1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 28.1-20

1 Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: 2 Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ: 3 Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը: 4 Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան: 5 Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտրում էք Յիսուսին, որ խաչուեց. 6 այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէք տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր: 7 Եւ իսկոյն գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կտեսնէք: Ահա ասացի ձեզ»: 8 Եւ իսկոյն ահով եւ մեծ ուրախութեամբ գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու: 9 Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմաց ելաւ ու ասաց. «Ողջո՜յն ձեզ». եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան: 10 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէք ասացէ՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»: 11 Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր: 12 Եւ նրանք, ծերերի հետ միասին հաւաքուելով, խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. 13 «Կասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք: 14 Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք եւ ձեզ հոգսից կազատենք»: 15 Եւ նրանք, դրամն առնելով, արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին: Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր: 16 Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա՝ այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր: 17 Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: 18 Եւ Յիսուս մօտենալով խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: 19 Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: 20 Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․