Գրքեր

Ինչպե՞ս աղոթել ուրիշների համար

Ուխտավորները հաճախ էին խնդրում հայր Պորֆիրիոսին, որ աղոթի իրենց ու իրենց հարազատների համար, և նա միշտ խոստանում էր, որ կաղոթի։ Ես տարակուսում էի՝ ինչպե՞ս կարող էր հայր սուրբը հարյուրավոր անուններ մտապահել։ Մի անգամ, երբ զրուցում էինք աղոթքի մասին, նա հանկարծակի շրջվեց իմ կողմն ու ասաց․ «Հավանաբար ուզում էիր հարցնել, թե ինչպես է ինձ հաջողվում աղոթելիս չմոռանալ այդքան անունները։ Ես տկար ու մեղավոր մարդ եմ և ասում եմ․ «Տե՛ր, ողորմի՜ր Գեորգիին, Նիկոլային, Մարիային, Կատերինային․․․ և բոլոր նրանց, ում համար ինձ խնդրել են աղոթել, իսկ ես մոռացել եմ անունները»։ Եվ քանի որ Աստված հայր Պորֆիրիոսը չի, որ մոռանա, այլ հիշում է բոլոր անունները, անմիջապես սփռում է Իր ողորմությունը բոլորի վրա»։

Ես զարմացա նրանում եղած աստվածային լույսից ու հարցրի․

- Հայր սուրբ, իսկ ինչպե՞ս եք աղոթում այդ բոլոր մարդկանց համար։

Եվ նա միանգամայն հանգիստ պատասխանեց․

- Շատ պարզ։ Ուղղակի ասում եմ․ «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ․․․»։

- Ինչպե՞ս։ Միայն «ողորմիր ինձ» եք ասո՞ւմ։ Բայց չէ՞ որ նրանք խնդրել էին իրենց համար աղոթել, այլ ոչ թե ինքներդ ձեզ,- տարակուսանքով առարկեցի ես։

Այդժամ հայր սուրբը, կրկին որսալով իմ չըմբռնելը, պատասխանեց․

- Լսի՛ր։ Մի՞թե չգիտես, որ եթե Աստված չողորմի ինձ, քեզ էլ չի ողորմի։ Մի՞թե չգիտես, որ դու և ես մեկ ենք։

Պարզ խոսքեր, բայց շատ խորունկ, խորախորհուրդ։ Այնպիսի խորության, որ մեր մեկ այլ զրույցում հայր Պորֆիրիոսն ասաց, որ մեր այդ միության զգացումում է թաքնված Քրիստոսի մեջ հոգևոր կյանքի խորհուրդը։

Ավելի ուշ, կարդալով սուրբ հայրերի գրվածքները, գտա այնտեղ, որ այլոց հանդեպ ամենամեծ գթասրտությունը մեր անձնական սրբագործման մեջ է։ Կարդալով երանելի Սերաֆիմ Սարովացու վարքը, որն ասում էր․ «Ձեռք բեր Աստծու խաղաղությունը քեզնում, և հազարներ կփրկվեն քո շուրջը», հիշեցի հայր Պորֆիրիոսի խոսքերը։ Մի՞թե այդպես չէր նրա պարագայում։

Հավատում եմ, որ նրա այդ զարմանալի խոսքերը՝ «ես ու դու մի ենք», զորություն ունեն և գործում են հայր սուրբի միջոցով, որն իր կյանքով իրագործեց Տիրոջ քահանայապետական աղոթքը՝ «որպեսզի նրանք լինեն մի»։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա սեփական անփութության պատճառով ապավինում եմ միայն Քրիստոսի զոհաբերության զորությանն ու հայր սուրբի սրբությանը։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

01.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․