Գրքեր

Տեառնընդառաջ

«Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղատացիներ 4:4, 5)

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս. ​Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, երբ քառասնօրյա մանուկ Հիսուսին Հովսեփն ու Մարիամը բերեցին տաճար, իսկ նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: Վերջիններս մոգերի և հովիվների նման ուղղակիորեն հավատացին Աստծո խոսքին ու մարգարեություններին, արժանացան տեսնելու Մարմնացած Աստծուն և եկան իրենց երկրպագությունը բերելու Արարչին: Նրանք եկան ցնծալու Տիրոջ Նախախնամությամբ, Տիրոջ փրկագործական ծրագրով, քանի որ իրենց առջև տեսան Նրան, «Ով,- ինչպես Սուրբ Եփրեմ Ասորին է ասում,- եկել էր նորոգելու աշխարհի հնությունը»: Մարդիկ Տեառնընդառաջի նախատոնակին եկեղեցի են այցելում՝ լույս տանելու իրենց տները՝ տարեսկզբին իրենց ընտանեկան օջախներում լույսի և սիրո բորբոքման ակնկալիքով: Աստված բոլորիս Տերն է և սպասում է մեզ: Նա մեզ համար մարդացավ՝ ցույց տալով մեր նկատմամբ երբեք չմարող Իր սերը: Մենք ևս պիտի պատրաստակամ լինենք մեր որդիական սերը ցույց տալու Նրան: Տեառնընդառաջի տոնը բոլորիս առաջնորդում է դեպի Տերը և լուսավորում մեզ բոլորիս: Նամանավանդ այս Մեծի Պահոց շրջանում Տեառնընդառաջի խորհրդաբանությունը շատ կարևոր տեղ ու դեր ունի մեր կյանքում. մենք պիտի խորհենք Տիրոջը ավելի մոտենալու, ավելի լուսավորվելու, ավելի սիրելու Նրան, ավելի ձգտելու դեպի երկնային երանությունները: Աշխարհն ու իր հոգսերը միշտ կան, բայց կարևորը Աստծուն սեփական կյանքի ժամանակից ժամանակ ու սեր հատկացնելն է, աղոթելը: Երբ Հիսուս Քրիստոս այցելել էր Մարթա և Մարիամ քույրերին, Մարթան պատրաստություն էր տեսնում, իսկ Մարիամը նստել էր Քրիստոսի ոտքերի մոտ և լսում էր Նրան: Տերը Մարթային ասաց, որ Մարիամն ընտրել է լավ մասը, որը նրանից չպիտի վերցվի: Աստված միշտ սպասում է մեզ: Հիշենք մեծ խնջույքի առակը (Ղուկաս 14:15-24), Տերը կանչեց հրավիրվածներին իր խնջույքին, սակայն նրանցից յուրաքանչյուրը հրաժարվեց՝ բերելով իր պատճառաբանությունը: Մեկն ասաց. «Ագարակ գնեցի և պետք է գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ ինձ հրաժարված համարի՛ր», մյուսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարի՛ր»: Իսկ երրորդն ասաց, որ կին է առել, դրա համար էլ չի կարող գալ: Բոլոր ժամանակներում էլ մարդիկ նույնպիսի արդարացումներով հրաժարվում են իրենց ժամանակն ու սերը տալ Աստծուն, կենցաղային, տնտեսական, ժամանցային, ֆիզիկական առողջության տարբեր բաներով զբաղեցնել իրենք իրենց, սակայն հոգևոր առողջության հարցերը համարել երկրորդական, անկարևոր, տարբեր գրքեր կարդալ, բայց Սուրբ Գիրքը չընթերցել, աշխատանքային գործերով զբաղվել, բայց եկեղեցի հաճախելու, Սուրբ և Անմահ Պատարագին մասնակից դառնալու ժամանակ չունենալ: Աստված սպասում է բոլորին, որպեսզի Իր օրհնությունը տա մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կտամ», ասում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս (Մատթեոս 11:28): Գնանք Աստծո մոտ և խնդրենք Նրանից. «Հաւասարեա՛ զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, որք հոգւով և ճշմարտութեամբ Քեզ երկիր պագանեն» (մեզ հավասարեցրո՛ւ Քեզ ճշմարտապես երկրպագողների հետ, որոնք հոգով ու ճշմարտությամբ են Քեզ երկրպագում), որպեսզի մեզ վրա չհնչի Աստծո դատապարտությունը. «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին» (Հովհաննես 3:19): Մենք կարիքն ունենք Աստվածային լույսով լուսավորելու մեր մտքերն ու խորհուրդները, Աստվածային սիրով բոցավառելու մեր սրտերն ու հոգիները, Աստվածային իմաստությամբ առաջնորդվելու և առաջնորդելու մեր ընտանիքները, որպեսզի խավարի ներքո չմնանք, և չարը չտիրի մեզ, ինչպես ասվում է սաղմոսում. «Լո՛ւյս տուր, Տե՛ր, իմ աչքերին, որ երբեք մահվան քուն չմտնեմ» (Սաղմոս 12:4), կամ՝ «Դու լույս ես տալիս իմ ճրագին, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, լուսավորի՛ր ինձ խավարում» (Սաղմոս 17:29): Մենք ամեն օր խնդրում ենք Աստծուց. «Քո Արքայությունը թող գա, թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթեոս 6:10): Տերը եկել է, և մենք Նրան պիտի դարձնենք նաև մեր հոգու տաճարի տերը, պիտի թույլ տանք, որ Նա մեր հոգիները մաքրի աղավնեվաճառների, լումայափոխների սեղաններից: Երանելի են նրանք, որ ճիշտ ժամանակին հասկանում և ըմբռնում են, թե ով է այդ տաճար ընծայվող Մանուկը: Մենք պետք է Սիմեոն ծերունուն օրինակ առնենք մեզ համար, որի մասին Եփրեմ Ասորին ասում է. «Նայում էր Նրա Մարդեղությանը և չէր կասկածում Նրա Աստվածությանը»: Սիրելինե՛ր, ինչպես արդեն հայտնի է, Տեառնընդառաջի տոնը վեհափառի տնօրինությամբ հայտարարված է նորապսակների օրհնության օր: Նորապսակներն են, որ ամենից ավելի կարիք ունեն Աստվածային օրհնության, որպեսզի խելամտորեն կառուցեն և կերտեն իրենց ընտանեկան երջանկությունը, Աստվածաշնչյան իմաստություն սովորեն և կիրարկեն իրենց կյանքում, Աստվածային սիրով ու ջերմությամբ լցնեն իրենց հոգիները, Աստվածային լույսով լուսավորվեն և լցնեն իրենց ընտանեկան հարկերը: Քանի որ Սուրբ Գիրքն ասում է. «Եթե Տերը չշինի տունը, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը չպահպանի քաղաքը, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս 126:1): Մաղթենք երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներին Աստծո լույսի և ճշմարտության ներքո քայլել, պատվիրանապահությամբ փորձել դնել ընտանեկան հիմնասյուները, քանի որ Աստծո պատվիրանները միայն բարիք են ծնում, նպաստում ընտանեկան երջանկության արարմանը, ուսուցանում են հավատարմություն, սեր, նվիրում, փոխզիջում, անձնազոհություն, ներողամտություն, հնազանդություն, հոգատարություն: Քրիստոնեական բարոյական արժեհամակարգն է այսօր պայքարում Աստվածօրհնյալ սուրբ ընտանիքի գաղափարի պահպանության համար՝ ընդդիմանալով մերօրյա թյուր և նույնիսկ կործանարար, հակաաստվածային պատկերացումների տարածմանը: Մաղթենք, որպեսզի նորաստեղծ ընտանիքները կարողանան Աստծո օրհնությամբ հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրները, հավատարիմ մնալ եկեղեցու Սուրբ Խորանի առջև արված իրենց ուխտին, զավակներ ունենալ և իրենց զավակներին առաջնորդել դեպի Աստված:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

14.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․