5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Մուտք Երուսաղեմի» տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Երբ Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ, Նրան դիմավորող ժողովրդի մեջ առավել ուրախություն ապրեցին երեխաները: Ի հիշատակ այս իրադարձության՝ տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Ավետարանում հաճախակի են հիշատակվում երեխաները: Սովորաբար երեխաներն առանձնահատուկ ընկալունակություն ունեն աստվածային օրհնության հանդեպ: Երբ ժողովրդի միջից ոմանք մանուկների բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, աշակերտները սաստեցին բերողներին, բայց Հիսուս ասաց. «Թո՛յլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Երկնքի Արքայությունը» (Մատթ. 19:13-15): Երեխային դեպի Աստված առաջնորդելը յուրաքանչյուր ծնողի սուրբ պարտականությունն է, որպեսզի երեխան, աստիճանաբար մուտք գործելով եկեղեցական կյանք, փոքրուց հնարավորություն ունենա հաղորդակից լինելու այն ուրախությանը, որով լի է քրիստոնեական կրոնը և որն ուղեկցելու է նրան ողջ կյանքի ընթացքում:

Այդ ուրախությունը Ծաղկազարդի տոնին ապրեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի այցելած բազմաթիվ երեխաներ, որոնք Ս. Պատարագի ավարտին մասնակից եղան մանուկների օրհնության կարգին և բակային միջոցառմանը: Նշենք, որ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ներկա գտնվողները մասնակցեցին Առավոտյան ժամերգությանը, ապա՝ Անդաստանի կարգին, որի ընթացքում օրհնվեցին ուռենու ոստերը և բաժանվեցին ներկաներին: Անդաստանի կարգից հետո տոնական Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Սուրբ Պատարագի ավարտին Տեր Գրիգորը երեխաների օրհնության կարգ կատարեց, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը, ապա իր պատգամն ուղղելով նրանց՝ ասաց. «Ծնողներն ամենակարևոր մարդիկ են, որ Աստված պարգևել է ձեզ, սիրելի՛ զավակներ: Ի դեմս ծնողների՝ դուք ստացել եք ձեզ անչափ սիրող ու շարունակ ներող սրտեր, գիշեր ու զօր ձեզ սնող, պահպանող ու ձեր մասին հոգացող դայակներ, ուսուցիչներ ու պաշտպաններ: Ուստի արժևորե՛ք ծնողի հետ անցկացրած յուրաքանչյուր ժամը, հետևե՛ք նրա իմաստուն խորհուրդներին, հեզ ու համբերատա՛ր եղեք, մեծագույն հարգանքով և որդիական խոնարհությամբ համեմեք ձեր սերը նրանց հանդեպ և այնժամ ոչ միայն Աստծու պատվիրանը կատարած, այլև «բարի հույս» (Առակ. 19:18) և «հոգու զարդ» (Առակ. 29:17) կլինեք ձեզ աշխարհ բերողների համար», իսկ ծնողներին հորդորեց. «Սեփական օրինակո՛վ սովորեցրեք երեխաներին Քրիստոսի խոսքը լսող ու կատարող լինել, և դա կլինի լավագույն ժառանգությունը, որ կթողնեք ձեր զավակներին: Սկսեք նրանց ծննդյան իսկ պահից և Աստծու պարգևած յուրաքանչյուր օր բարի սերմե՛ր սերմանեք նրանց դեռևս անապական հոգիներում: Սովորեցրեք կյանքը կառուցել ոչ թե ավազի, այլ ժայռի վրա: Սիրող Հոր պատվիրանները սովորեցրեք նրանց՝ որպես ողջ կյանքի միակ ճշմարիտ ուղեցույց: Եվ թող ծնողական սրտից բխած յուրաքանչյուր աղոթք, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր խոսք ու գործ ուղղված լինի ձեր սիրելի զավակների հոգիների փրկությանը»:

Այս տարի ևս, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը Ծաղկազարդի տոնը մանուկների համար վերածել էր ուրախ տոնախմբության: Տիկնանց միության եռանդուն ջանքերի շնորհիվ եկեղեցու բակը զարդարվել էր գույնզգույն ծաղիկներով, անձրևանոցներով, փուչիկներով, հայոց ավանդական թոնրի տեսարանով, հյուրասիրության սեղաններով՝ Ծաղկազարդյան տոնական տրամադրություն փոխանցելով բոլորին: Եկեղեցու բակը զարդարվել էր նաև տոնական սեղաններով, որ լի էին տոնի խորհրդանիշ ձեռագործ աշխատանքներով, մոմերով և արևելյան քաղցրավենիքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և սիրիահայ համայնքի «Հույս միավոր» տիկնանց միությունների կողմից պատրաստված տոնական սեղանների վաճառքի ողջ հասույթը, ինչպես նշեցին ատենապետուհիները, գործածվելու է բարեգործական նպատակներով:

Բակային միջոցառումն սկսվեց ավանդական դարձած կավճանկարով: Եկեղեցու բակի տարբեր հատվածներում երեխաները, ըատ իրենց տարիքային խմբերի, հայտնվել էին խաղային գունեղ աշխարհներում: Երիտասարդաց միության անդամների և Երևանի Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոցի ավագ դասարանի աշակերտների օգնությամբ երեխաների մի մասը գունազարդում էր տարբեր հեքիաթային հերոսների, մյուսները զարգացնող խաղեր էին խաղում, իսկ ամենափոքրերը խաղալիքներով և ավազով կառուցում էին իրենց փոքրիկ տնակները:

Այնուհետև ներկաներին իրենց հայկական ազգային և ժողովրդական պարերով ուրախություն պարգևեցին Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոցի սաները և դպրոցի «Նազելի» պարային համույթը: Մանուկների համար պատրաստված ուրախալի անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին. տոնական տորթը ճաշակելուց հետո հետաքրքիր խաղերով, երգ ու պարով մանուկների տոնական օրը հարստացրին «Բումբումիկ»-ի Պեպի ծաղրածուն, Քաջ Նազարը և Ուստիան հեքիաթային հերոսները:

Իսկ Ծաղկազարդյան արարողությունների շարքը եզրափակվեց «Դռնբացեք»-ի արարողությամբ, որն ամբողջությամբ Վերջին դատաստանի պատկերավոր վերարտադրությունն է: Արարողության ընթացքում երիցս թախանձագին հնչեց «Բա՜ց մեզ, Տէր, դուռն ողորմութեան» մեղեդին՝ արտահայտելով ամեն մի հավատացյալի սրտի բաղձանքը: Եվ, վերջապես, երկար սպասումից հետո «Զողորմութեան քո դուռն բաց մեզ, Տէր» շարականի երգեցողության ժամանակ բացվեց Ս. Խորանի վարագույրը:

Մարդն ի վիճակի չէ հաղթահարելու այն հեռավորությունը, որ բաժանում է իրեն Աստծուց: Իր ուժերով մարդ չի կարող հաղթահարել մեղքը և արժանանալ Երկնային Արքայության: Այն ուղին, որ մարդը պետք է անցներ և ընդառաջ գնար Տիրոջը, անցավ Աստված և ընդառաջ եկավ մարդուն: Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ Նրա բարի կամքի դրսևորումն էր, որին հետևեց Նրա մեծագույն զոհաբերությունը՝ հանուն մարդկության փրկության, որն էլ մարդկության առջև բացեց նոր կյանքի և Նոր Երուսաղեմի ուղին:

 

Կարինե Սուգիկյան

14.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․