Գրքեր

Նոր փոփոխությունների սկիզբը

Մարդուն հատուկ է նոր ու դրական փոփոխություններին սպասելը: Եվ նոր տարվա մաղթանքների մեջ հնչում են նոր սպասումներն ու փոփոխությունները: Այդուհանդերձ, եթե ունենք այդ դրական սպասումները, որոնք մշտավառ լույսով զարդարում են մեր հույսերն ու բաղձանքները, այդ փոփոխություններն առաջին հերթին պիտի փնտրենք ոչ թե մեր շրջապատում, արտաքին հանգամանքներում, երկրում, այլ ինքներս մեր ներսում՝ ունենալով սրտի ու մտքի փոփոխություն: Այս առնչությամբ առաքյալը հորդորում է. «Եվ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և´ հաճելին, և´ կատարյալը» (Հռոմ. 12.2): Ուստի, յուրաքանչյուր ամանոր անձի համար պիտի լինի նոր հոգևոր փոփոխությունների պատգամ, որովհետև նոր տարին նորովի ապրելու ևս մեկ հիշեցում է բոլորին: Քրիստոնյայի համար այդ հիշեցման փոփոխությունը վերաբերում է նախ իր ներքին փոփոխությանը, ներքին մարդուն, ինչպես առաքյալն է նշում. «Թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրէ» (Բ Կորնթ. 4.16): Հին կյանքը, հին կենցաղը պիտի մնա անցյալում, ինչպես հին տարին: Հրաժարվելով հին մարդուց և զգեստավորվելով նոր մարդու կերպարանքով՝ մենք մուտք ենք գործում նոր տարի՝ դիմավորելու Սուրբ Ծննդյան մեծագույն խորհուրդը, որովհետև սբ. Պողոս առաքյալը հորդորում է. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4.22-24): Եթե նորովի չապրենք ու չհամապատասխանենք հոգևոր անհրաժեշտ մակարդակին, չենք կարողանա հավիտենական կյանքի լույսի մեջ ապրել, որովհետև մեր հին մարդն անկարող է հաղորդակից լինել այդ աստվածային լույսին: Այս առումով Ավետարանում Հիսուս նշում է, որ «Նոր, չօգտագործված կտավի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրա չի կարկատի, ապա թե ոչ նոր կտորը ամբողջությամբ հին զգեստից կպոկվի, և պատռվածքը ավելի վատ կլինի։ Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափվի, և տիկերը կփչանան։ Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մեջ պետք լցվի» (Մարկ. 2.21-22): Ամանորյա տոների նշանակության և իմաստի կիզակետը պետք է լինի Սուրբ Ծննդյան խորհուրդը, որովհետև Հիսուս Քրիստոս մեր առջև բացեց նոր երկնքի և նոր երկրի դռները: Պետրոս առաքյալը նշում է. «Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետր. 3.13): Հետևաբար, նոր տարվա տոնակատարությունը քրիստոնյայի համար այդ մեծ սպասման խորհուրդը պիտի իր մեջ կրի՝ հիշեցնելով աստվածապաշտությամբ ու սուրբ վարքմունքով ապրելու մասին: Բայց ամանորն առայժմ մեզ համար միայն սոսկ տարեթվերով է առանձնանում, այլ ոչ թե ըստ էության, քանի որ հին կյանքով ենք շարունակում ապրել` մեղավոր կրքերի, հակումների, սովորությունների համաձայն: Այս դեպքում առանձնանում է նաև այն հանգամանքը, որ նոր տարին մարդիկ կապում են այս կամ այն կենդանու, կենդանակերպերի հետ: Եթե անձն իրեն քրիստոնյա է համարում, բնականաբար, կենդանակերպերի ու դրանց գուշակությունների հետ կապ պիտի չունենա: Մարդիկ ուզում են, որ Աստված իրականացնի իրենց բաղձանքները, սակայն միևնույն ժամանակ հավատարիմ չեն լինում Աստծուն ու գործում են Նրան հակառակ` այսինչ կամ այնինչ տարին կապելով որևէ կենդանու հետ ու հետևելով արևելյան հորոսկոպների ու աստղագուշակության խորհուրդներին: Այս առնչությամբ հիշատակելի է առաքյալի  խոսքը. «Իսկ այժմ,  որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ, որ Աստված էլ ճանաչեց ձեզ, ինչպե՞ս եք վերադառնում նորից դեպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց, նորից, ուզում եք ձեզ գերի դարձնել։ Պահում եք հատուկ օրեր, ամիսներ, եղանակներ և տարիներ» (Գաղ. 4.9-10): Մարդիկ, փոխանակ աստվածանմանության ձգտեն, ձգտում են կենդանիներին նմանվել` իրենց տարեսկիզբն ու կյանքի ընթացքը կապելով որևէ կենդանու հետ: Մարդը կոչված է Աստծուն նմանվելու, այլ ոչ թե կենդանիներին: Կենդանիները հաջողություն չեն բերում, այլ Աստված է, որ ամեն ինչ հաջողեցնում է: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակված բաժինը, ըստ առաջադրության Աստծու, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն» (Եփես. 1.11): Հայր Պաիսիոսը նշում է, որ քրիստոնյայի խնդիրն այն է, որ ոչ թե պարզապես զերծ մնա մեղքից, այլև հոգևոր աճ ապրի: Մարդիկ ուզում են մեղանչել, բայց բարի, հանդուրժող Աստված ունենալ: Այնպիսի Աստված, Ով շարունակ մեզ ների, բայց միևնույն ժամանակ էլ մենք շարունակ մեր մեղավոր ցանկությունների հետևից գնանք ու մեղքեր գործենք: Ահա այսպիսի մտայնությամբ սկսել նոր տարին նշանակում է կորցնել հավիտենական կյանքի իմաստավորումը: Եթե մարդիկ չեն ապաշխարում, չեն դառնում դեպի Աստված, այդժամ նրանք կորցնում են հավիտենական կյանքում երջանիկ ապրելու հնարավորությունը: Ամանորյա օրերը լավ առիթ են խորհելու կյանքի վերաիմաստավորման վերաբերյալ, որովհետև անձի խնդիրը պարզապես մեղքից խուսափելը չէ, այլև հոգևոր հասունություն ապրելը: Այնպես որ, ամանորը մի տոն է, երբ մարդը պիտի զգեստավորվի հոգևոր առաքինություններով, ինչպես առաքյալն է վկայակոչում. «Եվ հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի» (Կողոս. 3.10):  Արդ, ամեն օր, ամեն ամիս, ամեն նոր տարի մենք հոգևորապես պիտի պատրաստ լինենք մուտք գործելու նոր կյանքի իրողության մեջ, որովհետև չգիտենք, թե երբ կլինի դրա գալուստը, ուր հնչում է հայտնութենական խոսքը. «Ահավասի՜կ, ամեն բան նոր եմ դարձնում» (Հայտն. 21.5):

 

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

28.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․