Գրքեր

Ոչ՝ միասեռականությանը

Կան մարդիկ, որոնք աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներին նայում են մակերեսայնորեն՝ առանց դրանք քննարկելու աստվածաշնչական, բժշկական, տրամաբանական, դաստիարակչական, հոգեբանական և այլ մոտեցումներով: Օրինակ՝ մարդկանց մի մասի մոտ, ցավոք սրտի, միասեռականությունը համարվում է 21-րդ դարի բնական երևույթներից մեկը, իսկ միասեռական ամուսնությունը՝ իբրև թե զույգի միջև սիրո զգացման դրսևորում:

Կարդում ենք www.usnews.com-ի 2021-ի դեկտեմբերի 16-ին հրապարակված հոդվածում, որ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխարհի 31 երկրներ օրինականացրել են միասեռ ամուսնությունները:

Այս հոդվածի նպատակն է քննարկել միասեռականության թեման զանազան մոտեցումներով, որպեսզի լավ իմանանք, որ միասեռականությունը նոր սերնդի մտային, ֆիզիկական և հոգևոր կյանքին սպառնացող վտանգներից մեկն է:   

Միասեռականության պատճառները

Ասում են, որ միասեռականությունը ունի մի քանի պատճառ. 1. գենետիկական, այսինքն՝ միասեռականությունը բնածին է, որովհետև կապված է հորմոնալ խնդիրների հետ, 2. հոգեբանական, այսինքն՝ միասեռականությունը առնչվում է ծնող-երեխա հարաբերության հետ՝ խիստ հայրը կարող է պատճառ դառնալ, որ իր աղջիկը ատի տղամարդկանց և միասեռական դառնա, նույն է պարագան խիստ մոր տղայի հետ, 3. հասարակական, այսինքն՝ միասեռականությունը աճում է այն վայրերում, որտեղ չկան հասարակական հոգեմտավոր արժեքներ, 4. միջավայրային, այսինքն՝ միասեռականությունը շատանում է մի սեռին պատկանող վայրերում՝ բանտերում, գիշերօթիկ դպրոցներում, առևտրային նավերում և այլն, 5. դաստիարակչական, այսինքն՝ միասեռականություն քաջալերող խոսքերը, հրատարակված գրքերը, կազմակերպված միջոցառումները մեծ ազդեցություն ունեն դրա տարածման վրա: 

Միասեռականությունը բժշկական մոտեցումով

Կարդում ենք hraparak.am-ի 2018-ի նոյեմբերի 13-ի հոդվածում. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից միասեռականությունը հիվանդություն չի համարվում, քանի որ այն չի խանգարում մարդու որևէ գործունեությանը։ Հիվանդություն է համարվում այն վիճակը, որը խանգարում է մարդու որևէ գործառույթը՝ լինի ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական և այլն»: Մինչդեռ irates.am-ի 2013-ի նոյեմբերի 29-ի  հոդվածում կարդում ենք. «Միասեռականությունը բժշկության մեջ ընդունված է անվանել սեռական կողմնորոշման խանգարում կամ սեռական ուղղվածության շեղում»,   «Հոմոսեքսուալիզմը առաջին հերթին սեռական բնազդի, ցանկությունների հոգեբանական խանգարում է», «Եթե հոմոսեքսուալիստը ուզենա բուժվել կամ վերադառնալ նորմալ կյանքի, ապա նա անպայման կբուժվի»: Եթե հոմոսեքսուալիզմը սեռական ուղղվածության շեղում է, հոգեբանական խանգարում է, և հոմոսեքսուալիստը կարող է բուժվել, ուրեմն միասեռականությունը հիվանդություն է:

Միասեռականությունը մարդկային իրավունքների մոտեցումով

Աշխարհի մարդկանց մի մասը մարդկային իրավունքների անվան տակ արդարացնում է միասեռականությունը: Այո՛, մարդ արարածն ունի մտածելու, խոսելու, զգալու և գործելու ազատ կամեցողություն, սակայն վերջինս չի նշանակում ճիշտ ուղղվածություն: Օրինակ՝ երիտասարդը ազատ է՝ խմելու մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք իր տանը, սակայն նրա կատարած արարքը ճիշտ չէ, առնվազն բժշկական մոտեցումով: Նույնպես ցանկացած անձ ունի ազատ կամեցողություն միասեռական լինելու, սակայն դա չի նշանակում որ միասեռական լինելը ճիշտ որոշում է:

Մարդկային իրավունքների անվան տակ ի՞նչ իրավունքով միասեռականը իր   խոսքերով և ապրելաձևով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ջնջում կամ պղտորում է անմեղ մանուկների մաքուր մտքում գտնվող «մի տան մեջ հոր և մոր հետ ապրելու» առողջ գաղափարը:

Միասեռականությունը կրթա-դաստիարակչական մոտեցումով

Կարդում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական էջում. «Կրթությունը մարդու իրավունքն է բոլորի համար ողջ կյանքի ընթացքում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքը ընդգրկում է որակյալ կրթական զարգացում նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն և դրանից հետո»: Արդյո՞ք միասեռականության քաջալերանքը դպրոցական դասագրքերում ավելի որակյալ է դարձնում կրթությունը:

Մանկան միտքը նման է համակարգչի սկավառակին, որն ընդունում է ամեն տեսակի տեղեկություն, լինի դա ճիշտ կամ սխալ: Մեր պարտականությունն է միշտ շիտակ ձևով դաստիարակել մանուկներին, որովհետև սխալ ուսուցումներով ոչ միայն մի ընտանիք կարող է քայքայվել, այլ նաև մի ամբողջ ազգ՝ բարոյապես կործանվել: Տրամաբանական չէ, որ միասեռականությամբ ազգը բազմանա, զորանա և գոյատևի:   

Միասեռականությունը հոգեբանական մոտեցումով

Յուրաքանչյուր մանկան իրավունքն է ոչ միայն մտավոր ուսուցում և ֆիզիկական սնունդ ստանալը, այլ նաև հոգեպես առողջ մթնոլորտում մեծանալը: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել որդեգիր մանկան հոգեկան մաքուր աշխարհն անառողջ տան մեջ՝ միասեռական զույգի՝ երկու տղամարդու կամ երկու կնոջ հետ ապրելով: Ի՞նչ իրավունքով միասեռական զույգը մանուկի հոգու մեջ կզետեղի գայթակղության որոմները. «Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով, .․.. վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա» (Մատթ. 18:7):

Միասեռականությունը Աստվածաշնչական մոտեցումով

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ընտանիք կազմվում է միայն տղմարդու և կնոջ  զուգակցությամբ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։ Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:27-28): Քրիստոս խոսեց տղամարդու և կնոջ միացումի մասին՝ ասելով. «Մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու և էգ ստեղծեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից» (Մարկ. 10:6-7): Նոր Կտակարանի բնագրի մեջ այս հատվածը եկել է «καὶ προσκολληθήσεται πρὸς τὴν γυναῖκα αὐτοῦ»-ից, այսինքն՝ «պիտի կառչի իր կնոջը»: Ուստի, ճիշտ ամուսնությունը տեղի է ունենում միայն տղամարդու և կնոջ  զուգակցությամբ, իսկ միասեռական ամուսնություն կոչեցյալը՝ հակաաստվածային, հակաաստվածաշնչական միտք ու գործ է, այսինքն՝ սատանայական ճանապարհ է: Աստվածաշնչում տեսնում ենք, որ՝

  • Միասեռականությունը պղծություն է: «Այր մարդուն չմերձենաս, ինչպես մերձենում ես կնոջը, որովհետև դա պղծություն է» (Ղևտ․ 18:22), «Եթե որևէ տղամարդ մեկ այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ պղծություն գործած կլինեն։ Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև հանցավոր են» (Ղևտ․ 20:13):
  • Միասեռականությունը խայտառակություն է: «Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլոր ընթացքին արժանի փոխհատուցումը» (Հռոմ․ 1:27)։
  • Միասեռականները պիտի չժառանգեն Աստծու արքայությունը: «Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ․ 6:9-10)։

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

11.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․