Գրքեր

Խաչվերացի քարոզ

«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6:14):

 

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Փառաբանությունս և գոհաբանությունս եմ հայտնում մեր Երկնավոր Տիրոջը, որ կրկին ինձ հնարավորություն ընձեռեց ձեզ հետ միասին տոնելու Իր սուրբ խաչին նվիրված տոնը և արժանացրեց այսօր Սուրբ Պատարագը մատուցելու մեծագույն պատվին:

Սիրելինե՛ր, անսահման խնդությամբ շնորհավորում եմ ամենքիս այս սքանչելի տոնի՝ Խաչվերացի կապակցությամբ, որ տոնում են աշխարհի բոլոր քրիստոնյա եկեղեցիները: Կրկին անգամ սիրող Հայրը համախմբեց մեր մեծ քրիստոնեական ընտանիքը Իր տան սուրբ կամարների ներքո, որպեսզի ևս մեկ անգամ հիշատակենք մեր փրկությունը հանդիսացող Սուրբ Խաչի ամենակարող զորությունը Տիրոջով և մեր աղոթքները վերառաքենք առ Հայր՝ ամեն պարագայում ապավինելով անհաղթ Խաչի նշանին: Վստահ եմ ամենքիդ էլ հայտնի է այսօրվա տոնի հիմքը հանդիսացող պատմությունը, երբ յոթերորդ դարում Տիրոջ Խաչափայտը գերեվարվեց պարսիկների կողմից, տարվեց Պարսկաստան և չնայած անձեռնմխելի վիճակին՝ տասնչորս տարի մնաց գերության մեջ: Եվ երբ վերջապես 628թ.-ին Հերակլ կայսրը ազատագրեց քրիստոնեության մեծագույն մասունքն ու վերադարձրեց Երուսաղեմ, Խաչի ճանապարհն անցավ նաև Հայաստան Աշխարհով՝ Հիսուս Քրիստոսի օրհնությունը ևս մեկ անգամ սփռելով մեր հողի ու ժողովրդի վրա:

Երբ մտորում էի այս տոնի ակունքների մասին և պատկերացնում մեր ապուպապերի ցնծությունն ու երանելի վիճակը, երբ մեծ երկյուղածությամբ երկրպագում էին Փրկչական նշանին, մի պատմություն հիշեցի, որ վերջերս էի լսել: Բեյրութ կատարած այցելությունից վերադարձած մեր հայրենակիցներից մեկը պատմում էր, որ քաղաքի կենտրոնում գեղեցիկ նորակառույց շենքերի հարևանությամբ կանգնած են կիսավեր ու այրված շինություններ, որ ամենևին չեն համապատասխանում ընդհանուր տեսարանին և նույնիսկ՝ փչացնում են այն: Երբ նա հարցրել էր տեղացիներին, թե ինչո՞ւ են նոր շենքեր կառուցում՝ վնասվածերը վերանորոգելու փոխարեն, որպեսզի դրանք էլ բնակելի դառնան, նրանք պատասխանել էին, որ այդ կառույցները վնասվել են պատերազմի ժամանակ, դրանցում մարդիկ են մահացել և այժմ ոչ ոք չի ցանկանում բնակվել մի տան մեջ, որտեղ մարդ է մահացել: Այսինքն մահվան գաղափարն այնքան խորթ է մարդու համար, և դրա շունչն այնքան սահմռկեցուցիչ, որ մահվան վայրն անգամ նրան հեռու է վանում այդ տեղից: Սակայն պիտի ասեմ, որ մահվան մի վայր կա, որն անտեսանելի ուժով դեպի իրեն է ձգում միլիոնավոր սրտեր և միլիոնավոր քրիստոնյա ուխտավորներ ամեն տարի ծնկաչոք են հասնում այդ վայրն ու իրենց երկյուղած խոնարհումը բերում: Երևի կռահեցիք, որ խոսքս Գողգոթայի մասին է, որ այժմ գտնվում է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տարածքում: Ով արդեն եղել է այնտեղ հիշում է, իսկ մնացյալի համար կասեմ, որ մի զարմանահրաշ աննկարագրելի մթնոլորտ է տիրում այդ սուրբ վայրում: Բազմաթիվ ուխտավորներ աշխարհի չորս ծայրերից, տկար ու առողջ, հարուստ ու աղքատ, ահել ու ջահել ծնկաչոք մոտենում են այն քարին, որի վրա կանգնեցված է եղել Տիրոջ մահվան գործիքը և աղոթալից շուրթերով երկրպագության համբույր են դրոշմում տիեզերքի ամենասահմռկեցուցիչ մահվան վայրին: Մոտեցման ինչպիսի՜ ահռելի մեծ տարբերություն նշված երկու օրինակներում, այնպես չէ՞: Առաջին օրինակում մահվան վայրը վանում է մարդկանց, իսկ երկրորդում՝ դեպի իրեն ձգում դարեր ի վեր: Նույնն է նաև պարագան խաչի հարցում: Խաչի վրա մեռավ մարդացյալ Աստված, ամենքի ու ամենայնի Արարիչը և այդ նույն խաչը դարձավ Քրիստոսի հետևորդների պաշտամունքի առարկան, որի առջև գլուխ ենք խոնարհում, որը և՛ համբուրում ենք և՛ մեծագույն սիրով կրում մեր պարանոցին: Սակայն մեկ այլ պարադոքս կա այստեղ, այն է, որ ոչ մի կերպ չենք ցանկանում մեր խաչը վերցնել ու հետևել Աստծուն՝ ինչպես որ Ինքը պատվիրեց (Ղուկ. 9:23), այլ ամեն ինչ անում ենք դրանից խույս տալու համար: Այս խճճված իրավիճակը պարզելու համար հարկ է, որ միասին քննենք, սիրելի՛ հավատացյալներ, թե ինչպես ենք հասկանում խաչի իմաստը վերոհիշյալ պարագաներում:

Առաջին դեպքում, ինչպես արդեն նշեցի, երբ խոսքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի և դրա պատկերի մասին է, մենք մեծ սիրով և ակնածանքով ենք դրան վերաբերվում: Ինչո՞ւ: Քանի որ այն ընկալում ենք ոչ թե որպես մահվան գործիք, այլ համայն մարդկության և մեզանից յուրաքանչյուրի անհատական փրկության միջոց: Որովհետև մինչև Տիրոջ խաչը բարձրանալը, մեղսագործության պատճառով մարդկությունը հեռացվել էր Երկնային Հորից, զրկվել՝ աստվածային սիրո կենարար լույսի շնորհից և երկիրն այնպես էր թաղվել մեղքի գարշահոտ օվկիանոսում, որ միակ փրկությունը և միակ փրկագինը Աստծո մարդեղացումն էր, մեր մեղքերի դիմաց Իր սրբագույն արյունը հեղելը և մեռելներից հարություն առնելը: «Նա ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին» (Կողոս. 2:14), ասում է Պողոս առաքյալը: Եվ հենց որ խաչի վրա մարեց Աստվածորդու վերջին շունչը՝ այդ պահին ծնվեց մարդու փրկությունը: Ծնվեց Արարչի մեծագույն սիրուց: Խաչյալ Քրիստոսից ճառագեց կենաց և սիրո այն հզոր լույսը, որ սփռվեց համայն աշխարհի վրա: Քրիստոս Իր կյանքը տվեց, որպեսզի մենք՝ մեղքի մեջ կորածներս, կյանք ունենանք: Այդ պահից սկսյալ Քրիստոսի խաչը դարձավ դեպի Երկինք տանող միակ ճանապարհը, վերադարձի ճանապարհը: «Եվ ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի, ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի. քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:14-16): Ահա՛, այս գիտակցումն է պատճառը, որ նման երկյուղածությամբ ենք մոտենում խաչին և այն իրավամբ համարում քրիստոնեության մեծագույն խորհրդանիշը: Սակայն այստեղ մի հարց է ծագում. եթե իսկապես այդքան արժևորում ենք Աստծո այդ անգին զոհաբերությունը, որ մեզ համար կատարեց, ապա ինչո՞ւ ենք անտեսում Նրա այն կարևորագույն խոսքերը, թե. «Ով որ իր խաչը չի վերցնում և ինձ չի հետևում, արժանի չէ ինձ» (Մտթ. 10:38):

Խոսքս ամենևին էլ տրտնջալով ու գանգատվելով մեր խաչը կրելու մասին չէ, սիրելինե՛ր: Այլ քրիստոնեական ուրախությամբ, խիզախությամբ, պատվով կրելու և ամեն պարագայում Աստծուն փառաբանելու մասին է: Վստահ եմ չեք առարկի, եթե ասեմ, որ փորձության պահին, ամենքս էլ ավելի հաճախ նմանվում ենք հայտնի առակի այն մարդուն, որն Աստծո մոտ է գնում գանգատվելու իր խաչի անտանելի մեծությունից, և երբ Տերը նրան հնարավորություն է տալիս խաչերի միջից ընտրելու իր ուզածը և մարդը ամենափոքր խաչն է ընտրում իր համար, Աստված ասում է, որ հենց դա իր խաչն էր, որ այդքան ծանր էր թվում իրեն: Այո՛, սա է մարդկային տկար բնությունը: Մենք սովորել ենք մեզ տրվող բարիքներն ընդունել այնպես, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, իսկ նվազագույն փորձության դեպքում՝ տրտնջալ և դժգոհել մեզ բաժին հասածից: Այսինքն, մենք շարունակում ենք Քրիստոսի հետևորդները լինել խոսքով միայն, իսկ գործերով մնում ենք աշխարհին կառչած: Իսկ ի՞նչ օգուտ նրանից, որ շուրթերը «Քրիստոս» են մրմնջում, իսկ սրտերը մնում են համր ու կույր…

Կարծում եմ, որ մեր խնդիրը անհիմն վախի, Աստծո հանդեպ ունեցած անվստահության, թերահավատության և մեր եսասիրության մեջ է: Երբ գալիս է խաչը վերցնելու և Քրիստոսին հետևելու վճռորոշ պահը, մենք այնքան ենք դողում մեր սեփական կաշիների վրա, որ վախենում ենք մի փոքր նեղությունից անգամ: Չենք հավատում, որ մեր ուժերից վեր փորձություն մեզ չի տրվում, և որ Ամենասիրող Հայրը մշտապես հոգ է տանում մեր մասին և անպայման կօգնի դժվարին պահին: Մենք մոռանում ենք, որ խաչի ճանապարհին միայնակ չենք, այլ Տեր Հիսուս Քրիստոս այն անցնում է մեզ հետ միասին, մեր կողքին՝ օգնելով ու քաջալերելով մեզ: Արդ, մաղթում եմ, որ հենց այս պահից սկսյալ, յուրաքանչյուրիս վերաբերմունքն իր խաչի նկատմամբ արմատապես փոխվի: Այդ խաչը լինի թե՛ մեր կամ մեր հարազատի հիվանդության տեսքով, թե՛ մեր կրքերի դեմ մղվող անձանձիր պայքարի տեսքով, թե՛ վճռական պահին Աստծո կամքը նախընտրելու և արտաքնապես միգուցե չշահելու տեսքով, ինչ էլ, որ լինի, աղաչենք Ամենակալին, որպեսզի ամրացնի մեզ մեր հավատքի մեջ, Իր հանդեպ ունեցած մեր սերն ավելացնի, օգնի վճռական ու անվախ լինել, որպեսզի սրտի ուրախությամբ և մեծ սիրով մեր խաչը վերցնենք ու քայլենք Տիրոջ հետևից: Ուրախությամբ համբերենք նեղություններին, քանզի գիտենք, որ մեր Տերը մեռած չմնաց խաչի վրա, այլ փառապանծ հաղթանակ տանելով չարի ու մահվան հանդեպ՝ հարություն առավ և հավիտյանս Կենդանի Աստված է: Ուրեմն ամեն ինչ անենք, որպեսզի մենք էլ կենդանանանք Տիրոջով, թույլ տանք Նրան մեզ հարություն տալու մեղքի մահվանից և մեկընդմիշտ դրոշմենք մեր սրտերում, որ չկա դեպի փրկություն տանող մեկ այլ ճանապարհ, քան խաչի ճանապարհն է:

«Խաչի նշանի դրոշմից, որ Քո Աստվածային Արյունով նորոգեցիր, և մկրտելով մեզ որդեգրեցիր, և վերականգնեցիր պատկերիդ փառքով: Աստվածային Քո պարգևներով թող ամոթահար լինի սատանան, թող վերանան որոգայթները, մարտնչողները պարտվեն: Վերանա խավարը, մութը փարատվի, մառախուղն անցնի: Աջդ հովանի թող լինի. քանզի գթած ես, ողորմած: Եվ Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հավերժ փա՜ռք. 
ամեն»:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

17.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․