26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Գործք 13.16-43

16 Պօղոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ եւ դուք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. 17 Իսրայէլի այս ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին եւ Եգիպտացիների երկրում պանդխտութեան ժամանակ ժողովրդին բարձրացրեց ու հզօր բազուկով նրանց այնտեղից հանեց: 18 Եւ շուրջ քառասուն տարի ժամանակով անապատում նրանց կերակրեց: 19 Եւ Քանանի երկրում եօթ ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց: 20 Եւ դրանից յետոյ շուրջ չորս հարիւր յիսուն տարի նրանց տուեց դատաւորներ՝ մինչեւ Սամուէլ մարգարէն: 21 Եւ այնուհետեւ թագաւոր խնդրեցին. ու Աստուած թագաւոր տուեց նրանց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սաւուղին, քառասուն տարի: 22 Եւ երբ նրան փոխեց, նրանց համար մէջտեղ բերեց Դաւթին որպէս թագաւոր, որի մասին եւ վկայելով՝ ասաց. “Գտայ Յեսսէի որդի Դաւթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը”: 23 Աստուած, ըստ իր խոստման, նրա սերնդից յարուցեց Իսրայէլի համար մի Փրկչի՝ Յիսուսին: 24 Նրա գալստից առաջ նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել: 25 Եւ երբ Յովհաննէսն իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ”: 26 Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձեզ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27 բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին: 28 Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան: 29 Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին: 30 Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31 որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են: 32 Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33 եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում. “Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ”: 34 Եւ որ նրան յարութիւն տուեց մեռելներից ու այլեւս ապականութեան չի դառնալու, այդ մասին այսպէս է ասում. “Ձեզ պիտի տամ Դաւթին խոստացուած վստահելի սրբութիւնները”: 35 Ուստի եւ մի ուրիշ տեղում էլ ասում է. “Քո Սրբին ապականութիւն տեսնել չես տայ”: 36 Սակայն Դաւիթն իր սերնդի ժամանակ ծառայեց եւ Աստծոյ կամքով վախճանուեց ու աւելացաւ իր հայրերի վրայ, եւ նրա մարմինը ապականութիւն տեսաւ: 37 Բայց Յիսուս, որին Աստուած յարութիւն տուեց, ապականութիւն չտեսաւ: 38 Եղբայրնե՛ր, թող ձեզ յայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողութիւն աւետարանւում. 39 եւ այն ամէնից, որոնցից չկարողացաք Մովսէսի օրէնքով արդարանալ, նրանով կարդարանայ, ով հաւատում է: 40 Զգո՛յշ կացէք, գուցէ ձեր գլխին գայ այն, ինչ ասուած է մարգարէների գրուածքներում. 41 “Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, եւ զարմացէ՛ք ու չքուեցէ՛ք. ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու, այնպիսի մի գործ, որին չպիտի հաւատաք, եթէ մէկը ձեզ պատմի այն”»: 42 Եւ երբ Բառնաբասն ու Պօղոսը այնտեղից ելան, աղաչում էին, որ միւս շաբաթ էլ նոյն բաներն ասեն իրենց: 43 Եւ երբ ժողովուրդը ցրուեց, հրեաներից ու հրէութեան դարձած աստուածապաշտներից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի յետեւից, որոնք խօսում էին նրանց հետ ու համոզում նրանց, որ շարունակեն մնալ Աստծոյ շնորհի մէջ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․