Գրքեր

Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
Սուրբ Սարգսի պատկերագրությունը
Սուրբ Սարգիս զորավարին նվիրված պատկերագրության մեջ նա սովորաբար պատկերվում է հեծյալ զորավարի կերպարանքով, վիշապասպանի դերում. մերթ նիզակահարում է վիշապին, մերթ՝ մեկ այլ գազանի: Սուրբ Սարգսին նվիրված պատկերների մեջ գերազանցում է զորավարի որդու՝ Մարտիրոսի հետ պատկերվելու տարբերակը: Սուրբ Սարգսի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է կազմում: Եվ որն էլ արտացոլվել .....
Մկրտության խորհրդապատկերի դրսևորումը
Մկրտությունը՝ իբրև տնօրինական պատկերաշարի գլխավորագույն դրվագ, հաստատուն տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան կերպարվեստի մեջ: Հիսուսի մկրտության վաղագույն պատկերները մեզ են հասել 2-3-րդ դարերից, հայկական արվեստում՝ 4-5-րդ դարերից՝ Թալինի և Օձունի քարակոթողների վրա, իսկ մանրանկարչության մեջ՝ «Էջմիածնի Ավետարանում» (6-րդ դար): Մկրտության մանրանկարների պատկերագրական ամենատարածված տարբերակը հետևյալն է. կենտրոնում պատկերվում է Հորդանանի .....
Սուրբծննդյան պատկերագրությունը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ստեղծագործական մեծ ներշնչման աղբյուր է եղել ոչ միայն միջնադարյան շարականագիրների, այլև ծաղկողների համար: Քրիստոնեական արվեստում Քրիստոսի Ծննդյան տեսարանը պատկերող հնագույն նմուշները հանդիպում են 4-5-րդ դարերի սարկոֆագների վրա և կատակոմբների որմնանկարներում (վաղագույն օրինակը՝ 320-323թթ.): Հայ արվեստում Ծննդյան հնագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից: Դրանք են՝ Օձունի նշանավոր քարակոթողի հարթաքանդակը, .....
«Օրանտա» Աստվածածնի պատկերագրությունը
Աստվածամոր հնագույն պատկերները ներկայանում են «Օրանտա» պատկերագրական տիպով: «Օրանտա» (աղոթող) Աստվածածնի պատկերագրական կերպավորման ծագումը կապվում է քրիստոնեական արվեստի ձևավորման շրջանի հետ: Ն. Կոնդակովը մանրազնին ուսումնասիրելով  «Օրանտա»  Աստվածածնի պատկերները, նշում է, որ Օրանտայի առաջին օրինակները հայտնաբերվել են 3-րդ դարի հռոմեական կատակոմբների առաստաղանկարներում: «Օրանտա» Աստվածածնի (լատ.Orans-աղոթող) .....
«Ստնտուի» պատկերագրական տիպը
«Ստնտուի» պատկերագրական տարբերակները մեզանում համեմատաբար քիչ է հանդիպում: Գ. Հովսեփյանը նկատում է, որ Տարոնացին է ներկայացրել «Ստնտուի» պատկերագրական տարբերակներից մեկը: Գլաձորի 1323թ. Ավետարանում (Մ.Մ. 6289), Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթում՝ զարդարուն կիսախորանի կենտրոնական մասում, բազմել է թագադիր Աստվածամայրը, և կերակրում է Հիսուս մանկանը: Մատենադարանի մեկ այլ ձեռագրում (221) Մատթեոսի անվանաթերթի զարդարուն կիսախորանի կենտրոնում .....
«Օդիգիտրիա» Աստվածածնի պատկերագրությունը
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո «Օրանտին» հիմնականում փոխարինեց «Աստվածամայրը Մանկան հետ» (Օդիգիտրիա) պատկերը: Աստվածամայր «Օդիգիտրիայի» հայտնի կերպարը առաջիններից մեկը հանդիպում է մեր IV-VI դդ. կոթողներում: Ըստ էության՝ դա առանձնացվել է «Մոգերի երկրպագության» տեսարանից և ստացել ինքնուրույն սրբապատկերի կարգավիճակ: Հիսուսի, նաև Տիրամայրը Մանկան հետ կերպարը՝ սկսած 7-րդ դարից, կենտրոնական տեղ է գրավել .....
Աստվածածնի պատկերագրությունը և նրա պատկերները ձեռագիր մատյաններում
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը: Համաքրիստոնեական, այդ թվում և հայ միջնադարյան արվեստում, Հիսուս Քիստոսից հետո առավել տարածվածը Աստվածածնի պատկերներն են, որը Աստվածածնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Տիրամոր նկատմամբ եղած անվերապահ հարգանքի մասին .....
«Աստվածածնի ոտքերի տակ լուսնի մահիկը» պատկերը
Այս պատկերը խորհրդանշում և արտահայտում է Սուրբ Կույսի անարատ հղությունը (Ղուկաս 1:26-38): Կանանց հղությունը կապված է լուսնային ամիսների հետ, սակայն Աստվածածնի հղությունը բնական չէր, ինչպես սովորաբար բոլոր կանանց մոտ: Սուրբ Կույսի հղությունը գերբնական էր և վեր էր այդ օրինաչափությունից, հետևաբար Աստվածածինը հաղթահարել էր լուսնային ամիսների հետ կապված օրինաչափությունը: Ահա այս գաղափարը արտահայտված է Աստվածածնի ոտքերի տակ պատկերված լուսնի .....
Տիրամոր վերափոխման պատկերագրական արվեստը
Խաչի վրա փառքերի Տերը Տիրամորը հանձնեց Հովհաննես ավետարանչի խնամքին (Հովհաննես 19:26-27): Եկեղեցական ավանդության համաձայն ՝ Ամենասրբուհի Կույսը Տիրոջ խաչելությունից հետո Հովհաննես ավետարանչի խնամքի ներքո ապրում է ևս տասնհինգ տարի: Երբ հասավ ժամանակը, որ Սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան՝ այս անգամ տալով Կույսին երկրից .....
Պայծառակերպության պատկերագրական խորհուրդը
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․