Գրքեր

Ծննդյան քառասունք

Սուրբ Գրքում հաճախակի ենք հանդիպում իրադարձությունների, որոնք կապված են քառասուն թվի հետ: Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ: Երբ Մովսեսն իր ժողովրդին հանում էր Եգիպտոսից, Իսրայելի որդիներն անապատում շրջեցին քառասուն տարի մինչև հասան Ավետյաց երկիր՝ Քանան: Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին: Քրիստոս անապատում քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց մինչև Իր գործունեությունն սկսելը: Հարություն առնելուց հետո Նա երկրում մնաց քառասուն օր մինչև երկինք համբարձվելը: Ծննդյան պահքից մինչև Տեառնընդառաջ ընկած շրջանը նույնպես քառասուն օր է: Մեծ պահքը ևս ներառում է քառասուն օր, որին ավելանում է ևս յոթ օր՝ ի նշանավորումն Հիսուսի չարչարանքների, մահվան և հարության: Մանուկ Հիսուսը քառասուն օրական էր, երբ ծնողները նրան տարան Երուսաղեմ՝ Տիրոջն ընծայելու:

Հետծննդյան շրջանը հայտնի է քառասունք անվամբ, որն ընդգրկում է երեխայի ծննդյան պահից սկսած քառասուն օրերը: Ըստ Հայ եկեղեցու Մաշտոց ծիսամատյանի՝ եկեղեցի բերված քառասնօրյա երեխայի վրա կատարվում է քառասունքի կարգ՝ ի հիշատակ քառասնօրյա Քրիստոսի ընծայման ի Տաճար: Համաձայն նախնյաց օրենքի՝ ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Այս սովորությունը քրիստոնեական եկեղեցում ունի աստվածաշնչյան հիմք: Հին Ուխտում, Մովսեսի հաստատած օրենքի համաձայն, արու զավակ ծնած մայրերին տրվել էր քառասուներորդ օրը սրբվելու օրենքը, քանի որ երեխայի ծնունդն անմաքուր էր դարձնում կնոջը, և յուրաքանչյուր կին, զավակի ծնունդից հետո անմաքուր համարվելով, չպետք է մոտենար սրբավայրերին: Քառասուներորդ օրը պիտի գնային տաճար՝ սրբվելու, «ողջակեզի» համար տանելով մեկ տարեկան մի գառ և երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ՝ «վասն մեղաց» զոհաբերության համար: Իսկ եթե ծնողներն աղքատ էին, տանում էին միայն երկու տատրակ կամ երկու աղավնի՝ մեկը «ողջակեզի» և մյուսը՝ «վասն մեղացի» համար (Ղևտ. 12:1-8): Մեկ հատուկ օրենք էլ կար անդրանիկ արուների համար. յուրաքանչյուր առաջնեկ, այսինքն՝ ընտանիքի անդրանիկ որդին, պետք է Աստծուն նվիրվեր (Ելք 34:19-20): Այդ երկու օրենքների գործադրումը, սովորաբար, միասին էին կատարում քառասունքի առթիվ:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, քառասուն օրերի լրանալուն պես, օրենքում ասվածի համաձայն՝ բերվեց տաճար, թեև ո՛չ Մարիամը և ո՛չ էլ Հիսուս ենթակա չէին օրենքին: Քրիստոս ամբողջովին վեր էր օրենքից: Աստվածամայրը նույնպես այս օրենքից ձերբազատված էր, ինչպես հավաստում է շարականագիրը. «Յղութիւն անսերմնական, ծնունդ անարատ և կուսութիւն յետ ծննդեան մնալով անապակ»:

Հետևաբար Մարիամը սովորական կանանց պես չուներ սրբության խորհրդակատարման կարիքը: Այնուամենայնիվ, թե՛ Հիսուս և թե՛ Աստվածամայրը կամովին՝ որպես խոնարհության լիիրավ դրսևորում, հնազանդվեցին օրենքին: «Նա, Ով Սինա լեռան վրա Իր Ծնողի հետ օրենքներ տվեց, մարմին առնելով, եկավ կատարելու օրենքը և մարգարեությունները» (սբ. Եփրեմ Ասորի):

Այսօր էլ քրիստոնյա ընտանիքի հայ մայրերը, հետևելով Աստվածամոր օրինակին, իրենց քառասնօրյա մանուկներին գիրկն առած, քայլերն ուղղում են դեպի Մայր եկեղեցի: Արարողության ընթացքում երգվում է Տեառնընդառաջի շարական, քահանան կարդում է Ղուկասի ավետարանից այն հատվածը, որ վերաբերում է քառասնօրյա Մանուկ Հիսուսի տաճար գալուն (Ղուկ. 2:22-32): Ապա քահանան նորածնին գրկած բարձրանում է խորան, հատուկ արարողակարգով երեխային ընծայում է Աստծուն՝ հայցելով, որ Տերը խաղաղությամբ պահի ու պահպանի և օրհնի մանկանը, փրկի երևելի և աներևույթ թշնամիներից, որպեսզի մանուկն ապրի ու զորանա քրիստոնեական կյանքի սրբությամբ:

Քառասունքի կանոնը միևնույն ժամանակ մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ՝ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային, որից հետո թույլատրվում է մորը եկեղեցի մտնել, քանի որ քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արնահոսությամբ և այդ օրերին իրավունք չունի եկեղեցի մտնելու: Ծննդյան քառասունքի կարգը երեխային հաղորդակից է դարձնում Հիսուս Մանկանը տաճարի ընծայման հիշատակին:

Իսկ ժողովրդական ավանդույթի համաձայն՝ ծննդկանին ու նորամանուկին հնարավոր վտանգներից պաշտպանելու համար ծննդից հետո առաջին քառասուն օրերի ընթացքում արգելվում է նրանց տանից դուրս գալ, երեխային ինչ-որ մեկին ցույց տալ, որպեսզի երեխան չհիվանդանա և «աչք չկպնի նրան»: Իհարկե, բժշկագիտությունը հավաստում է, որ քառասունքի ընթացքում մայրը և երեխան ավելի խոցելի են դառնում թե՛ վիրուսների և թե՛ հոգեբանական առումով, այդ պատճառով անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել մարդկային հաճախակի շփումները: Իսկ երեխային «աչքից հեռու պահելու համար» նրա հագուստի վրա «թալիսմաններ», աչքի ուլունքներ ամրացնելը քրիստոնեական կրոնի առումով ընդունելի չէ և դիտվում է որպես սնահավատություն: Քրիստոնյա մայրը, ի պաշտպանություն իր զավակի, նախ և առաջ պետք է խուսափի աչքի ուլունքներից, թալիսմաններից՝ դրանք փոխարինելով խաչի նշանով, որով Ամենակալ Տերը պահպանում և նախախնամում է փոքրիկին:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

01.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․