Գրքեր

Ընկերների հանդեպ հոգածություն

«Տեսավ և թողեց անցավ» (Ղուկ. 10.32

Տեսնել դիպվածն ու պատահարը, տեսնել գործված ոճիրը, տեսնել մահամերձ մարդուն, տեսնել հոգով անկում ապրածին ու թողնել-գնալ՝ դա հարիր չէ սիրտ և զգացմունք ունեցող մարդուն:

Գործված որևէ չարիք, որևէ ոճիր՝ լինի դա մարդու անփորձության հետևանք, թե նրա կրքերի ու հուսահատության թելադրանք, լինի այդ մարդը չարագործների թե որևէ այլ պարագայի զոհ, միևնույն է, նրան օգնելն ու օժանդակելը, դարմանելը և սփոփելը քրիստոնեական ու մարդասիրական պարտականություն է:

Կարիք չկա փնտրելու, թե որտեղից է եկել այս կամ այն չարիքը կամ ձախորդությունը, մարդու անխոհեմությունի՞ց, թե՞ անխելքությունից: Էական չէ, թե ում կողմից է գործվել ոճիրը և թե ով է տուժողը, հարկավոր է սրտի ու մտքի լայնախոհությամբ և քրիստոնեական ազատամիտ ոգով բովանդակ աշխարհը մի մեծ ընտանիք համարել ու մոտենալ ընկածին, թշվառին, մոտ գնալ ցավագնածին ու դժբախտին, վիրավորին և տառապյալին, օգնել ու խնամել՝ առանց խտրություն գործադրելու:

Օ՜հ, որքա՜ն հաճելի և քաղցր է գթության ընդհանրական սկզբունքն ու պարտավորությունների գիտակցումը...

Գթասրտության ու մարդասիրության Աստված Ինքն էլ, երբ երկնքից իջավ, Իր գալստյամբ վերանորոգեց ողջ աշխարհն ու վերաստեղծեց Իր հավատացյալներին: Հիսուս Ինքն էլ այդ անսահման գթասրտության ու մարդասիրության սկզբունքով գործեց և քարոզեց, վերցրեց տհաս ու այլանդակ, ողորմ և անձուկ գաղափարներն ու խավարամիտ մտածումները և ազգերին ու ժողովուրդներին իրար միացրեց Ավետարանի ազատաշունչ սկզբունքներով:

Բանիմաց համարվող օրենսգետ այն մարդը՝ որպես լուսավոր մտքի տեր, ուզում էր փորձե՞լ, թե՞ ուսանել մեր սիրեցյալ Փրկչից՝ գիտենալու համար, թե արդյոք ո՛վ է իր ընկերը:

Եվ ինչպես գիտեք՝ աստվածային բոլոր օրենքների ամփոփումն ու բովանդակումն են նախ՝ «սիրել Աստծուն ամբողջ սրտով», և երկրորդ՝ «սիրել ընկերոջը սեփական անձի պես» պատվիրանները:

Հարցասեր օրինականը որևէ առարկություն չուներ առաջին պատվիրանի համար, սակայն երկրորդ պատվիրանի վերաբերությամբ վարանում է, երկբայություն և անգիտություն է դրսևորում ու նեղմտորեն «սիրել ընկերոջը սեփական անձի պես» պատվիրանի ներքո հասկանում էր իր շուրջը եղողներին, իսկ ավելի ընդարձակ սահմանն էլ Իսրայելի որդիների շրջանակն էր:

Ու այժմ էլ նա ուզում է իմանալ, թե ո՞րն է Հիսուսի սկզբունքը, թե արդյոք Հիսո՞ւս էլ էր այդ նեղ սահմանի մեջ գտնում ընկերակցության այդ պարտավորությունը: Ուստի և հարցնում է․ «Ո՞վ է իմ ընկերը»:

Այդ հարցումի միջոցով նա ցանկանում է ճանաչել իր ընկերոջը, որպեսզի օրենքի պահանջի համեմատ իր այդ ընկերոջը նույնպես իր անձի պես սիրի և հոգա նրա բարիքի ու օգտի համար:

Հիսուս ցանկանում է կատարել օրինականի այդ փափագը և այս կենսական հարցի վերաբերյալ արտահայտում է Իր վճիռը, սակայն չի կամենում ուղղակիորեն խոսքով ասել, թե «աշխարհում բնակվող բոլոր ազգերը՝ առանց ցեղային և կրոնական խտրականության, քո ընկերներն են»:

Հիսուս աստվածախոս ու հիանալի առակով է ցանկանում գոհացում տալ օրինականի փափագին և նրան ճանաչեցնել ճշմարտությունը: Հիսուս Իր առակում օրինականի առջև պատկերում է Երուսաղեմից Երիքով իջնող մի մարդու, որը, գուցե ասեք, եթե մնար Երուսաղեմում և այնտեղից դուրս չգար ու չբաժանվեր Երուսաղեմից, որն իր խաղաղավետ և անմահական բնակավայրն էր, չէր մատնվի այդքան փորձությունների, քանի որ Երուսաղեմից մեկնելուց հետո էր, որ փորձությունները հաջորդեցին մեկը մյուսին և այդ խեղճ մարդն իր ճանապարհին ընկավ ավազակների ձեռքը:

Այսպիսով, Երուսաղեմը պատկերն է փափկության դրախտի, իսկ Երիքովը խորհրդանշում է ցավերի և տառապանքների աշխարհը, ավազակները՝ տարտարոսի իշխանին ու նրա սադայելյան խմբին, որոնք կողոպտեցին խեղճ մարդուն, մերկացրին նրան և ինչ որ ուներ հափշտակեցին, խլեցին Աստծու պարգևներն ու շնորհները:

Եվ դեռ այդքանով էլ չբավականացան, այլև ծեծեցին, ցավալի հարվածներով վիրավորեցին, ծանր վերքեր հասցրին ու նրան կիսամեռ թողնելով՝ հեռացան:

Որքա՜ն դժբախտ էր այդ մարդը. իր ամբողջ ունեցածը կորցնելուց զատ նրա կյանքն էլ, ահա, վտանգի մեջ էր, մոտ էր նրա վախճանը, արյունը հորդառատ հոսում էր, վիրավորված էր նրա գլուխն էլ, սիրտն էլ, և այս մարդն ընկել-մնացել էր անտառի մի անկյունում:

Մահն անխուսափելի էր, և կիսափակ աչքերը չորս կողմ հառած՝ նա օգնություն, դարման ու սպեղանի էր փնտրում, սակայն նրա օրհասական, հոգեսպառ մրմունջն ու հեկեկանքը լսող չկար. անտառի ժայռերը, ծառերն ու թփերն էին միայն նրա ընկերն ու կարեկիցը:

Եվ ինչպիսի՜ բարեբախտություն այդ ընկած ու վիրավոր մարդու համար. այդ ճանապարհով, այդ շավղով գալիս-անցնում է այն մեծանուն ու փառավոր քահանան, որը բազմում էր բարձր գահի վրա՝ ոսկեճամուկ հանդերձներով պճնազարդված, ու որի ճակատին փայլում էր «ճշմարտություն» վերտառությունը, սակայն սիրտն անզգա, անտարբեր ու դատարկ էր:

Այս քահանան մի պաղ հայացք է գցում այդ ընկած մարդու վրա, տեսնում է, որ նա լողում է արյան մեջ, լսում է այդ խեղճի աղեկտուր ու ողբագին հեծեծանքը, սակայն քահանայի սիրտը տեղից չի շարժվում, հոգին չի թնդում. նա իր դեմքը թեքում է և արագ քայլերով հեռանում. ահավասիկ, «տեսավ և թողեց անցավ»:

Միևնույն ճանապարհով գալիս-անցնում էր ղևտացին՝ գիտուն ու բանիմաց, խելքի և քաջության տեր մեկը: Նա էլ է կանգ առնում, նայում ու տեսնում ընկած և վիրավոր մարդու վիճակը, նրա մահամերձ կացությունը, բայց նա էլ օգնության չի հասնում, նա էլ չի ուզում ձեռք մեկնել, այլ արագ քայլերով հեռանում է այդ տխուր ու մահաբույր տեսարանից:

Վիրավոր մարդն արդեն կորցրել էր իր ակնկալիքներն ու հույսը, երբ ահա գալիս և օգնության է հասնում մեկը, ով ո՛չ հրեա էր, ո՛չ ղևտացի, այլ սամարացի՝ հրեաների համար ատելի ու նողկալի մի ցեղի ներկայացուցիչ:

Հրեաները սամարացիների հետ չէին շփվում, նրանց հետ նիստ ու կաց, ուտել և խմել չունեին, ոչ էլ անգամ խնամիություն էին անում սամարացիների հետ, և մեր Փրկիչ Հիսուսին էլ այսպես էին կոչում. «Դու սամարացի ես և Քո մեջ դև կա»:

Սակայն այս արհամարհված ու նախատված սամարացին՝ նույն Ինքն Աստվածային գթությունը, Աստծու Միածին Որդին էր, Որն Իր փառահեղ ձին հեծած՝ դյուցազնական արագությամբ ընթանում էր, սակայն այդ տեսարանի առջև կանգ է առնում:

Աստվածորդին Երուսաղեմից, այսինքն՝ երկնքից երկիր էր իջել, Իր ճանապարհին տեսավ այդ ընկած մարդուն ու գթաց նրան, անմիջապես ձիուց վար իջավ, գնաց-մոտեցավ վիրավորին, տեսավ նրան արյունլվա, վիրավոր ու մահամերձ վիճակում՝ անզգայացած և աչքերը փակ:

Սամարացին չխորշեց և չզզվեց, այլ լվաց, սրբեց վիրավոր մարդու վերքերն ու դրանց վրա ձեթ և գինի դրեց, վիրավորին էլ գրկեց ու դրեց իր գրաստի վրա:

Դա Հիսո՛ւս էր, որ գրկեց վիրավոր մարդկությանը և դրեց Իր խաչի վրա, ու նրան տարավ-հասցրեց մի պանդոկ, այսինքն՝ աստվածընկալ Կաթողիկե Սուրբ Եկեղեցի, և պանդոկապետին երկու դահեկան տվեց, որ կարող են խորհրդանշել Հին և Նոր Կտակարանները, կամ էլ սերն ու գթությունը, և կամ մկրտությունն ու հաղորդությունը, և պանդոկապետին պատվիրեց խնամել այդ վիրավոր մարդուն՝ խոստանալով, որ Իր երկրորդ գալստյան ժամանակ բոլոր ծախսերը պիտի փոխհատուցի:

Այս աստվածախոս առակն ավարտելով՝ Հիսուս ասաց. «Արդ, այժմ, ո՛վ օրինական, դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ դատաստան կանես այդ երեքի հանդեպ, ո՞վ բարեկամ և ընկեր եղավ ավազակների ձեռքն ընկած այդ դժբախտ ու վիրավոր մարդու համար. քահանա՞ն, ղևտացի՞ն, թե՞ սամարացին»:

Եվ օրինականը պատասխանեց. «Նա, ով ողորմություն գործեց»: Իսկ Հիսուս էլ ասա. «Գնա՛ և դո՛ւ էլ նույնն արա»:

Հիսուս Ւր այս աստվածախոս առակով հարցասեր օրինականին բացատրեց, թե ով է իր ընկերը, և արդարև, այդ առակի ընկալման տեսանկյունից շատ ընդարձակ է «ընկեր» հասկացության սահմանը: Այն կարող է տարածվել աշխարհի բոլոր մարդկանց վրա՝ առանց ազգային ու կրոնական խտրականության. ամենքն էլ մարդկության ընտանիքի անդամներն ու միմյանց ընկերներն են, ինչպես Երուսաղեմից Երիքով իջնող այդ մարդը, որը չէր պատկանում որոշակի ցեղի կամ ազգության:

Հիսուս այդ մարդասիրական գթության ընդհանուր սկզբունքն Իր վրա ցույց տվեց և ասաց. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13): Եվ արդարև, Քրիստոս զոհեց Իր անձը, Իր անգին արյունը թափեց ու հեղեց հավատացյալներիս փրկության համար և սուրբ Ավազանի մկրտութհամբ ու սրբալույս մյուռոնի օծմամբ լվաց վիրավոր մարդու վերքերը:

Հիսուս դարմանեց այդ վերքերը անապակ գինով՝ այդպիսով Իր փրկարար արյունը տալով, և ընկած ու մահամերձ մարդուն փրկեց և ազատեց մահից ու գերեզմանից...

Մենք նույնպես, սիրելինե՛ր, Երիքովի ճանապարհի վրա ենք և կամենում ենք վերադառնալ մեր երկնային բնակավայրը՝ Երուսաղեմ: Սակայն Երիքովի այս ճանապարհը նեղ է և փշերով լեցուն: Ամեն տեսակի գողեր ու ավազակներ են վխտում այս ճանապարհին. սրտի, մտքի, պատվի գողեր:

Մեզանից շատերը գուցե տարբեր ժամանակներում, այլևայլ հանգամանքներում կողոպտվել ու զրկվել են աստվածային շնորհներից, կողոպտվել են սրտի բարությունից, առաքինություններից և մտքի ունակություններից: Ու թերևս մենք ամենքս էլ վիրավորվել ենք որպես սխալական մարդիկ, քանի որ ամենքս էլ մեղքեր, հանցանքներ ու թերություններ, վշտեր և ցավեր ունենք:

Եվ ո՞վ վերքեր չի ստացել Երիքովի այս դժնի ճամփաներում, եղբայրնե՛ր: Ու արդյո՞ք մեզանում մեծ թիվ են կազմում կարեկցողները, գթացողներն ու օգնության ձեռք մեկնողները:

Չէ որ մենք էլ շատ հաճախ անկարեկից, անզգա ու անտարբեր սրտով, ինչպես քահանան և ղևտացին, անցնում ենք վիրավորված ու տառապյալ մարդու կողքով, ականատես ենք լինում նրա կրած բոլոր չարչարանքներին, տեսնում ենք նրա հուսահատ և լքված վիճակը, տեսնում ենք, որ նա բարոյական մահվան դռանն է հասել, սակայն «իմ ինչի՞ն է պետք» ասելով՝ մեր դեմքը մի կողմ ենք շրջում ու հեռանում ենք:

Մինչդեռ ինքներս մեծագույն մխիթարությունն ունենք՝ սամարացի Հիսուսին, որ մեր ամենաողորմած Աստված է: Նա միշտ պատրաստ է մեզ գրկաբաց ընդունելու, նա պատրաստ է մեր վերքերն ու խոցերը կապելու, սպեղանի դնելու, բուժելու և առողջացնելու:

Ուրեմն հարկ է, որ մենք էլ Նրա ճանապարհի վրա լինենք, Նրա ուղենշած լուսավոր շավղով ընթանանք, Նրան ցույց տանք մեր վերքերն ու խոցերը, բացենք մեր սրտերը, բացենք մեր հոգու և մտքի առագաստները, լսենք Նրան, ունկնդիր լինենք Նրա պատվիրաններին, փարվենք ու կառչենք Նրա քարոզած հավատքի ճշմարտությանը, և այնժամ Նա Իր ամենազոր աջն ու բազուկը պիտի կարկառի մեզ ու պիտի ազատի մեզ վիրավորող բանսարկու թշնամու ձեռքից:

Այդժամ Հիսուս մեզ պիտի բարձրացնի մի երանական բարձրության վրա, ուր անկարող կլինեն բարձրանալ և հասնել թշնամիների նենգությունն ու դարանակալ բոլոր որոգայթները:

Պիտի գիտենանք, որ Քրիստոսի պաշտպանությունից ու հովանավորությունից զուրկ կյանքով ապրող մարդու համար Երիքովի ճանապարհին ամեն վտանգ և ամեն արկած կարող է պատահել:

Ներկայումս շատերը հրեա օրինականի նեղ ու անձուկ գաղափարների կրողներն են, ամեն ոք միայն իր տոհմի, իր ցեղի, իր պատկանած եկեղեցու հետևորդների մասին է միայն խորհում՝ առանց «նկատելու», որ Քրիստոս մեկ է, մեկն է Նրա Եկեղեցին, մեկն է մկրտությունն ու հավատքը, մեկ՝ Ավետարանը և քրիստոնեությունը:

Եվ այդ վերոհիշյալ ընկալման պատճառով էլ նվազում է քրիստոնեական ընդհանուր եղբայրության ու մարդասիրության ոգին: Ցավալի է ասել, որ նույնիսկ եկեղեցիների խորանների վրայից, դպրոցների հարկից ներս և օրաթերթերի էջերին խտրականության ոգին է քարոզվում, և ամենքը, մեջբերված աստվածախոս առակի հերոսներից քահանայի ու ղևտացու նման, տեսնում են կարիքի մեջ եղողին և անցնում-գնում են…

Տեսնում են նեղյալներին, տեսնում են անօթևանին ու քաղցածին և թողնում-անցնում են, լսում են շատերի լալագին աղերսն ու հեռանում են: Տեսնում են ժողովրդի տգիտությունն ու անկրթությունը, սակայն չեն օգնում, այլ լքում են նրանց: Տեսնում են ժողովրդի մոլորված վիճակը, սակայն չեն խրատում, այլ անցնում-գնում են…

Տեսնում են որբի և այրու խղճալի վիճակն ու ծայրահեղ կարիքավորությունը, սակայն չեն ողորմում, այլ թողնում են նրանց: Տեսնում են չքավորության, թշվառության մահահանգույն, իսկատիպ պատկերներն ու մոտ չեն գնում նրանց, այլ թողնում և հեռանում են:

Սակայն ո՞վ պիտի հասնի ու օգնի վիրավորին, ո՞վ պիտի լվանա նրա վերքերը, ո՞վ պիտի սպեղանի հայթայթի, ո՞վ նրան իր ուսերի վրա պիտի դնի և ո՞վ պիտի նրան տանի ու հանձնի լույսի, խաղաղության և անդորրության պանդոկին, բարեկրթության ու դաստիարակության պանդոկին՝ հոգալով դարմանի բոլոր ծախսերը:

Չէ որ վիրավորվածն իր վիրավոր վիճակի մեջ, հիվանդն իր հեծեծանքների ու ցավերի մեջ իր աչքերը մշտապես հառում է մարդասեր սամարացուն...

Մենք ամենքս էլ զանազանատեսակ զանցառություններ ենք գործել, որոնք շատ վնասաբեր են եղել ու ծանր են նստել մեզ վրա, և մենք դառնապես տուժել ենք այդ զանցառությունների պատճառով:

Երբեմն մենք զանցառություններ ենք գործում մեր ընտանեկան հարկի ներքո՝ հախուռն և անտեղի ծախսեր անելով, այլանդակ սովորությունների տրվելով, բավարար հոգածություն ու խնամք չցուցաբերելով… սակայն ի վերջո դառնապես զղջում ենք մեր զանցառության և անտարբերության համար:

Երբեմն տեսնում ենք մեր զավակների կրթության անարդյունավետ ու դանդաղընթաց եղանակը, որը անպտուղ ու անօգուտ է մի վարժարանից դեպի մյուս վարժարան գնացող ամուլ մտքերի համար. նրանք հասակ են առնում, մորուք է աճում նրանց դեմքին, սակայն տակավին նախակրթարանի գիտելիքներ ունեն՝ լինելով խեղճ ու կրակ ուսանողներ, որոնց ներկան խղճուկ է, իսկ ապագան՝ անհույս:

Եվ մենք՝ որպես ծնողներ, այդ ամենը տեսնելով՝ աչք ենք փակում ու ասում ենք. «Ինչ որ ուզում է, թող այդ էլ անի»:

Երբեմն տեսնում ենք մեր զավակների ոլոր-մոլոր ընթացքը սանձարձակ ազատության, աղտեղի բարքերին հետևողության մեջ, երբ նրանք բոլորովին կորցնում ենք իրենց խոնարհությունն ու պարկեշտությունը, սակայն մենք անհոգ ենք գտնվում, ինչպես այն քահանան և ղևտացին. «տեսավ և թողեց անցավ»:

Երբեմն մենք տեսնում ենք մեր արյունակից եղբայրներին և ազգակիցներին բարոյապես վիրավոր ու դարմանի կարոտ վիճակում, մտավոր խեղճության և կարիքի մեջ, նաև լսում ենք նրանց սրտաճմլիկ ողբի ձայնը, սակայն աչքներս գոցում և խցում ենք ականջներս. «տեսավ և թողեց անցավ»:

Երբեմն էլ մեր շուրջը տեսնում ենք այնպիսի արբեցողների, գինեմոլների, ծխամոլների և խաղամոլների, որոնք մեծ-մեծ կորուստներով դուրս են ելնում գինետներից ու խաղատներից, որոնք արագացնում են իրենց մահը, իրենց կորուստը և կործանումը:

Տուն, ընտանիք ու զավակներ անխնամ թողած՝ այդպիսիք հյուծվում ու մաշվում են, և մենք այդ ամենը տեսնելով՝ օգնության չենք հասնում, չենք խրատում ու չենք հորդորում հետ կանգնել իրենց այդ բարոյական կործանումից, և թերևս որոշ մարդիկ կգտնվեն, որոնք կծիծաղեն այդպիսիների կորստյան վրա:

Այդպիսի վարմունքով, սակայն, մենք հանրային օգտին և բարիքին է, որ վնաս ենք պատճառում…

Ահա այստե՛ղ է, եղբայրնե՛ր, ամփոփվում աստվածային պատվիրանը, որը պատգամում է. «Գնա՛ և դո՛ւ էլ նույնն արա»: Ուստի մենք չնմանվենք ո՛չ հանցավոր քահանային, և ո՛չ էլ զանցառու ղևտացուն, այլ սամարացի Հիսուսի՛ նման վարվենք, Նրա՛, Ով «ողորմություն գործեց»:

Ո՜վ անցորդ, ով էլ որ լինի քո ճանապարհին, ում էլ որ տեսնես լքված և ընկած, կողոպտված ու հափշտակված, վիրավոր և մահամերձ վիճակում, մի՛ հարցրու, թե որ ազգի կամ ցեղի ներկայացուցիչ է նա, այլ իջի՛ր բարձրությունիցդ, ամենևին մի՛ խորշիր և մի՛ նողկա, այլ սիրի՛ր մարդկությանն ու մոտեցի՛ր նրան՝ դարման անելու:

Կարիքավորին մխիթարի՛ր իր վշտերի ու ցավերի մեջ, ինչով որ կարող ես օգնի՛ր նրան, և Աստծուն առավել հաճելի պիտի լինի, եթե առանց խտրություն դնելու փութաս օգնելու:

Դա իսկ է առաքինական վսեմությունը՝ համաձայն Տիրոջ կողմից մեզ ցույց տրված օրինակի, Նրա՛, Ով խտրություն չէր դնում Իրեն դիմողների միջև, այլ լսում ու գթում էր նրանց, ովքեր դիմում էին Իրեն:

Մենք էլ, եղբայրնե՛ր, հետևենք մեր սիրեցյալ Փրկչի օրինակին, մենք էլ բարոյապես ու նյութապես օգնենք մեր ընկերներին՝ հավատալով, որ Աստված փոխարենը առատապես պիտի հատուցի մեզ:

Եվ Նա, Ով երկնքից իջավ, լվաց ու սրբեց Իր հավատացյալներին, կապեց մեր վերքերը և մեզ արժանի դարձրեց Իր կենդանարար Մարմնի ու Արյան փրկարար խորհրդին, Նա՛, Ով Իր փրկարար Արյամբ լուսավորեց ողջ աշխարհը, թող որ մեզ էլ սրբի մեր մեղքերից, մաքրի մեր հոգիներն ու սրտերը և մեզ արժանի դարձնի Իր գթության շնորհներին. ամեն:

 

 

Սպասավոր Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու, «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար»,Կ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

17.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․