Գրքեր
Գալիլեա անվամբ քանի՞ գավառ է հիշատակվում սուրբ Ավետարանում:

Երկու:  Մի գավառը,  բարձրադիր լինելով, Վերին Գալիլեա է կոչվում, որը մեծ թվով կռապաշտների բնակվելու  պատճառով նաև հեթանոսների Գալիլեա  է անվանվում: Իսկ մյուսը Ստորին Գալիլեա է կոչվում, որտեղ Զաբուղոնի ցեղին հատկացված հողում գտնվում էր Նազարեթ քաղաքը, իսկ Նեփթաղիմի ցեղին պատկանող հատվածում գտնվում էր Կափառնայում քաղաքը: Ահա Հիսուսն այս կողմերում շրջելով քարոզում էր և հրաշք գործում, որպեսզի կատարվի Սուրբ Գրքում Եսայի մարգարեի հայտնած վճիռը:

Այդ գավառում էր նաև Տիբերական ծով կոչված լիճը, որում առաքյալները ձուկ էին որսում, և որը Սուրբ Ավետարանում եբրայեցիների ոճով ծով անունով է հիշատակվում: Ահա  որովհետև այս գավառում արդեն նախապես գիտեին այն, ինչի մասին նշվել է Ժ. հարցում, թե Հիսուսի մկրտությունից անմիջապես հետո երկինքը բացվեց, լսվեց հայրական վկայության ձայնը, և Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ նրա վրա, և մանավանդ նրա մասին Հովհաննեսի վկայությունը, թե ինքն արժանի չէ նրա կոշիկներն անգամ կրելու, ուստի ժողովրդի մեջ նրա անունն արդեն հայտնի էր: Հետևաբար, երբ այդ կողմերը գալով՝ Հիսուսը քաղաքից քաղաք շրջեց ու քարոզեց, սկսեցին նրա օրհնյալ անունը փառավորել:

Ապա Նազարեթ վերադառնալով՝ շաբաթ օրով նրանց ժողովարանն է մտնում, որտեղ Եսայի մարգարեի գիրքն են տալիս Հիսուսին: Նա ոտքի է ելնում կարդալու համար և բացում է այն տեղը, որտեղ իր մասին գրված էր. «Տիրոջ հոգին իմ վրա է, դրա համար օծեց ինձ»: Ընթերցելուց հետո ամենքին ասում է, թե՝ «Այսօր կատարվեց այդ խոսքը»: Եվ բոլոր ներկաները, նրան նայելով, զարմանում են նրա քաղցր ու շնորհալի խոսքերի վրա: Հետո այնտեղից գնում է Հորդանան գետի դիմացի կողմը՝ դեպի Բեթաբրա, որտեղ Հովհաննեսը մկրտում էր ժողովրդին:

Վերևում արդեն նշվեց, որ  հրեաները Երուսաղեմից քահանաներ և ղևտացիներ էին ուղարկել Հովհաննեսին հարցնելու, թե արդյոք ինքը Քրիստո՞սն է, և նա ժխտական պատասխան էր տվել, թե՝  ոչ:  Այժմ՝ հաջորդ օրը, Հիսուսի ներկայությունը նկատելով՝ մատնացույց է անում նրան՝ ասելով. «Ահա Աստծու Գառը, որը վերացնում է աշխարհի մեղքը»: Այս խոսքերով Հովհաննեսը հայտնեց, թե նա գառան նման պետք է զոհվի մարդկային ցեղի մեղքերի քավության համար: Հաջորդ օրը, երբ Հիսուսը շրջում էր այդ կողմերում, Հովհաննեսը վերստին կրկնեց նախորդ օրվա վկայությունը, և նրա աշակերտներից երկուսը, նրան լսելով, գնացին Հիսուսի հետևից. նրանցից մեկը Պետրոս առաքյալի եղբայրը՝ Անդրեասն էր, որը հետո տասներկու առաքյալներից մեկը դարձավ:

Հիսուսը, նրանց տեսնելով, հարցնում է, թե ի՛նչ են ուզում: Նրանք պատասխանում են. «Ռաբբի՛, որտե՞ղ է բնակարանդ»: Եվ պատասխան են ստանում, թե՝ «Եկե՛ք և տեսե՛ք»: Եվ գնալով՝ այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև ժամը տասն էր: Օրինա՛կ առ. այդ երկու աշակերտները, Հիսուսի անունը լսելով, մեծ սիրով նրա հետևից գնացին, որով նրա բնակարանը մտնելու և նրա հետ զրուցելու իրավունքին արժանացան: Եթե նրանց նման կատարյալ սիրով Հիսուսի հրամանին հնազանդվելով՝ դու ևս նրա հետևից գնաս, Աստծու արքայության անվախճան փառքին կարժանանաս:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․