Գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՌԻԹՈՎ

«Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4)։

Սիրելի ժողովուրդ Հայոց,

Հայրական սիրով բերում ենք ձեզ Մեր օրհնությունը և բարեմաղթանքները մայիսի 9-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման նվիրական օրվա առիթով:

Այս տոները մեզ համար դարձել են խորհրդանիշը բռնության ու չարի դեմ պայքարի, հայրենի հողի վրա անկախ կյանք կերտելու մաքառումի և ազատատենչ ոգու հաղթության: Քրիստոնյա մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ ենթարկվել է արհավիրքների ու նեղությունների, սակայն իր լուսավոր հավատքով ու գալիքի տեսիլքով վեր է հառնել փորձություններից և առ Աստված ապավինությամբ վերահաստատել իր վճռականությունը արժանապատիվ գոյության և հարատևության։ 

Ծանր և դժվարին օրեր ենք ապրում այսօր: Ամենօրյա բռնաճնշումների և նվաստացումների է ենթարկվում շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովուրդը: Նվազ չեն նաև Հայաստանի առջև հառնած սպառնալիքները, տակավին անհանգիստ են սահմանները, լեցուն՝թշնամու սադրանքներով ու հարձակումների վտանգներով: Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մտահոգություններով ու տագնապներով են համակել հոգիները մեր ժողովրդի զավակների՝ ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում:

Այս ցավալի իրավիճակում անգամ, երբ կորցրել ենք Շուշին և Արցախ աշխարհի զգալի հատվածը, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, բազում գերեվարվածներ ու անհայտ կորածներ, մենք նշում ենք այս օրը՝ համոզումով, որ ամուր և անսասան է մեր ժողովրդի ոգին,անկոտրում՝ ապրելու և արարելու կամքը, և հաստատուն՝ հայրենիքի հանդեպ նվիրումը։

Սիրելիներ, մայիսի 9-ը ոչ միայն արժևորումն է անցյալի հաղթությանց, այլև ամրագրումը հանձնառու պատասխանատվության՝ հավատքով և միասնականությամբ կերտելու մեր գալիք հաղթանակները։ «Եւ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»,- հաստատում է առաքյալը։

Մենք հավատում ենք մեր ժողովրդի աստվածատուր ուժին՝ պարտությունը վերածելու հաղթանակի, մահը՝ կյանքի, ցավը՝ ուրախության: Հավատում  ենք նաև, որ կարող պիտի լինենք մերժել մեզանից վախն ու թերահավատությունը, անտարբերությունն ու հարմարվողականությունը՝ վստահությամբ, որ համազգային ու հայրենական կյանքում պիտի գերակայեն ու հաղթանակեն աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու արժանապատվությունը:

Արդ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրենք ու գործենք այս գիտակցությամբ և մայիսի 9-ը դիտարկենք ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի, արցախյան հերոսամարտի պատմական իրադարձությունների, Շուշիի ազատագրման նշանակալի թվական, այլ որպես առաքելություն, որպես ջանք և կամք՝ ուղղված նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտմանը: Ծառացած մարտահրավերներին հանդիման՝ մեր պարտքն է լինել միասնական և բոլոր հնարավոր միջոցներով ջանքեր գործադրել հանուն մեր պետականության զորացման, Արցախի ինքնիշխանության ու շահերի պաշտպանության։ Հավատքով զորացյալ մնանք, չվհատվենք և չընկրկենք նեղությունների ու դժվարությունների առջև, արթուն պահենք քաջարի նույն ոգին, որ դրսևորվել է մեր ժողովրդի հերոս զավակների կողմից Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման օրերին։

Աղոթենք միասնաբար առ Երկնավոր մեր Տերը և հայցենք, որ օրհնի և Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, զորացնի մեզանում հույսն ու լավատեսության ոգին՝ ի սեր հայրենյաց և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամեն։

 

09.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․