Գրքեր

Սուրբ Թեոդորոս զորավարի վկայաբանությունը

Քրիստոսի քաջամարտիկ զորական ու հաղթող վկա սուրբ Թեոդորոսը ապրել է Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս ամբարիշտ թագավորների ու Մաքսիմոս դատավորի ժամանակներում: Թեոդորոսը Ամասիա քաղաքից էր, հավատքով՝ քրիստոնյա, և զավակն էր բարեպաշտ ծնողների: Երբ ինքը դեռ մանուկ՝ նրա մայրը մահանում է, մանկան մասին հոգ է տանում հայրը՝ կերակրելով որդուն խաշած ցորենի հատիկներով: Ու երբ սուրբ Թեոդորոսն արդեն պատանեկան տարիքին է հասնում, միևնույն է, շարունակում է սնվել միայն ու միայն ցորենահատով, քանի որ դեռ մանկուց շատ էր սիրել այդ կերակուրը: Իսկ արդեն չափահաս տարիքին հասնելով՝ Թեոդորոսը թավ ու երկար մորուքով, կարճ ու գանգուր մազերով, թուխ, երկաթագույն մաշկով ու բարձր հասակով, գեղեցկատեսիլ և իր արիությամբ հռչակված մեկն է դառնում: Եվ երբ ամենքը տեսնում են Թեոդորոսին իր սքանչելի վայելչությամբ, կամենում են զինվորագրել նրան թագավորական բանակին, սակայն սուրբը ոչ մի կերպ չի համաձայնում՝ ասելով. «Ես զինվորն եմ երկնավոր Թագավորի՝ ինձ համար խաչված Աստծու Որդու՝ իմ Տեր Հիսուս Քրիստոսի»: Թեոդորոսի այս խոսքը լսելով՝ ամենքը զարմանում են ու որոշում հանգիստ թողնել նրան:

Մի օր էլ, երբ սուրբ Թեոդորոսը ձիավարում էր քաղաքի արվարձանում, սաստիկ տոթի պատճառով որոշում է ճամփեզրին փոքր-ինչ հանգստանալ, ու իր ձիուն կապելով՝ ինքն էլ նստում է մի ծառի հովանու ներքո: Այդ ժամանակ մի բարեպաշտ, այրի կին՝ Եվսեբեա անունով, իր տան գործերով է զբաղվելիս լինում և իր օթևանից տեսնելով Թեոդորոսին՝ կարկառում է ձեռքը, ձայն տալիս նրան ու ասում. «Ո՜վ հեծյալ, մի՛ մնա քո այդ տեղում, քանի որ այդ տեղը շատ մոտ է մեծ ու հզոր վիշապի որջին և այս էլ այն ժամն է, երբ վիշապը ելնում է՝ շրջելու մարգագետինների այդ պուրակում, ուստի, գուցե նա քեզ կամ քո ձիուն որևէ վնաս հասցնի: Վե՛ր կաց, արի՛ իմ տուն ու միջօրեն անցկացրու իմ տանը, մինչև որ հովը կընկնի ու դու էլ կելնես-կգնաս քո ճանապարհով»: Սուրբ Թեոդորոսը պատասխանում է նրան ու ասում. «Ես հավատացյալ եմ և իմ հույսը դրել եմ Քրիստոսի՝ իմ Աստծու վրա, ուստի, ես չեմ վախենում աներևույթ վիշապից, էլ ուր մնաց՝ քո ասած այդ «օձից»: Ու եթե նա, ինչպես որ դու ասացիր, դուրս էլ ելնի, ես նրան կսատկացնեմ Քրիստոսի անվան զորությամբ»:   

Բարեպաշտ Եվսեբեան, այս լսելով՝ իմանում է, որ Թեոդորոսը հավատակից է իրեն,  և չնայած մեծ ուրախությամբ է լցվում այդ բանի համար, բայց և սարսափահար գնում-ընկնում է սրբի ոտքերը՝ աղերսելով հեռանալ այդ վայրից: Եվ մինչ նա համոզում էր Թեոդորոսին լքել այդ վայրը, հանկարծ իր որջից դուրս է գալիս վիշապը, որին տեսնելով՝ կինը մեծաձայն ճիչ է արձակում: Իսկ հաստալանջ ու մեծապարանոց վիշապը իր ողջ թափով հարձակվում է երիվարի վրա: Այդժամ սուրբ Թեոդորոսը, խաչակնքվելով, իր նիզակով հարվածում է վիշապին ու նրա գանգը երկու մասի ճեղքում՝ տապալելով գետի եզերքին, և այնպես է թվում, ասես գետի վրա գցված մի մեծ ու ահագին գերան լիներ հաղթված այդ վիշապը:

Այդ օրվանից Եվսեբեան մոր պես սկսում է սիրել Թեոդորոսին. ասես իրենից ծնված որդին լիներ սուրբը: Թեոդորոսն էլ դառնում է զավակը սուրբ ու պարկեշտ այրու: Ինքը՝ Թեոդորոսը ևս անբիծ էր ու անարատ, զերծ հոգու և մամնի ամեն տեսակ ախտից, հեռու չարի բոլոր գործերից: Նա անդադար ուսուցանում էր Աստծու պատվիրանները Քրիստոսի երկնային զորքերին անդամագրված իր զինվորակիցներին և աստվածահաճո վարքով ապրելով՝ շարունակում էր հանապազ ծառայել Քրիստոսին:

Կռապաշտները, սակայն, տեսնելով Քրիստոսի հավատքի հանդեպ ունեցած նրա հաստատակամությունը, չար աչքով էին նայում նրան և նախանձաբեկ էին լինում ու իրենց մտքի խորհուրդներում չարանում էին սրբի հանդեպ: Մի օր էլ, բռնելով նրան, տանում են դատավորի մոտ ու ստիպում ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել կուռքերին: Սակայն Թեոդորոսը, Սուրբ Հոգով լցված, կանգնում է ատյանի առաջ ու ասում. «Ես քրիստոնյա եմ և չեմ կարող զոհ մատուցել գարշելի կուռքերի ուրվականային պատկերներին»: Եվ քանի որ սուրբը շատ է համառում, այդ օրվանից նրան թույլ են տալիս պաշտել Նրան, ում ուզում էր՝ միայն թե ծածուկ կերպով: Թեոդորոսը, սակայն, շրջում էր ու ամենուր ամենքին քարոզում փրկության ճանապարհը:

Մի գիշեր էլ սուրբը հրդեհում է կուռքերի տաճարը, ինչի պատճառով կռապաշտները նրան կրկին բռնում ու տանում են դատավորի մոտ: Դատավորն ասում է. «Դու, փոխանակ կուռքերին զոհ մատուցելու, այրե՞լ ես նրանց տաճարը»: Թեոդորոսը պատասխանում է. «Այո՛, այն, ինչ արել եմ, չեմ ուրանում: Իսկապես որ ես հրի մատնեցի կռատան քարերը, որպեսզի դրանք հող ու փոշի դառնան»: Այս լսելով՝ ամենքը սկսում են զանազան պատիժներ առաջարկել նրա համար, ինչին ի պատասխան սուրբն ասում է. «Ինչքան էլ որ դաժան լինեն ձեր պատիժները, միևնույն է, դրանք անզօր են՝ ինձ հեռացնելու Քրիստոսի սիրուց»:

Այնուամենայնիվ կռապաշտները որոշում են Թեոդորոսին առանց հաց ու ջրի բանտում արգելափակել, որպեսզի բազում օրեր այնտեղ մնալով՝ սուրբը սովամահ լինի: Սակայն բանտում Տիրոջ հրեշտակը կերակրում էր նրան: Մի օր էլ գիշերով բանտում սրբին երևում է Ինքը՝ Քրիստոս, ու ասում նրան. «Քաջալերվի՛ր, Թեոդորո՛ս, քանի որ Ես քեզ հետ եմ»: Եվ Թեոդորոսը, զորանալով Քրիստոսով, սկսում է օրհնաբանել Տիրոջ բարերարությունն ու սաղմոսերգել: Բանտապահները, որ բազում մարդկանց ձայներ էին լսում բանտի միջից, սարսափահար են լինում, երբ տեսնում են, որ բանտի դուռը կողպված է և կնիքն էլ՝ անվնաս: Եվ ներս մտնելով ու Թեոդորոսից բացի ուրիշ ոչ մեկին չտեսնելով՝ առավել ևս զարհուրում են:

Այնուամենայնիվ դարձյալ սրբին կանգնեցնում են ատյանի առաջ ու բռնադատում՝ ստիպելով նրան ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել կուռքերին՝ խոստանալով նրան կուռքերի տաճարում քրմապետ դարձնել: Սուրբ Թեոդորոսը, սակայն, ասում է. «Եթե մինչև անգամ իմ մարմինը տանջելով՝ հրի մատնեք ու գազանների առաջ գցեք, միևնույն է, քանի դեռ շունչս վրաս է, ես իմ Աստծուն՝ Քրիստոսին չեմ ուրանա»: Այդժամ նրան վերիվայր կախելով՝ սկսում են քերել նրա մաշկն այն աստիճանի, մինչև որ սկսում են երևալ սրբի ոսկորները, սակայն նա այդժամ անգամ չէր դադարում սաղմոսերգելուց և ասում էր. «Ամեն ժամ պիտի օրհնեմ Տիրոջը, ամեն ժամ Տիրոջ անվան օրհնությունն իմ շուրթերին պիտի լինի»:

Այս պատժից հետո Թեոդորոսին վերստին բանտ են գցում և թողնում անխնամ վիճակում, ու դարձյալ Տիրոջ հրեշտակը իջնում է նրա մոտ ու բժշկում սրբի բոլոր վերքերը: Օրեր անց, երբ նրան հանում են բանտից, ամենքն էլ տեսնում են, որ Թեոդորոսի բոլոր վերքերը բժշկված են: Իսկ դատավորը կրկին հարց է ուղղում նրան՝ ասելով. «Ո՞ւմ հետ ես կամենում լինել, մե՞ր, թե՞ քո Քրիստոսի»: Եվ սուրբը խնդությամբ պատասխանում է. «Ես իմ Քրիստոսի հետ էի, Նրա հետ եմ և պիտի լինեմ Նրա հետ»: Այդժամ դատավորը հրամայում է հրով այրել սրբին: Ու երբ վառում ու բորբոքում են հուրը, սուրբը երկար աղոթում է և ապա, իր վրա սուրբ Խաչի նշանն անելով, որպես պատարագի մատուցվող խոյ, նետում է իրեն հրի մեջ և առ Աստված ավանդում հոգին փետրվար ամսվա 17-ին: Այդժամ հավատացյալները տեսնում են, թե ինչպես է սրբի հոգին աղավնակերպ թռիչքով հրի միջից դեպի երկինք սլանում սպիտակափայլ լույսի նման: Եվ երբ սուրբը հոգին ավանդում է, հուրը շիջվում է ու ամենքի քիմքին հասանելի է դառնում է  նրանից բուրող անուշահոտությունը:

Իսկ սուրբ վկայի մարմինը, որ դեռ ամբողջությամբ չէր այրվել, մի բարի կին հանում է հրի միջից, մաքուր կտավով պատում և պատվով տապանի մեջ դնելով՝ տանում-ամփոփում Ամասիա քաղաքի մերձակայքում գտնվող Եվխայիտ գյուղում ու սկսում մեծագույն հավատով սպասավորել նրան: Եվ սրբի մարմինն ամփոփող այդ հանգստավայրում բազում նշաններ են լինում ի փառս մեր Աստծու՝ Քրիստոսի:

Այս դեպքերից որոշ ժամանակ անց՝ Քրիստոսին ուրացած Հուլիանոս կայսեր գահակալության տարիներին, երբ մոտենում են քառասնորդական Պահքի աղուհացից օրերը ու երբ կայսրն էլ գտնվում էր Կոստանդնուպոլսում, սատանան պիղծ ու զազիր խորհուրդներ է ծնում նրա մտքում: Եվ Հուլիանոսը կանչում է անաստվածությամբ իրեն նմանվող քաղաքի եպարքոսին ու ասում. «Ես որչափ ջանացի այդ քրիստոնյաներին դարձնել մեր աստվածների պաշտամունքին, չկարողացա. ո՛չ աղերսանքները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ պատվո մեծարանքները և ո՛չ հարստության խոստումները արդյունք չտվեցին: Այս գիշեր, սակայն, աստվածները «բարի» խորհուրդներ են դրել իմ սրտում: Ես այնպես պետք է անեմ, որ քրիստոնյաները կա՛մ զոհ մատուցեն կուռքերին, կա՛մ մեռնեն սովից: Ահա՛ մոտեցել են նրանց Պահքի օրերը, երբ ամեն ոք ջանում է սրբությամբ պահել այն: Արդ, դու պատվեր տուր, որ այս քաղաքի վաճառատներում ո՛չ հաց, ո՛չ որևէ այլ կերակուր ու ըմպելիք չվաճառվի, այլ վաճառվի այն, ինչ ես քեզ կուղարկեմ»: Եվ Հուլիանոսը կուռքերին մատուցված զոհերի արյանն ու ճարպին խառնված ուտելիքներ է ուղարկում, որպեսզի քրիստոնյաներն ուտեն ու այդպիսով, ինչպես Հուլիանոսն էր ասում, «ակամա զոհ մատուցած լինեն» աստվածներին: Եպարքոսը պատասխանում է կայսրին. «Ճշմարիտ է, որ թագավորների սրտերը աստվածների ձեռքերում են, լավ ու հաճելի միտք խորհեցիր»: Ու եպարքոսն անմիջապես կատարում է կայսեր կողմից իրեն հրամայվածը և թույլ չի տալիս հաց կամ որևէ ուրիշ կերակուր վաճառել, այլ միայն այն, ինչ պիղծ կայսրն էր ուղարկել:

Սակայն Աստված Իր ամենակարող զորությամբ ունայնացրեց կայսեր այս չար խորհուրդը և իրեն հավատացողներին փրկեց այդ զազրագործությունից ու պիղծ կերակուրներից: Եվ այսպես, Մեծ պահք մուտք գործելու առաջին գիշերը Քրիստոսի վկա սուրբ Թեոդորոսը երևում է Կոստանդնուպոլսի պատրիարքին ու ասում. «Առավոտյան ժամին քեզ մոտ ժողովիր բոլոր-բոլոր քրիստոնյաներին և պատվիրիր, որ վաճառանոցից ամենևին կերակուր չգնեն, քանի որ ամեն կերակուր պղծված է ու խառնված կուռքերին զոհ մատուցված կենդանիների արյանն ու ճարպին»: Հայրապետն այս լսելով՝ հարց է ուղղում սրբին. «Նրանք, ովքեր մեծահարուստ են, կարող են ուտել իրենց տներում ամբարված պաշարներից, իսկ աղքատներն ու օտարականները որտեղի՞ց կերակուր գտնեն և ուտեն»: Թեոդորոսը պատասխանում է. «Թող որ ամենքն էլ կուլիփա ուտեն, իսկ ովքեր որ ուտելու որևէ բան չունեն, դո՛ւ նրանց ուտելիք տուր»: Հայրապետը կրկին հարցնում է, թե ի՞նչ է կուլիփան, որին ի պատասխան սուրբն ասում է. «Կուլիփան եփած ցորենն է. մենք Եվխայիտում եփած ցորենին կուլիփա ենք ասում»: Հայրապետը հարցնում է. «Ո՞վ ես դու, որ այսչափ խնամածու գթասրտությամբ հոգ ես տանում Քրիստոսի ժողովրդի փրկության համար»: Սուրբը պատասխանում է. «Ես Քրիստոսի զորական ու վկա Թեոդորոսն եմ՝ Եվխայիտ գյուղից, և Աստծու կողմից եմ առաքվել՝ ձեզ այս խոսքերը հայտնելու»: Այս ասելով՝ Թեոդորոսը նույն պահին անհետանում է: Իսկ պատրիարքը առավոտյան իր մոտ է ժողովում եկեղեցու բոլոր ավագ երեցներին ու պատմում է իր տեսիլքը՝ պատվիրելով, որ նրանցից յուրաքանչյուրն էլ իրեն վստահված ժողովրդին պատվիրի գործել՝ համաձայն սուրբի հրամանի:

Այս ամենն իմանալով՝ ուրացող Հուլիանոսն իր գործակիցների հետ ամոթահար է լինում և հրամայում է վերադարձնել պղծված կերակուրները: Եվ ինքն էլ ամոթից նավ է մտնում ու հեռանում է քաղաքից: Իսկ հավատացյալներն էլ այդ օրը, որ Մեծ պահքի առաջին շաբաթ օրն էր, մեծապայծառ ուրախությամբ նշում են սուրբ Թեոդորոսի տոնը: Նաև բոլոր քրիստոնյաներին ավանդում են այդ շաբաթ օրը հանդիսավոր տոն կատարել բոլոր քրիստոնեական եկեղեցիներում՝ որպես երախտագիտություն սուրբ Թեոդորոսին:

Փառքի Տե՛ր Աստված, Քո քաջասիրտ զինվորի՝ սուրբ Թեոդորոսի աղոթքներով ների՛ր այս գիրն ընթերցողներիս մեղքերը: Ամեն:

 

«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

29.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․