19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 15.1-20

1 Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. 2 «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են առնում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»: 3 Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք առնում Աստծոյ պատուիրանը ձեր աւանդութեան պատճառով. 4 քանի որ Աստուած ասաց. “Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը”. 5 եւ՝ “Ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի”: 6 Իսկ դուք ասում էք. “Ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ "Այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է", այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը”. ուրեմն, Աստծոյ խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով: 7 Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեզ վրայ եւ ասել. 8 “Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած, բաժանուած է ինձնից. 9 զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում”»: 10 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով ժողովրդին, ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 11 ոչ թէ ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն»: 12 Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»: 13 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի: 14 Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»: 15 Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»: 16 Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. 17 չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: 18 Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ այն է մարդուն պղծում, 19 քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ: 20 Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․