Գրքեր

Ինչպե՞ս օգնել մերձավորին, երբ չարը տիրել է նրան

Սեր ունենանք, հեզություն, խաղաղություն,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Այդկերպ կօգնենք չարի տիրապետության տակ գտնվող մեր մերձավորին։ Մեր օրինակը խորհրդավոր կերպով ճառագում է մեկ այլ մարդու վրա ոչ միայն այն ժամանակ, երբ մարդը կողքիդ է, այլև երբ հեռու է։ Սովորենք այդկերպ փոխանցել մեր բարի տրամադրությունը։

Ավելին, անգամ երբ խոսում ենք մեկ այլ մարդու մասին, որի վարած կյանքին հավանություն չենք տալիս, նա զգում է այդ, և մենք նրան վանում ենք․․․ Բայց եթե ներողամիտ ենք և ներում ենք նրան, ապա այդկերպ ազդում ենք նրա վրա, եթե անգամ նա մեզ չի տեսնում։ Հենց նույնկերպ նաև չարն է նրա վրա ազդում։

Ուստի ոչ միայն չզայրանանք, այլև չդատենք վատաբանողներին, անաստվածներին, հալածողներին և նմանատիպ մարդկանց։ Վրդովմունքը չարիք է պատճառում։ Ատենք նրանց խոսքերը, նրանց չարությունը, բայց մարդուն, որն ասել է դա, չատենք, անգամ չզայրանանք նրա վրա։ Աղոթե՛նք նրա համար։ Քրիստոնյան սեր ու վեհանձնություն ունի և իրեն դրսևորում է համապատասխան կերպով։

Ինչպես ճգնավորը, որին աշխարհը չի տեսնում, օգնում է աշխարհին, որովհետև նրա աղոթքների ալիքն ազդում է մեկ այլ մարդու վրա, Սուրբ Հոգին տեղափոխում է աշխարհ, այնպես էլ դուք, ձեր սերն առատորեն սփռեք՝ առանց փոխադարձ սիրո ակնկալիքի։ Դա արեք սիրով, համբերությամբ, ժպիտով․․․

Սերը պետք է լինի ճշմարիտ։ Սակայն ճշմարիտ է միայն Աստծու սերը, իսկ մարդկայինը միշտ եսասեր է։ Իսկ ինչպիսի՞ն է Աստծու սերը։ Խոսքերով չես փոխանցի, այն պետք է բացահայտվի մեզ համար․․․

Մարդուն, որը հոգեմաշ է անում և խնդիրներ առաջացնում մեզ համար, պետք է աննկատ սիրել, որպեսզի նա չնկատի, որ փորձում ենք սիրել իրել։ Եվ չցուցաբերենք դա առերևույթ, որովհետև մարդն այդժամ կսկսի խոչընդոտել մեզ։

Այս պարագայում կօգնի լռությունը․․․ Լռությունը կփրկի բոլոր չարիքներից։ Լեզուն զսպելը մեծ բան է,- խոստովանեց հայրը։- Ինչ-որ խորհրդավոր կերպով բարի լռությունը բարին է ճառագում մերձավորի վրա։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

16.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․