20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր
Հարց 48 – Երբ Իսրայելի դատավորների օրերին Հեփթայեն պատերազմ էր գնում Ամմոնի որդիների վրա, ուխտ կապեց Աստծո հետ` ասելով, որ «եթե Ամմոնի որդիներին ես հաղթեմ, երբ տունս վերադառնամ, ով իմ տանից առաջինն առջևս դուրս գա, քեզ մատաղ կանեմ» (Դատ. 11:30, 31): Հեփթայեն հաղթեց և տուն վերադարձավ: Առաջինն իր մեկ հատիկ դուստրն առջևն ելավ: Ինքը տրտմեց, որովհետև խոստացել էր, որ մատաղ պիտի անի: Երբ դուստրն իմացավ, հոժարությամբ հանձնառու եղավ: Հորն ասաց. «Մի՛ տրտմիր, ուխտդ կատարիր, միայն երկու ամիս ժամանակ տուր ինձ, որ գնամ, ընկերներիս հետ կուսությունս լամ և լեռները շրջեմ»: Գնում է աղջիկը և երկու ամսից ետ գալիս: Սուրբ Գիրքն ասում է. «Եվ կատարեց (հայրը` աղջկան) նրանով ուխտը, որ ուխտեց, և նա տղամարդ չէր ճանաչում» և այլն: Արդ` եթե այդ մարդն աղջկան սպանեց` մատաղ անելով, ուստի որդեսպանության և մարդասպանության մեղք գործեց, որ Աստծո կամքին դեմ է: Եթե չսպանեց, ապա ինչո՞ւ է Սուրբ Գիրքն ասում. «Եվ կատարեց նրանով ուխտը, որ ուխտել էր»:

Պատասխան – Երկար հարցիդ երկար պատասխան է պետք: Այդ հարցդ տարբեր մեկնություններ ունի, որոնցով կբացատրեմ քեզ, թե ի՞նչ ուխտ արեց և ինչպե՞ս կատարեց այն: Հին ու նոր վարդապետներից շատերը Հեփթայեի ուխտը համարում են Աստծուն հատուկ մատուցելիք ողջակեզ` ըստ Հին Օրենքի մորթելով ու այրելով: Քանի որ նրա աղջիկը պատահեց, ուստի հաստատում են ուխտի անխոհեմ լինելը: Սակայն արդարացնում են Հեփթայեի ծանր մեղքը: Ասում են, թե իբր Հեփթայեն, որպես պատերազմող մարդ, այն ժամանակ ամբողջովին բորբոքված լինելով ազգի փրկությամբ, միայն խնդրում էր Աստծուց, որպեսզի ցրվեին ազգի թշնամիները: Ուստի անզգուշաբար ու առանց անհրաժեշտ ընտրության, մանավանդ ըստ ոմանց, անհաղթելի տգիտությամբմ որոշելով Աստծուն ընդունելի մեծ բան անել, այդպես անորոշ ուխտ կատարեց: Ոմանք Սուրբ Գիրքն են վկայակոչում, ուր ուխտի խոսքից առաջ գրված է. «Եվ իջավ Հեփթայեի վրա Տիրոջ Հոգին» (Դատ. 11:29):

Սրանից ենթադրում են, թե Սուրբ Հոգու ազդեցությամբ կատարած կլինի այդ ուխտը` առանց հատուկ անուն տալու: Եվ այս միտքը ևս ասում են, թե երբ վերադարձին աղջիկը դիմացը ելավ, նա արտասվեց, ողբաց և հանդերձները պատռեց, որոնք և հաստատում են ասվածը: Այսպիսի բարեմասնությամբ մեկնելով` արդարացնում են Հեփթայեին թե՛ ուխտի և թե՛ այն կատարելու համար: Մանավանդ ասում են, թե Աստված պարգևեց իրեն այն հաղթությունը, որի համար այդ խոստումը տվեց: Երևում է` կամենում էր ուխտողի բարեմտությունը, քանի որ կարծում էր, թե նրանով պիտի Աստծուն փառավորի, այլ ոչ թե դառնացնի: Այս առումով գուցե արդարանա Հեփթայեն ծանր մեղքերից` վերոգրյալ պատճառների համար, սակայն դեռևս տարակուսանք է մնում` խոստումը կատարելու առումով:

Շատերը կան, որ աստվածային խիստ պատվիրաններն իմանալով, այն է` Սուրբ Գրքի մեջ արգելվում է մարդ զոհելը, չեն ընդունում, թե Հեփթայեն մորթելով մատաղ է արել իր դստերը:

Ճշմարիտ է, որ աղջիկը երկու ամիս ժամանակ ուզեց` իր կուսությունն արտասվելու համար: Այսպես է վկայում Սուրբ Գիրքը. «Թո՛ղ ինձ երկու ամիս, և գնամ, շրջեմ լեռներով և լացեմ իմ կուսությունը» Այս ժամանակը վերցրեց ու իր կուսությունը լացեց լեռների վրա: Ասում են, թե այստեղ մեռնելու մասին խոսք չկա, այլ միայն ողբն է իր կուսության համար, որ առանց տղամարդու էր մնալու ողջ կյանքում:

Նաև խորհում են, որ եթե առաջինների ասածի համաձայն, տգիտության հետևանք էր Հեփթայեի խոստումը, ապա մի՞թե այն երկու ամսվա ընթացքում չկարողացան քահանաներից կամ իշխաններից ճշմարտություն սովորել: Կամ մի՞թե նրանք այնքան տգետ գտնվեցին, որ խոստումը կատարելու համար որդեսպանությունն անհրաժեշտություն համարեցին: Իսկ եթե նրանցից սովորեց, ապա ինչպե՞ս կարելի է հավանական համարել, ո՞վ կհավատա, թե Հեփթայեն իր մոլար խղճմտանքի նկատմամբ այդքան համառյալ մնաց, մինչդեռ սրտի կսկիծով այդ արարքը կատարեց` իմանալով, որ Աստծուն տհաճ է:

Ուրեմն` համաձայն այս կարծիքների, Հեփթայեն իր խոստումն այնպես կատարեց, ինչպես կարելի է անել օրենքով և սրբությամբ, այսինքն` իր աղջկա քաղաքական կյանքը մեռցնելով, այլ` ոչ թե բնական, քանզի զրկեց նրան, իր հոժար կամքով, ոչ միայն տղամարդու հետ կենակցությունից, այլև որդեծնության հույսից, որ այն ժամանակներում նախատելի ու նզովյալ երևույթ էր համարվում: Պարտավորեցնում է նրան մշտնջենավոր կուսությամբ ծառայել Աստծուն, ըստ ոմանց` առանձնանալով տան մեջ` վկայության խորանի մոտ, իսկ ըստ ուրիշների` իր հոր տանն առանձին լինելով: Այսպիսի կյանք վարելը ևս կենդանի ողջակեզ էր համարվում` առանց սրի ու հրի մատաղ ընծայել հոգին ու մարմինը, որ չի զանազանվում արյունահեղ զոհից:

Ոմանք գտնում են, թե Սուրբ Գրքում ևս նկատելի է այդ միտքը, քանզի ինչպես ուխտելուց առաջ, նույնպես և հետո, երբ ասվում է, թե կատարեց ուխտը, չի հայտնում դստեր մահը: Հիշատակվում է միայն կուսությունը և առանց տղամարդու մնալը. «Երկու ամսից հետո վերադարձավ իր հոր մոտ, և նրանով կատարեց ուխտը, որ ուխտել էր, և տղամարդ չէր ճանաչում»: Իբր կամենում է ասել, թե հայրը խոստումը կատարեց: Բայց ինչպե՞ս: Իր կամքով ու համաձայնությամբ չկարգեց իրեն, և դա ճգնողական կուսությամբ կյանքը կենդանի մատաղ անելու նման մի բան է:

Արդ` այս երկու կարծիքներից ելնելով, շատ վարդապետներ ու մեկնիչներ, ողջակեզ բառը նկատի ունենալով, արյունոտ մատաղ անել հասկացան: Եթե ասում են ողջակեզ ուխտեց, ապա դա նշանակում է, որ ողջակեզ մատաղ մատուցեց: Այս կարծիքին համամիտ լինելով` միայն ուխտի որպիսին լինելը հայտնեցին: Ոմանք, ինչպես նախկինում ասացինք, գտնում են, թե Սուրբ Հոգու ազդեցությամբ ուխտեց և նույն Հոգու շնորհով կատարեց: Այդ պատճառով էլ ասում են, թե Պողոս առաքյալը գովեստով է հիշատակում Հեփթայեին (Եբր. 11:32):

Եվ ոմանք, թեպետ գովում են Հեփթայեի պաշտոնասիրությունը, որի պատճառով այդ ուխտն արեց, սակայն ասում են, թե իր զինվորական փափագի ջերմությունից Աստծո կարգած սահմանից դուրս եկավ` առանց մտածելու ուխտադրություն անելով, ինչը հետո կատարեց անհարմար բարեպաշտությամբ ու հավատով: Այսինքն` կամենում են ասել, թե մորթեց:

Հերոնիմոսը, մեկնելով Երեմիայի «Է» գլուխը, ասում է. «Եթե Հեփթայեն իր կույս դստերը մատուցեց Աստծուն, ապա ոչ թե պատարագն է հաճո, այլ մատուցողի անձը»: Ամբրոսիոսն ասում է. «Անկարելի է ամբաստանել մարդուն, որ հարկադրված է կատարել ուխտածը, բայց հարկ է լաց լինել, երբ որդեսպանությամբ է վճարում»: Եվ մեր Եղիշե վարդապետն ասում է. «Աստծուն, որ զվարակների միսը չի ուտում և չի ըմպում նոխազների արյունը, ինչպե՞ս կարող է մարդու արյունը քաղցր լինել, քանի որ մարդու բնությունն անձ չի արարում… իսկ ինչո՞ւ են ասում, թե Հեփթայեան պատարագեց դստերը… ինձ թվում է, թե այն պատարագն ընդունելի չէ՛… այլ բառերի վրիպում է, ժամանակի հետևանք… Քեզ դատարկաբանություն թող չթվա աղջկա այսպիսի խնդրանքը (կուսությունը լալը). այն լավագույնն է, քան պատարագվելու հանձնառությունը… Ոչ ոք, տգիտությունից ելնելով, թող այս պատարագն Աստծուն ամենևին հաճելի չկարծի»:

Սուրբ հայրերն այս առումով չեն երկմտում` արդարների ու սրբերի կարգը դասել Հեփթայեին: Սակայն նրանք, ովքեր աղջկա կուսական անարյուն մատաղ լինելու տեսակետին են նախապատվությունը տալիս, նկատի առնելով, այն ծանր դժվարությունները, որ առաջանում են արյունոտ մատաղից, ասում են, թե դա Սուրբ Գրային շարադրանքին անծանոթ չէ: Անձի բոլորանվեր ընծայումն այլաբանորեն զոհ կամ ողջակեզ է նշանակում: Այդպես Աստված, նայելով հեթանոսների ընծայմանը Քրիստոսի հավատին, ասում է Եսայու բերանով. «Նրանց ողջակեզներն ու պատարագներն իմ սեղանին ընդունելի կլինեն» (Եսայի 56:7):

Մինչ այստեղ վկայակոչված կարծիքներն ու մեկնությունները, եթե հավանում ես, քո կամքին ենք հանձնում: Ինձ այսպես է հաճելի մտածել. որովհետև պատերազմն անտարակույս Աստծո կողմից է. Հեփթայեին հաղթություն տվողն Աստված է և նրա խոստումն ընդունողը ևս Աստված է: Աստված չի կամենում Իր կարգած օրենքների դիմաց մեզանից զոհ և ողջակեզ ընդունել:

Եթե գտնում ես, թե Հեփթայեն իր համառությամբ դստերը մատաղ արեց, ապա ասեմ, որ աստվածային օրենքներին դեմ է այդ գործը: Չպետք է առաքյալը Հեփթայեին սուրբ նահատակների կարգը դասեր: Կամ թե` այս խոստումից առաջ Սուրբ Գիրքն ասում է. «Եվ Տիրոջ Հոգին իջավ Հեփթայեի վրա»: Եթե Սուրբ Հոգու Շնորհն ուներ իր վրա, ապա Սուրբ Հոգու դեմ չէր կարող գործել: Եվ եթե կատարեց իր անսպասելի խոստումը` թշնամիներին հաղթելու փափագով, ուստի կատարեց աղջկա հոժարությամբ` կուսությամբ ու սրբությամբ, անարյուն մատաղ ընծայելով Աստծուն:

Թեև արյունավոր մատաղի բարեգործության արարողությունը մեկօրյա առաքինության գործ է, սակայն ողջ կյանքում մաքրությամբ, սրբությամբ և կուսությամբ սեփական անձն Աստծուն անարյուն մատաղ ընծայելը հանապազընծա մատաղ է: Որքան մարդն առավելագույնն է, քան անբան անասունը, այնքան նախապատվելի է նրա այսպիսի նվիրումը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․