Գրքեր

Հուդայի կատարած մեղքի էությունը

Եթե Հուդայի մեղքը խավարի հրեշտակի միջոցով էր, ապա նրա մեղքի էությունը կայանում էր սատանայի ցանկությունների ձգտման և իրականացման մեջ: Խավարի հրեշտակի ձգտումը նպատակամղված էր ամրապնդել իր իշխանությունն աշխարհում: Նա ուզում էր իշխել բոլորի վրա` մտադիր լինելով տապալել Աստծո ծրագրերը: Սատանայի այսպիսի մղումները հստակ արտահայտված էր անապատում փորձության ժամանակ: Նա, Հիսուսին բարձրացնելով բարձր լեռան վրա, ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները ու դրանց փառքը և ասաց. <<Այս բոլորը կտամ քեզ, եթե գետին ընկնելով ինձ պաշտես>> (Մատթ. 4.8): Ահա նա ինչին էր ձգտում: Առաջարկում էր, որպեսզի Ինքը` Աստծո Որդին, որ եկել էր քանդելու սատանայի գործերը (Ա Հովհ. 3.8), երկրպագի իրեն: Քրիստոս եկավ երկրի վրա, որպեսզի վերականգնի առաջին պատվիրանը` քո Տիրոջը երկրպագիր և նրան միայն ծառայիր (Մատթ. 4.10), իսկ սատանան իրեն ներկայացնում էր Աստծո փոխարեն, որպեսզի իրեն երկրպագեն:

Պիղատոսի առաջ Քրիստոս իրեն հայտարարեց թագավոր և բացահայտեց իր առաքելության բնույթը: Երբ Պիղատոսը հարցրեց, թե դու ես հրեաների թագավորը, Հիսուս պատասխանեց. <<Իմ թագավորությունը այս աշխարհից չէ. եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, իմ հետևորդները կմարտնչեին արդեն, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ, բայց, արդ, իմ թագավորությունը այստեղից չէ>>: Պիղատոսը նրան ասաց.<<Թե որ այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես>>: Հիսուս նրան պատասխանեց. <<Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է>> (Հովհ. 18.36-38): Այս հոգևոր արքայության իշխանությունը սատանան վիճարկում է անապատում` ներկայացնելով երկրային թագավորությունը իբրև ճշմարիտ արքայություն <<Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում որ կամենամ, կտամ այն>> (Ղուկ. 4.6): Խավարի հրեշտակը ակնարկում էր, որ ուրիշ թագավորություն, ուրիշ իշխանություն չի կարող լինել և չկա: Եվ կտա իշխանություն բոլոր թագավորությունների վրա և նրանց փառքը, բայց միայն մեկ պայմանով, որ երկրպագի իրեն: Իսկ դա նշանակում էր, որ բոլոր թագավորությունների արտաքին իշխանությունը մնում էր սատանայի ձեռքում:

 

Այսպիսով Քրիստոսի թագավորությունը և խավարի հրեշտակի թագավորությունը ներկայացնում են երկու հակադիր իրողություններ` մեկը մյուսին բացառելով: <<Ով ինձ հետ չէ, ինձ դեմ է>> (Ղուկ. 11.23): Քրիստոս հալածելով դևերին, ոչնչացրեց սատանայի իշխանությունը, թագավորությունը (Մատթ. 12.28, Մարկ. 3.27): Այսպես նա ասաց ցույց տալով, որ սատանան այլևս կատարյալ իշխանություն չունի երկրի վրա: Խավարի հրեշտակը զորեղ զենքերով հսկում էր իր տունը, իր թագավորությունը, իր իշխանությունը երկրի վրա: Բայց Քրիստոս ավելի զորեղ էր. մտնում է նրա տունը, վերցնում զենքերը,

որոնց վրա հույս էր դրել սատանան, նրան կապում ու ազատագրում գերիներին ու բաժանում նրա ձեռք բերածը (Ղուկ. 11.21-22):

Քրիստոսի թագավորությունը իրապես հաստատվեց: Երբ աշակերտները վերադարձան ու ուրախությամբ ասացին. <<Տեր, դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով>>: Եվ նրանց ասաց. <<Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը: Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա>> (Ղուկ. 10.18-19): Արդ, ավերվեց սատանայի գերիշխանությունը երկրի վրա, և ամրապնդվեց Քրիստոսի թագավորությունը: Այս մասին աշակերտներին ասում է, որ մի ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում՚ (Ղուկ. 10.20):

Քրիստոսի գործը կայանում էր նրանում, որ Նրա միջոցով Հայր Աստված մեզ ազատեց խավարի իշխանությունից և ընդգրկեց իր սիրելի Որդու թագավորության մեջ, որտեղ մենք փրկություն ունենք նրա արյամբ և մեղքերի թողություն` նրա մարմնով (Կող.1.13-14):

Ստանալով ամբողջ իշխանությունը երկրում և երկնքում` Քրիստոս առաքյալներին ուղարկեց քարոզելու երկնքի արքայությունը համայն աշխարհում, որպեսզի մարդիկ խավարից դառնան դեպի լույսը (Գործք Առ. 26.18):

 

Դիտարկելով սատանայի գործունեությունը և Քրիստոսի գործի նպատակը` հստակորեն երևում է, թե ինչի մեջ էր կայանում Հուդայի մեղքի էությունը և ինչքան մեծ էր նրա կատարած մեղքի ծանրությունը: Եթե Հուդան խավարի հրեշտակի զենքն էր, իրագործում էր նրա կամքը և իր գործերով ձգտում էր իրագործել սատանայի ծրագիրն ու խնդիրը, այդ իսկ պատճառով հասկանալի էր, որ նրա կատարած արարքը նպատակաուղղված էր քանդելու Քրիստոսի գործը: Երբ մտածում ենք այս մասին, հասկանալի է դառնում, թե ինչքան մեծ մեղք է գործել Հուդան: Իրապես ավելի լավ կլիներ, որ այդ մարդը չծնվեր: Քանի որ բացահայտելով Հուդայի առանձնահատուկ արարքը, մենք կարողանում ենք ընդգծել նրա մեղքի ծանրությունը: Քանդել Քրիստոսի գործը, նշանակում է` քանդել մարդկության փրկության հավիտենական գործը: Դա ոչ թե մեղք էր ուղղված անձնապես որևէ մեկին, այլ մեղք էր ընդդեմ ամբողջ մարդկության: Այն չի վերաբերում որևէ փոքրիկ մի աննկատ դրվագի, այլ մարդու հավիտենական փրկությանը: Հուդայի կատարած մեղքի չափի մասին կարելի է պատկերացում կազմել նաև երբ Ավետարանում ասվում է. <<Եվ ով որ այս ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկնաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը>> (Մատթ. 18.6, Մարկ. 9.42): Ուստի, այսպիսի մարդու համար չլինելն ավելի լավ է, քան լինելը:

Քրիստոսի աղոթքը ուղղված խաչողների հանդեպ <<Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում>> (Ղուկ. 23.34), պարզորեն ցույց է տալիս, որ Հուդան չի գիտակցում այն, թե ինչ արեց, չնայած նրա գործի ծանրությունը բացահայտված էր նրա առջև:

Ելնելով այն հանգամանքից, թե Հուդայի համար ինչ արդյունք ունեցավ իր կատարած արարքը, տեսնում ենք, որ նա չէր պատկերացնում իր արարքն այնպիսին, ինչպիսին իրականության մեջ եղավ: Բնութագրելով նրա հիմնական մեղսագործությունը` ավետարանիչները ուրվագծում են հետևյալ կերպ` ա. նա գող էր (Հովհ. 12.6), բ. նա մատնեց Հիսուսին երեսուն արծաթով (Մատթ. 26.15), գ. նա մատնեց Հիսուսին թշնամիներին

համբուրելով նրան (Մատթ. 26.49), դ. երբ տեսավ իր սխալ հաշվարկները, զղջաց, վերադարձրեց երեսուն արծաթը` գցելով դրանք տաճարում, դուրս եկավ ու կախվեց (Մատթ. 27.3-5):

Հուդայի մեղքը անդառնալի մեղք է ամբողջ մարդկության հանդեպ: Բայց այն ավելի հանդուգն կերպով է արտահայտված Աստծո դեմ: Հուդան կույր զենք էր սատանայի ձեռքում և նրա ծրագրերի հստակորեն կատարողը: Հաստատել սատանայի թագավորությունը, նշանակում է` հաստատել չարի իշխանությունը, այնուհետև վերացնել բարու թագավորությունը և կործանել ամբողջ մարդկությունը և արարչագործությունը:

Արդյոք Հուդան գիտակցու՞մ էր իր մեղքը: Եթե գիտակցում էր, այդ դեպքում ինչպիսի պարագաներում: Պատերացնու՞մ էր դա նա այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում: Այս բոլոր հարցերի պատասխանները կփորձենք տալ, երբ երևան հանենք Հուդայի մատնության նպատակը, կոնկրետ դրության մեջ, երբ այս ամենին անդրադառնանք հոգեբանական տեսանկյունից: Իսկ այժմ սահմանափակվում ենք ընդհանուր դրույթներով:

Նյութը պատրաստվեց ըստ <<Հուդան իբրև մատնիչ>> գրքի` Протоиереи Павел Алфеев ‘Иуда-предатель’, Москва 2005.

Հովհաննես սրկ. Մանուկյան

01.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․