20 Մայիս, Բշ, Հոգեգալստյան Բ օր: Պահք

Գրքեր

«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»

Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են: «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը: Երբեմն մարդիկ հետամուտ են լինում աշխարհի վայելքներին և դրամ կուտակելուն: Աստծուն անտեսելով երկրի վրա գանձեր դիզելը ագահության նշան է, իսկ ագահությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Ագահությունից կարող են ծնվել այլ մեղքեր` ժլատություն, իշխանատենչություն, հպարտություն և այլն:

Անիրավ տնտեսի առակում ասվում է. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ․ 16:9): Մամոնա ասելով՝ Տերը նկատի ունի հարստությունը, որը պետք է օգտագործել մարդկանց օգնելու համար:

Մեկ ուրիշ տեղ Հիսուս Քրիստոս ներկայացնում է անմիտ մեծահարուստի առակը: Այստեղ անմիտ մեծահարուստը, իր շտեմարաններում ամբողջ բերքը հավաքելով, ասում է. «Գիտեմ, թե ինչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները ու ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ  արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր»: Աստված նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանայ» (Ղուկ․ 12:18-21):

«Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սղմ․ 50:19): Այս տողերը մեզ հիշեցնում են նաև Աբրահամի և Իսահակի պատմությունը: Մեկը նույնիսկ չի ցանկանում իր նյութական ունեցվածքից թեկուզ մի փոքր մաս տրամադրել կարիքավորներին օգնելու համար, իսկ մյուսը պատրաստ է նույնիսկ իր միակ որդուն զոհաբերել` հանուն Աստծո: Այսպիսի խոնարհություն և նվիրվածություն է սովորեցնում մեզ Սուրբ Գիրքը:

Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպում կարդում ենք Ժան Վալժան անունով մի մարդու մասին, որը 19 տարի բանտարկված էր: Եվ բանտից դուրս գալուց հետո գնում է մի քաղաք, որտեղ հանդիպում է Բիենվենյու անունով եպիսկոպոսին: Եպիսկոպոսը նրան հրավիրում է իր տուն և հյուրասիրում: Այս տանը Ժան Վալժանը տեսնում է արծաթե սպասք և հեռանալիս՝ գողանում է այն: Երբ ոստիկանները ձերբակալում են նրան և հետ են բերում, եպիսկոպոսը անմիջապես հասկանում է իրավիճակը և ասում. «Եղբայր, այս երկու արծաթե մոմակալներն էլ էին քո նվերը, մոռացել ես»:

Ահա այսօրինակ մարդասիրություն է մեզ սովորեցնում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Աստված մեզ կյանք և շնորհներ է տվել, որպեսզի մենք դրանք օգտագործենք մեր նմանի` այն է մարդու բարերարության և Աստծու փառաբանության համար: Եվ այս արարքները որպես գանձեր են ընդունվում Աստծու կողմից, չհնացող, չպակասող հարստություն են, որ մեզ հավիտենական կյանքի հույս են պարգևում:

 

 

«Զորավոր» երիտասարդաց միության անդամ

Հերմինե Մանուկյան

 

10.05.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․