Գրքեր

Քրիստոս այցի է գալիս մեզ, երբ վշտացած ենք

Այն մարդն ով փորձությունների միջով չի անցնում, չի ցանկանում ցավ ապրել, չի կամենում համբերել վշտերին, չի ուզում, որպեսզի իրեն նկատողություն անեն կամ դառնացնեն և ձգտում է անհոգ ապրել, ապա իրականությունից դուրս է գտնվում: «Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տվիր» (Սղմ. 65:12),- ասում է սաղմոսերգուն:

Տե՛ս, մեր Տիրամայր Ամենասուրբ Աստվածածինն էլ ցավ ապրեց, և մեր Եկեղեցու Սրբերն էլ դրա միջով անցան: Այդ պատճառով մենք ևս պիտի ցավ ապրենք: Չէ՞ որ մենք այն նույն ճանապարհով ենք ընթանում, ինչ նրանք, միայն այն տարբերությամբ, որ այս կյանքում անգամ մի փոքր տառապանք կամ դառնություն զգալով՝ մենք մարում ենք (մեր մեղքերի) հաշիվները և փրկության ենք հասնում: Բայց Քրիստոս էլ ցավով եկավ երկիր: Նա Երկնքից իջավ, մարմնացավ, չարչարվեց, խաչվեց: Եվ այժմ հենց ցավից է քրիստոնյան զգում, որ Քրիստոս այցելում է իրեն:

Երբ մարդուն այցելում է ցավը՝ այդ ժամանակ այցելում է նաև Քրիստոս: Իսկ, երբ մարդ որևէ դառնություն չի զգում, ապա դա նույնն է, թե Աստված լքել է նրան: Այդպիսի մարդը ո՛չ իր մեղքերն է քավում, և ո՛չ էլ հոգևոր խնայողություն է կուտակում: Իհարկե ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր (իրենք) չեն ցանկանում հանուն Քրիստոսի սիրո տառապել: «Ես առողջ եմ,- ասում է այդպիսի մարդը,- հրաշալի ախորժակ ունեմ: Լավ սնվում եմ, բարեկեցիկ և հանգիստ ապրում»: Եվ այդպիսի մարդն այդ դեպքում չի ասում. «Փա՜ռք Քեզ, Տեր Աստված»: Եթե նա գոնե (երախտագիտությամբ) ընդուներ այն փաստը, որ Աստված է տալիս իրեն այդ բոլոր օրհնությունները՝ էլի ընդունելի կլիներ: «Ես արժանի չէի սրան,- պետք է, որ այսպիսի մարդն ասեր,- բայց, քանի որ ես թույլ եմ՝ Աստված ներողամիտ ու ողորմած է իմ հանդեպ»: Սուրբ Ամբրոսիոսի վարքում պատմվում է, որ մի անգամ, մի հարուստ մարդ իր տանը գիշերելու ընդունեց սրբին ու իր ուղեկիցներին: Անհամար հարստությունները տեսնելով՝ սուրբ Ամբրոսիոսը հարցրեց, թե երբևէ իր կյանքում վիշտ զգացել է այդ մարդը: «Երբեք,- պատասխանեց հարուստը,- իմ հարստություններն անընդհատ աճում են, իմ արտերը հարուստ բերք են տալիս, ես որևէ ցավ չեմ զգում և նույնիսկ չգիտեմ էլ, թե հիվանդությունն ինչ բան է»: Այդժամ սուրբ Ամբրոսիոսը լաց եղավ և իր ուղեկիցներին ասաց. «Պատրաստեք սայլերն ու շուտ հեռանանք այստեղից, որովհետև Աստված երբեք այցի չի եկել այս մարդուն»: Եվ հենց սուրբն, իր ուղեկիցների հետ, դուրս եկավ փողոց՝ հարուստի տունը փուլ եկավ: Այդ մարդու ապրած անհոգ, վշտերից զուրկ կյանքն, իրականում, Աստծո կողմից լքվածություն էր*:

 

* Տես, Ό Μέγας Συναξαριστής της Όρθοδόξου Έκκλησίας. Т. 12. Σ. 243–244.

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

03.07.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․