Գրքեր

Մահացու թույն, որ քայքայում է առողջությունը և կործանման տանում

«Դյուրագրգռությունը հոգու անկարգություն է»,- ասել է սբ. Հովհաննես Սանդուղքը: Առօրյա կյանքում մարդ հաճախ կրում է բարեհոգության և քաղաքավարության դիմակներ, ջանում է իրեն զսպել, թեև իր ներսում փոթորիկ է: Այս դեպքում՝ որպես քրիստոնյա, մարդ պետք է փորձի ճանաչել իրեն և պայքարի իր հոգում արմատավորված մեղքերի դեմ: Ինչպես նշել է սբ. Հովհաննես Սանդուղքը, մարդ պետք է սովորի լռել, երբ սիրտը վրդովված է, պետք է արգելի դյուրագրգռության և զայրույթի դրսևորումները, սովորի զսպել իրեն՝ ոչ թե ուրիշի աչքին լավ երևալու համար, այլ որովհետև այդ կիրքը չհաղթարելու դեպքում չի արժանանա փրկության: Այդ ժամանակ մարդը կեղծավորությունից հեռու կսկսի պայքարել իր մեղքերի դեմ:  

Բոլորը ձգտում են խաղաղություն ձեռք բերել: Մի օր Հայր Պաիսիոս Աթոսացին խնդրեց Աստծուն, որ ազատի իրեն դյուրագրգռությունից: Տերը, հայտնվելով նրան, ասաց. «Եթե ուզում ես չբարկանալ, ոչինչ մի ցանկացիր, ոչ մեկին մի դատիր ու ատիր և չես զայրանա»: Դյուրագրգռությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է հաղթահարել բազում կրքեր: Ինչպես առաքինությունները, այնպես էլ մոլությունները փոխկապակցված են: Դյուրագրգռության ի հայտ գալը խոսում է բարկության կրքի մասին, իսկ բարկությունը՝ հպարտության: Ուստի անհրաժեշտ է խոնարհություն ձեռք բերել, որը հպարտության դեմ պայքարի լավագույն միջոցն է: Եկեղեցու հայրերն ասում են, որ զայրույթն ու դյուրագրգռությունը հիմնված են ցանկասիրության վրա, ցանկասեր մարդը չի կարող դյուրագրգիռ չլինել: Ս. Մակար Մեծը նշել է մեկը մյուսի հետ կապված այդ կրքերը. ատելությունը կախված է դյուրագրգռությունից, դյուրագրգռությունը՝ հպարտությունից, հպարտությունը՝ փառասիրությունից, փառասիրությունը՝ անհավատությունից, անհավատությունը՝ սրտի կարծրությունից, սրտի կարծրությունը՝ անփութությունից, անփութությունը՝ հուսահատությունից, հուսահատությունը՝ անհամբերությունից, անհամբերությունը՝ հեշտասիրությունից:

Դյուրագրգռության դեմ պայքարում օգնում է նաև այն մտածումը, որ մարդիկ միմյանց հանդեպ թշնամի չեն, այլ իրենց ընդհանուր թշնամին չարն է, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց վիճաբանության մեջ է գցում, չափազանցնում նրանց սխալները, միմյանց հանդեպ անուշադրությունը, ինչը թշնամություն և դյուրագրգռություն է առաջ բերում մարդկանց մեջ՝ ի վերջո հանգեցնելով տարաձայնությունների: Չարի բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ բաժանի մարդկանց: Աբբա Դորոթեոսը, որ ծառայում էր վանքի հիվանդանոցում, այս մասին ասել է. «Երբ քո եղբայրը քեզ հետ վիճաբանի, թե կարող ես նրա հանդեպ ողորմություն ցուցաբերիր, համբերելով նրա ըմբոստացմանն ու ընդհանուր թշնամուց եկած փորձությանը, լռիր՝ փոխարենը ինչ-որ բառ ասելու և նրան առավել շփոթեցնելու: Պետք է հիշել, որ չարը, որ ընդհանուր թշնամին է՝ տեսնելով, որ մարդը բռնել է փրկության ուղին, անմիջապես ելնում է նրա դեմ, փորձում շփոթեցնել, զրկել հավասարակշռությունից, հոգու և մտքի խաղաղությունից՝ մղելով դյուրագրգռության և զայրույթի»:  

Երանելի Մակարիոսը զգուշացրել է, որ բարկությունից ու դյուրագրգռությունից ոչ միայն հոգին է տառապում, այլ մարմինը ևս: Իսկ սբ. Անտոնիոսը դյուրագրգռությունն անվանել է մահացու թույն, որ քայքայում է մարդու առողջությունը և կարճում կյանքը: Հոգին և մարմինը տառապում են մարդու անփութությունից և անուշադրությունից: «Դյուրագրգռությունը ցույց է տալիս մարդու ներքին վիճակը, այդ կիրքն անհրաժեշտ է հաղթահարել ինքնաքննադատությամբ, համբերությամբ, սիրով, մերձավորների թերությունների վրա չկենտրոնանալով և նրանց չդատապարտելով: Իսկ եթե ձեզ վիրավորում են, ապա դա տեղի է ունենում աստվածային նախախնամությամբ, որպեսզի ցույց տա ձեզ ձեր թուլությունը և բժկվելու միջոց տա պայքարով, դիմադրությամբ և խոնարհությամբ»,- ասել է սբ. Մակար Օպտինացին: Եկեղեցու հայրերը հորդորում են հեռու մնալ դյուրագրգռությունից՝ հոգու խաղաղությունը չկորցնելու համար: Դյուրագրգռությունը հաղթահարվում է ոչ թե առանձնությամբ, այլ մարդկանց հետ հաղորդակցությամբ՝ նրանց կողմից հասցված վիրավորանքներին համբերելով և սեփական թուլությունը ճանաչելով ու խոնարհվելով: Երանելի Մակարիոսը մատնաշել է, որ զայրույթի և դյուրագրգռության դեմ պայքարը պահանջում է շատ ժամանակ, կամք, սխրանք և ջանք: Աստծու օգնությունն է պահանջվում այդ մահացու արմատից ազատվելու համար: Երանելին սովորեցնում է, որ կյանքում անհնար է խուսափել այն դեպքերից, որ բարկություն են առաջ բերում: Սուրբը հորդորում է, որ երբ վրդովված ես և վիրավորված, զերծ մնա բացասական խոսքերից և կշտամբիր ինքդ քեզ, որ չկարողացար պահպանել հոգուդ հանգստությունը, այդ ժամանակ աստիճանաբար կազատվես այդ կրքից: Եկեղեցու հայրերը հորդորում են նաև շուտ հաշտվել նրա հետ, ում վիրավորել ես, քանի որ ավելի հեշտ է հաշտվել և «մեղավոր եմ» ասել նրան, ում նեղացրել ես, քան դատավեճ սկսել, քանի որ ասված է՝ երբ բարկանաք, չլինի թե մեղանչեք (Եփես. 4:26):

Երբեմն մարդու զայրույթը կարող է արդարացված լինել, բայց նույնիսկ այս դեպքում էլ հարկավոր է զերծ մնալ բարկությունից, քանի որ չարը հնարավոր չէ բուժել չարությամբ, այլ միայն սիրով: Ս. Մակար Մեծն ասել է. «Եթե մեկն իր եղբորը բուժում է զայրույթով, ապա չի բուժում, այլ իր կիրքն է կյանքի կոչում»: Այսինքն՝ չպետք է մեղադրել մեզ անարդար վիրավորողին, այլ պետք է նրան համարել աստվածային նախախանամության գործիք: Ըստ հայրաբանության՝ ոչ ոք չի կարող մեզ վիրավորել կամ զայրացնել, եթե Տերը թույլ չտա: Այդ պատճառով էլ մարդուն վիրավորողներն իր առաջին հոգևոր բարերարներն են, որոնք արթնացնում են մարդուն հոգևոր քնից: Այն ծառը, որին քամին շատ է ցնցում, առավել է ամրացնում իր արմատները, իսկ հանգիստ կանգնած ծառն իսկույն ընկնում է:

Երբեմն մարդուն հասցված վիրավորանքից, մարդը երկար ժամանակ ուշքի չի գալիս, չի կարողանում մտքի խաղաղություն գտնել, հոգին ուժասպառ է լինում անիմաստ հիշողություններից, միտքը կրկին ու կրկին հիշում է տվյալ տհաճ իրավիճակը: Ս. Ամբրոսիսոը նման իրավիճակում հետևյալ հորդորն է տալիս՝ ասա քո մտքին, որ արդեն ուշ է, խոսելու համար ուշ է: Իսկ վիրավորանքները համբերությամբ տանելու մասին սուրբը խորհուրդ է տալիս հիշել սեփական սխալները. «Մի՛ տրնտջա, այլ համբերությամբ տար հարվածը, ձախ այտդ պարզիր, այսինքն՝ հիշի՛ր քո սխալ արարքները»: Մի քույր հարցնում է սբ. Ամբրոսիոսին, թե ինչպես կարելի է չվրդովվել վիրավորանքներից ու անարդարություններից և համբերություն սովորել: Սուրբը պատասխանում է՝ սովորիր և սկսիր դժվարությունները համբերությամբ հանդիպել, եղիր արդար և ոչ մեկին մի վիրավորիր:

Իսկ երբ քրիստոնյան չի կարողանում հաշտվել իրեն վիրավորողի հետ, այդ դեպքում եկեղեցու հայրերն ասում են, որ եթե սիրտդ հանդարտեցնես քեզ բարկացողնի հանդեպ, ապա Տերը կուղղորդի նրան, որ նա հաշտվի քեզ հետ: Այդ հորդորներից մեկն է՝ հաճախ աղոթել նրա համար, ում հանդեպ բարկացած եք, հակառակ դեպքում հեշտությամբ կկործանվի մարդ, իսկ համբերությամբ և առ Աստված երախտագիտությամբ մարդը հեշտությամբ կփրկվի:

«Աննշան իրադարձություններից բարկանալը հատուկ է փոքրոգի մարդկանց: Բարկացողը չարի խաղալիք է և դևերի արհեստանոց: Ով ցանկանում է նվաճել բարկացողին, թող վեհանձնությամբ կրի վիրավորանքները և շատ փոփոխություններ կտեսնի, իսկ եթե զայրույթից պարտված՝ փորձի հակառակորդին ետ մղել հավասար զենքով, ապա կտեղափոխվի անվերջանելի պատերազմի մեջ» (սբ. Հովհան Ոսկեբերան):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

15.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․