Գրքեր

Սաղմոս Ձ

Այսուհետև՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրվա սաղմոսը: Եկեղեցին է հնձան կոչում, և հնում սա տապանակի առաջ էին երգում, երբ այն գտնվում էր հեբուստացի թագավորների հնձաններում, ուր հին խորանն էր: Ունի նաև Բաբելոնի գերությունից վերադարձի խորհուրդը:

1. Ցնծասցէ՛ք առ Աստուած, օգնական է մեր, աղաչեցէ՛ք առ Աստուած Յակովբայ:

Ցնծացե՛ք Աստծու առաջ, որ օգնականն է մեր, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն:

Սիմաքոսը [թարգմանում է]՝ ուրախ եղե՛ք, Թեոդիտոսը՝ զվարճացե՛ք՝ գերիները միմյանց են քաջալերում, նաև, Երուսաղեմ գալով, նորոգում են յոթանասուն տարիների հնությունը, և եկեղեցու մանուկները՝ տեսնելով իրենց փառքը:

2. Առէ՛ք սաղմոս, և դո՛ւք օրհնութիւն, սաղմոս ասացէք նմա ի ձայն քաղցրութեան:

Սաղմո՛ս ասացեք և օրհնությո՛ւն տվեք, նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեցեք:

Իսրայելը երգում է մարգարեների երգը, իսկ նոր [ուխտում]՝ օրենքի, մարգարեների և առաքյալների, որ Հոգուց ստացան՝ չթողնելով հինը, քանզի առավել քաղցր է արմատը պտուղի հետ խառնված:

3. Փո՛ղ հարէք ի գլուխս ամսոց. յաւուր նշանաւորի տարեկանաց մերոց:

Փո՛ղ հնչեցրեք ամսագլխին՝ մեր նշանավոր օրվա տարեդարձին:

Երբ Սինայում ձայն լսեցին, ապա [փող պատրաստեցին], և ամսվա առաջին օրը և տարեմուտին, ինչպես նաև նշանավոր տոներին հնչեցնում էին, որպեսզի հիշատակը [միշտ] մնա: Նաև ապագան է մարգարեանում, երբ հնչելու է փողը և Քրիստոսով մահացածները հարություն են առնելու:

4. Հրաման է այս Իսրայէլի, և իրաւունք են Աստուծոյ Յակովբայ:

Սա հրաման է Իսրայելի համար և օրենքը Հակոբի Աստծու:

Նա հրամայեց, ասում է, և մեր իրավունքն է կատարելը, նրանց [հրամայեց] փողով կանչել, իսկ մեզ՝ սրտով, ինչպես Մովսեսին ասաց Աստված. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» (Ելք. 14:15):

5. Վկայութիւն Յովսեփու՝ զոր եդ ընդ նմա. որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց, լեզու, զոր ո՛չ գիտէր՝ լուաւ:

Հովսեփի ուխտն է դա, որը կնքեց Նրա հետ, երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից: Նա լսեց մի լեզու, որ չգիտեր:

Ամբողջ ժողովրդին է Հովսեփ կոչում, ուխտ դրեց Աստված ամբողջ ժողովրդի հետ, երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից. ասաց, թե ինչպես էր պետք դուրս գալ և ինչ էր պետք անել: Նա լսեց մի լեզու, որ չգիտեր. ոմանք ասում են քաղդիերենն է կամ քանաներենը, որ եգիպտոսում մոռացել էին, մի մասն էլ, թե Մովսեսը նախ Հովսեփի ոսկորները ձկանը տվեց պահելու, և ելնելիս խոսեց նրա հետ վերցնելու մասին, որը առասպել է, այլ ամբողջ ժողովուրդը Աստծու լեզուն ու խոսքը չգիտեր և չէր լսել ու այնտեղ լսեց: Նաև ասորերենով ասվում է, թե երբ ծովի միջով անցան, նոր լեզու ստացան և դրանով երգեցին. «Տիրոջը պիտի օրհնենք», և եբրայեցի կոչվեցին, որովհետև «եբրայ» անցարան է նշանակում:

6. Ի բաց արար ի բեռանց զթիկունս նորա. և զձեռս նորա յորթ և ի թի ծառայելոյ:

Նրանց թիկունքներն ազատի՛ր բեռներից և նրանց ձեռքերը՝ այգու ու բահի ծառայությունից:

Կողովներով՝ թիկունքները և բահերով ձեռքերն էին չարչարվում, նախ դրանցից ազատեց, և ապա ասաց.

7. Ի նեղութեան կարդացեր առ իս՝ և փրկեսցի զքեզ. լուայ քեզ ի գաղտնութենէ մրրկին, և փորձեցի զքեզ ի վերայ ջուրցն հակառակութեան:

Նեղության մեջ ինձ ձայն տվիր՝ և փրկեցի քեզ. քեզ լսեցի մրրիկի ծածկույթի տակ ու փորձեցի քեզ հակառակության ջրերի վրա:

Ասում է, թե Իսրայելի որդիներն աղաղակեցին Աստծուն և նա լսեց: Քեզ լսեցի մրրիկի ծածկույթի տակ. քեզ մոտ էի և լսում էի, թեև դու չէիր տեսնում քո վշտերի մրրիկի մեջ, որտեղ գտնվում էիր, և երբ եկար Մեռա, քեզ մոտ էի, և փորձում էի (տե՛ս Ելք 15:23), և Մովսեսի վրա ձեր բարկանալու ժամանակ, երբ ջուր դուրս չեկավ, և հաջորդ անգամ էլ՝  [գավազանը ջուրը գցելու] ժամանակ այնտեղ էի: Դարձյալ՝ Սինայում, երբ մրրիկով խիտ ամպի [սյան] մեջ էի, որպեսզի չկարողանաս տեսնել, և լսեցի քեզ, երբ [ժողովուրդն] ասաց Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ» (Ելք 20:19), այլ ոչ թե Աստված:

8. Լո՛ւր, ժողովուրդ իմ, և վկայեմ քեզ, և Իսրայէլ՝թէ լուիցես ինձ:

Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես վկա կլինեմ քեզ, և Իսյայե՛լ, եթե ինձ լսում ես:

Բաբելոնից ելնելու ժամանակ՝ այս ամենին [վկա կլինեմ], որպեսզի հավատաս, թե ամենակարող եմ:

9. Մի՛ ևս եղիցին քեզ աստուածք առժամայնք. և մի՛ երկիր պագանիցես դու աստուծոյ օտարի:

Այլևս նորագյուտ աստվածներ չես ունենա և չես երկրպագի օտար աստծու:

Քանզի ունայն էին, և փորձով հասկացար:

10. Ես եմ Տէր Աստուած քո, որ հանի զքեզ յերկրէն եգիպտացւոց, բաց զբերան քո և լցից զդա:

Ես եմ քո Տեր Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, բա՛ց բերանդ, և ես պիտի լցնեմ այն:

Բա՛ց և խոստացի՛ր, որ կանես այն, ինչ կասեմ, և կլցնեմ այն մարգարեական շնորհով, քեզ կվերադարձնեմ [գերությունից], և բերանդ գոհությամբ կլցնեմ: Նաև՝ ներքին մարդու բերանը բա՛ց, վերցնելով նրանից անհավատության քարը և մեղքերի կապանքները, և քարոզի՛ր իմ անունը, և ես կլցնեմ այն շնորհներով: Դարձյալ՝ բա՛ց բերանդ, և խնդրի՛ր՝ ինչ ցանկանում ես, և ես կլցնեմ այն, այսինքն՝ կկատարեմ խնդրանքը:

11. Ժողովուրդ իմ ո՛չ լուաւ ձայնի իմում, և Իսրայէլ յիս ինչ ո՛չ նայեցաւ:

Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս, և Իսրայելն ինձ չնայեց:

Հոգին իմանում է, որ չեն լսելու, և Իսրայելն ինձ չնայեց՝ ոչ հավատով, և ոչ էլ գործով, սա է ինձ չնայեցը, այլ՝ իր կուռքերին:

12. Բարձի թողի զնոսա երթալ զհետ կամաց սրտից իւրեանց. զի գնացին նոքա ըստ կամս անձանց իւրեանց:

Բարձիթողի մատնեցի նրանց, որ գնան իրենց սրտի թելադրանքով, քանզի շարժվեցին իրենց կամքով:

Ինչպես որ այժմ էլ երևում է:

13. Զի թէ ժողովրդեան իմոյ լուեալ էր ինձ, կամ Իսրայէլի զճանապարհս իմ գնացեալ էր:

14. Որպէս զոչինչ խոնարհ արարեալ էր իմ զթշնամիս նորա, ի վերա նեղչաց նորա արկեալ էր զձեռն իմ:

Եթե իմ ժողովուրդը լսեր ինձ, կամ Իսրայելն ընթանար իմ ճանապարհով, ապա որպես ոչնչություն կընկճեի նրա թշնամիներին և ձեռքս կիջեցնեի նրան նեղողների վրա:

Քանզի բոլոր հեթանոսները ոչնչություն են և ոչինչ չէին կարող անել [Իսրայելին], ուստի հեշտ էր ինձ հսկաներին, փարավոններին և շատ այլոց չարաչար ոչնչացնել, ձեռքս կիջեցնեի նրան նեղողների վրա, սակայն չդարձավ [դեպի ինձ] և գերվեց:

15. Թշնամիք Տեառն ստեցին նմա, և եղիցին ժամանակք նոցա յաշխարհի:

Տիրոջ թշնամիները ստեցին նրան, ուստի նրանց ժամանակն աշխարհում կսպառվի:

Տիրոջը թշնամի դարձան և ստեցին նրան Եգիպտոսից դուրս գալուց՝ ասելով, թե այն ամենն, ինչ կասի Տերը, կլսենք և կանենք: Նրանց ժամանակն այս աշխարհում կլինի ինչպես անասուններինն է:

16. Կերակրեաց զնոսա ի պարարտութենէ ցորենոյ, և ի վիմէ մեղր յագեցոյց ի նոսա:

Նրանց կերակրեց ցորենի առատությամբ, ժայռից հոսող մեղրով հագեցրեց նրանց:

Խոստացված երկրում՝ այն չարգելելով նրանց, և ժայռից հոսող մեղրով հագեցրեց նրանց՝ ծարավ ժամանակ ջուրը մեղրի պես քաղցր է, և հատկապես այն վեմից բխած ջուրը, որը Տիրոջ խորհրդանիշն էր: Նաև ասում են, թե մանանան ժայռի վրա էր իջնում՝ թանձր շերտ կազմելով, և ժայռից հոսող մեղր ասելով դա նկատի ունի:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

21.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․