Գրքեր

Վերցրո՛ւ և կարդա՛

Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր, Տերը պատգամում է մեզ՝ վերցրու և կարդա այն Գիրքը, որը Սուրբ է՝ գրված Իր շնչով (Բ Տիմոթեոս 3:16): Գրքերի այս գիրքը իր մեջ պարունակում է Աստծու խոսքը (Ա Թեսաղոնիկեցիներ 2:13) և որը նախ և առաջ «Աստծո զորություն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմեացիներ 1:16):

Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ անհնար է, որ որևէ մեկը կարողանա փրկվել առանց Սբ. Գրքի ընթերցանության: Իսկ նրանք, ովքեր արդարանում են, թե իրենք վանական չեն, կին ունեն, երեխաներ, տան հոգսերն են քաշում, Սուրբը պատասխանում է նրանց. «Ահա թե ինչն է ամեն բան վարակում և կործանում. դուք կարծում եք, թե միայն վանականնե՞րն են պարտավոր կարդալ Աստվածաշունչը: Ընդհակառակը, դուք նրանցից առավե՛լ դրա կարիքն ունեք: Հատկապես ձեզ՝ աշխարհականներիդ է հարկավոր այս բժշկությունը, քանզի ապրում եք աշխարհում և ամեն օր հարվածներ ստանում. մեկ կինդ է քեզ զայրացնում, մեկ՝ տղադ վրդովեցնում ու ցասումդ առաջ բերում, մեկ՝ հետապնդում է հակառակորդդ, մեկ՝ նախանձում ընկերդ…»:

Ուստի այդ Սուրբ Գրքով է, որ աճում ենք, զորանում Նրա ոգով՝ այն արդյունավորելով մեր կյանքում, ինչպես որ «Հիսուս մանուկը զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց» (Ղուկաս 2:52): Մեր հոգին չի կարող ապրել առանց Սբ. Գրքի: Ինչպես մարմինն է մահանում առանց կերակուրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Գրքի խրատների: Այս է վկայում մեր Տերը Իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկաս 4:4): Նրանք, ովքեր մտածում են միայն իրենց մարմինների մասին, իսկ անմահ հոգու նկատմամբ անտարբեր են, Սբ. Տիխոն Զադոնացին նմանեցնում է նրանց ջրում խեղդվողների, ովքեր, սակայն, չմտածելով իրենց անձի մասին, ուզում են իրենց իրերը փրկել: Աստծու շնչով գրված Գիրքը մեզ սովորեցնում է, թե ինչ պետք է անել և ինչ չանել: Այն բոլոր ժամանակների համար է, նրա ընթերցանությունը հարատև է, իսկ արժեքը՝ հավիտենական. «Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան, այսինքն՝ այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ» (Ա Պետրոս 1:24-25) և «Նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան, Իմ խոսքերը չեն անհետանա» (Մատթեոս 24:35): Սբ. Գրքի հանապազ ընթերցանությունը հավատացյալի հոգևոր կյանքի օրհնաբեր աղբյուրն է: Այն չի համալրվում կամ էլ փոխարինվում նորով: Սրբազան այդ գիրքը մատենադարան է, այն իր մեջ պարունակում է ամեն տեսակի գրականություն՝ պատմություն, բանաստեղծություն, երգ, օրենք, նամակագրություն, քարոզ և այլն՝ գրված կրոնական որոշ նպատակով: Այն ոչ մի եզր չունի աշխարհի մյուս բոլոր գրքերի հետ և «Տարբեր է այլ գրքերից, որովհետև կրթում է սիրտն ու հոգին» (Խրիմյան Հայրիկ):

Աստվածաշունչը ընթերցանության առանձնահատուկ եղանակներ ու կերպեր ունի: Եկեղեցու հայրերը մշակել են հոգևոր ընթերցանության տեսական ու գործնական համակարգեր: Սբ. Բարսեղ Կեսարացին խորհուրդ է տալիս Սբ. Գրքի ընթերցանությունը ուղեկցել աղոթքով:

«Աստվածային ու փրկագործական Գրքերը ոչ ոք չի կարող ինքնուրույն հասկանալ կամ ընկալել առանց Սբ. Հոգու օգնության»,- ասել է Սիմեոն Նոր Աստվածաբանը: Հետևաբար նրանք, ովքեր ուզում են ընկալել Սբ. Գիրքը, պետք է դիմեն եկեղեցու սրբազան ավանդությանը՝ հայրերի ու վարդապետների մեկնողական գրականությանը: Սրբազան այդ Գիրքը պետք է կարդանք ջանասիրաբար ու փութեռանդորեն՝ համակ և երկյուղալից ուշադրությամբ կանգ առնելով յուրաքանչյուր բառի վրա: Որպեսզի ընթերցանությունը պտղաբեր և բեղմնավոր լինի, պետք է ջանանք կատարել նրա պատվիրանները, քանի որ անօգուտ է Աստծու խոսքն առանց գործերի կարդալը կամ լսելը: Քրիստոս երանի է տալիս նրանց, ովքեր Աստծու խոսքը լսում են ու պահում. «Երանի՜ նրանց, որ լսում են Աստծո խոսքը և պահում» (Ղուկաս 11:28):

Սբ. Գրքի ընթերցանությունը Աստվածճանաչողության կատարյալ ուղիներից մեկն է: Աստծու խոսքը մեր առջև բացահայտում է մարդ-Աստված փոխհարաբերությունը՝ սկսած մարդու արարումից: Սբ. Գիրքն ընթերցողը հաղորդվում է Տիրոջ հետ, հնարավորություն ունի թափանցելու Նրա մեջ՝ թույլ տալով նաև, որ Տերը թափանցի և գործի ոչ միայն իր մտքում, այլ նաև՝ իր սրտում: Որքան շատ ժամանակ ենք հատկացնում Աստծու խոսքին ծանոթանալուն, այնքան ավելի խորությամբ ենք խորհում Նրա հավիտենական ճշմարտության մասին:

Սբ. Գրքի ընթերցանությունն Աստծու հետ միավորման հնարավոր ուղիներից է և ով չի ցանկանում օգտվել դրանից, Տիրոջ արդար դատաստանի ժամանակ արդարացում չի ունենա, քանի որ Քրիստոս ասաց. «Ով անարգում է Ինձ և Իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. այն խոսքը, որ Ես խոսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը» (Հովհաննես 12:48): Եվ այս հավիտենական ճշմարիտ սնունդից կամա թե ակամա հրաժարվելու պատճառն է ժողովրդի խոտորումը, բարքերի անկումը, հասարակական կյանքի ճգնաժամը: Ինչպես նշում է Բարսեղ Վարդապետ Ճոնը «Սբ. Գրքի չիմացության պատճառով բյուրավոր չարիքներ են պատահում: Ինչպես որ ոչ ոք չի կարող առանց լույսի ուղիղ գնալ, այդպես էլ նրանք, ովքեր չեն հայում աստվածային Գրքերի ճառագայթներին, հանապազ մեղանչում են»:

Այն մարդիկ, ովքեր պատճառաբանում են, թե չեն հիշում իրենց ընթերցածը, Ամբրոսիոս Օպտինացին խորհուրդ է տալիս. «Թեկուզ միայն ընթերցի՛ր Գիրքը: Եթե ոչինչ չհիշես էլ, միևնույն է, ընթերցանության ընթացքում օգուտ կստանաս»:

4-րդ դարի նշանավոր եկեղեցական հայրերից Սբ. Օգոստինոսի կյանքում շրջադարձային և բարերար ազդեցություն ունեցան աստվածաշնչյան հետևյալ տողերը. «…Փոխանակ ապրելու անառակությամբ և հարբեցողությամբ….Ձեզ վրա վերցրեք Տեր Հիսուս Քրիստոսի նկարագիրը..» (Հռոմեացիներ 13:13-14): Այս խոսքն իր կյանքի լույսը եղավ: Թեև իր մայրը քրիստոնյա էր, սակայն Օգոստինոսը մեծացել էր որպես հեթանոս: Բարձրագույն ուսում ստացավ, բայց իր հոգու քաղցը հագեցնելու համար Սբ. Գրքի ընթերցմանը նվիրվեց: Այն իր համար ոչ խորը թվաց, ուստի դադարեցրեց ընթերցել: Սկսեց արհամարհանքով նայել քրիստոնյաներին: Ինը տարի այլ կրոններ և վարդապետություններ ուսումնասիրեց և երբ ոչինչ չգտավ նրանց մեջ, անհավատության մեջ մոլորվեց և բարոյապես էլ սոսկալի անկումներ կրեց: Եվ մի օր էլ տեսնելով, որ իր կողմից ծաղրված քրիստոնյաները բարոյապես իրենից շատ ավելի բարձր կյանքով են ապրում, դատապարտեց իրեն: Եվ երբ հոգեպես ընկճված բացականչեց. «Ի՜նչ անեմ, ի՜նչ անեմ», հանկարծ մի ձայն լսեց, որ ասում էր «Վերցրո՛ւ և կարդա՛»: Կրկին վերցրեց իր արհամարհած Սբ. Գիրքը, և հանդիպելով վերոնշյալ տողերին՝ իր կյանքը փոխեց: Անմիջապես մկրտվեց և իր ծառայությունը մատուցեց որպես քրիստոնյա: Դպրոցներ ու վանքեր հիմնեց, իր իմաստասիրություններով ճոխացրեց քրիստոնեական աստվածաբանությունը:

Ուրեմն, մենք էլ վերցնեք Սբ. Գիրքը և կարդանք, և զգույշ լինենք, որ թշնամին չխանգարի մեզ՝ ասելով. «Նախ այս կամ այն գործն արա, որովհետև չնչին բան է, իսկ հետո հանգիստ խղճով կկարդաս…»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

05.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․