Գրքեր

Ընտանիք կազմելու ճանապարհին

Հատկանշական է, որ սիրո մասին խոսելիս և ընտանիք կազմելու ճանապարհին երիտասարդները երբեմն սերը և սիրահարվածությունը միմյանց հետ շփոթում են: Ռուս հոգևորական Իլյա քհն. Շուգաևը նշում է, որ սիրո խորհրդի նկարագրությունն անհիշելի ժամանակներից ի վեր լավագույնս տալիս է Աստվածաշունչը. «Երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24): Իսկ սիրահարվածությունը զգացմունք է, սակայն դեռ սեր չէ, թեև սիրահարվածությունը շատ անգամ ավելի արտահայտիչ է թվում, քան սերը: Բնականաբար երիտասարդները սիրո ընկալումը հասկանում են յուրովի՝ կախված իրենց աշխարհընկալումից, արժեհամակարգից և մոտեցումներից: Այդուհանդերձ, երբ ընտանիք են կազմում, ավելի հաճախ նկատում են, որ առօրյա խնդիրները, կյանքի մարտահրավերները փորձության են ենթարկում իրենց սերը, որն այլևս չունի այն հմայքն ու գրավչությունը, ինչ նախկինում էր և երբեմն իրենց պատկերացումների սիրո ընկալումը սկսում է մարել ու նույնիսկ փոխարինվում է կոնֆլիկտով և փոխհարաբերությունների ճգնաժամով:

Այստեղ առկա է երկու հիմնական գործոն․ առաջին՝ այդպիսի ընտանիքը կառուցվել է սիրահարվածության, այլ ոչ թե սիրո շուրջը, երկրորդ՝ ընտանիք կազմելիս բացակայել է սիրո հոգևոր մակարդակի ըմբռնումը: Իրականում սիրահարվածությունը անցողիկ երևույթ է, իսկ սերը՝ մնայուն, փոխադարձ և շարունակական: Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ Դմիտրի Սեմենիկը առանձնացնում է սիրահարվածության երեք աստիճան: Առաջին աստիճանը՝ մարմնական կիրքն է: Այդպիսի սիրահարված մարդուն չես հետաքրքրում իբրև անհատականություն: Նրան հետաքրքրում է միայն քո մարմնի գրավչությունը, որին ցանկանում է հասնել: Սա էգոիզմի դրսևորում է: Իսկ դա սեր չի կարող լինել: Մեզ կարող է նաև գրավել այդպիսի մարդը, որովհետև ինքներս կարող ենք ունենալ սեփական եսասիրական շահ նրա հանդեպ, ինչպես օրինակ՝ նմանատիպ մարմնական կիրք կամ նրա հաշվին մեր ինքնագնահատականի բարձրացում: Հաճախ այն կոչում են կրքոտ և գրավիչ սեր զույգերի միջև, սակայն իրականում սա ոչ թե սեր է, այլ եսասիրական փոխշահավետ գործարք, որը սկզբում թվում է գեղեցիկ և հրաշալի, բայց որոշ ժամանակ անց փլուզվում է և ավարտվում: Սիրահարվածության այս տեսակը լի է կրքով: Այն առանձնահատուկ է նրանով, որ մարդն աշխատում է իր նպատակին հասնել ամեն գնով: Դրա համար փորձում է բոլոր միջոցներով գայթակղել, հասնել ֆիզիկական շփման և վիրավորվում է, նեղանում, երբ չեն ընդառաջում իրեն: Երկրորդ աստիճանը՝ սիրային կախվածությունն է: Այսպիսի սիրահարվածություն ունեցող անձը ցանկանում է լինել մեր ուշադրության կենտրոնում, մեր հաշվին բարձրացնել իր ինքնագնահատականը: Եթե առաջինի դեպքում մարդն ուզում է տիրել մեր մարմնին, երկրորդի դեպքում՝ մեր հոգուն: Սա նույնպես էգոիզմ է: Հատկանշական է, որ փոխհարաբերությունները նման սիրահարված մարդու հետ միշտ տանջալից են դառնում: Կախվածություն ունեցող մարդը ուշադրություն է պահանջում, կասկածում է, խանդում: Իսկ ամենագլխավորը՝ մեզ չի սիրում, այլ կենտրոնացած է իր ցանկությունների և խնդիրների վրա: Նա մեզ ուշադրություն է դարձնում իր խնդիրները լուծելու, իր բարդույթներին հագուրդ տալու համար, թեև անկեղծորեն համոզված է, որ նվիրված է և պատրաստ է ամեն ինչ անել մեզ համար: Սիրահարվածության երկրորդ տեսակը ճանաչվում է իր խանդի տեսարաններով, նեղացկոտությամբ, մեր բացակայության ժամանակ ծայրահեղ տառապանքի ապրումներով, կեղծ հետաքրքրվածությամբ, դեպրեսիաներով: Ինչպես նաև դրամատիկ փոխհարաբերություններով, հատկապես բաժանման պահերին, երբեմն էլ նույնիսկ ինքնասպանության մտածումներով և փորձերով: Կախվածություն ունեցող անձն այնքան էլ հանգիստ չէ, չի կարողանում պահպանել դրական և ուրախ տրամադրությունը, նրա մոտեցումները նյարդային են և եսակենտրոն: Սովորաբար կախվածությունը նրա խառնվածքի առանձնահատկություններից է, այլ ոչ թե պարզապես իր մոտեցումը մեր նկատմամբ: Ցավոք, սիրահարվածության այս երկու աստիճանները միմյանց միախառնված գերակշռում են ժամանակակից աշխարհում, որտեղ կարծում են, թե սերն անցողիկ է կամ գոյություն չունի: Հատկապես քարոզվում է մարմնական սիրահարվածությունը, և այն ներկայացվում է որպես սիրո բացարձակ չափանիշ՝ համեմված լինելով կեղծ ազատության գրավչությամբ, որտեղ քրիստոնեական բարոյական սկզբունքներն անտեսվում են՝ ի հաշիվ անցյալի հեթանոսական բարքերի վերածնման:

Ականավոր մանկավարժ Վասիլի Սուխոմլինսկին, խոսելով մարդկային բարձրագույն զգացմունքի՝ սիրո մասին, այն ճիշտ կարծիքն է հայտնել, որ բարոյապես բարձր գիտակցության դաստիարակությունը ստեղծում է մարդկային լիարժեք սիրո համար բարոյահոգեբանական ամուր հիմք: Որքան մարդը բարոյապես բարձր է, սիրո հարցերն ավելի ճիշտ լուծումների կարող են հանգել: Այդ իսկ առումով անտարբեր չպետք է լինել երիտասարդության մեջ նկատվող բարոյական սանձարձակության, բարոյական տգիտության երևույթների նկատմամբ: Սիրո բարոյական բնույթի ուժեղացումը ամրապնդում է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ հասարակության բարոյական հիմքերը: Իսկ այն անձը, որին հանդիպում է սիրահարվածության երրորդ աստիճանը, հազվագյուտ հաջողակներից է:

Սիրահարվածության երրորդ աստիճանը ճշմարիտ սիրահարվածությունն է, սկիզբը սիրո ծննդյան: Այս դեպքում մարդու համար գլխավորն այն չէ, թե ինչ կարող է ստանալ մեզանից: Նրա համար էական է մեր անհատականությունը, մեր երջանկությունը: Նա կամենում է իր ամբողջ կյանքն ու անձը միահյուսել մեզ հետ ու միասին անցնել մինչև վերջ՝ դեպի հավերժություն: Այդժամ կարող է իրապես սեր ծնվել: Սա իրոք պարգև է: Այդպիսի մարդն անկեղծորեն երջանկություն է կամենում և մեզ չի դիտարկում իբրև հնարավոր «որս»: Ճշմարիտ սիրահարվածության ժամանակ սովորաբար հոգեպես հանդարտ վիճակ է տիրում, այն մաքուր է ու լուսավոր: Այդպիսի անձը զգում է անկեղծ և խորքային հետաքրքրվածություն մեր անձի հանդեպ: Երբ լավ չենք զգում, ձգտում է օգնել և հավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերում, ի տարբերություն կախվածություն ունեցող մարդու` չընկնելով ծայրահեղ տառապալի ապրումների մեջ: Սիրահարվածության այս երեք աստիճաններից էլ, ահա, անհատի մոտ ծնվում են սիրո ընկալումները և սերը:

Հայերենում սերը բնորոշվում է մեկ բառով, սակայն հունարենում այն արտահայտվում է տարբեր իմաստներով ու բառերով: Իլյա քհն. Շուգաևը ընդգծում է, որ հունարենում տղամարդու և կնոջ միջև սիրո մակարդակները արտահայտվում են երեք բառերով՝ ագապե, որը բնորոշում է անձնազոհ սերը, ֆիլիա՝ ընկերական կապվածությունը, էրոս՝ զգայական ներգրավվածությունը: Այսպիսով այն երեք մակարդակ է արտահայտում ՝ հոգևոր, հոգեկան, մարմնական: Իդեալական սիրո մեջ այս երեքն առկա են միաժամանակ, սակայն այդտեղ իր էական դերն է կատարում հոգևոր մակարդակը, որը ենթադրում է անձնական զոհաբերության արժեքը: Ինչպես նաև հոգևոր ընկալումը սովորեցնում է խոնարհության առաքինությունը: Անհատի հոգևոր խոնարհությունը սերը դարձնում է անսահման փոխադարձ հարաբերություններում, իսկ հպարտությունը՝ ժամանակավոր և անցողիկ: Այդ իսկ պատճառով սիրո անսահմանությունն ուրվագծվում է անհատի հոգևոր խոնարհության ընկալմամբ. այն սերն իրապես դարձնում է շարունակական, իսկ անհատի հպարտությունը բնորոշում է իր սիրո սահմանափակվածությունը դիմացինի հանդեպ և իր պահանջների, ամբիցիաների նախապայմանների կարևորությունը փոխհարաբերություններում:

Ավելի լավ հասկանալու համար, թե որն է հոգևոր սիրո աստիճանը, անդրադառնանք սիրո մեջ երկու հիմնական հասկացությունների՝ «լինել» և «ունենալ», որոնք բացահայտում են անձի փոխհարաբերությունները կյանքում և մյուս մարդկանց հետ:

Երբ ընտանիք ենք կազմում, հարց է առաջանում՝ մենք ուզում ենք կին կամ ամուսին ունենա՞լ, երեխաներ ունենա՞լ և այլն, թե կամենո՞ւմ ենք լինել ամուսին կամ կին, լինել հայր կամ մայր և այլն: Սրանք էապես տարբեր մոտեցումներ են: Առաջինի դեպքում, եթե խորքային կերպով դիտարկենք, եսասիրական, ինքնակենտրոն ցանկություն է: Երկրորդի պարագայում լիովին այլ է, ինքդ ես նվիրվում, ինքդ ես փոխվում դեպի ավելի լավը, որպեսզի հրաշալի ամուսին կամ կին, հայր կամ մայր լինես: Ընտանիք կազմող մարդիկ այդպիսին պիտի լինեն: Նրանք պետք  է մտածեն «լինելու», այլ ոչ թե «ունենալու» մասին: Սա հոգևոր մոտեցում է, և հոգևոր ընկալում ունեցող անձը կարող է այն խորքային կերպով ըմբռնել, որովհետև սերը, ինչպես և լույսը, չի վերցնում, այլ հարատևորեն փոխանցում է, տալիս է առանց որևէ ակնկալիքի:

Սիրո հոգևոր մակարդակն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում է ամուր և գեղեցիկ ընտանիք: Այս առումով նաև օգտակար է կարդալ Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը, որտեղ նշվում է, որ սիրո խնդիրը ոչ թե սիրո սուբյեկտի ընտրության հարցն է, այլ սիրելու կարողությունը: Ինչպես նաև Պարույր Սևակն է ասում. «Ամենից դժվար բանը սիրելն է»:

Սիրահարվածությունը բավարար չէ ընտանիք կազմելու համար, անհրաժեշտ է սեր, այնպիսի սիրո ծնունդ, որտեղ ցանկություն է առաջանում լինել ամուսին կամ կին: Եթե անհատը չունի սիրո այս ծնունդը, այդժամ նա մի օր կարող է հեռանալ: Եվ առանց Արարչի մուտք գործելով սիրո սահմաններից ներս՝ մեզ համար դժվար է լինում ինքնուրույն հաղթահարել այդ ճանապարհին սպասվող փորձությունները: Մենք գիտենք, որ Աստված Սեր է, և Ինքն է սիրո խորհրդի հեղինակը մարդկանց միջև: Ամեն ինչ պետք չէ վերցնել մեզ վրա և ասել. «ես կարող եմ, ես կսիրեմ»: Այստեղ միայնակ չենք կարող գործել և հասնել հաջողության՝ շրջանցելով մարդու համար սիրո խորհուրդը ստեղծող հեղինակին՝ Աստծուն: Մենք պետք է Աստծու առջև խոստովանենք մեր թուլությունները, տկարությունները, մեր անգիտությունը և փնտրել մեր կյանքի ամենակարևոր հարցերից մեկին վերաբերվող Նրա պատասխանը, թե ում հետ լինել: Եթե Աստծու հանդեպ անկեղծ լինենք, ապա Նա կարթնացնի փոխադարձ սերը, որն արդեն միգուցե հասունացել է մեր սրտում, կամ էլ կբացահայտի, որ մեր ճանապարհն այլ է...

 

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

08.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․