19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
22 Հունվար, Շբ Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

Աթանաս Հայրապետ

Քրիստոնեական եկեղեցու մեծագույն անձանցից մեկը: Ծնվել է 296 թ.-ին Ալեքսանդրիայում: Իր աստվածաբանական ուսումը ստացավ հայրենի քաղաքի հանրահռչակ աստվածաբանական ճեմարաններում: Սարկավագ է ձեռնադրվել իր քաղաքի Ալեքսանդր Պատրիարքի ձեռամբ և որպես նրա անձնական քարտուղար ներկա է եղել Նիկիայի Ժողովին, ապա որպես Պատրիարք, 328 թ.-ին, երբ հազիվ լրացել էր նրա 33 տարեկանը, հաջորդեց Ալեքսանդրիայի Պատրիարքական աթոռին: Գրեթե իր ամբողջ կյանքը անցկացրեց Արիոսականների դեմ պայքարելով, որը վարակել էր իր շրջանի գրեթե բոլոր եկեղեցիները, հատկապես Բյուզանդիոնը, ամբողջ Փոքր Ասիան, Սիրիան և Եգիպտոսը: Բազմիցս աքսորվեց արիոսական կայսրերի կողմից, սկսած Կոստանդիանոս Մեծից, որը նրան աքսորեց 336 թ.-ին: Վերադարձավ նրա մահից հետո: 339 թվականին իր զորավոր արիոսական հակառակորդների երեսից պարտադրաբար Հռոմ փախավ: Արևմուտքում սերտ կապեր հաստատեց Հռոմի եկեղեցու հետ, որը նրան արիոսականների դեմ պայքարում նեցուկ եղավ, այն ժամանակ երբ արևելքի եկեղեցին գրեթե ամբողջությամբ ընկել էր կիսաարիոսականների ձեռքը, որոնք շարունակ հալածում էին ուղղափառության այս ախոյանին: 346 թ.-ին վերահաստատվեց իր պաշտոնի մեջ, որը ուրիշները բռնագրավել էին: 356 թ.-ին նորից վտարվեց իր աթոռից, բայց այս անգամ թաքնվեց Ալեքսանդրիայի մերձակայքում և վերադարձավ միայն այն ժամանակ երբ վախճանվեց իրեն հալածող կայսրը: Սակայն այս կայսեր հաջորդը՝ Հուլիանոս Կայսրը, 362 թ.-ին նորից աքսորեց նրան: Հաջորդ տարի, վերջինիս մահից հետո, վերադարձավ; Թվով հինգերորդը լինելով, 365 թ.-ին, կարճատև աքսորից հետո վերադարձավ իր Աթոռին, կյանքի մնացած 7-8 տարիները նվիրեց Քրիստոնյա Եկեղեցու վերակազմելուն և Եկեղեցուց ներս Նիկիական Հանգանակին հավատարիմ զանգվածի զորացմանը: Իր գերմարդկային ճիգերը իրենց պտուղները տվեցին նրա մահվանից 7-8 տարի հետո, երբ 381 թ.-ին Կ. Պոլսի տիեզերական ժողովում, վերջնականապես հաղթանակեց Աթանասի տարբերակը, այսինքն Նիկիական Հանգանակը, իսկ արիոսականությունը արևելքի Եկեղեցու խաղաղությունը ավելի քան կես դար խաթարելուց հետո պատմության գիրկն անցավ:

Անդրդվելի անձ էր Աթանասը, մազաչափ իսկ տեղի չտվեց կիսաարիոսականների հարուցած նեղություններին և հալածանքներին: Ժամանակ եղավ, որ ամբողջ Քրիստոնեական Եկեղեցու հոգևորականների մեջ միայն Աթանասն ու իր մի քանի ընկերներն էին հավատարիմ մնացել Նիկիական Հանգանակին: Շարունակ գրում էր Նիկիական Հանգանակի պաշտպանության և արիոսականության հերքման համար՝ ցույց տալով այն վտանգը, դեպի որն էին Եկեղեցին առաջնորդում բարեմիտ կամ չարամիտ կիսաարիոսական եպիսկոպոսները: Հատկապես 360-373 թթ,-ին, հոգին բռի մեջ հավաքած, ջանաց արիոսականությանը հակված եպիսկոպոսներին լուսաբանել, համոզզել և սիրաշահել: Միաժամանակ ընդդեմ Կ. Պոլսի պատրիարք Մակեդոնի, պաշտպանում էր Ս. Հոգու աստվածությունը և ընդդեմ իր բարեկամ Ապողիմարի, որը ասում էր, թե Քրիստոսը մարդկային «մարմինն» և «հոգին» է վերցրել, բայց ոչ թե միտքը, որի տեղը զբաղեցրել է «Աստծո Բանը» այսինքն «Լոգոսը», Քրիստոսի կատարյալ մարդկությունը: Զարկ տվեց վանականությանը, գրի առավ Ս. Անտոնի վարքը: Արևմուտքում ինքը եղավ վանական գաղափարների ներմուծողը, որը Հռոմեական Եկեղեցու հոյակապ և բազմատեսակ վանական միաբանությունների մեջ, պիտի հասներ իր կատարելությանը: Իր վճռական և ուժեղ բնավորությանը միացնում էր աշխատանքի և գործունեության անսպառ կորովը: Իր գրական գրեթե բոլոր գործերն էլ աստվածաբանական, ջատագովական և հակաճառական բովանդակություն ունեն: Ոսկեդարից սկսցած, կարևոր չափով թարգմանվել են հայերեն՝ ավելի քան 40 կտոր: Իր գրությունները Քրիստոնեական Եկեղեցու ամենաարժեքավոր ժառանգության մասն են կազմում: Վախճանվեց խաղաղ պայմաններում՝ 373 թ.-ին:

Նշում ենք Վարդավաառին հաջորդող չորորդ շաբաթ օրը և «Երկոտասան Վարդապետք»-ի հետ, հոկտեմբերի վերջերին:

 

Կյուրեղ Աղեքսանդրացի Հայրապետ

Վերջին համաքրիստոնեական հայրապետն է, որն անցել է տոնելի սրբերի դասը: Ամենակորովի և ամենանշանավոր եկեղեցական գործիչներից մեկն է: Ծնվել է Ալեքսանդրիայում 380 թվականին, 43 թվականին, որպես Թեոփիլոս Պատրիարքի եղբորորդի, երիտասարդ տարիքում մասնակցած է համարվում այն ժողովին, որի ժամանակ 403 թ.-ին գահընկեց արվեց Ոսկեբերանը: 412թ.-ին հաջորդեց իր հորեղբորը: Առաջին գործերից մեկը եղավ Նավատյաց հերձվածողների դեմ կատաղի պայքար ծավալելը, որոնց եկեղեցիները փակեց. հրեաների դեմ, որոնք Ալեքսանդրիայում քրիստոնյաների դեմ խառնակություններ էին անում, որոնց մեծամասամբ վտարեց Ալեքսանդրիայից: Ինչպես նաև սկսեց պայքարել քաղաքի կառավարիչ Ովրեստեսի դեմ, որը պաշտպանում էր հրեաներին և նախանձում էր նրա հեղինակությանը, որ ավելին էր քան իրենը:

Նրա անունը հատկապես կապված է Սբ. Կույսի «Աստվածածին» անվան դեմ սկսվող պայքարի հետ: Կ. Պոլսի Նեստոր Պատրիարքը դեմ արտահայտվեց այս անվանը և փոխարենը ջատագովեց «Քրիստոսածին» ածականը, քանի որ համարում էր, որ Ս. Աստվածածինը միայն Մարդ-Քրիստոսին է ծնուդ տվել: Ալեքսանդրիայի և Կ. Պոլսի աթոռների մեջ գոյություն ունեցող մրցակցությունը, Ալեքսանդրյան աստվածաբանության ունեցած հակակրանքը Անտիոքյանի հանդեպ (Նեստորը Անտիոքում էր ուսանել) և վերջապես Կյուրեղի պայքարասեր բնավորությունը Նեստորին մարտահրավեր նետելու համար իրար միացան: 429 թ.-ին Կյուրեղն, իր «Զատկական Պատգամ» նամակում, պաշտպանեց «Աստվածածին» եզրը: Ալեքսանդրիայում ժողով գումարեց և դատապարտեց Նեստորին: Նույնը հորդորեց անել Հռոմի Կեղեցտինոս Պապին՝ 430թ: Երկու ժողովների որոշումները, իր կողմից 12 նզովքներով և մի հարակից նամակով ուղարկեց Նեստորին, որտեղ Նեստորին թելադրվում էր որոշումներ ընդունել և ստորագրել առաջարկված նզովքների տակ: Կյուրեղը այս հանգամանքների մասին տեղեկացրեց նաև Անտիոքի Հովհաննես Պատրիարքին, որը միաժամանակ Նեստորի ընկերն էր հանդիսանում:

Նեստորը, բնականորեն մերժեց Կյուրեղի ցուցումները և հրապարակայնորեն Կյուրեղի դեմ, իբրև զրպարտչի, քարոզեց, բայց միաժամանակ համաձայնվեց, արդեն ժողովրդականություն վայելող «Աստվածածին» բառը օգտագործել: Իր հերթին, Նեստորը նաև իր այս քարոզները ուղարկեց Անտիոքի Հովհաննես Պատրիարքին, որն էլ նախնտրեց Կյուրեղի նզովքների փոխարեն սրանք ընդունել:

Մինչ այդ, խնդիրը ավելի պաշտոնական հարթակում կարգավորելու համար, այդ օրերի կայսր Թեոդոս Բ. Կրտսերը Եփեսոսում տիեզերական ժողովով բոլոր եպիսկոպոսներին մեկ տեղ հավաքելու առաջարկ արվեց: Հռոմի պապն էլ, հույս ունենալով, որ նմանատիպ հավաքույթի միջոցով խաղաղությունը պիտի վերահաստատվեր, համաձայնվեց: Ժողովը գումարվեց 431 թ.-ին: Երբ Նեստորիոսը կայսրի ներկայացուցիչների հետ Եփեսոս հասավ, Եփեսոսի բոլոր եկեղեցիները իր առջև փակված գտավ, քանի որ Եփեսոսի եպիսկոպոսը Կյուրեղի կողմնակիցն էր: Կյուրեղը եկել էր 50 եպիսկոպոսներով: Պաղեստինի, ամբողջ Փոքր Ասիայի և Հունաստանի եպիսկոպոսները նրա կողմնակիցներ էին: Անտիոքի Հովհաննես Պատրիարքը, իր եպիսկոպոսներով, ուշացավ: Կյուրեղը, ենթադրելով, որ նրանք չպետք է ներկայանան ժողովին, հակառակ 68 եպիսկոպոսների խնդրանքին, որ ժողովը հետաձգեն մինչև անտիոքցիներից հստակ լուրեր գան, հունիսի 22-ին ժողովը բացված հայտարարեց: Պապի ներկայացուցիչներն էլ չէին հասել: Սակայն Կյուրեղը պնդեց, որ ժողովն իր ընթացքը շարունակի: Ինքը, լինելով բարձրաստիճան հոգևորական, գլխավորեց ժողովը: Նեստորն ինքն իրեն արդարացնելու համար կանչվեց: Սակայն մերժեց ընդունել հրավերով եկող չորս եպիսկոպոսներին: Ուստի ժողովը նրան իբրև հերետիկոս դատապարտեց և պաշտոնանկ արեց: Կյուրեղի Նեստորին ուղղված նամակը, որտեղ Կյուրեղը շարադրում էր իր հավատքի տեսակետները, ժողովի կողմից պաշտոնապես ընդունվեց: Երբ մեկ շաբաթ ուշացումով Անտիոքի եպիսկոպոսները հասան, իրենք էլ իրենց հերթին, 43 եպիսկոպոսներով ժողով գումարեցին, և դատապարտեցին ու պաշտոնանկ հայտարարեցին Կյուրեղին: Ի վերջո կայսրը հաստատեց Կյուրեղի գումարած ծողովի որոշումները, որը նաև մեկ ամիս ուշացումով տեղ հասած Պապի պատվիրակությունն արեց:

Իր բուռն բնավորությանը հակառակ, Կյուրեղը կա և մնում է Քրիստոնեական եկեղեցու ամենատիրական աստվածաբաններից մեկը: Ալեքսանդրյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն է, որը Հիսուսի աստվածությունը շեշտելով հանդերձ, չի մերժում կամ նվազեցնում նրա մարդկությունը: Եվ հիմնվելով Աթանասի և Կապադովկիական Հայրերի տեսությունների վրա, համադրեց և սիստեմավորեց Ս. Երրորդության, Քրիստոսի մարդեղության և բնության վարդապետությունը: Կյուրեղի նշանավոր «Մի բնություն Բանին մարմնացելո» բանաձևը միշտ եղել է Հայաստանյաց Եկեղեցու Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը, որով ընդդեմ Նեստորի երկու բնության բաժանող վարդապետությանը, շեշտվում է Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների ՄԻՈՒԹՅՈՒՆԸ: Արևելքի մեջ նա հայտնի է եղել որպես «եկեղեցական հայրերի կնիք» բնութագրությամբ: Եվ իր վերոհիշյալ համադրող բանաձևը, ընդունվել և որդեգրվել է երրորդ տիեզերական ժողովի կողմից, որի վրա դեռևս միացած մնում են հակաքաղկեդոնական և քաղկեդոնական եկեղեցիները: Թողել է ճառեր և մեկնություններ և այլն. որոնք ևս մեծամասամբ, Ստեփանոս Սյունեցու ձեռքով, 8-րդ դարում, հայերեն են թարգմանվել:

Մահացել է 444 թ.-ին:

Հայերս Հայրապետի հիշատակը կատարում ենք Վարդավառին հաջորդող չորորդ շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին 12 Հայրապետների հետ:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․