Գրքեր

Հոգով Ճանաչողություն

«Այսուհետեւ ոչ զոք գիտեմք մարմնով. զի թեպետեւ գիտեաք մարմնով (ը)զՔրիստոս, այլ արդ ոչ եւս նոյն պէս գիտեմք»: (Բ Կոր. 5:16)

Թերևս այս խոսքերը զարմացնեն ձեզ, ինչպես ինձ էլ էին զարմացնում, մինչև որ դրանց բուն իմաստը ըմբռնեցի: Քանի որ նախապես այնպես է թվում, որ առաքյալի այս խոսքը մի հոգեպաշտական արտահայտություն է, չասեմ հերետիկոսական վարդապետություն ծնող մի խոսք:

Եթե իրոք առաքյալը չի ցանկանում Քրիստոսին ճանաչել ըստ մարմնի, սա Գնոստիկների և Մանիքեականների նման Փրկչի մարդկությունը, մարդեղությունը, ուրանալ է նշանակում, նշանակում է ուրանալ Նրա մարմնական իրականությունը, Նրա չարչարանքները, վերջապես Փրկչի կյանքի այն բոլոր պարագաները, որ մեզ գրավում, մեր սրտերը շարժում և մխիթարում են: Առաջին հայացքից այնպես է թվում, թե այն կյանքը, որ Հիսուսը երկրի վրա ապրեց՝ երևակայական մի կյանք էր: Ես ինձ ասում էի, որ Պողոս Առաքյալի այս խոսքերը այլ բան չեն, եթե ոչ՝ Քրիստոսին միայն փառքի մեջ տեսնելը, Իր ամբողջ կատարելության, երկնային մեծության մեջ, որ մեզ ավելի շլացնում քան գրավում է:

Սակայն, ի վերջո, Լույսը իր ներգործությունը կատարեց՝ հասկացա, որ Պողոս Առաքյալը երբեք չի ցանկացել ուրանալ Փրկչի մարդկային բնությունը, և այս բնաբանիս խոսքերը, որոնք ինձ ժամանակին տարակուսանքի մեջ էին թողել, այժմ դրանց միտքը հասկանալով՝ մխիթարվում եմ:

Հարկավ, մեզնից ո՞վ չի նախանձում նրանց, ովքեր իրենց կյանքի ընթացքում Հիսուսին մարմնով տեսնելու առավելությունը ունեցան, մեզնից ո՞վ չի նախանձում Հիսուսի աշակերտներին, որոնք բախտ ունեցան լսելու Նրա վարդապետությունը, կամ ո՞վ չի նախանձում Մարիամին և Ղազարոսին, որոնք իրենց տանը հյուրընկալեցին Նրան. մենք այնպես ենք կարծում, որ ավելի հավատացյալ պիտի լինեինք, եթե մեր ականջներով լսած լինեինք Փրկչի խոսքերը, այնպես ենք կարծում, թե երբեք չպիտի կասկածեինք, եթե տեսած լինեինք Նրա հրաշքները:

Սակայն ո՞վ կարող է մեզ վստահեցնել, որ իրոք կհավատայինք, ո՞վ գիտե, արդյո՞ք Նրա ձայնը պիտի ներգործեր մեր հոգու վրա: Արդարև, առաքյալները, Նրա հրաշքներին ականատես լինելով, հիանում և հափշտակվում էին, սակայն իրենց հավատքը սպասվածի չափ չեղավ, իրենց հափշտակության համեմատ զորավոր, քանի որ, ինչպես օրինակներն են ցույց տալիս, Քրիստոսի թշնամիների կարճատև հաղթանակը պատճառ դարձավ, որ ուրանան Փրկչին և երկչոտաբար ցրվեն Նրա կողքից:

Սրան հակառակ, ի՜նչ զարմանալի երևույթ է Պենտեկոստեի օրից սկսած, նրանց աներկյուղ և անվեհեր հրապարակային կյանքը, ինչպե՞ս է լինում, որ գալիլեացի խղճուկ ձկնորսները այն օրից հետո չեն վախենում վիճաբանել Երուսաղեմի ճարտար իմաստունների հետ: Ինչպե՞ս է լինում, որ ատյաններում դողացնում են Փեստոսներին և Ագրիպասներին, ինչպե՞ս է լինում, որ նեղությունների, անարգանքների և չարչարանքների մեջ նրանց երեսները լուսավոր և ուրախ են. քանի որ նրանք մենակ չեն, նրանց հետ է Հիսուս Քրիստոս՝ Սուրբ Հոգով հայտնված: Նրանք այնքան լավ չէին ճանաչել Քրիստոսին, երբ իրենց ձեռքերով շոշափեցին Նրան, որքան երբ Պենտեկոստեից հետո սկսեցին տեսնել հոգևոր աչքերով:

Շատերդ եք ցանկանում տեսնել Հիսուսին, նախանձում եք նրանց, ովքեր ականատես և հաղորդակից եղան Նրան: Դուք երանի եք տալիս այն առաքյալին, որը գլուխը Հիսուսի կրծքին դրեց, երանի եք տալիս այն սամարացի կնոջը, որ Հիսուսի համար ջուր հանեց, երանի եք տալիս Սիմոն Կյուրենացուն, որը Հիսուսի խաչը կրեց, սակայն սիրելինե՛ր, վստա՞հ եք, որ երբ Հիսուսին աղքատ, անկյալ վիճակում տեսնեիք՝ Նրան որպես Աստծո Որդու պիտի հավատայիք, վստա՞հ եք, որ Նրան ուղղված անեծքներն ու նզովքները, երբ լսեիք՝ չպիտի խռովվեիք, վստա՞հ եք, որ երբ Հիսուսին անապաստան և անարգված տեսնեիք՝ չպիտի երկմտեիք, մի՞թե դուք Նրա աշակերտներից ավելի եռանդ ունեք, մի՞թե Հովհաննեսի չափ արիություն ունեք. դուք ի՞նչ կանեիք, ո՜վ գիտե, եթե Քրիստոսին մարմնով ճանաչեիք, գուցե կարևորություն չտայիք, թերևս նաև ուրանայիք էլ, և նույնիսկ այսօր՝ Հիսուսի հրաշալի հաղթանակից հետո, ձեր մեջ դեռ նկատվում են ուրացողներ:

Մի պահ համարենք, որ հավատարիմ կմնայիք Նրան, սակայն արդյո՞ք կհասկանայիք այն գործը, որի համար Նա եկավ, արդյոք ավելի չպիտի՞ կապվեիք Նրա երկրային կյանքի հետ, քան Նրա աստվածային անձի հետ: Արդյոք պիտի սիրեի՞ք Նրան այնպես, ինչպես Ինքն է ցանկանում սիրվել՝ հոգով: Համոզված եմ, որ դուք ավելի շուտ Պետրոսի նման երկրային երջանկություն պիտի փնտրեիք, որի համար նա խստագույնս հանդիմանվեց, երբ ցանկացավ Փրկչի փշալից ճանապարհից խույս տալ, այն ճանապարհից, որ խաչի մահվանն էր: Ո՛չ եղբայրներ, հավատացեք Հիսուսին, Որն ասաց առաքյալներին. «Ձեզ համար լավ է, որ Ես գնամ»: Այո՛, պիտի գնար, և զորավոր թռիչքով վեր բարձրանար, վե՜ր, որպեսզի մարդը Նրա մեջ տեսներ և ճանաչեր Աստծո Որդուն, որպեսզի առաքյալները հոգով վերածնվեին, կարողանային հավատալ հավիտենական անտեսանելի իրականությանը, հավիտենական կյանքին, որպեսզի Քրիստոսի թագավորությունը չփնտրեին Երուսաղեմում, այլ հոգևոր թագավորության մեջ, որը հմնված է Խաչի վրա: Առաքյալները պետք է զրկվեին Նրանից, չտեսնեին Նրա դեմքը, չլսեին Նրա ձայնը, որպեսզի աճեր նրանց հավատքը և հաղթական դառնար, ինչպես որ նորածին մանկանը կտրում են մոր կաթից, որպեսզի հաստատուն սնունդով ավելի աճի և զորանա:

Այժմ ամփոփենք, թե ինչ է ցանկանում ասել Պողոս առաքյալը: Երբ նա ասում է, թե այլևս Քրիստոսին մարմնով չեմ ճանաչում, սա չի նշանակում, որ նա ուրանում է Քրիստոսի մարդկային բնությունը, խաչի մահը. ընդհակառակը, սա նշանակում է, որ Քրիստոսի մարդկությունը պետռք է հոգու աչքերով տեսնվի և հավատով իմացվի, առանց որի, իրապես, թեև մի զգայացունց տեսարան է ներկայանում սակայն բոլորովին անպտուղ է լինում:

«Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի, որովհետև թեպետև ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ նույն ձևով չենք ճանաչում» (Բ. Կոր 5:16): Սույն խոսքի մեջ մեկ այլ ընդհանուր խրատ էլ է բովանդակվում. առաքյալը ասում է, թե ոչ միայն Քրիստոսին, այլև բոլոր մարդկանց այսուհետև ցանկանում է ճանաչել ոչ թե մարմնով, այլ ըստ հոգու: Ահա առաքյալի այս միտքը, այս գաղափարն եմ ցանկանում դրոշմել ձեր հոգիներում. «Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի»: Այս խոսքի միտքը շատ պարզ է. ամեն մարդու մեջ երկու բնություն կա՝ տեսանելի՝ այսինքն արտաքին, և անտեսանելի՝ այսինքն ներքին: Մարմնի մարդը տեսանելին է և հոգու մարդը անմահ հոգին է: Մարմնի առումով կարող ես հարուստ կամ աղքատ լինել, մատենագիր կամ պաշտոնյա, վաճառական կամ մշակ, սակայն հոգու տեսակետից միայն Աստծո որդի ես: Պողոս Առաքյալը ցանկանում է ասել, որ այսուհետև ցանկանում է մարդուն տեսնել և ճանաչել իր հոգևոր և անմահ տեսակետից և ոչ թե մարմնի տեսակետից: Միայն Քրիստոնեական կրոնն է, որ յուրաքանչյուրին կարող է ուսուցանել, որ անմահ է իր հոգին: Եվ իրոք, մինչ Հիսուս Քրիստոսը ի՞նչ նշանակություն ուներ աղքատը կամ ձկնորսը կամ մաքսավորը: Սակայն Հիսուսի տեսակետից ամենահետին մեղավոր կնոջ հոգին էլ գթության, ողորմության կշռի մեջ բաժին ունի. Հիսուսի համար ի՞նչ նշանակություն ունեն այս աշխարհի հնարած անվանական դիրքերի տարբերությունները: Նա ամենուրեք տեսնում է մեղավորների, որոնք փրկության կարոտ են: Բոլորի հետ նույն լեզվով է խոսում, բոլորին Իր սերն է պարգևում, և ոչ ոքի Իր ուշադրությանն անարժան չի համարում, և հաճախ ստորին դիրք ունեցողներին չի զլանում տալ իր ընտիր խրատները:

Այսպես էլ առաքյալը մեր Փրկչից սովորեց մարդկանց դատել ոչ ըստ արտաքին երևույթի, այլ ըստ ներքին կյանքի: Նա Նրանից սովորեց Փեստոսների և Ագրիպասների մեջ միայն անկյալ հոգիներ տեսնել, նա Քրիստոսից սովորեց նրանց փրկության խոսքեր քարոզել՝ առանց նկատի ունենալու նրանց իշխանական վայելչությունները: Նա Հիսուսից սովորեց Ավետարանը նույն սիրով և եռանդով քարոզել Ակյուղասին և Լյուդիային, ինչպես և Սերգիոս փոխհյուպատոսին և Պոպղիոս կառավարչին: Հիսուս Քրիստոսից սովորեց հասկանալ, թե. «այլևս չկա ո՛չ հույն, ո՛չ հրեա, ո՛չ ստրուկ, ո՛չ ազատ», քանի որ Աստծո առջև բոլորը հավասար են:

Այսպես է պետք ճանաչել մարդուն, այսպես է պետք սիրել: Աշխարհը ճանաչում և ընդունում է դիրքի, կրթության և կարողության զանազանությունները: Ինքնըստինքյան ընդունված ձևն է այդպես, քանի որ անհրաժեշտ է. եթե այսօր ջնջենք, վաղը նորից ի հայտ կգա՝ նույնիսկ մեր կենցաղի հիմնական պայմաններից կախված լինելով: Նկատի չունենք, որ աշխարհիկ բարձր դիրք ունեցողների նկատմամբ անտարբեր լինենք, ո՛չ, այլ ցանկանում ենք ասել, որ հանուն Աստծո աշխարհիկ մարդուն հոգով ճանաչենք, ոչ թե մարմնով: Հոգուն նայենք, մեր հոգու նման հոգի պիտի տեսնենք այնտեղ, եթե նույնիսկ աղքատ ստրուկ կամ մի ծառա լինի:

Ի՜նչ մեծություններ պիտի երևային կյանքում, եթե մենք կարողանայինք մարդկությանը նայել այնպես, ինչպես նայում էր Հիսուսը. երբ կարողանայինք մարդուն ճանաչել, ոչ ըստ արտաքին տեսքի, այլ ըստ ներքին բնության: Ուրեմն Քրիստոսի օրինակին հետևենք, Պողոս Առաքյալի հետ միասին ասենք. «Այլևս ոչ ոքի չգիտեմ ըստ մարմնի»:

Որքան հնարավոր է այս գաղափարի համեմատ վարվեք ձեր բոլոր հարաբերությունների մեջ: Դուք քրիստոնյաներ եք, երբ մեկին սիրում եք՝ սիրեք առավելապես հոգին, ձեզ վարժեցրեք ամեն մարդու մեջ տեսնել այն, ինչը Տերն էր տեսնում, այն ժամանակ ձեր մեջ բույն չի դնի ո՛չ ստորաքարշ մարդահաճությունը նրանց նկատմամբ, որոնք ձեզնից ավելի բարձր են, և ո՛չ զզվելի արհամարհանքը նրանց հանդեպ, որոնք ձեզանից ստորադաս են: Այն ժամանակ դուք հարգած կլինեք ամենքին, քանի որ ամենքի մեջ կտեսնեք հոգի, այսինքն կենդանի Աստծո սրբությունը, կանգուն կամ ավերված սրբությունը, սակայն վերջապես մի սրբարան, որին քրիստոնյայի համար անհնար է մոտենալ առանց հարգանքի:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

22.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․