Գրքեր

Մասնագիտության ընտրություն

- Հա՛յր, որոշ ծնողներ իրենց երեխաներին դրդում են այն նույն մասնագիտությունն ընտրել, ինչ իրենք ունեն և դա հաճախ բավականին համառորեն են անում:

- Ո՛չ, նրանք ճիշտ չեն վարվում: Պետք չէ երեխաներին ճնշել, որպեսզի նրանք անեն այն, ինչ ծնողներն են կամենում, եթե դա երեխաների սրտով չէ: Ես մի պատանու էի ճանաչում, ով ցանկանում էր աստվածաբանության բաժինն ընդունվել և հոգևորական դառնալ: Սակայն նրա մայրը դեմ էր և պնդում էր, որպեսզի բժշկական համալսարան գնա: Այդ պատանին բյուզանդական երգեցողություն սովորեց և երգում էր եկեղեցում: Նա՝ ինքը, երաժշտական գործիք պատրաստեց և դրանով հոգևոր մեղեդիներ էր մշակում: Եկեղեցական շատ երգեր անգիր գիտեր: Նա մեծ շնորհ ուներ, շարականներ էր գրում, եկեղեցական արարողություններ կազմում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո այդ պատանին աստվածաբանության բաժինն ընդունվեց: Նրա մայրը նյարդային ցնցում ստացավ: Այնուհետև նա ինձ մոտ էր գալիս և խնդրում. «Հա՛յր, աղոթիր, որպեսզի ես ապաքինվեմ և իմ զավակն էլ թող անի այն, ինչ իրեն դուր է գալիս»: Սակայն առողջանալով՝ նա կրկին սկսեց խոչընդոտել, որպեսզի իր որդին աստվածաբանություն սովորի: Եվ վերջ ի վերջո նա թողեց աստվածաբանության բաժինը, երգեցողությունը և իրեն իզուր կործանեց:

Տեսնելով, որ պատանիները դժվարանում են մասնագիտության ընտրության հարցում՝ ես նրանց հետևյալն եմ խորհուրդ տալիս. «Տեսեք, թե որ մասնագիտությունը կամ գիտությունն է ձեզ դուր գալիս: Դուք պետք է անեք այն, ինչի հակումն ունենք»: Իսկ եթե պատանի աղջիկներն ու տղաները մտածում են այն ճանապարհն ընտրել, որի ընդունակությունները չունեն, ապա ես խորհուրդ եմ տալիս նրանց իրենց սիրտը նվիրել այն գործին, ինչի հանդեպ հակում են զգում, որպեսզի դա ի օգուտ իրենց լինի: Այսինքն ես օգնում եմ նրանց ընտրել այն գործը, որը դուր է գալիս նրանց, և այն մասնագիտությունը, որն իրենց ուժերին համապատասխան է: Բավարար է, որպեսզի այն, ինչ նրանք անում են՝ Աստծո կամոք լինի: Ինչ-որ մեկը երաժշտակա՞ն հակումներ ունի: Թող, օրինակ՝ լավ երաժիշտ դառնա կամ լավ հոգևոր երգիչ, և իր երգեցողությամբ օգնի նրանց, ովքեր կլսեն իրեն, այնպես, որպեսզի սիրեն Եկեղեցին ու աղոթքը: Ինչ-որ մեկը նկարելո՞ւ կոչումն ունի: Թող նա նկարիչ դառնա կամ սրբանկարիչ և ակնածանքով սրբապատկերներ նկարի, որոնք հրաշքներ կգործեն: Ինչ-որ մեկը գիտություննե՞րի հանդեպ սեր ունի: Թող դրան նվիրի իրեն և պատվախնդրությամբ աշխատի:

Եվ տեսեք. մանկական հասակից է նկատելի, թե մարդն ինչի է կոչված: Մի անգամ Ստոմիոն մենաստան մի մարդ եկավ իր երկու զարմիկների հետ: Մեկը՝ վեց-յոթ տարեկան, նստեց մեր կողքին ու սկսեց անդադար հարցեր տալ: «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս»,- հարցրեցի նրան: «Փաստաբան»,- պատասխանեց նա: Երկրորդ երեխան կորավ ինչ-որ տեղ: «Ո՞ւր է նա,- հարցրեցի երեխայի քեռուն,- ձորն ընկած չլինի»: Դուրս եկանք նրան փնտրելու և լսեցինք, որ հյուսնի արհեստանոցից մուրճի հարվածի ձայն է գալիս: Մտնում ենք արհեստանոց ու տեսնում, որ փոքրիկն ուրագով այնպես է «մշակել» դազգահի հարթ հղկված խուփը, որն այն միայն վառարան գցելու էր պիտանի: «Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս»,- հարցրեցի նրան: «Հյուսն-կարմրափայտագործ»,- պատասխանեց փոքրիկը: «Կդառնաս, կդառնաս,- ասացի: Ոչինչ, որ տախտակը փչացրեցիր: Մի մեծ բան չէր»:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

28.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․