Գրքեր

Ավետման տոնի քարոզ

«Խնդա՛ և ուրա՛խ լեր դուստր Սիոնի. զի ահա ես եկից և բնակեցայց ի միջի քում՝ ասէ տեր»:

«Խնդա՛ և ուրախացի՛ր, դուստր Սիոնի, քանի որ ահա Ես կգամ և կբնակվեմ քո մեջ, – ասում է Տերը» (Զաքարիա 2:10):

Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.

Այսօր Մեծ պահքի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի՝ այսօրը, նաև Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով ծնվելու է մարդկության Փրկիչը: Աստված Իր ծրագրի համար ընտրեց Մարիամին և պարգևեց նրան Աստվածամայր և Աստվածածին անունները կրելու մեծագույն շնորհը: Մարիամն առանց քարոզելու դարձավ բոլոր ժամանակների լավագույն քարոզիչը՝ իր Աստվածահաճո ընթացքով, Աստծո կամքին իր հնազանդությամբ, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ մեզ յուրաքանչյուրիս համար իր հարատև բարեխոսությամբ:

Հրեշտակի առջև Մարիամի խոնարհությունը բարձրացրեց կնոջ դերն ու կարևորությունը: Եվայի անհնազանդությունից հետո Մարիամն իր խոնարհությամբ ոտնակոխ արեց օձին: Աստվածաշնչում Մարիամի կերպարն առանձնանում է՝ միմիայն հիացմունք առաջացնելով մեր մեջ: Յուրաքանչյուրիս մեջ ցանկություն է առաջանում լինել ու դառնալ Մարիամ, նմանվել նրան խոնարհությամբ և հնազանդությամբ, պատվիրանապահությամբ, սիրով, համբերատարությամբ, Աստվածային նախախնամության նկատմամբ ունեցած վստահությամբ, Աստվածահաճո ընթացքով և, ամենակարևորը, մաքրությամբ: Սուրբ Աստվածամոր անձը մեզ միայն հիացնում է, մենք հասկանում ենք, թե ինչպիսին պիտի լինի մարդը՝ Քրիստոսին հետևող և Քրիստոսին հնազանդ: Սուրբ Աստվածամայրը անբաժան էր իր Որդուց և համբերատարությամբ հնազանդվում էր Աստվածային տնօրինությանը, երբ Նա խաչի վրա էր:

Սիրելինե՛ր, Ավետման տոնը մեզ համար բերկրանքի առիթ է: Մենք ուրախությամբ և ցնծությամբ շնորհավորում ենք միմյանց, ինչպես որ բերկրանք և ուրախություն է ենթադրում Աստծո Որդու ծննդյան ավետիսը: Ցնծություն, որ համակում է յուրաքանչյուրիս, քանի որ յուրաքանչյուրիս համար է Աստծո մարդեղացումը, յուրաքանչյուրիս է վերաբերում և յուրաքանչյուրիս է փրկություն ավետում: 

Ս. Մարիամ Աստվածածինը սուրբերի գլուխն է: Նա լիիրավ համարվում է քրիստոնեական առաքինությունների ողջ մարմնացումը, նա հարատև բարեխոսում է համայն մարդկության համար: Նրա պարկեշտությունը, խոնարհությունը, համեստությունն ու հեզությունը հարատև հրավեր են՝ ուղղված մեզ բոլորիս, մեզանից յուրաքաչյուրին՝ նմանվելու նրան, որպեսզի արժանավոր լինենք Քրիստոսին կրելու մեր մեջ: Մենք նույնպես մեզ շրջապատողների համար պիտի լինենք Քրիստոսին մեր մեջ կրող մարիամներ, մեզանից պիտի լույս հորդի, քանի որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Արդարության Արեգակն է: Մենք պիտի ազդակներ լինենք, որպեսզի մեր հարազատներն ու մտերիմները մեզանով Հիսուս Քրիստոսին ճանաչեն, մեզանով տեսնեն քրիստոնեական հավատի ճշմարտությունը:

Սուրբ Աստվածամոր մասին Ավետարանները պերճախոս չեն, սակայն այդ քիչ տեղեկությունն անգամ բավարար է եղել մարդկանց՝ նրան սիրելու, իբրև Աստվածորդու մայր պատվելու, նրա բարեխոսությանը դիմելու համար: Տիրամայրը երբեք անտարբեր չէ մեր աղոթքներին: Մենք զորանում ենք՝ մեր հավատքի մեջ նրա ավետարանական ընթացքին հետևելով, նրա բարեխոսությանն ապավինելով, մեր կողքին նրա ներկայությունը զգալով: Նա մեր կողքին մի քաջարի նեցուկ է և պաշտպան, կարեկից է մեր վշտերին և անխոնջ բարեխոս մեր հոգևոր արթնության և արիության համար, փորձությունների մեջ մեր համբերատարության և վերելքի համար: Նրա առաքինությունները անխոս ուսուցիչներ և խրատատուներ են մեզ համար: Նրա անձը գերում է Ավետարան ընթերցողներիս, և մենք ձգտում ենք էլ ավելի բան լսել նրա մասին, սովորել նրա գործողություններից, յուրացնել նրա Աստվածահաճո հատկանիշները:

Միայն Կանայի հարսանիքը հիշելով՝ մենք գիտակցում ենք Սուրբ Աստվածամոր բարեխոսության արժեքը մեր կյանքում, նրա նվիրվածությունը մեզ, նրա մտահոգությունը մեզ համար, նրա սիրո դրսևորումը՝ միջնորդության իր առաքելությամբ: Նա ոչ միայն աջակից և օգնական է մեր անձերի համար, այլև մեր ընտանիքների բարօրության, խաղաղության, միաձույլ լինելու համար: Մենք մեր ծնողների և զավակների կյանքի և առողջության համար միշտ խնդրում ենք նրա բարեխոսությունը, քանի որ նրան խորթ չեն թե՛ մեր որդիական, թե՛ ծնողական զգացմունքները: Վշտի թե ուրախության, անհուսության թե հույսի բոլոր պարագաներում մենք մեր կյանքը վստահում ենք նրա գթառատ սիրուն և բարեխոսությանը՝ աչքի առաջ հանապազ ունենալով Կանայի հարսանիքում նրա անառարկելի գեղեցիկ և համոզիչ միջամտությունը: 

Նրա հնազանդությամբ փառավորվեց Տերը, մենք էլ պիտի փառավորենք Տիրոջը մեր աղոթքներով, խոսքերով, բարի գործերով և մեր կյանքով: Տիրամոր բարեխոսությանը ապավինելով՝ մենք ոչ միայն ապրում ենք մեր կյանքը ներկայում, այսօր, այս պահին, այլ նաև փորձում ենք կառուցել մեր ապագայի տեսիլքը: Ուրեմն՝ խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի միշտ կարողանանք հաղթահարել ամեն տեսակի փորձություն մեր կյանքում և փաստենք մեր հավատքն առ Աստված, ընթանանք մեր կյանքի ճանապարհը՝ մեզ հանձնելով Աստծո նախախնամությանը, վստահ լինելով, որ խոնարհության ու հնազանդության հետևից գալու է երկնային փառքը, որին արժանացավ Փրկչի մայրը:

Սիրելինե՛ր, այսօր նաև Մեծ պահքի Գալստյան կիրակին է, որ խորհրդանշում է Աստծո առաջին և երկրորդ գալուստները: Թող Տիրամոր բարեխոսությամբ ապաշխարության այս շրջանում մեր հոգիներն էլ մաքրվեն մեղքերից, որպեսզի կարողանանք մաքուր տաղավար և օթևան դառնալ Աստծո համար, որպեսզի Նա մեր հոգիներն էլ արժանացնի Իր ներկայությանը, Իր գալստյանը, որպեսզի մեր հոգիները իսկապես դառնան Աստծուն կրողներ: Ինչպես Սուրբ Աստվածածինը սկզբում ընդունեց Աստծո Որդուն իր որովայնում, չդավաճանեց իր կոչումին և կյանքի ավարտից հետո արժանացավ Երկնային Արքայության մեջ իր արժանավոր տեղը զբաղեցնելու, այնպես էլ մենք մեր կյանքի ընթացքում հավատարիմ լինենք մեր կոչմանն ու առաքելությանը, մաքրենք մեզ մեղքերից, որպեսզի մենք էլ արժանանանք Աստծո Որդու գալստյանն ու Երկնային Արքայության մեջ մեզ համար պատրաստված օթևաններին: 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

07.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․