Գրքեր
Հին օրենքի լրումն ինչպե՞ս պետք է հասկանալ:

Որովհետև հին օրենքը տասնաբանյա պատվիրանների, դատաստանական օրենքի, կրոնական և ծիսական սովորույթների, ինչպես նաև մարգարեների գրքերի բովանդակության վրա էր հիմնվում, Հիսուսի մասին բոլոր գրվածները նրա գալստյամբ կատարվեցին: Թեպետ նոր օրենքի հայտնությունից հետո ծիսական արարողությունները դադարեցին, սակայն Հիսուսը վերահաստատեց և լրացրեց տասնաբանյա պատվիրանները և դատաստանական օրենքները, որովհետև հրեա օրենսգետները կամայականորեն էին մեկնում օրենքը, այդ պատճառով էլ Փրկիչը ճշմարիտ իմաստի համաձայն մեկնեց, որպեսզի հակառակ գործելով՝ նրանք պատժի չենթարկվեն:

Օրինակ՝ հին օրենքում գրված էր. «Մի՛ սպանիր»: Արդ, սպանությունը բարկությունից է  ծնվում, հետևաբար Հիսուսը եզրակացնում է, որ մի մարդ, որը եղբոր վրա հանիրավի բարկանալով՝ հիմար է անվանում նրան, արժանի է պատժի, քանի որ անիրավ բարկությամբ վրեժ խնդրելն ու եղբոր սիրտը կոտրելը մեծ մեղք է համարվում, և եթե եղբոր սիրտը վշտացրած մի անձ բարիք ևս գործի, ընդունելի չէ, մինչև որ վշտացած եղբոր հետ չհաշտվի:

Բացի սրանից, ոչ միայն երբ ինքն է վշտացած, այլև երբ իմանա, որ ուրիշներն են իրենից վշտացած կամ իր վրա բարկացած, իսկույն կգնա ու ներողություն կխնդրի և կհաշտվի, այնպես որ Հիսուսը բացորոշ հրամայում է. «Երբ Աստծուն զոհ  ես նվիրաբերում, եթե եղբայրդ քեզնից վիրավորված է, գնա՛, նախ եղբորդ հե՛տ հաշտվիր, ապա ե՛կ ու զոհդ մատուցի՛ր»:

Ուշադրության արժանի է, որ եղբոր դեմ հանիրավի բարկացած վատ խոսողների նկատմամբ պատիժ սահմանելուց հետո, որպեսզի չհուսահատվեն, տեղեկացնում է, թե ի՛նչ եղանակով կարելի է փրկվել՝ ասելով. « Քանի դեռ հակառակորդիդ հետ ճանապարհին ես, հաշտվի՛ր ըստ ճշմարտության և արդարության, որպեսզի դատաստանի օրը հավիտյան չդատապարտվես»: Արդարև, այս պարագայում պատժից այլ կերպ ազատվել հնարավոր չէ, եթե ոչ գնալով ու հանցանքը խոստովանելով այն անձին, որի սիրտը կոտրել ես ու որին վնաս ես պատճառել, և թողություն ստանալով՝ նրա հետ հաշտվես անկեղծությամբ:

Եվ ինչպես որ անիրավող մարդը պարտավոր է ներում խնդրել, այնպես էլ անիրավվածը պարտավոր է ներել, որովհետև ըստ պայմանի և արդարության՝ ներում խնդրող մարդուն ներել չկամեցող անձը, որքան էլ արդար լինի, հանցապարտ կդառնա, քանի որ անկեղծ սրտով ներողություն խնդրել ցանկացող անձին չներելը անգթության նշան է: Բայց և այնպես, ամեն բարկություն հանցանք չէ, քանի որ ուրիշների խաղաղությունը վրդովելու պատճառ եղող չարակամ անձանց ուղղելու և մանավանդ Աստծու պատիվը պահպանելու նպատակով հանցավորներին պատժելն արդարություն է և արժանի է վարձատրության:

Այս պատճառով թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ առաջնորդներն ու դատավորները, չար մարդու նկատմամբ աչառությամբ ներողամիտ լինելով և նրան արժանի պատժի չենթարկելով, իրենք պատժի և դատապարտության կարժանանան:

Այդպես էլ հին օրենքում գրված է. «Մի՛ շնանար»: Հիսուսը դրա շարժառիթը ևս վերացնելու նպատակով ասում է, որ ցանկական մտքով ու տարփանքով կնոջը նայող անձն իր սրտում է նրա հետ շնանում, որովհետև ոչ միայն վատ գործը, այլև վատ դիտավորությամբ չար գործին հավանություն տալն էլ է  հանցանք ու մեղք, քանի որ մարդու աչքը ինչ որ տեսնում է, միտքն էլ իսկույն ազդվում է, որով կամքն էլ հոժարում է: Ուստի եթե ուզում ես մեղքից զերծ լինել, պատճառի՛ց փախիր:

Որովհետև մեղքն այն աստիճան գարշելի ու վնասակար է մարդու համար, որ եթե նրա աջ աչքը և աջ ձեռքը մեղքի պատճառ դառնան, նրա համար լավագույնը այդ անդամները կտրելն ու դեն նետելը կլինի, քան թե դրանք ունենալն ու մեղանչելը: Արդարև, եթե մի մարդու անդամներից մեկի վրա վտանգավոր վերք գոյանա, որպեսզի ամբողջ մարմնի վրա տարածվելով՝ նրա կյանքին մահ չպատճառի, լավագույնը այդպիսի ախտահարված անդամից ազատվելը կլինի: Այդպես էլ որպեսզի մեղքի վերքը մարդու հոգին դժոխք չտանի, նրա պատճառն ամեն կերպ բացահայտել է պետք:

Սակայն այս խոսքով չի ասվում, թե մարդն իրոք պարտավոր է իր աչքը հանել կամ ձեռքը կտրել, այլ պարտավոր է մերժելով իր մոտից հեռացնել իր աջ աչքի և աջ ձեռքի նման  կարևոր և սիրելի որևէ անձի կամ որևէ իր, որն իրեն մեղքի է առաջնորդում: Որովհետև իրենց ունեցվածքի, բարեկամի և սիրելիի պատճառով մեղանչելով՝ շատ մարդիկ կորստյան են դատապարտվում:

Երկրորդ, հին օրենքի մեջ գրված է. «Կնոջն արձակողը արձակման թուղթ պետք է տա»: Բայց այս բանը բնությանն իսկ հակառակ է: Հատկապես քանի որ Աստված ի սկզբանե մեկ այր և մեկ կին էր ստեղծել, Հիսուսը վճռում է, որ երբ կինն իր պատվի դեմ մեղանչած չի լինում, նրան արձակող տղամարդը շնություն է գործել տալիս նրան, և կամ երբ ամուսին ունցող կինը ուրիշի հետ է ամուսնանում, թե՛ կինը, թե՛ նրա հետ ամուսնացողը շնանում են: Որովհետև այս մասին օրենք չկար և միայն հրեաների անգթության պատճառով էր օրենքով թույլատրված արձակման թուղթ տալը, որպեսզի իրենց կանանց չսպանեն. ինչպես որ երբ փարիսեցիները այս խնդրի մասին հարց տվեցին Հիսուսին, նա որոշակիորեն հայտնեց, որ ի սկզբանե այդպես չի եղել, այլ իրենց խստասրտության պատճառով է եղել:

Արդ, նոր օրենքի համաձայն՝ սուրբ եկեղեցու կանոնն է, որ մարդ ու կին ըստ օրենքի պսակվելուց հետո պարտավոր են մինչև մահ սիրով անբաժան մնալ:  Եթե, Աստված մի՛ արասցե, նրանց միջև զանազան պատճառներով անհամաձայնություն լինի, դարձյալ պարտավոր են միմյանց հանցանքները ներելով և ուղղվելու համար միմյանց խրատելով համբերել, քանի որ դա է բարին և օգտակարը, և ոչ թե արձակման թղթով բաժանվել, որը Հիսուսի հրամանին հակառակ է և մեծ մեղք է: Նրանք, ովքեր սուրբ ավետարանի բարի սկզբունքներով ապրելու փափագ և իղձ ունեն, պարտավոր են այս կետում փոխադարձ զիջողությամբ իրենց անձնական նպատակը զոհել ընդհանուրի շահերին, որն իրականանում է քրիստոնեական սիրո, խաղաղության և միության մեջ:

Հին օրենքի մեջ սուտ երդում տալն արգելված էր, բայց  հանուն Աստծու երդվելու թույլտվություն կար: Եվ որովհետև հրեաները սա Սուրբ Գրքի ճշգրիտ իմաստին համապատասխան  չէին ընկալում, որի պատճառով միայն սուտ երդումն էին մեղք համարում, իսկ հարկ չեղած ժամանակ և կամ երկնքով, երկրով, Երուսաղեմով ու իրենց գլուխներով երդվելը մեղք չէին համարում, ուստի Հիսուսը հրամայում է բնավ չերդվել:

Իհարկե, սա չպետք է հասկանալ, թե մարդ խիստ կարևոր, մեծ և ճշմարիտ հարցերում ևս պարտավոր է չերդվել, այլ անպետք և առանց պատճառի երդման մասին է խոսքը: Որովհետև երբ մի ճշմարիտ գործ այլ կերպ հնարավոր չէ ապացուցել, այդ գործը երդմամբ հաստատելը Աստծու մեծությունը, կարողությունը, իմաստությունը և արդարությունը ճանաչելն է: Նմանապես, թե՛ Աստծու անվամբ և թե՛ երկնքով, երկրով, Երուսաղեմով ու մարդու գլխով սուտ, անպետք և առանց պատճառի երդվելը Աստծու պատիվն ու փառքը չճանաչել է նշանակում:

Քանի որ երկինքը նրա աթոռն է, երկիրը՝ նրա պատվանդանը, Երուսաղեմը նրա անվանը նվիրված քաղաք է, իսկ բոլոր արարածները նրա ստեղծածն են, այդ ամենով երդվելը նրա անունով երդվել է նշանակում, իսկ դա մեղք է:  Այդպես էլ, երբ մարդն իր գլխով է  երդվում, մեղանչում է, քանի որ ինքն իր անձի տերը չլինելով՝ չի կարող իր գլխի մի մազն անգամ սպիտակ կամ սև դարձնել:

Ուրեմն այս պարագայում թող վախենան բոլոր նրանք, ովքեր սուտ խոսելու և ստությամբ երդվելու սովոր են, որովհետև ստի հիմքն ու հեղինակը սատանան է, և ով սուտ է խոսում, նրա պատժին մասնակից կլինի: Այս պատճառով Հիսուս Փրկիչը պատվիրեց. «Ձեր խոսքերը ամեն պարագայում ճշմարիտ պիտի լինեն, որովհետև ինչ որ ավելին է, այսինքն՝ ճշմարտությունից դուրս է, չար սատանայի դրդմամբ է»:

Վերոհիշյալ օրենքի լրումի համար անհրաժեշտ պատվերները տալուց հետո դարձյալ պատվիրում է, որ ընկերական սիրո փրկարար սկզբունքների կիրառության մեջ միշտ և ամեն օր միմյանց թերությունները ներելով՝ ջանան ամեն կերպ կատարյալ լինել:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․