Գրքեր
Պողոսը և Բառնաբասը երկա՞ր ժամանակ մնացին Անտիոքում:

Չմնացին, որովհետև տեղի քրիստոնյաներն իրենց հավատի մեջ ըստ ամենայնի անթերի էին և հնազանդ: Ուստի Պողոսը ցանկանում է վերստին այցելել նախկինում քարոզած վայրերը և այնտեղ գտնվող քրիստոնյաների կացությունն իմանալ: Նա իր այս միտքը հայտնում է նաև Բառնաբասին, որը ցանկություն է հայտնում ընկերանալու նրան: Սակայն Մարկոս կոչված Հովհաննեսը, որ նրանցից բաժանվելով Երուսաղեմ էր գնացել (տե՛ս ԿԳ. հարցում),  զղջալով Անտիոք էր եկել այդ ժամանակ: Բառնաբասն ուզում է, որ նրան էլ իրենց հետ վերցնեն, քանի որ նա իր քրոջ որդին էր, բայց Պողոսը մերժում է: Այդ պատճառով իրարից բաժանվում են, և Բառնաբասը, Մարկոսին իր հետ վերցնելով, Կիպրոս է գնում, իսկ Պողոսը, Շիղային իր հետ վերցնելով, Ասորիքի և Կիլիկիայի կողմերն է գնում:

Թեպետ այս պատճառով նրանք իրարից բաժանվեցին, բայց Բառնաբասը, Աստծու ողորմածությամբ Կիպրոսում  և այդ կողմերում ավետարանը քարոզելով, ամենքին Սուրբ Հոգու պարգևի լույսով է լուսավորում, հետո նահատակվում է այնտեղ: Պողոսը ևս նախապես շրջած տեղերն այցելելուց և քարոզությամբ եկեղեցիները ամրապնդելուց հետո նորից գալիս է Լյուստրա: Այստեղ Տիմոթեոս անունով մի քրիստոնյա կար, որի առաքինությունն ու բարեպաշտությունը հայտնի էր բոլորին: Պողոսն իր հետ է վերցնում նրան և շրջակայքում  քարոզելով՝ քաջալերում է քրիստոնյաներին, որոնց թիվն օրըստօրե աճում էր:

Ահա այսպիսի եռանդով ու գործունեությամբ Պողոսն ու իր ընկերները՝ Շիղան, Տիմոթեոսը և Ղուկաս ավետարանիչը (որովհետև սա ևս Պողոսի հետ էր, ինչպես հայտնի է Գործ 16:10-ից), Աստծու խոսքը քարոզելով, գալիս են Փռյուգիա և Գաղատիայի կողմերը, որտեղ որոշ ժամանակ քարոզելուց հետո երբ ուզում էին Բեթանիա ևս գնալ, Տերն արգելեց, և նրանք գնացին Տրովադա:  Այնտեղ Պողոսը երազ է տեսնում, որում մի մարդ աղաչելով ասում էր իրեն. «Արի՛ Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»: Հասկանալով, որ այս երազը Աստծու կողմից ազդարարություն է, Տրովադայից մեկնելով՝ Փիլիպպե են գնում, որ Մակեդոնիայի առաջին քաղաքն է:

Այս քաղաքում մի քանի օր մնալուց հետո՝ շաբաթ օրը,  քաղաքից դուրս աղոթքի են նստում գետեզրին: Այնտեղ կանայք կային հավաքված: Երբ սկսում են Աստծու խոսքը քարոզել նրանց, Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիր  քաղաքից էր և ծիրանագույն զգեստներ էր վաճառոում, Աստծու հատուկ շնորհի ազդեցությամբ Պողոսի խոսքերը լսելով՝ հավատում է և իր ամբողջ գերդաստանով մկրտվելուց բացի սաստիկ սիրով և աղաչանքով ստիպում է Պողոսին և նրա ընկերներին իր տուն գնալ: Եվ նրանք կատարում են նրա ցանկությունը:

Այնուհետև Պողոսն իր ընկերների հետ դարձյալ աղոթքի գնացած ժամանակ հանդիպում է մի աղախնի, որ հարցուկ (դև) ոգի ուներ և ստապատիր խոսքերով մի կերպ պատասխանում էր յուրաքանչյուր մարդու հարցմանը: Այդ պատճառով նրա տերերը նրան  քաղաքում շրջել էին տալիս և հարցում անողներից դրամ ստանում: Հիշյալ աղախինը, Պողոսին ու նրա ընկերներին տեսնելով, սկսում է նրանց հետևից աղաղակել. «Սրանք Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք փրկության ճանապարհն են ցույց տալիս ձեզ»:

Երկար ժամանակ այդպես անելու պատճառով Պողոսը մի օր ձանձրանում է և հրամայում դևին՝ ասելով. «Պատվիրում եմ քեզ հանուն Հիսուս Քրիստոսի ելնել դրանից»: Իրոք, դևն անմիջապես դուրս ելավ, և աղախնի խելքը գլուխը եկավ, սակայն նրա տերերը խիստ բարկացան, քանի որ այդ ճանապարհով դրամ ձեռք բերելու իրենց հույսը կորցրին: Այդ պատճառով մեծ բազմությամբ հարձակվելով Պողոսի ու Շիղայի վրա՝ նրանց բռնեցին և քաղաքի մեծավորների առջև բերեցին:

Ապա բոլորը  միաբանվելով՝ ահագին ամբոխով նրանց տանում են զորագլուխների մոտ՝ ասելով. «Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը: Իրենք հրեա են և մեզ այնպիսի օրենք են քարոզում, որը  չենք կարող ընդունել, որովհետև հռոմեացի ենք»:  Այս գանգատի վրա զորագլուխները, ժողովրդից վախենալով, իրենց հագուստն են պատառոտում և առանց գործը քննելու՝ Պողոսին ու Շիղային ծեծելով վիրավորում ու բանտարկում են և բանտապահին պատվիրում խիստ զգուշությամբ պահել նրանց: Ուստի նա, ներքին բանտում պահելով, նրանց ոտքերն ամրացնում է կոճղով:

Այստեղ Աստծու զորությա՛նը նայիր. մինչ կեսգիշերին աղոթքի կանգնած՝ Պողոսն ու Շիղան  փառաբանում էին Աստծուն, իսկ բանտում գտնվող կալանավորներն էլ ականջ էին դնում նրանց, հանկարծ այնպիսի երկրաշարժ է տեղի ունենում, որ բանտի հիմքերը սկսում են երերալ, և ոչ միայն բոլոր դռներն են բացվում, այլև բանտարկյալների կապանքներն են քանդվում: Բանտապահը, որ այնտեղ քնած էր, երկրաշարժի սաստկությունից զարթնելով՝ դռները բաց է տեսնում և կարծելով, թե բանտարկյալները փախել են, վախից սուրը քաշում է ինքն իրեն սպանելու համար, բայց Պողոսը բարձր ձայնով ասում է. «Քեզ մի՛ վնասիր, մենք բոլորս այստեղ ենք»:

Այդ ժամանակ բանտապետը լույսը ձեռքին ներս է մտնում, ահով ու դողով Պողոսի և Շիղայի ոտքերն է ընկնում և նրանց դուրս հանելով՝ ասում է. «Պարոնա՛յք, ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ», որովհետև  հաստատ հասկացավ, որ այդ հրաշքը Տիրոջ կողմից նրանց պատճառով կատարվեց:  Նրանք պատասխանում են. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, որ փրկվեք դու և քո ամբողջ գերդաստանը»: Եվ Աստծու խոսքն են քարոզում նրան ու նրա տանը գտնվողներին: Բանտապետը հավատում է, իսկույն իր տուն է տանում նրանց, և նրանց վերքերը լվալուց հետո կատարյալ հավատով մկրտվում են ինքն ու իր ամբողջ ընտանիքը: Ապա կերակուր են դնում նրանց առջև, ուտում են և ուրախանում:

Առավոտյան զորագլուխները մարդ են ուղարկում բանտապետի մոտ, որ Պողոսին ու Շիղային արձակի, քանի որ հայտնի էր, որ նրանք անմեղ են: Երբ Պողոսն իմացավ այդ, չուզեց դուրս գալ՝ ասելով. «Անմեղ և հռոմեացի մարդկանց հանիրավի ծեծելով հրապարակավ բանտարկեցին և հիմա ծածուկ արձակե՞լ են ուզում: Ո՛չ այդպես: Թող իրենք գան և մեզ դուրս հանեն»: Պողոսի այս խոսքերը լսելով՝ իշխանավորները շատ են վախենում և անձամբ գալով՝ աղաչում են, որ բանտից դուրս գան ու գնան, որպեսզի այդ պատճառով քաղաքում խռովություն չլինի:

Աստծու ողորմությամբ այսպես ազատվելուց հետո Պողոսն ու Շիղան գնում են հիշյալ Լիդիայի տունը, որտեղ տեսնում են հավատացյալ եղբայրներին և մխիթարում նրանց: Ապա մեկնում են Փիլիպպե քաղաքից՝ ուրիշ տեղեր գնալու և Սուրբ Ավետարանը քարոզելու համար:

 

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․