13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Զաքարիա 3.7-4.9

3.7 «Այսպէս ասաց Ամենակալ Տէրը. “Եթէ իմ ճանապարհներով գնաս եւ պահես իմ հրամանները, դու կլինես դատաւորը իմ տան. եւ եթէ պահես իմ գաւիթները, քեզ կդարձնեմ մէկը նրանցից, որոնք ահա շրջում են դրանց մէջ: 8 Բայց լսի՛ր, Յեսո՛ւ, մե՛ծ քահանայ, դու եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են: 9 Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին, քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց, եօթ աչքեր կան. ահա ես խորխորատ պիտի փորեմ,– ասում է Ամենակալ Տէրը,– եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրինութիւնը մէկ օրում: 10 Այն օրը,– ասում է Ամենակալ Տէրը,– բոլորդ պիտի կանչէք, իւրաքանչիւրն իր ընկերոջը, որթատունկի եւ թզենու տակ”»:

4.1 Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ. 2 «Ի՞նչ ես տեսնում դու»: Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթ ճրագ, ճրագների վրայ՝ եօթ բերաններ»: 3 Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ. մէկը՝ վառուած գնդի աջ կողմում, եւ մէկը՝ ձախ կողմում: 4 Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ես հարցրի եւ ասացի. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»: 5 Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»: Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»: 6 Պատասխան տուեց հրեշտակը եւ ասաց ինձ. «Սա Տիրոջ խօսքն է Զորոբաբէլին՝ ասուած ոչ թէ մեծ զօրութեամբ եւ ուժգնութեամբ, այլ իմ Հոգով,– ասում է Ամենակալ Տէրը:– 7 Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զորոբաբէլի առաջ, ես կհանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»: 8 Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. 9 «Զորոբաբէլի ձեռքերը հիմք գցեցին այս տանը եւ նրա ձեռքերն էլ կկանգնեցնեն դա: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէրն ուղարկեց ինձ քեզ մօտ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․