10 Օգոստոս, Բշ, Աստվածածնի պահքի Ա օր

Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում նախատոնական խանդավառություն էր

Դեկտեմբերի 17-ին, Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նախատոնական խանդավառություն էր: Ազգային երաժշտության ներքո ողջ համայնքը՝ դպիրից մինչև քահանա, տիկնանց և երիտասարդաց միությունների անդամները, կիրակնօրյա դպրոցի սաները, մեծ թե փոքր իրենց մասնակցությունն էին բերել եկեղեցու շրջափակը ամանորյա և Ս. Ծննդյան շունչ հաղորդելու համար: Ս. Ծննդյան ծառը բազմերանգ խաղալիքներով և լույսերով զգեստավորվեց: Հոգևոր ուրախությամբ պարուրված Ս. Ծննդյան մսուրը և ծառը միաժամանակ հոգևոր ուրախությամբ էին լիացրել շուրջբոլորը: Կյանքի խորհրդանիշ Ս. Ծննդյան ծառն, իր խորհրդավորությամբ, ամենքին հիշեցնում էր Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի մասին՝ Կյանքը Նրանով սկիզբ առավ և կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ (Հովհ. 1:4):

Իսկ Ս. Ծննդյան մսուրը հիշեցնում էր Բեթղեհեմյան սուրբ այրը, որը, ըստ եկեղեցու հայրերի, հանդես է գալիս որպես տեսանելի խորան, սրբություն սրբոց: Նորածին Հիսուսով սրբագործված մսուրը խորհրդաբանորեն կերակրվելու տեղ է, քանզի սնվելով Քրիստոսի Մարմնից՝ ժողովուրդները ստացան ճշմարիտ հոգևոր գիտությունը:

Այս տարի եկեղեցու բակը զարդարել էր նաև Ս. Երրորդության խորհրդանիշը կրող եռանկյունաձև տոնածառն՝ իր մեծ աստղով, որը Փրկչի ծնունդը վկայող Բեթղեհեմյան աստղի խորհուրդն ունի, որ իր լուսատու ընթացքով առաջնորդում էր մարդկանց դեպի Օծյալ Փրկիչը, դեպի Արդարության Արեգակը:

Կիրակնօրյա դպրոցի սաները, մինչ եկեղեցու բակի զարդարումը, մանկավարժ Սիրանուշ Գյումրույանի գլխավորությամբ, մեծ սիրով և ուրախությամբ պատրաստել էին փոքրիկ գույնզգույն տոնածառեր՝ մանկավարժից նախապես տեղեկանալով Ս. Ծննդյան ծառի և աստղի խորհուրդներին:

Տիկնանց միությունը հյուրասիրություն և ցուցահանդես-վաճառք էր կազմակերպել, ապա համայնքի անդամները նաև մատաղ ճաշակեցին:

«Նախատոնական պատրաստությունը ևս մեկ առիթ է բոլորիս համար հաղորդակիցը լինելու աստվածային զոհաբերվող սիրուն: Մեր գիտակցության մեջ հավերժ դրոշմվել է այն փաստը, որ Երկնային Թագավորը մսուրում ծնվեց, ամենապայծառ Լույսը մսուրից ծագեց՝ խոնարհության առաքինության կարևորագույն դաս տալով ամենքիս: Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավատացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

 

Կարինե Սուգիկյան

17.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․