5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Ավ. ըստ Մարկոսի 10.46-11.11

10.46 Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին: 47 Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»: 48 Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 49 Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն: Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»: 50 Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ: 51 Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»: 52 Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:

11.1 Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային՝ Ձիթենեաց լեռան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. 2 «Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմաց է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կգտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: 3 Եւ եթէ մէկը ձեզ ասի՝ «Այդ աւանակն ինչո՞ւ էք արձակում», կասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կուղարկի»: 4 Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ դրսում՝ փողոցի մէջ, եւ այն արձակեցին: 5 Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»: 6 Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուեցին: 7 Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ: 8 Եւ շատերն իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշները ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ: 9 Եւ նրանք, որ առջեւից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. 10 օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»: 11 Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը՝ ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա տասներկուսի հետ միասին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․