11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Երկրորդ Ծաղկազարդ

«Խնդրեցին երեսք իմ զերեսս Քո, Տէ՛ր, խնդրեցին»։

«Իմ հայացքը, Տե՛ր, փնտրեց Քո հայացքը» (Սաղմոս 26։8)։

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը՝ Համբարձումից հետո Աստծո Միածին Որդու մուտքը Երկնային Երուսաղեմ։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ավարտեց Իր երկրային տնօրինության օրերը, կատարեց Իր առաքելությունը, պատարագվեց մարդկանց փրկության համար, հարություն առավ, համբարձվեց երկինք և խոստացավ Սուրբ Հոգուն ուղարկել, որպեսզի հարստանանք Աստվածային կենսատու շնորհներով։ Այդ շնորհներով է, որ պիտի կարողանանք զանազանել չարը բարուց, արդարությունը անարդարությունից, ճշմարտությունը ստից, լույսը խավարից։   

Սիրելինե՛ր, այսօրվա սուրբգրային ընթերցվածքում կարդում ենք. «Եվ երբ առավոտ եղավ, որոշ թվով հրեաներ ժողով անելով՝ նզովեցին իրենք իրենց, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։ Եվ քառասունից ավելի էին նրանք, որոնք իրար հետ այս երդումն էին արել։ Սրանք մոտեցան քահանայապետներին ու երեցներին և ասացին. «Նզովելով նզովեցինք մեզ, որ բան չճաշակենք մինչև Պողոսին չսպանենք. բայց դուք հազարապետին, ատյանի հետ միասին, իմա՛ց տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, որպես թե նրա մասին ուզում եք ավելի ճշգրիտ բաներ իմանալ, իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան սպանել» (Գործք 23։12-15)։

Այսօր եկեք խորհենք սրա մասին։ Այս մարդիկ, որոնք, ինչպես Նոր կտակարանում է ասվում, նզովելով նզովեցին իրենց, որ չուտեն ու չխմեն, մինչև Պողոսին չսպանեն, իրենք իրենց ճիշտ էին համարում՝ կարծելով, որ Հիսուս Քրիստոսին, նրա աշակերտներին, Պողոս առաքյալին հալածելն ու սպանելը Աստվածահաճո գործ է։ Նրանք կարծում էին, որ կատարում են Աստծո կամքը, նրանք պաշտպանում են նախնիներից ավանդված իրենց հավատքը։ Քրիստոսին խաչողները ևս համոզված էին, որ իրենք ճիշտ են և բարի գործ են կատարում։ Մինչդեռ մեզ տարօրինակ է թվում կյանքի համար այսօրինակ նպատակ սահմանելը, այդ աստիճանի արյունատենչ լինելը։ 

Սա մտածելու տեղիք է տալիս մեզ, որովհետև մարդը պիտի իմանա իր կյանքը, ժամանակն ու միջոցները ինչպես օգտագործել։ Նմանատիպ նպատակ իր առջև դնելիս մարդ պիտի մտածի՝ արդյոք ինքը ճի՞շտ ուղու վրա է, արդյոք ինքը կատարո՞ւմ է Աստծո կամքը։ Սա մտածելու տեղիք է տալիս մեզ, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մարդը աղոթք անի, Աստծո կամքն իմանա, արդյո՞ք ինքը ճիշտ է վարվում, արդյոք վեճերի ու կռիվների, մարդկանց հալածելու ու նեղություն պատճառելու մեջ կարո՞ղ է լինել Աստծո կամքը, երբ Աստված ցանկանում է, որ սեր, հաշտություն ու խաղաղություն տիրի երկրի վրա և մարդկանց մեջ։

Հարկավոր է աչալուրջ լինել, խոհեմ և շրջահայաց։ Յուրաքանչյուր միտք, գաղափար, ցանկություն ու նպատակ ունենալիս հարկ է դրանք անցկացնել աղոթքի մաղով, որպեսզի իմանանք Աստծո կամքը, ճիշտ ուղու վրա՞ ենք, թե՞ ոչ։ Հարկ է աղոթել ամեն մի միտք ու խորհուրդ խոսքի ու գործի վերածելուց առաջ։ Միգուցե դա մեզ հարկավոր չէ, միգուցե նման քայլի պետք չէ գնալ։ Քրիստոնյան պիտի ապավինի Աստծուն, աղոթք անի, որպեսզի իմանա Աստծո կամքը, որպեսզի թյուրիմացության մեջ չընկնի, սխալ ճանապարհներով չընթանա, մոլորության մեջ չընկնի, որովհետև կարող է գալ մի պահ, որ մարդը հասկանա, որ իր կյանքի ժամանակը կարող էր ավելի արդյունավետ օգտագործել, քան ինքն է ապրել, որ իմաստազուրկ նպատակներ է սահմանել իր համար, որոնք ժամանակների հեռավորությունից խղճի քննությամբ դուրս են եկել թյուր, սխալ, անտրամաբանական կամ բովանդակազուրկ։

Աղոթքը շատ կարևոր է նաև կյանքում առաջնայինն ու երկրորդականը իրարից տարբերելու հարցում։ Այն օգնում է իրարից զանազանել բարին ու չարը, խորագիտություն է շնորհում մեզ կյանքը իմաստալից դարձնելու համար, չվատնելու ժամանակն ու կյանքի օրերը։ Այո՛, ժամանց ու հաճելի զբաղմունքներ մարդը կարող է ունենալ, բայց նա իրավունք չունի կյանքն անցկացնել՝ միայն ու միայն սեփական անձի բոլոր հաճույքներին հագուրդ տալով, մսխելով իր ունեցվածքը անառակ որդու պես։

Այս դժվարին ժամանակներում, որ կարծես ապաշխարության, ինքնաքննության շրջան լինեն ողջ մարդկության համար, յուրաքանչյուրը պիտի խորհի, թե իր կյանքի ու ժամանակի տնտեսության մեջ ինչպիսի տնտես է եղել, ինչին է նվիրել իրեն՝ բարի գործերի թե՞ չար, վատնե՞լ է այն, ինչ իրեն երկնքից է շնորհվել, թե՞ խորագիտությամբ է առաջնորդվել, պատասխանատվությա՞մբ է մոտեցել իր առաքելությանը, թե՞ անփույթ է եղել, շրջապատում սիրո սերմեր է՞ ցանել, թե՞ վախի, բռնության և ատելության։ 

Ճիշտ է, մարդը մեղք գործում ու զղջում է, բայց նա չպիտի սխալ նախաձեռնության հեղինակ լինի, պիտի իր ճշմարիտ ուղուց չշեղվի, իր հավատքը չկորցնի, որովհետև Ճշմարիտ Աստված է Նրա տերը։ Ինչպես Հովհաննես առաքյալն է ասում. «Աստծո Որդին եկավ և մեզ տվեց խելք, որպեսզի ճանաչենք Նրան, ով Ճշմարիտն է, և մենք Ճշմարտի՝ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև Նա է Ճշմարիտ Աստված և Հավիտենական Կյանք։ Որդյակնե՛ր, հեռո՛ւ պահեցեք ձեզ կռապաշտությունից» (Ա Հովհաննես 5։20)։

Եթե Ճշմարտության մեջ լինենք, կիմաստավորենք ու կարժևորենք մեզ շնորհված ամեն ինչ՝ ժամանակը, կյանքը, ընտանիքը, ընկերներին, բարեկամներին, մասնագիտությունը, տունն ու հողը, գործերն ու զբաղմունքները, կհասկանանք դրանց դերն ու նշանակությունը թե՛ մեր կյանքում և թե՛ մեր անելիքն ու առաքելությունը նրանցում ու նրանց հետ։ Բնական է, որ, իբրև մարդ, կունենանք մեղանչումներ, մեղքեր, բայց Ճշմարտության ճանապարհից չենք խոտորվի։ Սողոմոն Իմաստունը լի էր իմաստությամբ, սակայն նրա թշվառությունը վրա հասավ այն ժամանակ, երբ նա հեռացավ Աստծուց և կուռքերին պաշտեց։

Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ. ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիներ 5։15-17)։ Պողոս առաքյալը սկզբնապես քրիստոնյաներին քարկոծողներից էր, սակայն երբ Տերը երևաց նրան, նա հասկացավ, որ Ճշմարիտ Աստծո հետևորդներին է հալածում, որ սխալ էր ինքը, դրանից հետո դարձավ հեթանոսների մեջ Քրիստոսի հավատը քարոզողն ու լույսը տարածողը։

Ուրեմն մենք էլ փնտրենք Աստծո հայացքը, և այդ Հայացքի ներքո ծրագրեր կազմենք և կերտենք իրապե՛ս Աստվածահաճո կյանք։ Թող Սուրբ Հոգու գալստյամբ բացվեն նաև մեր հոգու աչքերը, որպեսզի հստակ կարողանանք տեսնել և հասկանալ մեր առաքելությունն ու նպատակները այս կյանքում, մեզ նվիրենք սուրբ գործերի, խաղաղության հետամուտ լինենք և սեր տարածողներ լինենք։ 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

24.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․