջոցով թշնամին շփոթեցրել կամ ներգործել է նաև հոգևոր մարդկանց վրա («Հոգևոր Պատերազմ» գրքից):

101. Մեղքերին հաջորդում են անհոգությունը, ծուլությունը և ցանկությունը, քանի որ անհոգությունը առաջ է բերում ծուլություն, ծուլությունից առաջ է գալիս ցանկություն, իսկ ցանկության պատճառով մարդը մեղանչում է («Հոգևոր Պատերազմ» գրքից):

102. Աղոթքի ժամանակ երազելը դիվային փորձություններ են («Հոգևոր Պատերազմ» գրքից):

103. Դևը երկու չարիք է պատճառում՝ նախ մղում է մեղքի և ապա ետ է պահում ապաշխարությունից («Հոգևոր Պատերազմ» գրքից):

104. Չհուսահատվելը զենք է չարի դեմ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

105. Դևերը սարսափում են ինքնամփոփ վիճակից: Ամփոփվիր ինքդ քո մեջ և մի սիրիր արտահայտվելը («Հոգևոր Պատերազմ» գրքից):

106. Պատերազմը, որ մղվում է մեր դեմ դևերի կողմից, նպատակաուղղված է այն բանին, որպեսզի մեզանից հեռացնի Սուրբ Հոգու շնորհները («Հոգևոր Պատերազմ» գրքից):

107. Երբեմն միայն արհամարհանքը քշում է թշնամուն, իսկ դիմադրելը գրգռում է նրան և բազմացնում նրա խարդավանքները («Հոգևոր Պատերազմ» գրքից):

108. Ով կարծում է, թե ինքը խորաթափանց է և ունի հոգևոր տեսողություն և կարծում է, թե կարող է ինքնուրույն քայլել առանց հոգևոր առաջնորդի, այդպիսինը ամենակույրն է բոլոր կույրերից և գտնվում է դիվային խաբկանքի, այսինքն՝ ինքնազմայլանքի մեջ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

109. Բոլոր ոգիներից ամենաչարը համառության ոգին է: Սա իսկական սատանայական ոգի է («Հոգևոր Պատերազմ» գրքից):

110. Երբեմն փրկության թշնամին մեր կատարած բարի գործին փաթաթում է չարը: Ինչպես որ մոլախոտն է փաթաթվում պտղաբեր ծառի վրա: Դու աստվածային հոգեշահ խոկումների մեջ ես, իսկ նա քեզ մղում է մտածելու աստվածաշնչյան մեծ գաղտնիքների շուրջ, որը միայն սառեցնում է և առաջ բերում կործանարար մեծամտություն: Դու ջանում ես չվիրավորել ոչ ոքի, իսկ նա քեզ կշեղի դեպի կորուսիչ մարդահաճություն: Դու ջանում ես չդատել ոչ ոքի, իսկ նա շտապում է քեզ վրա բերել անտարբերություն՝ թե բարու և թե չարի հանդեպ: Եվ այսպես, նաև շատ ուրիշ պարագաներում («Հոգևոր Պատերազմ» գրքից):

111. Չար ոգիների ներկայության նշաններն են. աղմուկը, թակոցները, ձայները և աղաղակները: Նրանց ներկայությունից հոգում առաջանում է վախ, մտքում՝ խռովք և շփոթ, ձանձրույթ, ծուլություն՝ առաքինասեր վարքի հանդեպ, վհատություն, երազանքներ և հիշողություններ, մահվան սոսկում և մեղավոր ցանկություններ, բարի գործերի հանդեպ նախանձախնդրության մարում: Դևերից ամենևին պետք չէ վախենալ, նրանք բացի սպառնալուց և վախեցնելուց ոչինչ անել չեն կարող («Հոգևոր Պատերազմ» գրքից):

112. Մի ոչ հմուտ վանական մեծ նեղություններ էր կրում դևերից: Երբ դևերը հարձակվում էին նրա վրա, նա փախչում էր սրանցից, իսկ սրանք էլ իրենց հերթին հետապնդում էին վանականին:

Եթե քեզ հետ կպատահի նման բան, մի վախեցիր և մի փախիր, այլ կանգնիր տղամարդավարի, խոնարհեցնելով անձդ Աստծո առջև և ասա՝ «Տեր, ողորմիր ինձ, բազմամեղիս», և դևերը կչքվեն, իսկ եթե սկսես վախկոտի պես փախչել, նրանք քեզ կքշեն դեպի անդունդ: Հիշիր, որ Տերը քեզ է նայում, թե ինչպես ես դու ապավինում Իրեն:

Նման հարձակումը թշնամու կողմից թույլ է տրվում փառամոլության և հպարտության պատճառով («Հոգևոր Պատերազմ» գրքից):

113. Ինչպես շունը, երբ տեսնում է այն փայտը, որով իրեն խփել են, փախչում է նրանից մեծ արագությամբ և շատ հեռու, այնպես էլ սատանան, երբ տեսնում է խաչակնքվողին՝ սարսափահար է լինում: Քանի որ տեսնում է իր զորությունն ավիրած Քրիստոսի Խաչը, այդ պատճառով դողալով փախչում է Տիրոջ նվիրյալներից («Հոգևոր Պատերազմ» գրքից):

114. Պետք է հավատալ, որ առանց Աստծու թույլատու կամքի մեզ հետ ոչինչ չի կարող պատահել: Եվ հենց սրա համար էլ չպետք է տրվել ոչ տրտմության, ոչ փոքրոգության, այլ ամեն ինչի համար շնորհակալ լինել Աստծուց («Հոգևոր Պատերազմ» գրքից):

115. Դևը սիրում է խեղաթյուրել ուրիշների խոսքերն ու գործերը («Հոգևոր Պատերազմ» գրքից):

116. Տեսնելով նրանց, ովքեր սիրում են երազներ, երազանքներ և տեսիլքներ, դևերը հայտնվում են նրանց՝ կերպավորվելով Սուրբ Երրորդության, Քրիստոսի, Աստվածամոր, սրբերի կամ հրեշտակների կերպարանքով: Այս բոլորը դիվային հմայքներ են, սրանցով հրապուրվողները ընկնում են դիվային կապանքների մեջ: Դու մի հավատա այս բաներին: Չարը կռահում է քո մտքերը, և ինչ ցանկանում ես, այն էլ առաջարկում է քեզ: Եթե դու չհավատաս, չընդունես, նա քեզ նմանօրինակ տեսիլքներով ու երազանքներով չի հայտնվի («Հոգևոր Պատերազմ» գրքից):

117. Խորամանկ և նենգ է մեր թշնամին: Անկարևոր գործերը նա մեզ է ներկայացնում որպես կարևոր, և շեղվելով այս մանրուքներով, մենք հետաձգում ենք ամենակարևոր գործերը և երբեմն էլ մոռացության ենք մատնում դրանք («Հոգևոր Պատերազմ» գրքից):

118. Երբեմն թշնամին խարդավանքներ է լարում մեր դեմ հետևյալ կերպ. երբ մենք տեսնում ենք ինչ-որ մեղք կամ արատ մեր եղբոր կամ հասարակության մեջ, այդ ժամանակ նա ջանում է մեր սրտերը խոցել անտարբերությամբ և սառնությամբ, ավելի ճիշտ, ամոթալի երկչոտությամբ, որպեսզի չասենք դառը և մերկացնող ճշմարտության խոսքը, դրանով իսկ կոտրելով մեղանչողի եղջյուրը:

«Քրիստոս Թագավոր, շնորհիր ինձ առաքելական նախանձախնդրություն և Սուրբ Հոգու հուրը իմ սրտում, որպեսզի համարձակորեն մշտապես հակառակվեմ անպատկառ, հատկապես շատերին վարակող արատների դեմ: Եվ չխնայեմ ոչ ոքի իրենց իսկ փրկության և Քո մնացած մյուս ժողովրդի կանգուն մնալու համար, որպեսզի այնպես չլինի, որ նրանք էլ տեսնելով արատի տարածումը, գայթակղվեն և իրենք էլ գլորվեն» («Հոգևոր Պատերազմ» գրքից):

119. Երբ դժվարանում ես պատերազմել, և տեսնում ես, որ ինքդ չես կարող հաղթել չարին, շտապիր իսկույն հոգևորականի մոտ, խնդրիր նրան, որպեսզի քեզ հաղորդություն տա: Սա հզոր և ամենահաղթ զենք է թշնամու դեմ պատերազմելիս: Պահքը պահելն անհրաժեշտ է, քանի որ այն զարհուրելի է սատանայի համար: Չէ որ սատանան վռնդվում է պահքի միջոցով (Մատթ. 17:21): Թող գիտակցեն պահքը մերժողները, թե ում են նրանք հաճոյանում, ում մղումով են նրանք այն մերժում: Ասում են, թե կերակուրը չի, որ մոտեցնում է մեզ Աստծուն: Ճիշտ է, կերակուրը չի մոտեցնում, նա ինքն իրենից ոչ բարի է, ոչ՝ չար: Մեղքը կերակուրի մեջ չէ, այլ անժուժկալության, Եկեղեցուն չհնազանդվելու և այդ հոգևոր սխրանքից՝ պահքից, հեռանալու մեջ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

120. Թշնամին հզոր պատերազմ է մղում մեր սրտի դեմ` հագեցած ստամոքսի միջոցով («Հոգևոր Պատերազմ» գրքից):

121. Որդյակ իմ, ջանա չմեծամտանալ, կարծելով, թե արդեն հասել ես այս կամ այն սրբի մակարդակին, այլ միշտ ասա ինքդ քեզ. «Գիտես, ով անձ իմ, որ մենք մեր մեղքերի բազմությամբ դևերից անցել ենք, իսկ ոչ մի բարի գործ չենք արել Աստծո սիրո համար, վա՜յ մեզ, անարժաններիս, ի՞նչ երեսով պիտի կանգնենք Դատաստանի օրը» («Հոգևոր Պատերազմ» գրքից):

122. Չկա ավելի ցավագին վիճակ դևերի համար, քան պահքի շրջանը, այդ պատճառով էլ նրանք առանձնահատուկ կատաղությամբ են հարձակվում այդ ժամանակ և հատուկ դաժանությամբ են հալածում հոգևորականներին, որոնք Աստծո մարդկանց առաջնորդում են անկեղծ զղջման՝ իրենց գործած մեղքերի համար: Առանձնահատուկ վայրագությամբ են գործում տաճարում և բարեպաշտ քրիստոնյաների տներում, որոնք մեծ նախանձախնդրությամբ են աղոթում, պահք պահում և ապաշխարում («Հոգևոր Պատերազմ» գրքից):

123. Մեր ժամանակներում Սուրբ Հայրերի աշխատությունների տարածումը հատուկ դիմադրության է արժանանում մերժված ոգիների կողմից, նրանք մարմնավոր իմաստությամբ առաջնորդվող մարդկանց ներշնչում են ամենատարբեր մտքեր, ջանալով հակառակվել և դիմադրել այդ հոգեշահ գրականության տարածման գործին («Հոգևոր Պատերազմ» գրքից):

124. Թշնամու գործելակերպն այսպիսին է. հոգևոր կյանքում առաջադիմողների մասին կարծիք է ստեղծում, թե նրանք շեղված են հոգևոր ուղուց և հմայված սատանայի կողմից, այլոց մասին կարծիք է ստեղծում, իբր թե նրանք խռովարարներ են, ստիպում է նրանց արցունքներում տեսնել խորամանկություն, իսկ աղաչանքներում՝ կեղծավորություն («Հոգևոր Պատերազմ» գրքից):

125. Աստծո առջև սատանան մեղադրում է մարդկանց, մարդկանց առջև՝ Աստծուն, նաև մի մարդուն՝ մյուսի առջև («Հոգևոր Պատերազմ» գրքից):

126. Ինչպես ասում է Հովհաննես Սանդուղքը, չարը չի հարձակվում նրանց վրա, ովքեր արդեն լիովին հիմնավորվել են մեղքի մեջ: Աշխարհում անհոգությամբ ապրողների վրա նույնպես սատանան սակավ հարձակումներ է գործում, նա հարձակվում է հոգևոր կյանքում առաջադիմողների և իրենց կյանքն Աստծուն նվիրածների վրա:

Գողը չի գնա դեպի աղքատի խրճիթը, այլ կնախընտրի հարուստի ամբարները՝ ամենատարբեր գանձերով լի, որոնցով նա կարող է հագենալ: Բայց դևերը փորձում են մարդկանց այն չափով, որ չափով Աստված նրանց թույլ է տալիս («Հոգևոր Պատերազմ» գրքից):

127. Երբ գիշերը կանհանգստացնեն քեզ դիվային երազները, այնժամ հարյուր անգամ ասա այս աղոթքը՝ «Փառք Սուրբ Խաչիդ, Ալելուիա» («Հոգևոր Պատերազմ» գրքից):

128. Երազելն աղոթքի ժամանակ ավելի վտանգավոր է, քան անուշադրությունը: Մտացրիվ աղոթքը մնում է անպտուղ, իսկ աղոթքի ժամանակ երազանքներին տրվելը տալիս է խաբեության պտուղներ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

129. Ոմանց թշնամին ներշնչում է, որ եթե մարդ այս կյանքում չի արժանանում որոշ շնորհների, ապա երկնքում էլ նրանցից զերծ կմնա: Այդպիսիներից մեկին թշնամին ցույց է տվել սրբապատկերից ճառագող լույսը և հրամայել բացել բերանը և կուլ տալ այն՝ որպես օրհնյալ շնորհ: Իսկ սա անփորձության պատճառով անում է այդ բանը, իսկ հետո վնասվելով՝ մահանում մեկ շաբաթ անց: Եվ սրա նման ամենատարբեր խաբկանքներով սատանան կործանում է նրանց, ովքեր ցանկանում են իրենց անձերը զարդարել ամենատարբեր շնորհներով, այլ ոչ թե զղջմամբ և արտասուքներով:

Ցանկանալ պետք է, միայն թե՝ կոտրած սիրտ և խոնարհ հոգի՝ մեր անձերի համար, իսկ ինչ վերաբերվում է շնորհներին, ապա Տերը գիտի ում, երբ և ինչպիսի շնորհ տա եկեղեցու շինության համար («Հոգևոր Պատերազմ» գրքից):

130. Երբ դևին սաստում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ապա մեզ համար քաղցր և դևերի համար ահավոր այս անունը գործում է մեծ զորությամբ, ինչպես երկսայրի սուր: Որտեղ հավատով և սրբությամբ օգտագործվում է Աստծո անունը, այնտեղ նա անում է իր գործը, քանի որ Աստծու անունն իսկ զորություն է («Հոգևոր Պատերազմ» գրքից):

131. Երբեմն հավատացյալներից ոմանք եկեղեցուց հեռանում են պիղծ մտքերի պատճառով: Սա խելամիտ չէ, քանի որ չարը պատերազմում է մեր դեմ նաև մտքերի միջոցով՝ նպատակ ունենալով մեզ դուրս բերել եկեղեցուց («Հոգևոր Պատերազմ» գրքից):

132. Սրբություններն հայհոյելը և մարմնավոր պիղծ մտքերը մեզ ներշնչում են դևերը: Երբ այս դժոխային բաները քեզ կանհանգստացնեն, սրտանց հավատա, որ դա դևի ներգործությունն է, և կհեռանա քեզանից այս պղծությունը («Հոգևոր Պատերազմ» գրքից):

133. Մերձենալը առարկայականին կամ մարմնականին՝ ունայնություն է, դիվային հմայություն և սատանայի կամք («Հոգևոր Պատերազմ» գրքից):

134. Թեոդորայի վարքից տեղեկանում ենք, որ նրա մեղքերը գրառած դևերն իրենց ցուցակում չգտան այն մեղքերը, որոնք Թեոդորան խոստովանել էր հոգևորականին: Քանի որ այն մեղքերը, որոնց համար մարդն անկեղծորեն զղջացել է և թողություն ստացել հոգևորականից՝ ջնջվում են («Հոգևոր Պատերազմ» գրքից):

135. Սիրիր սուրբ հայրերի գրվածքները, և իմաստությունը քեզ կսիրի («Հոգևոր Պատերազմ» գրքից):

136. Եղիր որպես տգետ քո իմաստության մեջ և մի ձևացիր իմաստուն՝ լինելով տգետ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

137. Առանձնությունը իմաստության ուսուցիչն է: Առանձնությունը երկնային դրախտ է երկրի վրա («Հոգևոր Պատերազմ» գրքից):

138. Պիղծ խորհուրդները վռնդիր Սուրբ գրքերի ընթերցանությամբ և երկարատև աղոթքով («Հոգևոր Պատերազմ» գրքից):

139. Հաճախակի ասա. «Ներիր ինձ և աղոթիր ինձ համար» («Հոգևոր Պատերազմ» գրքից):

140. Երբ պատրաստվում ենք մոտենալ Սուրբ Հաղորդությանը, այդժամ թշնամին սկսում է ներգործել մեր խղճմտանքի վրա («Հոգևոր Պատերազմ» գրքից):

141. Վախեցիր չար սովորություններից առավել, քան դևերից («Հոգևոր Պատերազմ» գրքից):

142. Չամաչենք Քրիստոսի խաչից: Թող ուրիշները թաքուն, իսկ դու ակնհայտ խաչակնքիր, որպեսզի դևերը տեսնելով Թագավորի նշանը՝ փախուստի դիմեն («Հոգևոր Պատերազմ» գրքից):

143. Չարը հարձակվում է հոգևոր գործերով զբաղվողների վրա: Այնտեղ է ավելի որոգայթներ լարում, որտեղ շատ են առաքինությունները («Հոգևոր Պատերազմ» գրքից):

144. Աղոթքը և Սուրբ Հաղորդությունը երբեք չպետք է հետաձգել, թշնամու ոչ մի հարձակում չպետք է արգելք հանդիսանա աղոթքին և Սուրբ Հաղորդությանը («Հոգևոր Պատերազմ» գրքից):

145. Չարին վնասելու հզորագույն զենքը հնարավորին չափ մաքուր սրտով և երկյուղով հաղորդվելն է Քրիստոսի կենդանարար Խորհրդին («Հոգևոր Պատերազմ» գրքից):

146. Եթե չարը քեզ հայտնվի որևէ կերպարանքով, ուշադրություն չդարձնես, այլ խաչակնքիր և շարունակիր գործդ, առանց Աստծո թույլտվության, ոչինչ չի կարող անել («Հոգևոր Պատերազմ» գրքից):

147. Ինչի՞ համար ենք կարդում մենք Սուրբ Հայրերի գործերը: Որպեսզի նրանցից սովորելով, կարողանանք տեսնել մեր կրքերը և տկարությունները, և թե ում հետ է մեր պատերազմը, ինչպես օգտագործել զենքերը և ինչպես մղել պատերազմը մեր թշնամիների դեմ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

148. Նույնիսկ նամակով խոստովանածներն ուժ ունեն, քանի որ այս ձևով էլ է ի հայտ գալիս ամեն ինչ: Հենց գրեք, այդ ժամանակ էլ ամեն դիվային ներգործություն հօդս կցնդի («Հոգևոր Պատերազմ» գրքից):

149. Թշնամին մահացու է ներգործում մարդկային սրտի վրա նաև բնության միջոցով՝ ինչպես Հոբի վրա քամիներով, ջրով ու կրակով: Թշնամական խարդավանքների միջոցով երբեմն վառվում են կացարանները, ջրի տակ են անցնում նավերը և տները, քամիները մոլեգնում են շինությունների վրա: Երբեմն թշնամին խոնավ եղանակին, մեգի, մառախուղի և գազերի ծածկույթի ներքո, նենգորեն գործում է՝ մեր մեջ առաջացնելով ճնշող տրամադրություն և նեղսրտություն, և սրանով  մեզ ամեն մի արդար և սուրբ բանի հանդեպ անզգա սառնությամբ խոցում է  («Հոգևոր Պատերազմ» գրքից):

150. Ա՛խ, ինչ բազմատեսակ են օդային տերության իշխանների խարդավանքները, և ինչ դժվար է երբեմն ճանաչել դրանք («Հոգևոր Պատերազմ» գրքից):

151. Աստվածահաճո մարդկանց մեջ դևը չի կարող մտնել:

Մի ճգնավոր վռնդեց դևին, իսկ նա դուրս գալով դիվահարի միջից, խնդրեց, որպեսզի ճգնավորը գոնե ուղղություն ցույց տա իրեն, թե հիմա ում մեջ մտնի, իսկ սուրբն առաջարկեց նրան՝ ասելով. «Մտիր իմ մեջ», իսկ չարի պատասխանն այսպիսին էր. «Ինչպե՞ս կարող եմ մտնել Աստծո տունը», և այս ասելով չքվում է («Հոգևոր Պատերազմ» գրքից):

152. Եթե մեկը հնազանդվում է սատանային և ամեն ինչում կատարում է նրա կամքը` գործելով մեղքեր և անoրինություններ, և երբ պատահի, որ մենք հանդիպենք այդպիսի մեկին, այդ ժամանակ պետք է զգույշ լինենք, քանի որ նա կարող է վարակել մեզ իր մեղավոր էությամբ: Այսպիսի մարդը կարող է զենք լինել սատանայի ձեռքում, որի միջոցով նա կարող է մեզ գցել իր որոգայթը («Հոգևոր Պատերազմ» գրքից):

153. Իր ատամները կրճտացնելով Աստծո սուրբ մարդկանց վրա, սատանան վշտացնում է նրանց, վրա է պրծնում հատկապես նրանց վրա, ում Տերն Իրենն է համարում («Հոգևոր Պատերազմ» գրքից):

154. Տոն օրերին Աստծո թույլտվությամբ թշնամին միշտ ջանում է տհաճություն պատճառել և վշտացնել: Մեկին հարվածում է, մեկին՝ կսմթում: Եվ որքան ավելի խիստ ես լինում ինքդ քո հանդեպ, այնքան ավելի զորեղ կերպով է զինվում թշնամին («Հոգևոր Պատերազմ» գրքից):

155. Երբեմն մեր փրկության թշնամին ջանում է մեզ հրահրել անհարկի սխրանքների: Կամ չափազանց խիստ պահեցողության և ծոմապահության, կամ ինչ-որ այլ բանի, որը մեր ուժերից վեր է, և որոնք ինքներս ենք մեզ նշանակում և որպես կարգ ենք սահմանում մեր հոգևոր կյանքի համար: Նման անչափավորությունից միշտ առաջանոմ է ուժերի ջլատում և թուլություն, կամաց-կամաց սկսվում է քանդվել մեր սահմանած կարգը, հետո վրա է հասնում խռովքը, որի ժամանակ էլ թշնամին հեշտությամբ հաղթում է մեզ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

156. Քո ի՞նչ բանն է խառնվել ուրիշի գործերին: Քո հիմար միտքը չարն ուղղորդում է դեպի ուրիշի գործերը: Դու կորցնում ես թանկագին ժամանակդ, որը տրված է քեզ փրկությանդ համար, իսկ դու օգտագործում ես քո կորստի համար («Հոգևոր Պատերազմ» գրքից):

157. Եթե ցանկանում ես փրկվել, ապա այսպես արա. երբ տեսնես մարդու ընկնելը մեղքի մեջ, աղաչիր Աստծուն, որպեսզի ների այդ մեղքը նրան: Ինչքան աղոթես, այնքան բարի գործ արած կլինես: Ոմանք, չիմանալով այս դիվային խորամանկությունը, ջանում են դատել մեղանչած մարդուն: Բայց պետք է իմանալ, թե քանի անգամ մարդ դատի մեղանչողին, այնքան անգամ չար գործ կգրանցեն դևերը նրա հաշվին («Հոգևոր Պատերազմ» գրքից):

158. Երբեք մի պարծեցիր, երբ պատրաստվում ես մի որևէ բարի գործ անել, թե չէ թշնամին կվնասի քեզ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

159. Միշտ ամեն ինչից առաջ առավել վախեցիր մարդկանց գովեստներից, որոնք ոմանք ընդունում են թշնամու աջակցությամբ՝ ի վնաս իրենց հոգու, քանի որ հոգևոր կյանքում փորձառություն չունեն: Քանզի շատ հաճախ այնպես է պատահում, որ գովեստների միջոցով հոգու մեջ են սողոսկում հպարտությունը և սնափառությունը («Հոգևոր Պատերազմ» գրքից):

160. Պետք է գիտակցել, որ մեզ վիրավորանքներ հասցնում են ոչ թե եղբայրները, այլ դևերը: Նրանք ջանում են շեղել մեզ Աստծուց («Հոգևոր Պատերազմ» գրքից):

161. Վիրավորողի համար աղոթողը սարսափի է մատնում դևերին («Հոգևոր Պատերազմ» գրքից):

162. Քո մանկամիտ վախը, թե ինչ-որ վհուկի պատճառով կարող ես սատանայի իշխանության տակ ընկնել, վկայում է, թե ինչքան անգրագետ են պատկերացումներդ Աստծո, քրիստոնյայի և սատանայի մասին: Եթե դևերը խոզերի մեջ առանց Տիրոջ թույլտվության չհամարձակվեցին մտնել, ապա ինչպե՞ս կմտնեն մարդու մեջ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

163. Այսպիսի պատասխան է պետք տալ դևերին. «Թեկուզ և ես բազմամեղ մեկն եմ, բայց իմ փրկության համար չեմ հուսալքվի, քանի որ իմ հույսն Աստծո ողորմածության վրա է: Իմ Աստծո առջև եմ միայն մեղանչել, Նրա առջև և մեղա եմ գալիս: Միայն նա է իմ Դատավորը, և ոչ թե դուք՝ նզովյալ դևեր, դուք ինձ հետ ոչ մի գործ չունեք» («Հոգևոր Պատերազմ» գրքից):

164. Մասնավորապես չար ոգիների մասին հայտնի է, որ Աստված նրանց պատրաստ է ընդունել, բայց իրենք չեն ցանկանում՝ իրենց կարծրացած հպարտության պատճառով («Հոգևոր Պատերազմ» գրքից):

165. Հառեք ձեր մտքերն ու սիրտը դեպի երկինք, դեպի հավիտենություն և չեք բռնվի սատանայի որոգայթներով: Թռչունը, որքան վեր է թռչում, այնքան ապահով է լինում, իսկ երբ ներքև՝ դեպի երկիր է իջնում, այնժամ հեշտությամբ որսվում է կամ խփվում («Հոգևոր Պատերազմ» գրքից):

166. Մեր փրկության թշնամին որպես օրենք գործում է այսպես. երբ մենք ապրում ենք անօրեն կյանքով, նա այդ ժամանակ պատկերում է մեզ մեղքը, որպես թե մի անկարևոր բան, որի հանդեպ երկինք ու երկիր արարող Թագավորը իր անմերձենալի բարձունքից նույնիսկ ուշադրություն չի դարձնում: Իսկ երբ տեսնում է, թե մենք սկսում ենք զղջալ մեղքերի համար և որոշում ենք քանդել անարգ կրքերի կապերը, այնժամ նա մեզ պատկերում է Աստծուն որպես անողորմ Դատավոր, իսկ մեր մեղքերն այնքան մեծ, որ դրանց համար կարծես էլ հնարավոր չէ թողություն գտնել («Հոգևոր Պատերազմ» գրքից):

167. Հավատացյալն ունի բազում օրհնաբեր միջոցներ՝ իր հոգևոր և մարմնավոր բժշկությունների, մխիթարության, սրբացման, նաև աներևույթ թշնամիներին վռնդելու համար: Դրանք են՝ խոստովանությունը, Սուրբ Հաղորդությունը, Սուրբ Գրքի ընթերցումը, ջերմեռանդ աղոթքը, Աստծո տուն հաճախելը, սրբերի և պահապան հրեշտակների օգնությանը դիմելը, հաճախակի Հիսուսի անունը կանչելը, սրբերի մասունքները, հրաշագործ խաչերը և Ավետարանները, Աստվածհայտնության ջուրը, նշխարը, մասը, օրհնված յուղը և այլ ուրիշ շատ բաներ, որոնք հավատացյալի համար մեծ օգնություն են սգի, վհատության, հիվանդության և թշնամական հարձակումների ժամանակ: Իսկ որքան քիչ մարդիկ են իրենց նեղությունների մեջ դիմում այս միջոցներին («Հոգևոր Պատերազմ» գրքից):

168. Եթե դու անում ես ինչ որ բարի բան մերձավորիդ հանդեպ՝ հանուն Աստծու, իսկ դրան հետևում է փորձություններ, տհաճություն և դժբախտություն, այդժամ մի մտածիր, թե պետք չէր քեզ բարի գործ անել: Ընդհակառակը, իմացիր, որ այս բոլորը պատահեց մեր փրկության թշնամու կողմից մեր կատարած բարի գործի հանդեպ ունեցած նախանձից: Եվ հենց այս պատճառով էլ մի մեղադրիր քեզ բարիք անելուդ համար, այլ թշնամուդ՝ իր քինախնդրության համար («Հոգևոր Պատերազմ» գրքից):

169. Մեր փրկության թշնամին միշտ չէ, որ մեծ չարություններով է մեր դեմ պատերազմում, այլ բավարարվում է մեր ուշադրությունը մանր-մունր բաներով շեղելով: Նրա համար կարևորն այն է, որ մեզ շեղի գլխավորից և օգտակարից, սպանելով մեր ժամանակը («Հոգևոր Պատերազմ» գրքից):

170. Ինքնուս սովորեցնում է նա, ով չի ղեկավարվում Սուրբ հայրերի գրվածքների ոգով: Այդ իսկ պատճառով պետք չէ հավատալ նրան, ում խոսքը հակասում է սուրբ հայրերի խոսքին: Պետք չէ ընդունել նրան, այլ ընդհակառակը՝ խուսափել նրանից («Հոգևոր Պատերազմ» գրքից):

171. Մարդկանցից հարկավոր է թաքցնել անձնական ապրումները (և՛ հոգևոր, և՛ մարմնավոր), հուզաշխարհը չցուցադրել, այլ կիսվել միայն համախոհի կամ հոգևոր հոր հետ (Հոգեշահ գրքերից):

172. Հոգևոր հայրերը հորդորում են մեզ անհապաղ շտկել մեր հոգևոր կյանքը, որպեսզի հասցնենք ձեռք բերել փորձառություն՝ հավիտենական կյանքի համար (Հոգեշահ գրքերից):

173. Հարգի՛ր բոլոր քահանաներին, բայց դիմիր միայն բարի համարում ունեցողներին: Գնահատիր իմաստուն, բարի և հոգևոր կյանքում փորձառու հովիվներին և մտերիմ եղիր նրանց հետ: Մեղքերից արձակել կարող է ամեն մի քահանա, սակայն կրթել հոգևոր կյանքում՝ ոչ բոլորը (Հոգեշահ գրքերից):

174. Մեր փրկության թշնամին միշտ չէ, որ չարություն է ներշնչում, այլ բավարարվում է նաև մեր ուշադրությունը դատարկ բաներով զբաղեցնելով: Միայն թե գլխավորից շեղելով, մեր ժամանակը իզուր տեղը վատնվի (Հոգեշահ գրքերից):

175. Ինքնուրույն մի՛ մեկնիր Ավետարանը և Սուրբ գրքերը, այլ դիմիր սուրբ հայրերի մեկնություններին: Սուրբ Ոսկեբերանը ասում է, որ բոլոր աղանդները առաջացել են Սուրբ Գրոց ոչ ճիշտ մեկնություններից (Հոգեշահ գրքերից):

176. Եթե ուզում ես մերձենալ Աստծուն, մի՛ հաղորդակցվիր աշխարհին սերտ կապված մարդկանց հետ: Իսկ Աստվածճանաչության մեջ խորանալու համար հաճախ գերադասիր առանձնությունը (Հոգեշահ գրքերից):

177. Սատանան առավել ատում է Սուրբ հայրերի գրվածքները, որովհետև նրանք բացահայտում են իր բոլոր որոգայթները, խորամանկություններն ու նենգությունները (Հոգեշահ գրքերից):

178. Ո՞վ ավելի ուժգին կմղի պայքարը, քան նա, ով ձգտում է հաղթել իր «ես»-ին:

Մեր միակ հոգսը պետք է հետևյալը լինի. պայքարել մեր եսի դեմ, օրեցօր ավելի ազատ լինել սեփական «ես»-ից, և ամեն օր բարու մեջ առաջխաղացման նվաճումն արձանագրել (Թովմաս Գեմբացի):

179. Սիրիր հարցեր տալ, լռությամբ ունկնդրիր սրբերի խոսքերը, մի արհամարհիր ծերերի մեկնությունները, նրանք իզուր չեն ասել (Թովմաս Գեմբացի):

180. Ցանկություններին դիմակայելով, այլ ոչ թե գոհացում տալով է ձեռք բերվում ճշմարիտ խաղաղություն (Թովմաս Գեմբացի):

181. Ուժերիդ ներածին չափ աշխատիր, և Աստված քո բարի կամքին սատար կկանգնի (Թովմաս Գեմբացի):

182. Սիրտդ մի բաց անխտիր բոլորի առաջ (Ժող. 8:22), այլ ինչը հուզում է քեզ, վստահիր իմաստուն և աստվածավախ մարդու (Թովմաս Գեմբացի):

183. Եթե քաջասիրտ մարտիկների պես հաստատուն եք լինելու պայքարում, իսկապես տեսնելու եք Աստծու օգնությունը, որը մեզ երկնքից է հասնում: Որովհետև Աստված միշտ պատրաստ է իր օգնությունը շնորհել նրանց, ովքեր դիմադրում են և ապավինում շնորհին: Ինքն է մեզ պայքարի առիթներ ընձեռում, որպեսզի առաջնորդի մեզ հաղթության (Թովմաս Գեմբացի):

184. Եթե չգիտես հաղթել անձիդ աննշան բաների մեջ, ինչպե՞ս ես ավելի դժվար բաները հաղթահարելու:

Սկզբից ևեթ դիմադրիր վատ հակումներիդ, ձերբազատվիր անպարկեշտ սովորություններից, որպեսզի աստիճանաբար չթաղվես ավելի մեծ դժվարությունների տակ (Թովմաս Գեմբացի):

185. Ոչ մի կատարյալ և սուրբ մարդ չկա, որ փորձությունների ենթարկված չլինի:

Բոլոր սրբերն էլ շատ փորձություններ և տառապանքներ են կրել, և այս ուղով առաջ ընթացել: Նրանք, ովքեր չկարողացան հաղթահարել փորձությունները, մերժվեցին Աստծուց և շեղվեցին փրկության ճանապարհից: Չկա ոչ մի սուրբ հաստատություն կամ ծածուկ մի վայր, ուր վշտեր ու փորձություններ չլինեն (Թովմաս Գեմբացի):

186. Ոմանք փորձում են խուսափել փորձություններից, սակայն փոխարենն ընկնում են ավելի վտանգավոր փորձությունների ճահիճը:

Փորձությունից խուսափելը, բավարար չէ՝ կարծելու, թե հաղթեցիր: Համբերությունը և ճշմարիտ խոնարհությունը մեզ մեր թշնամիներից ավելի ամրապինդ կդարձնեն (Թովմաս Գեմբացի):

187. Փորձության մեջ ընկնելիս հաճախ խորհուրդներ հարցրու, խստությամբ մի վարվիր փորձության մեջ ընկած մարդու հետ, այլ մխիթարիր նրան այնպես, ինչպես կկամենայիր, որ քեզ մխիթարեն (Թովմաս Գեմբացի):

188. Նախ այցելում են տարտամ խոհերը, այնուհետև հաջորդում է վառ երևակայությունը, հետո գալիս են անկարգ մղումը, հաճույքն ու հավանությունը: Այսպես, աստիճանաբար թշնամին ներխուժում է հոգու մեջ, եթե սկզբից ևեթ չդիմակայենք նրան: Մարդն ինչքան հապաղի, անփութորեն ուշացնի դիմադրությունը, այնքան ավելի օրեցօր կհզորանա թշնամին (Թովմաս Գեմբացի):

189. Ոմանք մեծ փորձություններ են հաղթահարում, սակայն ամեն օր ընկնում են թեթև փորձությունների մեջ, որպեսզի իրենց անձը խոնարհեցնեն, և երբեք չապավինեն իրենք իրենց՝ բուռն փորձությունների ժամանակ (Թովմաս Գեմբացի):

190. Որպես արի մարտիկ, դու զինվիր սատանայի հարձակումների դեմ: Զսպիր անժուժկալությունդ և ավելի հեշտությամբ պիտի զսպես մարմնիդ ցանկությունները: Երբեք անգործ մի մնա, այլ կարդա, գրիր կամ աղոթիր, խորհիր կամ այնպիսի մի աշխատանք կատարիր, որ օգուտ տաս հասարակությանը (Թովմաս Գեմբացի):

191. Ոչ ոք երկնային մխիթարությունների արժանի չէ, եթե իր անձը սուրբ վշտերի չի վարժեցնում (Թովմաս Գեմբացի):

192. Ով որ հեռանում է իր ծանոթներից և բարեկամներից, Աստված պիտի մոտենա նրան իր սուրբ հրեշտակների հետ:

Ավելի լավ է ապրել ծածուկ, զբաղվել հոգու փրկությամբ, քան հրաշքներ գործել և մոռանալ անձի մասին (Թովմաս Գեմբացի):

193. Եթե տակավին բարձր երկնային խոհերի ընդունակ չես, հանգիստ գտիր Քրիստոսի չարչարանքների և նրա սուրբ վերքերի մեջ: Որովհետև, եթե դու սիրով ապաստան գտնես Հիսուսի պատվական վերքերի և խոցերի մեջ, պիտի փորձությունների մեջ գտնես մեծ զորություն, պիտի չվրդովվես հանդիմանող մարդկանց արհամարհանքից և պիտի համբերես ու հանդուրժես նրանց թշնամական վերաբերմունքը (Թովմաս Գեմբացի):

194. Ով որ արարածի հետ կապվի, պիտի նրա հետ էլ սայթաքի, բայց ով Հիսուսի հետ կապվի, միշտ անսասան կմնա:

Սիրիր և պահպանիր Նրան իբրև բարեկամի: Նա քեզ երբեք չի լքի, երբ բոլորը կլքեն, երբ վախճանդ էլ մոտենա՝ քեզ երբեք կորստյան չի մատնի (Թովմաս Գեմբացի):

195. Պետք է, որ մարդը շատ և երկար պայքար մղի սրտում, մինչև սովորի հաղթել իր անձին և իր ողջ սերը բևեռի Աստծու վրա:

Երբ մարդն ինքն իրեն է ապավինում, հեշտությամբ թեքվում է մարդկային մխիթարությունների կողմը:

Բայց ով որ Քրիստոսի ճշմարիտ սերն ունի, առաքինության եռանդը, տեղի չի տա մխիթարություններին, չի փնտրի հաճելի քաղցրություններ, այլ կնախընտրի հանուն Քրիստոսի սիրո քաջաբար ճիգ գործադրել և դժվարությամբ վաստակել (Թովմաս Գեմբացի):

196. Երբ քեզնից վերցվի մխիթարությունը, դու իսկույն մի հուսահատվիր, այլ խոնարհությամբ և համբերությամբ սպասիր, որ Աստված դարձյալ այցելի քեզ, որովհետև Նա կարող է քեզ ավելի մեծ մխիթարություն տալ (Թովմաս Գեմբացի):

197. Ձեզ աստվածային մխիթարություն է տրվում, որպեսզի մարդն ավելի արիանա՝ համբերելու վշտերին:

Եվ սրան հաջորդում է նաև փորձությունը, որպեսզի մարդը չխրոխտանա, որովհետև սատանան չի ննջում, և մարմինը տակավին չի մահացել: Սրա համար միշտ պատրաստ եղիր պայքարի, որովհետև աջից ու ձախից թշնամիներ են գալիս, որոնք երբեք դադար չունեն (Թովմաս Գեմբացի):

198. Աշխարհի բոլոր փափկությունները սին են և զազրելի: Հոգևոր մխիթարություններն են միայն քաղցր և մաքուր, ծնվում են շնորհից, որոնք Աստված սփռում է մաքուր սրտերի վրա:

Սակայն ոչ ոք չի կարող միշտ և համաձայն իր կամքի վայելել աստվածային մխիթարությունները, որովհետև փորձության դադարը երկարատև չէ (Թովմաս Գեմբացի):

199. Գոհություն հայտնիր ամենափոքր շնորհի համար և պիտի արժանանաս ավելի մեծն ընդունելու պատվին (Թովմաս Գեմբացի):

200. Երբեմն պիտի Աստծուց լքվես, երբեմն մերձավորդ քեզ պիտի նեղի, և դեռ ավելին, հաճախ դու ինքդ պետք է բեռ դառնաս անձիդ համար: Պիտի բուժում ու ամոքում չգտնես քո ցավերին: Բայց հարկ է, որ չարչարվես այնքան ժամանակ, որքան որ  Աստված կամենա: Որովհետև Աստված ուզում է, որ դու անմխիթար չարչարվես և անվերապահ հպատակվես  Նրա կամքին, և ավելի  խոնարհ դառնաս՝ նեղության ճանապարհով (Թովմաս Գեմբացի):

201. Երբ հասնես այն կետին, երբ չարչարանքն արդեն քաղցր լինի քեզ համար, և սիրես այն՝ հանուն Հիսուս Քրիստոսի, այնժամ ինքդ քեզ երջանիկ համարիր, որովհետև դրախտը գտած կլինես երկրի վրա (Թովմաս Գեմբացի):

202. Հիշիր, որ հին թշնամին ձգտում է խեղդել քո ձգտումը՝ հանդեպ բարին, և քեզ հեռացնել ամեն տեսակ կրոնաշունչ գործերից, սրբերի հանդեպ ջերմեռանդությունից, Հիսուսի չարչարանքների և մահվան մասին խորհրդածելուց, քո մեղքերի հիշողությունից, սիրտդ վերահսկելուց և առաքինության մեջ առաջադիմելու հաստատ վճռականությունից:

Թելադրում է քեզ բազմաթիվ պղտոր մտքեր, որպեսզի խռովվի հոգիդ ձանձրույթով, և հեռացնի քեզ աղոթքից և հոգևոր ընթերցանությունից:

Խոնարհ խոստովանանքդ տհաճ է նրա համար, և եթե կարողանար, պիտի ուզենար քեզ բոլորովին հեռացնել Սուրբ Հաղորդությունից: Մի հավատա նրան և ամենևին մի վախեցիր նրանից, նույնիսկ եթե հաճախ թակարդներ լարի՝ քեզ անակնկալի բերելու համար (Թովմաս Գեմբացի):

203. Դու պայքարիր որպես քաջ մարտիկ, եթե երբեմն սայթաքես տկարությամբդ, վերազինվիր ավելի վեհ արիությամբ, ավելի զորավոր շնորհի օգնությունը վայելելու հույսով: Խուսափիր մանավանդ ինքնավստահությունից և հպարտությունից:

Այս պատճառով շատերը մոլորվում են և սայթաքում անդարմանելի կուրության մեջ: Այս ամբարտավանների անկումը, որոնք այնքան ինքնավստահ էին, թող մղի քեզ հարատև հսկումների և խոնարհության (Թովմաս Գեմբացի):

204. Ով որ խաղաղության մեջ ինքն իրեն չափազանց ինքնավստահ է զգում, պայքարի ժամանակ իրեն դրսևորում է որպես ավելի երկչոտ և փոքրոգի (Թովմաս Գեմբացի):

205.Որդյակ, զգուշացիր վիճել խորունկ հարցերի և, մանավանդ, Աստծու գաղտնի դատաստանների մասին, թե ինչու մեկը լքված է, իսկ մեկ ուրիշը այնքան առատ շնորհներ է ընդունում, թե ինչու  մեկն այնքան տառապում է, մինչ մյուսը պատիվներ է ընդունում:

Այս ամենը վեր են մարդու իմացականությունից, և ոչ մի տրամաբանություն չի կարող թափանցել աստվածային դատաստանների մեջ:

Ուրեմն, երբ թշնամին քեզ նման գաղափարներ է թելադրում, կամ երբ հետաքրքրասեր մարդիկ հարցեր են տալիս, պատասխանիր դրանց մարգարեի այս խոսքերով. «Արդար ես դու, Տեր, և Քո դատաստաններն ուղիղ են» (Սաղմ. 118.137):  Եվ կամ՝ «Դատաստանները Տիրոջ ճշմարիտ են և արդար» (Սաղմ. 18.10):

Մի վիճիր նաև սրբերի արժանիքների մասին և մի քննիր, թե ով է ավելի սուրբ և կամ ով է ավելի մեծ՝ Երկնքի Արքայության մեջ: Այս հարցերից միայն վեճ և անօգուտ հակառակություններ են ծնվում: Սրանք են, որ սնուցում են ամբարտավանությունն ու սնափառությունը, սրանցից են առաջ գալիս նախանձն ու երկպառակությունը, երբ մեկը նախընտրում է մի սրբի, իսկ մյուսը՝ ամբարտավանությամբ՝ մեկ ուրիշ սրբի:

Նման հարցեր քննելը ոչ միայն արդյունք չի կարող տալ, այլև տհաճ է սրբերին: Որովհետև «Ես խռովության Աստված չեմ, այլ խաղաղության» (1 Կոր. 14.33), և այս խաղաղությունը կայանում է ավելի խոնարհության մեջ, քան սնապարծության:

Ոմանք սիրով տարված, նախընտրում են ավելի այս կամ այն սրբին, բայց այս սերն ավելի մարդկային է, քան աստվածային (Թովմաս Գեմբացի):

206. Անհրաժեշտ է, սակայն, վերահսկել, մանավանդ փորձության սկիզբը, որովհետև մարդն ավելի հեշտ է հաղթում թշնամուն, երբ չի թողնում նրան իր հոգու մեջ ներթափանցի, և ետ է մղում, երբ փորձում է ներխուժել:

Հայրերից մեկն արդարացիորեն ասել է. «Սկզբից ևեթ չարին դիմադրիր, քանի որ մինչև հասնի սպեղանին՝ ուշ կլինի, որովհետև չարը երկար ժամանակ մի տեղ հաստատված մնալով, ավելի է հզորանում» (Որատիոս):

207. Տերը մեզ չի հրամայում մարմնով զորանալ, այլ՝ հոգով, ոչ թե պատերազմական (մարմնական) մեքենայություններով, այլ նեղությունների մեջ համբերելով հաղթել մեր թշնամիներին: Թող ձեզ հովանի լինի Տիրոջ աջը և հաստատի ճշմարիտ հավատքի մեջ, որ ընդունեցիք Սուրբ Հոգու շնորհներով: Եթե սիրեք Նրան ձեր ողջ սրտով, նույն Ինքը այս կյանքում ձեզ համար փրկություն կլինի և իր բոլոր սուրբերի հետ հավիտենական կյանքին կարժանացնի (Սուրբ Սարգիս Զորավար):

208. Չար դևը փոքր պատճառներով մեծ վնասներ է հասցնում (Բարսեղ Մաշկևորցի):

209. Մարդու մարմինը պարսպապատ քաղաքի նման է, որն ունի հինգ դուռ՝ աչքը, ականջը, բերանը, ձեռքն ու ոտքը՝ այսինքն՝ շոշափելիքները: Բոլոր չար ու բարի բաները այս հինգ դարպասներից են մտնում ներս և դուրս գալիս այնտեղից: Հոգին այս քաղաքի բնակիչն է, իսկ մարդու բարի գործերը՝ քաղաքի գանձերը: Միտքը թագավորն է այս քաղաքի ու գանձերի պահապանը, սատանան ու իր դևերը թշնամիներն են, որոնք ուզում են գրավել քաղաքը և հափշտակել հոգևոր գանձերը (Հովհաննես Երզնկացի):

210. Աստված, երբ բարիք է տալիս, և մարդիկ այդ մեծարանքի պատիվը չեն հասկանում ու գոհություն չեն հայտնում, Նա ետ է առնում Իր տված բարիքները, ինչպես Ադամին հանեց դրախտից, իսկ հրեաներին՝ Երուսաղեմից (Հովհաննես Երզնկացի):

211. Ահա ես տեսնում եմ շատ ավելի մեծ պատերազմ և շատ ավելի երկար և անպատում տանջանքների արհավիրք, ինչը շատ ավելի ցավ է պատճառում, քան բոլոր տեսակի այլ տանջանքները: Այս պատերազմը անմարմին է, որովհետև անմարմին է նաև նա, որ այս պատերազմը մեր վրա է հարուցում: Մարմնի և արյան հետ չէ մեր կռիվը, այլ իշխանությունների, պետությունների, խավարի աշխարհակալ դևերի հետ, որոնք արեգակի ներքևում են գտնվում (Եփես. 6:12) (Սարգիս Շնորհալի):

212. Հետևաբար, զորանանք, անմարմին զենքեր հագնենք և դիմադրելու ելնենք չար ախոյաններին, որոնք սովորություն ունեն խավարի մեջ նետ ու մուխ արձակելու սրտով ուղիղների վրա: Բանսարկուի ճակատին պարսատիկով քար արձակենք և նրան ընկճենք, ինչպես Դավիթը Գողիաթին. առնենք այլազգիների ավարը և ոտնատակ տանք նրանց բնակարանները: Պոռնկության երեսին նետենք ողջախոհության քարը, համբերենք լեզվի հարվածներին, ինչպես սրասայր սուսերին, և եղբոր գազանությանը՝ ինչպես գազանների ժանիքներին, համբերենք նախատինքի, բամբասանքի և զրպարտության, ինչպես երկաթե եղունգների, աղքատության մեջ կախված մնանք, ինչպես խաչափայտին, մարենք մեր ընկերոջ զայրույթը, ինչպես հնոցը և մեր գազանական բարկությունը զգոնացնենք և արյան եռը ցամաքեցնենք: Մեր աչքերը թող չտեսնեն գարշելի բաներ, մեր ականջները պոռնկական երգեր, և լեզուն չխոսի աղտոտ խոսքեր, ձեռքերը չխառնվեն ամոթալի բաների, մեր սիրտը թող չիմանա չար բաներ, և որովայնը չպարարտանա խորտիկներով (Սարգիս Շնորհալի):

213. Այսպես է մղվում այս պատերազմը, որ ավելի երկար և տանջալի է, քան մեծ ճիգով մղված պատերազմները. ա՛յս ձևով է մարդ տանում մարտիրոսների մարտնչումը և ստանում  հոգու սրբությունն ու մաքրությունը. ա՛յս կերպով է, որ զգետնում է ու սպանում չար ախոյանին իր անդամների մեջ և կենդանացնում է մեղքերով մեռած հոգին (Սարգիս Շնորհալի):

214. Թեև ահավոր է պատերազմը, սաստիկ են հարձակումները և հրեղեն՝ նետերը, սակայն չվախենանք, որովհետև մեր մոտ է գտնվում հավատքի զորագլուխը՝ Հիսուս, որի անունով նահատակվում ենք (Սարգիս Շնորհալի):

215. Արդ դադար չառնենք այս հոգևոր պատերազմների մեջ և ուշացած չերևանք, այլ նահատակվենք անմարմին Գողիաթի՝ Բելիարի դեմ, սաղմոսարան և քնար վերցնենք չար այսերի դեմ (Ա Թագ. 16:23), խոնարհությամբ չարչարենք մեր մարմինն Աստծո փառքի համար, մտնենք ապաշխարության հրի բովի մեջ, գամվենք Քրիստոսի խաչին՝ մեղքի ծառի փոխարեն, քացախ և լեղի խմենք, անիվների վրա պրկվենք և բանտ մտնենք, զգալի կամ իմանալի կապանքները համբերությամբ կրենք, և այս բոլորը Քրիստոսի սիրո և, մանավանդ, մեր անձերի համար: Քիստոսի համար, որպեսզի կցորդ լինենք Նրա չարչարանքներին և հաղորդ՝ Նրա փառքին, իսկ մեզ համար, որպեսզի մաքրենք մեր անձերը, ծածկենք մեր եսի ամոթը և դատաստանի օրը համարձակությամբ կանգնենք տիեզերական ատյանի ահավոր բեմի առջև (Սարգիս Շնորհալի):

216. Արդ, Հիսուսի անունով պատերազմենք, Նրա անվան համար արժանի նահատակներ լինենք, վստահությամբ Նրան ասենք. «Բոլոր ազգերը շուրջս պատեցին, և Տիրոջ անվամբ վանեցի նրանց» (Սաղմ. 117:13): Ապստամբ և ահավոր վիշապը թող չհաղթի մեզ իր խաբկանքներով, հորձանուտ ջրերը, այսինքն՝ անօրենության ուղիները չկլանեն մեզ, չլինի որ նա մեզ հաղթի ծուլությամբ, ծանր քնով, հարբեցողությամբ, որոնք առաջանում են այս աշխարհի հանդեպ ունեցած սիրուց, այլ ոչ թե գինուց և օղուց: Չլինի թե բանսարկուն եսասիրության պատճառով մեզ խաբի, և մենք ագահությամբ կռապաշտ դառնանք, կամ բոլոր չարիքների մայր արծաթսիրությունն ստանանք: Չար նախանձով չնմանվենք թշնամի բանսարկուին, նենգությամբ աչք չտնկենք ընկերոջ բարիքների վրա, ոչ էլ նրա փրկությանը նախանձենք, ատելությամբ որպես մարդասպաններ չերևանք և չերկարաձգենք, որ սատանան ոխակալությամբ մեր մեջ չդարանակալի: Ստախոսությամբ բանսարկուի որդիներ չլինենք և բամբասանքներով չտարագրվենք արքայությունից, այլ մաքուր սրտով, առանց նենգության աշխարհի մեջ շրջենք և մեղքից զերծ կյանքով ապրենք, որպեսզի ազատ մարդկանց պես կարողանանք պնդակազմ լինել հոգևոր ճակատամարտի մեջ և չարչարակից նրանց, որոնք սրով սպանվեցին, և իրենց պարանոցի արյունը Աստծուն անուշահոտ պատարագ մատուցեցին, որպեսզի մասնավորաբար նրանց խոստացված բարիքներին արժանի լինենք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուսի Քրիստոսի շնորհքով և մարդասիրությամբ (Սարգիս Շնորհալի):

217. Այս պատճառով, մենք՝ ճանաչելով նենգավորի խորամանկությունները, միշտ սիրով, ահ ու դողով փութանք առ Աստված, դաստիարակենք մեր միտքն ու զգայությունները՝ միշտ բորբոքելով առ Աստված՝ գոհությամբ և երկյուղով: Գիշերն իջնելու հետ փարատե՛նք մեզանից տխրատեսիլ մեղքերի խավարը, և առավոտյան լույսի ծագելու հետ՝ սիրով ընդունենք մեր մեջ խաղաղության առավոտ Քրիստոսին: Միշտ աղաչենք մարդասեր Աստծուն, որ վերստին վերադարձնի մեզ գերությունից՝ հարավի առուների պես (Սաղմոս 125:4), և բորբոքի մեր հոգիներում Իր սիրո հուրը (Խոսրով Անձևացի):

218. Տեր, եթե Մարմնիդ հետ հաղորդվում է մարդ, ազատ կլինի ամոթի բոլոր կասկածներից (Գրիգոր Նարեկացի):

219. Կան առաքինություններ, որոնք հաճելի չեն Աստծուն, և դա չարի խաբեությունն է (Եզնիկ Կողբացի):

220. Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ վախն էլ թող փախչի մեր մտքերից ու խորհուրդներից (Վարդան Մամիկոնյան):

221. Սուրբ խորհուրդներին մոտենալիս, քահանայի պղծությունը բնավ քեզ չի վնասի, իսկ նա, որ պղծությամբ մոտենա, այդ պարագայում քահանայի սրբությունը նրան չի օգնի (Հովհան Մանդակունի):

222. Տերունական Սուրբ Մարմնին մերձենալը սուրբերի համար լույս է, որ լուսավորում է հոգով մոտեցողներին, իսկ պիղծերի համար՝ հուր է, որ այրում է ու ապականում մեղքով մոտեցողներին (Հովհան Մանդակունի):

223. Մարդը, որ մարդ է սպանում, մարդասպան է կոչվում, իսկ նա, որ անարժանաբար Տիրոջ Մարմնին է հաղորդվում, Աստվածասպան կլինի, քանզի նորից՝ մեկ անգամ ևս Աստծո Որդուն խաչն է հանում (Հովհան Մանդակունի):

224. Եվ արդ, սատանան այսպես բոլորի համար մահվան որոգայթներ է հնարում և Աստծո ուղիղ կարգից և վարքից հանում: Արդյունքում՝ չար պտուղ և անօրեն վարձ, որով կարծում են ստանալ արքայությունը, նույնով պիտի ժառանգեն տանջանքները: Եվ սատանան այնպիսի հափշտակումով է հիմարացնում, որ նույնիսկ աղոթքի, պահքի և ողորմության ժամանակ է գցում մեղքի մեջ: Եվ չենք ջանում մեզանից թոթափել սատանայի թմբիրը և պաղատանքներով, ապաշխարությամբ Տիրոջը չենք հաշտեցնում, քանզի ապաշխարությունը կարող է սպիտակեցնել մեղքերով սևացածներին և մաքրել գարշաթաթախներին, լուսավորել մեղքերով խավարյալներին և փարատել անօրենության մթերումները (Հովհան Մանդակունի):

225. Ո՛չ երբևէ մտաբերում ենք Օրը, ո՛չ Դատաստանի արհավիրքները և հավիտենական դառն ամոթը: Եվ ամենևին իսկ չենք հիշում, թե ինչ պիտի կրենք հետմահու և մեծ զգուշությամբ և հանապազ երկյուղով չենք մտաբերում սատանայի ամենահնար պատերազմը, որը միշտ գաղտնի, անդադար մարտնչում է և հարաժամ աներևույթ վիրավորում, և չենք սգում և չենք զգուշանում նրա չար նետերից ու խստավեր հարվածներից, այլ ամբողջովին ցանկությունների մեջ անհոգ վայելում ենք և անխոհեմ հանգստանում (Հովհան Մանդակունի):

226. Իսկ ես չարի բազում նետերից վիրավորվեցի և հաղթվելով պարտվեցի. խոստովանում եմ իմ պարտությունը և ծանուցում իմ ամբարշտությունը, պատմում եմ իմ անթիվ մեղքերը և ողբում իմ ահեղ անօրինությունները: Քանզի վերքերիս ցավերը հարկադրում են ինձ պատմել, և իմ աղետների վարանումները ստիպում են ինձ պաղատել, մեղքերս լալ և վերքերս բժշկել (Հովհան Մանդակունի):

 

Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից:

05.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․