9 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԻԳ օր

Գրքեր

Գործք 23.12-35

12 Եւ երբ առաւօտ եղաւ, որոշ թուով հրեաներ ժողով անելով՝ նզովեցին իրենք իրենց, որ մինչեւ Պօղոսին չսպանեն, ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն: 13 Եւ քառասունից աւելի էին նրանք, որոնք իրար հետ այս երդումն էին արել: 14 Սրանք մօտեցան քահանայապետներին ու երէցներին եւ ասացին. «Նզովելով նզովեցինք մեզ, որ բան չճաշակենք, մինչեւ Պօղոսին չսպանենք. 15 բայց դուք հազարապետին, ատեանի հետ միասին, իմա՛ց տուէք, որ նա ձեզ մօտ իջեցնի նրան, որպէս թէ նրա մասին ուզում էք աւելի ճշգրիտ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մօտենալը պատրաստ ենք նրան սպանել»: 16 Եւ Պօղոսի քրոջ որդին, լսելով այս դաւադրութիւնը, եկաւ զօրանոց ու Պօղոսին պատմեց: 17 Եւ Պօղոսը, իր մօտ կանչելով հարիւրապետներից մէկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մօ՛տ տար, որովհետեւ նրան հաղորդելու բան ունի»: 18 Եւ նա նրան առաւ եւ տարաւ հազարապետի մօտ ու ասաց. «Կալանաւորուած Պօղոսն ինձ կանչեց եւ խնդրեց այս պատանուն քեզ մօտ բերել. քեզ ասելու բան ունի»: 19 Հազարապետը, նրա ձեռքից բռնելով, մի կողմ գնաց եւ հարցրեց. «Ինձ հաղորդելու ի՞նչ ունես»: 20 Նա ասաց. «Հրեաները միաբանուեցին՝ խնդրելու քեզ, որ վաղը Պօղոսին ատեան իջեցնես, իբր թէ ուզում են նրա վերաբերեալ աւելի ճշգրիտ հարցաքննութիւն անել: 21 Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից աւելի քան քառասուն մարդ դարան են մտել եւ նզովել են իրենք իրենց, որ ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն, մինչեւ որ նրան չսպանեն: Այժմ պատրաստ են եւ քո հրամանին են սպասում»: 22 Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ նրան պատուիրելով. «Ոչ ոքի մի՛ ասայ, որ այս բաներն ինձ տեղեկացրիր»: 23 Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց ու ասաց. «Պատրաստեցէ՛ք երկու հարիւր զինուորներ գիշերուայ ժամը երեքից, որպէսզի գնան մինչեւ Կեսարիա. նաեւ՝ եօթանասուն հեծեալներ եւ երկու հարիւր նիզակաւորներ, 24 ինչպէս եւ՝ պատրաստի գրաստներ, որ Պօղոսին իջեցնեն եւ ապահով հասցնեն Ֆելիքս կուսակալի մօտ»: 25 Եւ գրեց մի նամակ, որի բովանդակութիւնը հետեւեալն է. 26 «Կլօդիոս Լիւսիաս՝ գերազանց Ֆելիքս կուսակալին՝ ողջո՜յն. 27 այս մարդուն հրեաները բռնել էին, եւ նրանց կողմից սպանուելու մօտ էր նա. իմանալով, որ հռոմէացի է, ես զինուորներով վրայ հասայ եւ նրան ազատեցի: 28 Կամենալով գիտենալ այն յանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան իջեցրի նրանց ատեանը: 29 Գտայ, որ նա իրենց օրէնքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանուած ու մահուան կամ կալանքի արժանի որեւէ յանցանք չունէր: 30 Երբ այս մարդու հանդէպ նրանց կողմից նիւթուած դաւն ինձ տեղեկացուեց, նրան ուղարկեցի քեզ մօտ եւ հրամայեցի, որ ամբաստանողներն էլ խօսեն նրա մասին քո առաջ. ո՛ղջ եղիր»: 31 Եւ հետեւակ զինուորները, հրամանի համաձայն, Պօղոսին առնելով՝ գիշերով տարան Անտիպատրիս: 32 Եւ յաջորդ օրը, թողնելով հեծեալներին, որ նրա հետ գնան, զօրանոց վերադարձան: 33 Նրանք մտան Կեսարիա եւ նամակը կուսակալին տալով՝ Պօղոսին էլ կանգնեցրին նրա առաջ: 34 Նա, երբ կարդաց, հարցրեց, թէ որ նահանգից է. եւ ստուգելով, որ Կիլիկիայից է, ասաց. 35 «Քեզ կլսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ գան»: Եւ հրամայեց պահել նրան Հերովդէսի ապարանքում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․